Հոկտեմբերի նշանակալի ալբոմների ռելիզները

Հոկտեմբերի նշանակալի ալբոմների ռելիզները

Ինչ է սպասվում երաժշտասերներին այս ամիս

Հոկտեմբերն առատ է համաշխարհային ճանաչում ունեցող երգիչ-երգչուհիների և խմբերի նոր ձայնասկավառակների շնորհանդեսներով: PanARMENIAN.Net-ն ընտրել է դրանցից առավել նշանակալիները, ինչպես նաև չի շրջանցել հայկական կատարողներին՝ ներկայացնելով նրանց նոր ալբոմների ստեղծման մասին հետաքրքիր մանրամասներ:

PanARMENIAN.Net - Green Day - Revolution Radio

Ռելիզը՝ հոկտեմբերի 7, 2016թ.

Ամերիկյան հայտնի Green Day պանկ-ռոք խումբը հոկտեմբերի 7-ին երկրպագուների դատին է հանձնել իր՝ թվով 12-րդ ստուդիական ալբոմը՝ ձայնագրված Reprise Records ընկերության կողմից: Սա երաժիշտների առաջին ալբոմն է 2009թ.-ին լույս տեսած 21st Century Breakdown-ից հետո, որի ձայնագրմանը մասնակցել է ողջ տրիոն՝ նեռարյալ Ջեյսոն Ուայթին: Ձայնագրման աշխատանքները սկսվել են 2014թ.-ից: Ալբոմի գլխավոր սինգլ Bang Bang-ի պրեմիերան տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, իսկ ալբոմի նույնանուն կատարումը՝ Revolution Radio-ն, լույս է տեսել սեպտեմբերի 9-ին: Բոլորովին վերջերս՝ սեպտեմբերի 23-ին, ռոք երաժիշտները հանրության դատին հանձնեցին նաև ալբոմի առաջխաղացմանն ուղղված երրորդ կատարումը՝ Still Breathing: Ընդհանուր 44:29 րոպե տևողությամբ ալբոմը ներառում է 12 կատարում:

Norah Jones - Day Breaks

Ռելիզը՝ հոկտեմբերի 7, 2016թ.

Նույն օրը՝ հոկտեմբերի 7-ին, լույս է տեսել նաև ամերիկացի երգչուհի և երգահան Նորա Ջոնսի 6-րդ ստուդիական ալբոմը: Day Breaks-ը կդառնա 2012-ին ձայնագրված Little Broken Hearts ալբոմից հետո երգչուհուն առաջին ձայնասկավառակը: Նոր ալբոմի համար երգչուհին ձայնագրել է 9 անհատական երգ և 3 քավեր կատարում, ինչպես նաև՝ վերադարձել դաշնամուր նվագելուն: Ոգեշնչվելով 60-ականների հայտնի ջազմեններից, Ջոնսը ձայնագրել է հրաշալի ջազային հնչեղություն ունեցող կատարումներ. դրա վառ ապացույցն է օգոստոսին թողարկված առաջին սինգլը նոր ալբոմից՝ Carry On-ը: Սեպտեմբերի սկզբին լույս տեսավ ևս մեկ կատարում՝ Flipside-ը, որը պետք է նպաստեր նոր ալբոմի առաջխաղացմանը: Բազմաթիվ «Գրեմմի»-ների մրցանակակիր Նորա Ջոնսի գալիք ալբոմում տեղ է գտել 12 կատարում:

OneRepublic - Oh My My

Ռելիզը՝ հոկտեմբերի 7, 2016թ.

Ամերիկյան OneRepublic խումբը նույնպես ընտրել է հոկտեմբերի 7-ը որպես նոր՝ թվով չորրորդ ստուդիական ալբոմի շնորհանդեսի օր: Տղաների նախորդ ձայնասկավառակը՝ Native-ը, լույս է տեսել 2013-ին, որից անմիջապես հետո նրանք սկսել են աշխատել Oh My My-ի վրա՝ փնտրելով նոր, չկրկնվող ձայներ ու հնչյուններ, աշխատանքները տևել են18 ամիս: Դեռևս այս տարվա մայիսին լույս տեսավ նոր ալբոմի առաջին սինգլը՝ Wherever I Go-ն, որը ոճային առումով բավականին տարբերվում է խմբի նախորդ կատարումներից. այստեղ կարելի է լսել սինթի փոփին և ֆանկին հատուկ հնչեղություն, ինչպես նաև դաշնամուր, առանց որի դժվար է պատկերացնել OneRepublic-ի որևէ կատարում: Երկրորդ սինգլում՝ Kids-ում, լսելի են փոփ-ռոքին և 80-ականների էլեկտրոփոփին հատուկ հնչյուններ: Ընդհանուր առմամբ, ալբոմում տեղ է գտել 16 երգ:

Beth Hart - Fire on the Floor

Ռելիզը՝ հոկտեմբերի 14, 2016թ.

Ամերիկյան ջազ և բլյուզ երգչուհի, երգահան Բեթ Հարթը հոկտեմբերի 14-ին հանրության դատին կհանձնի իր 9-րդ անհատական ստուդիական ալբոմը, որը խոստանում է լինել այնքան հաջողված, որ անգամ իր համեստությամբ հայտնի Հարթը անվանում է այն «գժական լավը»: Հարթի պնդմամբ, նոր ալբոմի 12 երգերը հեշտ են տրվել նրան, ի տարբերություն նախորդ՝ 2015թ.-ին թողարկված Better Than Home ալբոմի, որի ձայնագրման ընթացքում քաղցկեղից մահացել է երգչուհու պրոդյուսեր Մայքլ Սթիվենսը: Հարթն անվանում է այդ ժամանակները ծանր և ցավով է հիշում ձայնագրման աշխատանքները: Նոր ալբոմի երգերը հեշտ ու արագ են ծնվել՝ արտացոլելով Բեթի պատանեկան ոգին և միավորելով տարբեր ժանրեր՝ սոուլից ու դասականից մինչև ռոք:

Katie Melua ft. Gori Women's - Choir In Winter

Ռելիզը՝ հոկտեմբերի 14, 2016թ.

Ազգությամբ վրացի, սակայն Բրիտանիան ներկայացնող տաղանդավոր երգչուհի Քեթի Մելուան, ով նվագում է դաշնամուր, կիթառ և ջութակ, ինչպես նաև ունի 6 ստուդիական ալբոմ, հոկտեմբերի 14-ին կներկայացնի իր նոր ձայնասկավառակը, որի ստեղծման ընթացքում Քեթևանն (երգչուհու իսկական անունն է) առաջին անգամ ստանձնել է նաև պրոդյուսերի դերը: Այս նոր ալբոմում Մելուան մենակով չէ ներկայանում. նրա ձայնը կհամալրվի վրացական «Գորի» կանացի երգչախմբի անդամների 24 ձայներով, որոնք դեռ 2014թ.-ին հիացրել են երգչուհուն և դրդել մտածել համատեղ նախագծի ստեղծման շուրջ: Ալբոմի ձայնագրման աշխատանքները սկսվել են 2015-ի վերջում, երբ Քեթին իր թիմով ու բոլոր անհրաժեշտ սարքավորումներով ժամանել է Վրաստան, որտեղ և ստեղծվել է ձայնագրմանը հարմար ստուդիա: Ալբոմում տեղ է գտել նաև մեկ վրացական երգ՝ Tu Ase Turpa-ն:

Lady Gaga - Joanne

Ռելիզը՝ հոկտեմբերի 21, 2016թ.

Լեդի Գագայի երկրպագուներն արդեն վաղուց են սպասում նրա նոր անհատական ստուդիական ալբոմին, և հոկտեմբերի 21-ին այն, վերջապես, լույս կտեսնի: Joanne-ը կդառնա երգչուհու վեցերորդ ձայնասկավառակը և առաջին անհատականը վերջին 3 տարում: 2013-ին թողարկված Artpop-ից հետո երգչուհին միայն մեկ ալբոմ է ներկայացրել՝ Թոնի Բենեթի հետ ձայնագրված Cheek to Cheek անվանումով երգերի ժողովածուն: Ալբոմի ստանդարտ տարբերակի մեջ կմտնի 11 կատարում, դելյուքս տարբերակի մեջ՝ 14: Ձայնասկավառակի ստեղծման աշխատանքներին մասնակցել է նաև Էլթոն Ջոնը: Joanne անվանումը հենց այնպես չէ ընտրված. ինչպես հաղորդում է Just Jared պարբերականը, Գագան անվանել է նոր ալբոմն իր մորաքրոջ պատվին, ով 1974թ.-ին մահացել է գայլախտից 19 տարեկան հասակում:

The Beautified Project - Pale Nightingale

Ռելիզը՝ հոկտեմբերի 24, 2016թ.

Հայկական ամենահայտնի ռոք խմբերից մեկը՝ The Beautified Project-ը, հոկտեմբերի 24-ին համերգ-շնորհանդեսի շրջանակներում երկրպագուների դատին կհանձնի իր նոր՝ թվով 4-րդ ստուդիական ալբոմը՝ Pale Nightingale-ը, որի ստեղծման վրա խումբը աշխատել է շուրջ 2 տարի՝ 2015թ.-ի սկզբից: Նոր ալբոմի մեջ տեղ է գտել 8 կատարում, որից 7-ը՝ անգլերեն: Ձայնասկավառակում տեղ գտած 8-րդ կատարումը հայալեզու «Արագիլ» սինգլն է, որը խմբի կատարմամբ շատ է սիրվել, և տղաները որոշել են ներառել այն նոր ալբոմի մեջ: Ոճային առումով, ինչպես PanARMENIAN.Net ի հետ զրույցում նշել է խմբի ֆրոնտմեն Անդրե Սիմոնյանը, նոր ալբոմը ավելի շատ նման է խմբի առաջին երկու՝ 2008-ի Behind The Happy Mask և 2010-ի Beyond the Butterfly ձայնասկավառակներին: Դեռ նախորդ տարվա հոկտեմբերին խումբը ներկայացրեց նոր ալբոմում տեղ գտած երգերից մեկի՝ I Found a Way-ի, տեսահոլովակը, Lily Flower երգի տեսահոլովակն էլ սպասվում է 1-2 շաբաթից: Pale Nightingale-ի ձայնագրման աշխատանքները կատարվել են երևանյան Alpha Sound ձայնագրման ստուդիայում, հետագա մասթերինգը արվել է նյույորքյան West West Side ստուդիայում: Նոր ալբոմի համերգ-շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին ժամը 19:30-ին Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---