Սուրբ գործը

Սուրբ գործը

7 փաստ եկեղեցիների և հարկերի մասին

Սեպտեմբերի 28-ին ԱԺ-ում Հարկային օրենսգրքի նախագծի քննարկմանը նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն առաջարկեց Հայ Առաքելական եկեղեցին մտցնել հարկային դաշտ՝ խնդրելով ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին բացատրություն ներկայացնել՝ ինչու Հայ Առաքելական եկեղեցին հարկ չպետք է վճարի:

PanARMENIAN.Net - Միրումյանը խոստացավ ևս մեկ անգամ վերանայել հարցը, իսկ մինչև այդ PAN-ը հավաքել է 7 փաստ հարկերի և եկեղեցինքերի մասին ամբողջ աշխարհից:

ԱՄՆ-ում, որտեղ գործում են բոլոր հնարավոր և անհնար եկեղեցիներն ու կրոնական կառույցները՝ բողոքականներից ու կաթոլիկներից մինչև մորմոններ ու ավետարանչականներ, «աստվածատուր շահույթը» չի հարկվում: Եվ սա մի երկրում, որտեղ շարքային քաղաքացու համար հարկերի ճշգրիտ վճարումը հասցված է պաշտամունքի աստիճանի: Ամերիկյան օրենքների համաձայն, եկեղեցիները դասվում են բարեգործական կազմակերպությունների շարքին և չեն վճարում դաշնային կամ տեղական հարկեր և տուրքեր:

Չինաստանում կրոնի և պետության հարաբերությունները յուրահատուկ են: Օրինակ, կրոնական այս կամ այն ճյուղի ղեկավարին հաստատում է կուսակցությունը, այն էլ՝ երկարատև ստուգումներից հետո: Չին հասարակության կյանքում կրոնի տեղն ու դերը երբեմն անսովոր է: Որպես այդպիսին, այստեղ վանքերն ազատված են հարկերից, սակայն, եթե դրա տարածքում կոմերցիոն գործունեություն են ծավալում, օրինակ՝ Շաոլինի դպրոցը, պետք է մուծեն բոլոր հարկերը: Սակայն այստեղ էլ «անցքեր» կան, որոնցից հաճախ օգտվում են. օրինակ, եթե կառույցը նման գործունեություն ծավալի չյուրացված ու չբնակեցված տեղանքում, կազատվի հարկերից:

Ֆրանսիայում եկեղեցիներն ազատված են հողի հարկից, քանի որ բոլոր եկեղեցական շինությունները, որ կառուցվել են մինչև 1905 թիվը, պատկանում են պետությանը: Ֆրանսիացի հոգևորականների մեծ մասը շահութահարկ ևս չի մուծում, թեև հայտագրում են եկամուտները: Բանն այն է, որ նրանց աշխատավարձն այնքան քիչ է, որ հիմնականում չի հատում եկամտահարկով հարկվող նվազագույն շեմը:

Գերմանիայում հավատացյալներին ստիպում են իրենց տարեկան եկամտահարկի 8-9%-ի չափով հարկ մուծել եկեղեցուն: Ըստ վիճակագրության, միջին վիճակագրական հավատացյալը եկեղեցուն ամսական 125 եվրո է վճարում: Դուք, իհարկե, կարող եք պաշտոնապես հրաժարվել դրանից և դուրս գալ եկեղեցու հետնորդների ցանկից, սակայն այդ դեպքում Եկեղեցին էլ կհրաժարվի ձեզ մկրտել, հաղորդություն տալ, հոգեհանգստյան կարգ անցկացնել, հուղարկավորել մերձեկեղեցական գերեզմանոցներում, նույնիսկ՝ աշխատել եկեղեցական կառույցներում, այդ թվում՝ դպրոցներում ու հիվանդանոցներում: Գուցե բարձր դրույքաչափերն են պատճառը, որ այստեղ հավատացյալների թիվը սրընթաց նվազում է, իսկ եկեղեցիներն էլ մեկը մյուսի հետևից գիշերային ակումբի վերածվում:

Ֆինլանդիայում 2012-ի սկզբից Ավետարանական-լյութերական եկեղեցին կորցրել է ավելի քան 20 հազար հետևորդ: Պատճառը նույնն է, ինչ Գերմանիայում. հավատացյալները հրաժարվում են մուծել հարկը, որը կազմում է եկամտի 1-2%-ը: Հազարավոր ֆիններ հեռուստացույցը գերադասեցին Աստծուց. ենթադրվում է, որ հավատացյալների մասսայական վերափոխումն անհավատների պայմանավորված է նաև երկրում նոր՝ հանրային հեռուստատեսության համար եկամտի 0.69%-ի չափով հարկի սահմանմամբ:

Վատիկանն էլ է հարկվում: 2005-ին Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի օրհնությամբ Սուրբ Աթոռն ազատվել էր հարկերից, սակայն նրա հաջորդը՝ Մարիո Մոնտին, այլ տեսակետ ուներ: Նա պնդեց, որ Վատիկանը վերադառնա հարկային դաշտ և գույքահարկ վճարի ավելի քան 100 հազար շինության համար: Հատկանշական է, որ սահմանված գույքահարկի տարեկան չափը կազմում է ավելի քան 600 մլն եվրո: Ի դեպ, Վատիկանը ստիպված էր հարկը մուծել ոչ թե օրենքի փոփոխման պահից (2012-ի փետրվար), այլև՝ մարել 2005-ից կուտակված «պարտքը»:

Շվեդիայում ցանկացած կրոնական կազմակերություն կարող է գրանցվել պետական օրգաններում, ինչից հետո իր հետնորդներից կսկսի եկեղեցական հարկ ստանալ, որը կազմում է տարեկան աշխատավարձի 1-2%-ը: Այժմ իրենց բյուջեն այսպես են կազմավորում և՛ քրիստոնեական, և՛ մահմեդական, և՛ հրեական եկեղեցիները: Ֆինանսավորումը կատարվում է մշակույթի նախարարության բաժանմունքներից մեկի միջոցով: Ի դեպ, մինչև 2000 թիվն այստեղ Լյութերական եկեղեցին պետական էր համարվում: Իսկ պետությունից տարանջատումից հետո ավելի քան 500 հազար հավատացյալ որոշեց այլևս հարկ չմուծել և լքեց եկեղեցին:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---