// IP Marketing video - START// IP Marketing video - END
«Ուրախ էի ծնողների համար, որոնք վերջապես երեխա ունեցան»

«Ուրախ էի ծնողների համար, որոնք վերջապես երեխա ունեցան»

16 տարի երեխա չունեցած զույգի համար փոխնակ մոր պատմությունը

Փոխնակ մայրությունը հակասական կարծիքներ է առաջացնում: Յուրաքանչյուրն իր համար է որոշում. լինե՞լ թե չլինել փոխնակ մայր, ընտրե՞լ արդյոք այդ ուղին ծնող դառնալու համար, եթե մյուս բոլոր հնարավորությունները սպառված են: Այսպես, թե այնպես այդ ճանապարհը բազում մարդկանց ճակատագրերի մաս է կազմում:

PanARMENIAN.Net - Աննան (անունը փոխված է) Երևանից փոխնակ մայր է դարձել մի զույգի համար, որը 16 տարի շարունակ չէր կարողանում երեխա ունենալ:

«Որոշումս պայմանավորված էր ֆինանսական խնդիրներով: Ես միայնակ եմ մեծացնում երեխայիս, և երբ դժվար կացության մեջ հայտնվեցի, որոշեցի դիմել այդ քայլին: Առաջին հերթին տրամադրեցի ինձ թե ֆիզիկապես, թե հոգեբանորեն, որպեսզի հետո ինձ համար ծանր չլինի: Ամեն կին չի կարող փոխնակ մայր դառնալ: Ծննդաբերությունից հետո ես երեխային ծնողներին հանձնելու հարցում հոգեբանական խնդիրներ չեմ ունեցել, քանի որ հենց հղիության սկզբից տրամադրվել էի, որ գենետիկորեն դա իմ երեխան չէ, ինձ հետ ոչ մի ընդհանուր բան չունի` նրա համար ես միայն ակվարիում եմ: Այդպես տրամադրվելու դեպքում, երեխայի հետ կապ չի լինի»:

Անդրադառնալով հանրության կարծիքին այդ հարցի վերաբերյալ` Աննան ասում է. «Դրանում ոչ մի անբարոյական բան չկա: Հակառակ կարծիք ունեցողները թող մի պահ մտածեն, որ ոչ ոք ապահովագրված չէ այդ ամուսնական զույգի կամ իմ վիճակում հայտնվելուց: Եթե իրենք նմանատիպ խնդիրներ ունենային, գուցե, այլ կերպ դատեին: Սա բարոյական, ինչ-որ տեղ նույնիսկ բարեգործական քայլ է: Թեկուզ ինձ վճարել են դրա համար, այնուամենայնիվ, դա ծանր «աշխատանք է» և հարցը միայն փողը չէ: Ծննադբերությունից հետո ես շատ ուրախ էի ծնողների համար, որոնք վերջապես երեխա ունեցան, շատ ուրախի էր, որ կարողացա օգնել նրանց:

Ես չեմ ապրում, առաջնորդվելով այլոց կարծիքներով` հարևանը կամ բարեկամը չէր վճարելու իմ բնակարանի վարձը: Անշուշտ, լինում են անախորժություններ…զույգերը, որոնք այդ ճանապարհով են ծնող դառնում, ավելի շատ են հակված թաքցնելու նրա ծագումը, քան փոխնակ մայրը: Չեն ցանկանում, որ դրա մասին իմանան»:

Պատասխանելով հարցին, թե ինչ բացատրություն է տվել իր սեփական երեխային, որն այն ժամանակ 7 տարեկան էր, խուսափելու համար նրա հոգեբանության վրա անհարկի ազդեցությունից` Աննան ասել է. «Իմ երեխան այն ժամանակ 7 տարեկան էր, վերջին ամիսներին ապրել է տատիկի մոտ: Ես զերծ եմ պահել նրան, որպեսզի նա ոչ մի բան չիմանա. ի՞նչ կարող է հասկանալ երեխան այդ տարիքում»:

Փոխնակ մայրության խնդրի վերաբերյալ PanARMENIAN.Net ը զրուցել է նաև Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Լուսինե Բալայանի հետ: 2015-ին այդ կլինիկայում փոխնակ մայրության ծրագրով 13 երեխա է ծնվել, 2016-ին` դեռ 13:

Ըստ մասնագետի, վերաբերմունքը փոխնակ մայրության հանդեպ հայ հանրության շրջանում միանշանակ չէ: «Յուրաքանչյուրն իրավասու է ինքնուրույն որոշելու, ինչպես վերաբերվել դրան: Ես անձամբ հարգում եմ այդ հարցում ցանկացած կարծիք, եթե նույնիսկ այն հակասում է իմ տեսակետին: Սակայն, ինչպես ցանկացած այլ հարցում, իր կարծիքը պետք է հայտնի այն մարդը, որն անձամբ է բախվել նման խնդրի հետ կամ ուսումնասիրել է այն: Իսկ լինել թե չլինել փոխնակ մայր, դառնալ ծնող այդ ճանապարհով կամ ոչ, յուրաքանչյուրն ինքն է որոշում»,-ասել է Բալայանը:

Լուսինե Բալայանը հիշեցրել է եկեղեցու դիրքորոշումը, որը մասնակիորեն հետևյալն է. երեխա չունեցող ամուսնական զույգը պետք է ընդունի, որ ի վերուստ իրենց տրված չէ ապրել ծողի բերկրանքն ու խոնարհաբար ընդունի անպտղությունը: «Ես անձամբ այլ կարծիքի եմ: Չէ որ, եթե մարդուն շանս է տրվում երկարացնել կյանքը, օրինակ, երիկամի փոխպատվաստման միջոցով, մենք չենք ասում, թե նրան վիճակված է մեռնել, այլ պայքարում ենք նրա կյանքի համար: Եվս մեկ նրբություն կա. արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) միշտ չէ, որ ցանկալի արդյունքն է տալիս: Այսօրվա դրությամբ, ըստ վիճակագրության, փոխնակ մայրության ծրագրով արտամարմնային բեղմնավորումը դրական արդյունք է տալիս դեպքերի 35-45%-ում, և եթե ամուսնական զույգը երեխա է ունենում, նշանակում է, այդ երեխային վիճակված էր ծնվել: Եթե վիճակված չէ, այդ եղանակով ևս ոչինչ չի ստացվում: Գիտությունը տեղում չի դոփում, հայտնվել են հետազոտման և անպտղության հայտնաբերման ու բուժման նոր տեխնոլոգիաներ: Շատերը մայր ու հայր դառնալու շանս են ստանում, չնայած լուրջ ախտորոշումներին»:

Փոխնակ մայրության ծրագրի օգնությանն են դիմում այն ամուսնական զույգերը, որոնք սպառել են անպտղության բուժման բոլոր մյուս հնարավորությունները: «Ճիշտ է, զույգը միշտ էլ կարող է երեխա որդեգրել, սակայն շատերի մոտ միևնույն է անհաղթահարելի ցանկություն կա գենետիկորեն հարազատ երեխա ունենալ: Չէ որ ցեղը շարունակելու ցանկությունը մարդու բնազդներից է»,-նշում է փորձագետը:

«Որոշ ժամանակ կպահանջվի, որպեսզի փոխնակ մայրությունը հակասական կարծիքներ չառաջացնի: Պետք է ընդունել, որ դա փաստ է, որը մտել է մեր կյանք, և ուրախանալ այն ընտանիքների համար, որոնք ծնող դառնալու շանս են ստանում»,-ասել է Բալայանը:

Փոխնակ մոր հոգեբանական պատրաստվածությունը ստուգելուն և դրա հետ կապված խնդիրներին անդրադառնալով` Բալայանը նշել է, որ փոխնակ մոր հոգեբանական վիճակի թեման պարուրված է առասպելներով ու սնահավատությամբ: Այս հարցը, ինչպես և ընդհանրապես փոխնակ մայրության թեման, շատ նուրբ է: «Սակայն այդ թեման անհիմն կերպով տարբեր առասպելներով ու մտայնություններով է շրջապատված գեղարվեստական ֆիլմերի, տարբեր թոկ-շոուների, ինչպես նաև ԶԼՄ-ների ոչ հավաստի տեղեկությունների պատճառով»,-ասել է նա:

«Փոխնակ մայր դառնալուց առաջ կինը մի շարք հետազոտությունների է ենթարկվում, այդ թվում զրուցում է հոգեբանի հետ: Բոլոր կանայք հստակ գիտակցում են, որ դա գենետիկորեն իրենց երեխան չի լինելու: Մեր կլինիկան 10 տարուց ավելի աշխատում է փոխանակ մայրերի հետ: Ես անձամբ եմ զբաղվում փոխնակ մայրության պատրաստ կանանց ընտրությամբ և ամեն օր շփվում եմ նրանց հետ: Ուստի ինձ համար դժվար չէ ստեղծել այդ կանանց հավաքական հոգեբանական կերպարը: Թեկնածուների մի մասն է միայն բավարարում բոլոր պահանջներին:

Այդպիսով, կենտրոն դիմած ոչ բոլոր կանայք են կարողանում փոխնակ մայր դառնալ: Բայց նրանց բոլորին մեկ բան է միավորում: Բոլոր նրանք այս կամ այն ֆինանսական դժվարություններն ունեն: Հաճախ նրանք ծանր վիճակում են գտնվում և ստիպված են մտածել գոյատևելու մասին: Եվ շատերն ասում են, որ մեծ երջանկություն են ապրում, երբ տեսնում են ուրախությունից փայլող ծնողների աչքերը, որոնք այդքան երկար են սպասել մանկիկին, և վերջապես ունեցել են: Բոլոր կենսաբանական ծնողների համար, որոնք վերջապես երեխա են ունենում, դա մեծ երջանկություն է»,-ասել է մանկաբարձ-գինեկոլոգը:

Ինչ վերաբերում է հարցի այն կողմին, թե ինչպես է իրավիճակն ազդում փոխնակ մայրերի սեփական երեխաների վրա, ապա բժշկի խոսքով, հիմնականում նրանք շատ փոքր են լինում, ինչ-որ բան հասկանալու համար:

Բալայանը նշել է նաև, որ փոխնակ մայրության իրավական կարգավորման ոլորտում խնդիրներ կան բոլոր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում: «Փոխնակ մայրության որոշ ասպեկտներ կանոնակարգվում են գործող օրենքով, մի մասը դեռ քննարկման փուլում է: 2016-ի նոյեմբերին ՀՀ կառավարության նիստում ուղղումներ արվեցին փոխնակ մայրության մասին օրենքում: Մասնավորապես, ուղղում արվեց, որի համաձայն ծրագրի բոլոր մասնակիցները, կենսաբանական ծնողները կամ ծնողը և փոխնակ մայրը, պարտադիր պետք է ԴՆԹ թեստ հանձնեն»,-հավելել է նա:

Օրենսդրորեն ամրագրված է, որ փոխնակ մայրը չպետք է գենետիկ կապ ունենա պտղի հետ, իսկ ամուսիններից գոնե մեկը պետք է լինի երեխայի կենսաբանական ծնողը: Երեխան կարող է կենսաբանական ծնողներին փոխանցվել միայն ԴՆԹ փորձաքննությունից հետո:

Լուսինե Դալլաքյան /PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Հանրային կյանքը՝ Փաշինյանի իշխանության 1 տարում
Սիրո հեղափոխության ամենահեղափոխական սերը
 Ուշադրության կենտրոնում
Անցքը, որից ընկել էր Ստամբոլցյանը, վերջապես կփակեն

Անցքը, որից ընկել էր Ստամբոլցյանը, վերջապես կփակեն Ստամբոլցյանը հաստատեց քաղաքային լեգենդի իսկությունը

 Բաժնի այլ նյութերը
Լանք, թե խնդանք Ինչը ժպիտ պարգևեց վերջին օրերի դրամատիկ իրադարձություններում
Ընթրիքը՝ երկնքում Երևանում կբացվի «օդում ճախրող» ռեստորան