19  Թեղենյաց վանք. Կոտայքի մարզ, Հայաստան
Հայկական զարդաքանդակների եզակի վկայությունը

Հայկական զարդաքանդակների եզակի վկայությունը

Թեղենյաց վանքը (VI-VII դդ.)

Թեղենյաց վանքը գտնվում է Թեղենիս լեռան լանջին` թեղիներով շրջապատված բացատում։ Այն միջնադարյան հայկական ճարտարապետության խոշոր համալիրներից մեկն է, և գտնվում է Երևանից ընդամենը 40 կմ հեռավորության վրա՝ Կոտայքի մարզի Բուժական գյուղից 3 կմ հյուսիս-արևելք (պատմական Նիգ գավառ): PanARMENIAN.Net ը վանական համալիրի և դրա անկրկնելի զարդաքանդակների մասին զրուցել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն Գագիկ Սարգսյանի հետ, իսկ PAN Photo-ն՝ լուսանկարել:

PanARMENIAN.Net - Թեղենյաց վանքի հուշարձանախումբը բաղկացած է Կաթողիկե եկեղեցուց, երկու գավիթներից, դպրատուն-գրատնից, սեղանատնից, փոքր եկեղեցուց (Ս. Աստվածածին):

Հուշարձանախումբը

Հուշարձանախմբից ոչ հեռու պահպանվել է միջնադարյան գերեզմանատունը: Վանքից մոտ 20 մ հեռու կան հողով ծածկված մատուռներ և կացարանների հիմքեր:

Թեղենյաց վանքը X-XIV դդ. եղել է մշակութային, կրթական նշանավոր կենտրոն: Այստեղ են գործել ականավոր գիտնականներ Սարգիս Իմաստասերը (XII դ.), Վանական վարդապետը (XIII դ.), պատմիչ Վարդան Արևելցին (XIII դ.):

Հնավայրի հնագույն կառույցը եղել է VI-VII դարերով թվագրվող փոքր, խաչաձև Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի հիմնային մասերը հայտնաբերվել են պեղումների շնորհիվ։

Կենտրոնագմբեթ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է XII դարում։ Այն զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է, որի ճակատները մշակված են հայկական խորշերով։

Թեղենյաց և Մաքենացոց վանքերում պահպանված հայ եկեղեցու ժամասացության կանոնակարգերի հիման վրա, 1166 թ-ին Ներսես Շնորհալի կաթողիկոսը հայկական վանքերում ու եկեղեցիներում միասնական համակարգ է մշակել։

Եզակի զարդաքանդակները

Կաթողիկե եկեղեցու ամեանաուշագրավ հատվածը բեմի ճակատային մասն է: Այն բաղկացած է վեց քառակուսի և ուղղանկյուն քարերից, որոնց բարձրությունը 90 սմ է, հաստությունը՝ 25սմ:

Կաթողիկե եկեղեցուբեմի ճակատային մասի զարդաքանդակները

Կենտրոնական քարի քանդակված է սիրամարգ՝ բացված պոչով, թևերը կիսաբաց, գլուխը աջ թեքած: Եթե հայկական մանրանկարչության մեջ սիրամարգի պատկերումը բավական տարածված երևույթ է, ապա պատկերաքանդակներում այն հազվադեպ է հանդիպում:

Գագիկ Սարգսյանը նշում է, որ Թեղենյաց վանքի այս զարդաքանդակը կարևոր նշանակություն ունի հայկական պատկերաքանդակների համակողմանի ուսումնասիրության համար:

Թեղենյաց վանքն առաջին անգամ հիշատակվել է IIX-րդ դարի սկզբին՝ 727-728 թթ-ին՝ Վահան Գողթնացու այս վանքում ապաստանելու կապակցությամբ։

«Այն ձևը և դիրքը, ինչպես քանդակված է Թեղենյաց վանքի սիրամարգը, հազվագյուտ երևույթ է: Այն պետք է առավել բազմակողմանի և մասնագիտական վերլուծության ենթարկվի. սա վերաբերում է նաև ամբողջ քանդակաշարին»,- ասում է մասնագետը՝ հավելելով, որ մեծ հետաքրքրություն են ներկայացնում նաև ճակատամասի մյուս պատկերաքանդակները:

Քարերից մեկի վրա, օրինակ, քանդակված է արև և հավերժություն խորհրդանշող պատկեր: Մյուսի վրա, բազմագիծ ժապավենազարդի մեջ առնված երկու հատվող եռանկյունիների մեջտեղում պատկերված է կտուցը թևին իջեցրած թռչունի հարթաքանդակը: Հորինվածքային այս լուծումը, ըստ Սարգսյանի, նույնպես եզակի է, չնայած՝ նման զարդաձև (թռչունի փոխարեն բուսական զարդեր) հանդիպում է նաև Միջին Ասիայի միջնադարյան հուշարձաններում:

15-16 դարերի խոյակերպ տապանաքար

«Կարող եմ նշել, որ սրանք հայկական զարդաքանդակության եզակի և բարձրարվեստ ստեղծագործություններ են և վկայում են մեր քարագործ վարպետների հմտության և բարձր ճաշակի մասին»,- նշում է Սարգսյանն ու հավելում, որ ամենայն հավանականությամբ, եկեղեցու բեմի այս ճակատը կառուցվել է շինության հերթական նորոգման ժամանակ XII դարի վերջին կամ XIV-ի սկզբին:

XIII-XIV դարերում Թեղենյաց վանքի հռչակը մեծ էր։ Գևորգ Սկևռացին վանքի մասին գրել է «մեծահռչակ հրեշտակակրաւն աստուածաբնակ սուրբ ուխտս Թեղինեաց»։ Մկրտիչ Րաբունին այն կոչել է «գերահռչակ սուրբ ուխտս»։

Խոնարհվածը

1827-ին Թեղենյաց վանքը հիմնովին ավերվել է երկրաշարժից։ 1979-ին հնագետ Գագիկ Սարգսյանի ղեկավարությամբ սկսվել ու հետագա տարիներին պեղվել է վանքի տարածքը։ Այդ պեղումներով են բացվել հողածածկ Կաթողիկե եկեղեցին, գրատունը, մատենադարանը, փոքր եկեղեցին։

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net, Վահան Ստեփանյան / PAN Photo
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
ՔԿ. Տավուշում 7 ձերբակալված կա

ՔԿ. Տավուշում 7 ձերբակալված կա Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---