Ներդրումային ֆոնդից մինչև Աղետի գոտի

Ներդրումային ֆոնդից մինչև Աղետի գոտի

Նոր կառավարության ծրագրի ամենակարևոր կետերը

Հոկտեմբերի 18-ին Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին, որը կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը: Իսկ մինչև այդ PanARMENIAN.Net-ը 33 էջանոց փաստաթղթից առանձնացրել է ամենակարևոր կետերը:

PanARMENIAN.Net - Կառավարության ծրագրի նախաբանում նշվում է, որ ՀՀ մարտահրավերները պահանջում են րոպե առաջ իրագործել բարեփոխումներ՝ ներգրավելով և օգտագործելով Հայաստանի և հայության ամբողջ ներուժը։ Անհրաժեշտ է արդյունավետ բարեփոխումների միջոցով ապահովել ՀՀ քաղաքացու պաշտպանվածությունը, արժանապատվությունը, կենսամակարդակի բարձրացումը, արդար հասարակության մեջ ապրելը, լավատեսությունն ապագայի նկատմամբ։

Կառավարությունը, ըստ ծրագրի, կայուն տնտեսական աճի ապահովման նպատակով նախատեսում է 2017 թվականի ընթացքում ներդրումային ծրագրերի ֆինանսավորման աջակցության նպատակով պետության կողմից ներդրումային ֆոնդի ձևավորում՝ հետագայում պետություն-մասնավոր համագործակցությամբ գործող ֆոնդ ունենալու տեսլականով:

Զբոսաշրջության զարգացման նպատակով նախատեսվում է վեց ամսվա ընթացքում 60 գյուղական բնակավայրերում գյուղական տուրիզմի փորձնական ծրագրի մեկնարկ, մեկ տարվա արդյունքերի ամփոփման հիման վրա գյուղական տուրիզմի զարգացման ազգային ծրագրի մեկնարկ, առնվազն 5 քարանձավների զբոսաշրջային վայր դարձնելու նպատակով մրցույթների նախաձեռնում, «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» զբոսաշրջային ռազմավարության մշակում:

Գյուղատնտեսության ոլորտում 3 ամսվա ընթացքում նախատեսվում է բնակլիմայական աղետներից (երաշտ, կարկտահարություն և այլ) վնասների կանխարգելման հայեցակարգի մշակում, հայկական կոնյակի վարկանիշի բարձրացման ուղղված միջոցառումների իրականացում, 2018-2020 թվականների ընթացքում տարեկան մինչև 100 հեկտար նոր ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար համապատասխան պայմանների ստեղծում:

Տրանսպորտի, կապի և ՏՏ ոլորտում 2017-ին նախատեսվում է ՏՀՏ-ի ոլորտի խթանման և հայաստանյան շուկա նոր միջազգային ընկերությունների մուտքի ապահովման նպատակով միջազգային հարթակներում առնվազն 2 թիրախային միջոցառումների իրականացում, միջպետական, իսկ մինչև 2019 թվականը բոլոր հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների թվայնացում և ճանապարհային ակտիվների կառավարման մեկ միասնական համակարգի ներդրում, ոչ կանոնավոր միջպետական ուղևորափոխադրումների կանոնակարգում:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ոլորտում նախատեսվում է 2017 թվականին վերականգնվող էներգետիկայի ոլորտում միկրոկայանների մասսայականացմանն ուղղված խթանիչ ծրագրի մշակում և 2018 թվականին ծրագրի մեկնարկ, Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգա¬բլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման և արդիականացման աշխատանքներն ավարտին հասցնելը, 2019 թվականին Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան բարձրավոլտ նոր էլեկտրահաղորդման գծերի շինարա¬րու¬թյան ավարտ:

Պաշտպանական ոլորտում, ըստ Կառավարության ծրագրի, նախատեսվում է ռազմական սպառնալիքները չեզոքացնելու համար բավարար ռազմական կարողությունների ստեղծմանն ու տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանմանն ուղղված աշխատանքների իրականացում, զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության և հանրային հաշվետվողականության ապահովում, նաև՝ կամավորության սկզբունքով կանանց զինվորական ծառայության անցման հնարավորությունների ընդլայնում:

Մարդու իրավունքների և արդարադատության առումով նախատեսվում է ընտրական գործընթացների նկատմամբ վստահության աճի ապահովում, այդ թվում` եռամսյա ժամկետում համաֆինանսավորելով Ընտրական օրենսգրքով նախատեսված ընտրական գործընթացների օրինականությունը ապահովելուն ուղղված միջոցառումների իրականացումը, ներառյալ՝ տեխնիկական սարքավորումների ձեռքբերումն ու գործարկումը, 11 քրեակատարողական հիմնարկներում առողջության առաջնային պահպանման համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ապահովում:

2017 թվականին նախատեսվում է գիտական աստիճանաշնորհման համակարգի արդիականացում` եվրոպական երկրների հետ համադրելի համակարգ ստեղծելու նպատակով, գիտահետազոտական կազմակերպությունների վարչական պաշտոններում աշխատանքային տարիքի սահմանափակում 70 տարեկանով, 2018 թվականից սկսած գիտության ֆինանսավորման ծավալների հիմնական մասի ուղղորդում դեպի կիրառական և փորձակոնստրուկտորական ծրագրեր:

Մինչև 2016 թվականի ավարտը նախատեսվում է բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության մեջ սոցիալական աստիճանականությունն ապահովող մոտեցումների ներդրում:

Նախատեսվում է նաև օրենսդրական կարգավորումներին համահունչ Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության շարունակական վերականգնում և պահպանություն, միջազգային առաջավոր փորձի կիրառմամբ՝ մշակութային արտադրանքի և ծառայությունների պատմամշակութային ժառանգության և մշակութային արժեքների օգտագործման տնտեսական բաղադրիչի խթանում՝ այդ թվում՝ օտարերկրյա պետություններում հայկական 400 պատմամշակութային հուշարձանների հաշվառում, վավերագրում և առկա տեղեկատվական շտեմարանի համալրում, Հայաստանում պատմամշակութային անշարժ հուշարձանների 200 պահպանական գոտիների նախագծում և հաստատում, պետական միասնական կադաստրային համակարգում 10 պատմամշակութային անշարժ հուշարձանների ներառում, 2 հնավայրերի ամրակայման, թանգարանացման և 15 հնագիտական վայրերի մշակութային գտածոների ուսումնասիրման և թանգարանացման աշխատանքների իրականացում:

Քաղաքաշինության ծրագրով նախատեսվում է երկրաշարժի հետևանքով աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շարունակական իրականացում, 2017 թվականին Գյումրի քաղաքում ծրագրի ավարտ:

Հոկտեմբերի 20-ին ժամը 12:00-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի. օրակարգում ընդգրկված է ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:

ՀՀ Կառավարության հաստատած ծրագրի նախագծին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել

Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---