The Rolling Stones-ից մինչև Sepultura

The Rolling Stones-ից մինչև Sepultura

Ինչ է սպասվում երաժշտասերներին դեկտեմբերին և հունվարին

Դեկտեմբերն ու հունվարը համեմատաբար պասիվ ամիսներ են երաժիշտների և երաժշտասերների կյանքում: Նախատոնական և հետտոնական տրամադրությունը, կարծես, շեղում է երաժշտական աշխարհի գլխավոր իրադարձություններից: Համաշխարհային ճանաչում ունեցող երգիչ-երգչուհիներն ու խմբերը չեն շտապում թողարկել նոր ձայնասկավառակներ: PanARMENIAN.Net-ն առանձնացրել է ձմռան առաջին երկու ամսվա առավել նշանակալիներ ալբոմների ռելիզները՝ ներկայացնելով դրանց ստեղծման մասին հետաքրքիր մանրամասներ:

PanARMENIAN.Net - ն առանձնացրել է ձմռան առաջին երկու ամսվա առավել նշանակալի ալբոմների ռելիզները՝ ներկայացնելով դրանց ստեղծման մասին հետաքրքիր մանրամասներ:

Blue & Lonesome – The Rolling Stones

Ռելիզը՝ դեկտեմբերի 2, 2016թ.

Բրիտանական լեգենդար The Rolling Stones ռոք խումբը ձայնագրել է վերջին 11 տարվա ընթացքում առաջին ստուդիական ալբոմը: Blue & Lonesome-ը խմբի՝ թվով 23-րդ բրիտանական և 25-րդ ամերիկյան ալբոմն է, որի վաճառքը կսկսվի դեկտեմբերի 2-ից: Սա առաջին անգամն է, երբ հայտնի ռոքերները թողարկում են միայն բլյուզային կոմպոզիցիաների քավեր տարբերակներից կազմված ձայնասկավառակ: Polydor ընկերության կողմից թողարկված ալբոմում տեղ է գտել 12 երգ. դրանք ձայնագրվել են British Grove լոնդոնյան ստուդիայում ընդամենը 3 օրում: Հատկանշական է, որ «ռոլինգների» հետ միաժաման նույն ստուդիայի մեկ այլ տաղավարում իր նոր երգերն էլ ձայնագրում նաև բլյուզ-ռոքի արքաներից մեկը՝ Էրիկ Քլեփթոնը, ով, տեսնելով վաղեմի ընկերներին, որոշեց իր մասնակցությունն ունենալ նոր ալբոմի ստեղծման գործում: Նոր ձայնասկավառակում տեղ են գտել այնպիսի հայտնի կատարումներ, ինչպիսիք են Լիթլ Ուոլթերի Just Your Fool-ը, Լիթլ Ջոնի Թեյլորի Everybody Knows About My Good Thing-ն ու Ուիլի Դիքսոնի I Can't Quit You-ն:

Hamburg Demonstrations – Փիթ Դոերթի

Ռելիզը՝ դեկտեմբերի 2, 2016թ.

Բրիտանացի երաժիշտ և պոետ Փիթ Դոերթին (Pete Doherty) թողարկել է իր նոր ձայնասկավառակը, որը դեկտեմբերի 2-ից հասանելի է iTunes-ում գնելու համար: Hamburg Demonstrations-ը իր ըմբոստությամբ հայտնի երիտասարդ երգչի երկրորդ անհատական ստուդիական ալբոմն է: Առաջինը՝ Grace/Wastelands-ը, լույս է տեսել 2009 թ.: Նա նաև թողարկել է երեք ձայնասկավառակ The Libertines խմբի կազմում, և ևս երեքը՝ Babyshambles խմբի անդամ լինելու տարիներին: Նոր ալբոմից առաջին կատարումը՝ Kolly Kibber-ը, հայտնվել է երգչի YouTube պաշտոնական էջում նոյեմբերի վերջերին: Ձայնասկավառակում տեղ է գտել 11 երգ, որոնք ձայնագրվել են Համբուրգում, որտեղ Դոերթին տեղափոխվել է 3 տարի առաջ:

W:/2016ALBUM/ - deadmau5

Ռելիզը՝ դեկտեմբերի 2, 2016թ.

Կանադացի դիջեյ և երաժշտական պրոդյուսեր Ջոել Թոմաս Ցիմերմանը, ով ավելի հայտնի է Դեդմաուս (deadmau5, անգլ. dead mouse – սատկած մուկ) կեղծանվամբ, հանրության դատին է հանձնում իր՝ թվով 8-րդ ստուդիական ալբոմը: W:/2016ALBUM/ ալբոմի հետաքրքիր անվանումն առաջարկել են երաժշտի երկրպագուները՝ հղում անելով դիջեյի համակարգչի այն բաժնին, որտեղ պահվում են նրա ստեղծագործությունները: Ալբոմի ձայնագրման աշխատանքները իրականացվել են 2015-2016 թթ. ընթացքում: էլեկտրո հաուս և պրոգրեսիվ հաուս ժանրի կատարումներ պարունակող ալբոմի առաջիկա թողարկման մասին Դեդմաուսն առաջին անգամ հայտնել է նոյեմբերի սկզբին: Մինչդեռ մայիսին լույս էր տեսել երաժշտի նոր ալբոմի առաջին թրեքը՝ Snowcone-ը, երկրորդը՝ Let Go-ն թողարկվեց նոյեմբերի կեսերին: Ձայնասկավառակում տեղ է գտել 12 թրեք:

Darkness and Light – Ջոն Լեջենդ

Ռելիզը՝ դեկտեմբերի 2, 2016թ.

Տասն անգամ «Գրեմի» երաժշտական մրցանակի արժանացած ամերիկացի տաղանդավոր երգիչ ու երգահան Ջոն Լեջենդը (John Legend) ներկայացրել է իր հինգերորդ անհատական ստուդիական ալբոմը: GOOD Music և Columbia Records ընկերությունների կողմից թողարկված Darkness and Light-ի ձայնագրման աշխատանքներին մասնակցել են Chance the Rapper-ը, Բլեյք Միլզը, Alabama Shakes-ի կատարող Բրիթանի Հովարդը, Միգելն ու սաքսոֆոնիստ Կոազմի Վաշինգթոնը: Նոր ձայնասկավառակի առաջխաղացման նպատակով առաջին սինգլը՝ Love Me Now-ն, թողարկվել է հոկտեմբերի սկզբին, երկրորդը՝ Penthouse Floor-ը՝ նոյեմբերի կեսերին, իսկ բոլորովին վերջերս երգիչը հանրության դատին հանձնեց երրորդ սինգլը՝ I Know Better-ը: Լեջենդն ասում է, որ այս ալբոմը լավագույնն է իր բոլոր աշխատանքների մեջ: Երգչի խոսքերով՝ նոր ալբոմի ձայնագրման ընթացքում նա հաշվի է առել իր կյանքում տեղի ունեցած իրադարձությունները, հավանաբար, խոսքը դստեր՝ Լունայի, լույս աշխարհ գալու մասին է: 46 րոպե տևողությամբ ալբոմը պարունակում է 12 մեղեդային կատարում:

Tony Bennett Celebrates 90 – Թոնի Բենեթ

Ռելիզը՝ դեկտեմբերի 16, 2016թ.

Ամերիկացի լեգենդար երգիչ Թոնի Բենեթն օգոստոսին դարձավ 90 տարեկան: Իր պահարանում 19 հատ «Գրեմի» երաժշտական մրցանակ ունեցող տաղանդավոր երգիչն իր 90-ամյակի կապակցությամբ որոշել է ինքն իրեն և բոլոր երաժշտասերների նվեր անել՝ ձայնագրելով նոր ալբոմ՝ Tony Bennett Celebrates 90, որը հասանելի կդառնա դեկտեմբերի 16-ին: Ալբոմի վրա աշխատել է Columbia Records ընկերությունը, ձայնագրման աշխատանքները կատարվել են մեկ օրում՝ սեպտեմբերի 15-ին: Ալբոմում տեղ գտած 18 երգից 12-ը կատարում են հրավիրված աստղերը, մնացած կատարումներում կհնչի Բենեթի ձայնը: Հրավիրված աստղերի թվում են տարեց երգչի մոտ ընկերուհի Լեդի Գագան, Անդրեա Բոչելին, Ջոն Էլթոնը, Սթիվի Ուանդերը և այլ հայտնիներ:

Passion, Pain & Demon Slayin' – Kid Cudi

Ռելիզը՝ դեկտեմբերի 16, 2016թ.

Passion, Pain & Demon Slayin' ամերիկացի հիփ-հոփ երգիչ Քիդ Քադիի (Kid Cudi) վեցերորդ անհատական ստուդիական ալբոմն է: Աշխատասեր Քադին երկար չի հանգստանում ալբոմները թողարկելուց հետո: Նախորդը՝ Speedin' Bullet 2 Heaven-ը լույս է տեսել 2015թ.-ին, դրան հետևել է երգչի համերգային շրջագայությունը: Իսկ այս տարվա մարտից Քադին սկսել է աշխատել նոր ալբոմի վրա, որում տեղ են գտել նաև համատեղ կատարումներ André 3000-ի, Թրևիս Սքոթի, Ֆարել Ուիլյամսի և Ուիլլոու Սմիթի հետ: Ալբոմի ձայնագրման աշխատանքներն ավարտվել են օգոստոսին, իսկ սեպտեմբերի վերջում թողարկվել է երկու սինգլ՝ Frequency և Surfin': 80 րոպե տևողությամբ ալբոմը բաժանված է չորս մասի և պարունակում է 19 կատարում:

Machine Messiah – Sepultura

Ռելիզը՝ հունվարի 13, 2017թ.

Sepultura բրազիլական անգլիալեզու թրեշ մետալ խումբը 2015թ.-ի նոյեմբերի 28-ին հանդես է եկել Երևանում խմբի 30-ամյակին նվիրված շրջագայության շրջանակներում։ Հենց այդ ժամանակ էլ պարզվել է, որ երաժիշտները հայտնի են հայ երաժշտասերների շրջանում և մեծ սեր են վայելում: Machine Messiah-ն նրանց 14-րդ ստուդիական ալբոմն է, որը լույս կտեսնի 2017թ.-ի հունվարի 13-ին: Այն կդառնա խմբի առաջին ալբոմը վերջին չորս տարում, այն բանից հետո, երբ 2013-ին թողարկվեց The Mediator Between Head and Hands Must Be the Heart-ը: Այդպիսի երկար ընդմիջում ալբոմների ձայնագրման ընթացքում լեգենդար խումբը դեռ չէր ունեցել: 46 րոպե տևողությամբ ալբոմում տեղ է գտել 10 կատարում:

Digital Distortion – Iggy Azalea

Ռելիզը՝ 2017թ.-ի հունվար

Ավստրալացի կին-ռեփեր Իգի Ազալիան (Iggy Azalea) 2017թ.-ի հունվարին կներկայացնի իր երկրորդ անհատական ստուդիական ալբոմը: Digital Distortion-ի ռելիզի ամսաթիվը դեռ հայտնի չէ: Երգչուհու առաջին ալբոմը՝ Reclassified-ը, լույս է տեսել 2014-ին, որից անմիջապես հետո Ազալիան հայտարարել է, որ պատրաստվում է համերգային մեծ շրջագայության, որպեսզի դրանից հետո անցնի նոր ալբոմի ձայնագրման աշխատանքներին: Սակայն շրջագայությունն այնքան հետաձգվեց, որ երգչուհին որոշեց կատարել այն նոր ալբոմի ձայնագրությունից հետո: 2015թ.-ի հունվարին Ազալիան հայտնեց, որ սկսում է աշխատել երկրորդ ալբոմի վրա, հենց այդ ժամանակ էլ լույս տեսավ առաջին սինգլը՝ Azillion-ը, իսկ մարտին հասանելի դարձավ նաև ալբոմի գլխավոր սինգլ Team-ը: Դեռ 2015թ.-ի ամռանը երգչուհին հայտարարել է, որ ալբոմում տեղ կգտնի 10 երգ, որոնցից վեցն այդ պահի դրությամբ պատրաստ էին: Այժմ հայտնի է, որ ապագա ձայնասկավառակից պատրաստ է արդեն 8 երգ:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---