Գետնից բարձր

Գետնից բարձր

Որտեղ են սովորում մեր ապագա օդաչուներն ու կարգավարները

Զարգացած ավիացիան ապահովում է արտաքին աշխարհի հետ երկրի անխափան փոխհաղորդակցության հնարավորությունը: Սակայն ավիացիայի կարևորությունը գնահատելիս պետք է հիշել, որ այն բացի հաղորդակցության ու կապի արդիական միջոց լինելուց, ունի նաև ռազմական ու ռազմավարական նշանակություն: ԽՍՀՄ փլուզումից և ՀՀ անկախացումից հետո հայկական ավիացիան զգալի հետընթաց ապրեց: Ոլորտի անկումը բերեց նրան, որ ավիացիայում ծառայող արհեստավարժ օդաչուներն ու տեխնիկական կազմը հիմնականում ցիրուցան եղավ, շատերը, աշխատանքից զրկվելով, մեկնեցին այլ երկրներում աշխատանք փնտրելու:

PanARMENIAN.Net - «Զվարթնոց» օդանավակայանին կից արդեն 43 տարի գործում է «Ավիաուսումնական կենտրոնը», որտեղ օդաչուներ, օդային երթևեկության կարգավարներ՝ դիսպեչերներ, ու տեխնիկներ են պատրաստում: PanARMENIAN.Net ը զրուցել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ստորաբաժանումը հանդիսացող «Ավիաուսումնական կենտրոնի» տնօրեն Ֆրիդա Մուրադյանի հետ՝ փորձելով հասկանալ՝ քանի ուսանող ունի այժմ կենտրոնը, ովքեր են այնտեղ սովորում և աշխատանքային ինչ հնարավորություններ ունեն շրջանավարտները:

Ավիաուսումնական կենտրոնը

Ավիաուսումնական կենտրոնը բացվել է 1973 թվականին, և մինչև այժմ գործում է` տարբեր իրավաբանական կարգավիճակներով: Այժմ այն Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ստորաբաժանումներից մեկն է և կոչվում է «Ավիաուսումնական կենտրոն ՓԲԸ»:

Ուսումնական գործունեությունը

Որպես կրթական հաստատություն՝ Ավիաուսումնական կենտրոնն իրականացնում է միջին մասնագիտական կրթական ծրագրերով ավիացիոն մասնագետների հիմնական բազային ուսուցում և ավիացիոն կայացած մասնագետների վերապատրաստում, որակավորման բարձրացում և կատարելագործում:

Կոնտրոնը ՀՀ ԿԳՆ կողմից լիցենզավորված է իրականացնել ուսուցում հետևյալ մասնագիտություններով՝ կոմերցիոն օդաչուներ, ավիադիսպեչերներ, տեխնիկ կարգավարներ և ավիատեխնիկներ: Օդաչուների և ավիատեխնիկների ուսման տևողությունը 3 տարի է, իսկ մյուս երկու բաժիններում՝ 2.5 տարի: Ավարտական պետական քննություններն անցկացվում են թեստավորման միջոցով: Ի դեպ, թեստերը յուրաքանչյուր տարի փոխվում են:

Կենտրոնի շրջանավարտները ստանում են պետական նմուշի դիպլոմ և պատրաստ են միջին մասնագետի որակավորմամբ աշխատանքի անցնել քաղաքացիական ավիացիայի տարբեր ոլորտներում: Ուսումնական ցանկն էլ է բավական հետաքրքիր ու տիպիկ: Այստեղ դասավանդվում են մի շարք զուտ մասնագիտական առարկաներ, ինչպիսիք են ավիացիոն անգլերենը, աէրոդինամիկան, օդանավի կառուցվածքը, օդային օրենսդրությունը, վերջին տարիներին ավիացիայում կարևորվող «մարդկային գործոնները»:

Ավիացիոն մասնագետների վերապատրաստումն իրականացվում է միջազգային ավիացիոն կազմակերպությունների պահանջներին համապատասխան: Կենտրոնը գործակցում է Ուլյանովսկի ավիացիոն ինստիտուտի, ԻԿԱՕ-ի՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Կիևի տարածաշրջանային կենտրոնի հետ: Բացի այդ կենտրոնում կազմակերպվում են բորտուղեկցորդների կուրսեր, ինչպես նաև՝ օդաչուների և կարգավարների ավիացիոն անգլերենի ատեստավորում, որը կատարվում է 3 տարին մեկ անգամ և պարտադիր է:

Ընդունելությունն ու ուսանողները

«Ավիաուսումնական կենտրոնում» այժմ սովորում է 67 ուսանող: Ընդունելությունը կատարվում է միջնակարգ կրթության ատեստատի միջին գնահատականի հիման վրա:

Նախկինում կենտրոնի ուսանողները հիմնականում տղաներ էին, սակայն վերջին տարիներին ոլորտի հանդեպ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում նաև աղջիկները: Այժմ այստեղ սովորում է 15 աղջիկ ուսանող: Ի դեպ, կենրտոնի տնօրենը վստահեցնում է, որ վերջիններս շատ ավելի հեշտ ու արագ են հետագայում աշխատանքի տեղավորվում քաղաքացիական ավիացիայի տարբեր ոլորտներում: Ինչ վերաբերում է աշխատանքին, աշխատատեղ ոչ ոք չի երախավորում. օդանավակայաններում աշխատանքի անցնելու համար կենտրոնի շրջանավարտները պետք է լրացուցիչ քննություն հանձնեն:

«Ավիաուսումնական կենտրոնում» ուսման վարձը կազմում է տարեկան 250.000 դրամ: Բարձր առաջադիմությամբ 15 ուսանող սովորում են պետպատվերի շրջանակում, գործում է նաև ռոտացիոն համակարգը:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի

Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---