// IP Marketing video - START// IP Marketing video - END
2016-ի 8 կարևորագույն տնտեսական իրադարձությունը

2016-ի 8 կարևորագույն տնտեսական իրադարձությունը

Անցնող տարվա վերելքներն ու անկումները

Ներկայացնում ենք 2016-ի կարևորագույն տնտեսական իրադարձությունները՝ ըստ PanARMENIAN.Net-ի:

PanARMENIAN.Net - Նաիրիտը սնանկ ճանաչվեց

2016-ի մարտին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Լևոն Յոլյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վիճակը և հետագա անելիքները ուսումնասիրելու համար: Դրանից առաջ հայտարարել էր, որ Հայաստանը ներդրող է փնտրում «Նաիրիտ» քիմիական գործարանի համար, որի գործարկմանը, աուդիտորների նախնական գնահատականներով, անհրաժեշտ է մոտ $200–300 մլն-ի ներդրում։

Մայիսին ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ «Նաիրիտը» պետք է գործարկվի։ Նրա խոսքով՝ բոլոր ջանքերը գործադրելու է, «որ մենք ունենանք Նաիրիտ»: Հոկտեմբերի 20-ին ԱԺ-ում վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման վերաբերյալ որևէ հստակ, գործնական առաջարկություն չի եղել:

Նոյեմբերի 14-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հայտարարել է «Նաիրիտ» գործարանի արտադրական ենթակառուցվածքների վերագործարկման մրցույթ:

Նոյեմբերի 28-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմեն Չիչոյանի նախագահությամբ, որոշում է կայացրել սնանկ ճանաչել «Նաիրիտ» գործարան ՓԲԸ-ն: Պարտապանը պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում չի կատարել իր կողմից սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման պարտավորությունը, որն, ըստ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտի, 2015թ. մարտի 5-ի դրությամբ կազմել է 1.235.003.232 դրամ։

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ -ն դեռևս 2015-ին տարի դիմել էր դատարան՝ «Նաիրիտը» սնանկ ճանաչելու պահանջով:

Հարկային նոր օրենսգրքի ընդունումը

Հոկտեմբերի 4-ին Խորհրդարանում երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է Կառավարության կողմից ներկայացված Հարկային օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ 78 կողմ, 19 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Հարկային նոր օրենսգրքով եկամտահարկի սանդղակն էապես վերանայվել է:

120.000-150.000 դրամ աշխատավարձի դեպքում կիրառվելու է 23% դրույքաչափ, 150.000-ից մինչև 2 մլն դրամի դեպքում՝ 28%, իսկ 2 մլն դրամից ավելի աշխատավարձի դեպքում պահպանվելու է գործող դրույքաչափը՝ 36%: Շրջանառության հարկի հարկման շեմը նախկին 40 մլն դրամի փոխարեն կսահմանվի 58.35 մլն դրամ:

Առաջարկվող փոփոխությունները քննադատում էին գրեթե բոլորը` բիզնեսի, հասարակության, ընդդիմության ներկայացուցիչներն, անգամ ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ: Մասնագետները վստահ են` նոր օրենսգիրքը ծանրացնելու է միջին խավի հարկային բեռը։ PanARMENIAN.Net ը ներկայացրել էր առաջարկվող փոփոխություններն ու համեմատել միջազգային փորձի հետ:

Բյուջետային ավիափոխադրողի հայտնվելը շուկայում

Հոկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է բյուջետային ավիափոխադրողներ ներգրավել Գյումրիի «Շիրակ» օդանավակայան: Հոկտեմբերի 21-ին հայտնի է դարձել, որ «Պոբեդա» ավիաընկերությունը Մոսկվայից Գյումրի չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել: Դեկտեմբերին ավիաընկերությունների համար Գյումրու «Շիրակ» օդանավակայանի գրավչության բարձրացման և զարգացման նպատակով որոշում է կայացվել օդանավակայանի աերոնավիգացիոն սպասարկումն այսուհետ իրականացնել 50 տոկոս իջեցված սակագնով:

Նոյեմբերի 3-ին հայտարարվել է, որ Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը կհրաժարվի Դոնի Ռոստովից Երևան թռիչքների թույլտվությունից, քանի որ ուղևորների սպասարկման արժեքը «Զվարթնոց» օդանավակայանում բարձր է: Դեկտեմբերի 15-ին՝ 8-ամսյա դադարից հետո Շիրակ օդանավակայանը կրկին վերագործարկվեց: «Պոբեդա»-ն իր առաջին թռիչքը կատարեց: Շաբաթական երեք չվերթ է նախատեսված: Տոմսերի գները սկսվել են 999 ռուբլիից (մոտ 7500 դրամ): 500 ռուբլի (մոտ 3700 դրամ) հավելավճարի դեպքում ընկերությունն առաջարկում է նաև Երևանից Գյումրի ավտոբուսի ծառայություն: Հնարավոր է պատվիրել նաև «Պլյուս» և «Պրեմիում» փաթեթներ: Դրանց տոմսերը ներառված ծառայությունների արդյունքում ավելի թանկ են:

«Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա չվերթներն իրականացվում են «Բոինգ-737» և «Բոինգ-800» տիպի օդանավերով, որոնք նախատեսված են մոտ 180 ուղևորի համար: «Պոբեդա» ավիաընկերությունն «Աերոֆլոտ» խմբի ցածրաբյուջետային փոխադրող է: Ընկերության չվերթներն իրականացվում են Boeing-737-800 12 ինքնաթիռով 58 ուղղությամբ: Իրականացվում է 8 միջազգային չվերթ, այդ թվում Fly & Bus ծառայության միջոցով:

Գազի առք ու վաճառքի և տարանցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր՝ Իրանի հետ

Հուլիսի 26-ին Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն հայտարարել է, որ Իրանից Հայաստան առաքվող գազի ծավալը 3 անգամ կավելանա: Իսկ գործադիրի օգոստոսի 4-ի որոշմամբ կստեղծվի «Էներգաիմպէքս» ՓԲԸ, որը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումը Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից՝ առավել արդյունավետ դարձնելով Իրան-Հայաստան գազամուղի օգտագործումը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պատվիրակության հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Իրան կատարած այցի շրջանակներում նախաստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ գազի առք ու վաճառքի և տարանցման վերաբերյալ։ Հուշագիրը նախաստորագրվել է Իրանի գազի արտահանման ազգային ընկերության և «Էներգաիմպեքս» ՓԲԸ միջև։ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին տեղեկացրել է, որ Հայաստանը բանակցում է իրանական գազ գնելու շուրջ: Հաջողության դեպքում հայաստանյան սպառողներն առաջիկայում արդեն կկարողանան օգտագործել իրանական գազը: «Ներքին սպառման համար իրանական գազը կօգտագործվի այն ժամանակ, երբ գինը մրցունակ կլինի մեր այլ աղբյուրների հետ», - փոխանցել է Հարությունյանը:

Դեկտեմբերի 15-ին հայտարարվել է, որ ավարտվել են Իրանի հետ սահմանամերձ Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման աշխատանքները։ Հատկացված միջոցների շրջանակում ամբողջությամբ գազաֆիկացվել է Մեղրի քաղաքը և Ագարակի մի մասը։ Ավելի վաղ՝ դեկտեմբերի 8-ին Իրանի լեռնահանքային արդյունաբերության և առևտրի նախարար Մոհամմադ Ռեզա Նեմատզադեն հայտնել է, որ Իրանը կնպաստի Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը:

Դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Իրանի հետ սահմանամերձ Մեղրի և Ագարակ քաղաքներում կառուցված գազի բաշխման ցանցի պաշտոնական բացումը։ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի Հայաստան կատարած այցի օրը վառվել է խորհրդանշական կրակը և տրվել գազամատակարարման մեկնարկը։

Գազի և էլէներգիայի էժանացում

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նոյեմբերի 25-ի նիստում քննարկվել է «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հայտը՝ ՀՀ-ում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման վերաբերյալ, որի արդյունքում սահմանվել են գազի նոր՝ ավելի ցածր սակագներ: Հունվարի 1-ից գազը սպառողների համար կէժանանա 7.7 դրամով, բացի այդ՝ կստեղծվեն սպառողների նոր խմբեր, որոնց համար սակագինը նորովի կհաշվարկվի։

Մասնավորապես, ջերմոցային տնտեսությունների, վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների համար:

2016-ի օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը նվազել է 5.9 տոկոսով կամ 2.58 դրամով: Սակայն, 2016-ի հուլիսի 31-ին Կառավարության և ՀԷՑ-ի նոր սեփականատեր «Տաշիր»-ի կողմից էլեկտրաէներգիայի բարձրացված սակագնի սուբսիդավորումն ավարտվել է: 2015-ի օգոստոսին էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել էր 6.9 դրամով: Ստացվում է, որ բնակչությունը մոտ 4.4 դրամով ավելի է վճարում էլեկտրաէներգիայի դիմաց:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ի նիստում որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի գինը փետրվարի 1-ից բնակչության համար նվազեցնել 1.22 դրամով։ Բնակիչները ցերեկային ժամերին 1կվ էլեկտրաէներգիայի համար կվճարեն 44.98 դրամ, գիշերային ժամերին՝ 34.98 դրամ։ Իսկ սոցիալապես անապահով ընտանիքները կվճարեն 40 և 30 դրամ համապատասխանաբար։

Սակայն, կրկին՝ 2015-ի օգոստոսին էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել էր 6.9 դրամով: Ստացվում է, որ այսօրվա՝ դեկտեմբերի 23-ի որոշումից հետո բնակչությունը մոտ 3.1 դրամով ավելի է վճարելու էլեկտրաէներգիայի դիմաց՝ մինչև 2015-ի օգոստոսի թանկացումը գործող սակագնի հետ համեմատ:

Ջրի միասնակ օպերատոր. Հունվարի 1-ից ջուրը կթանկանա

ՀՀ-ում դեկտեմբերին խմելու ջրի նոր միասնական սակագին է հաստատվել՝ 180 դրամ/խմ: ՀԾԿՀ-ն քվեարկությամբ որոշել է՝ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման համար սահմանել հետևյալ սակագները. 1) խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 153 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն), 2) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը` 27 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն):

Այսինքն՝ սպառողի համար ջրի մատակարարումն ու ջրահեռացումը կարժենա 180 դրամ/խմ: Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2017-ի հունվարի 1-ից:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը պաշտոնապես դարձել է Հայաստանի Հանրապետության խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի միասնական օպերատորը առաջիկա 15 տարվա համար: Նոյեմբերի 21-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում ստորագրվել է Հայաստանի խմելու ջրի համակարգի վարձակալության պայմանագիրը։

Արևային կայաններ ունեցող ֆիզիկական անձինք կկարողանան էլեկտրաէներգիա մատակարարել ընդհանուր ցանցին

ԱԺ-ում մարտի 16-ին միաձայն հաստատվել է «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որի համաձայն Հայաստանում ֆիզիկական և իրավաբանական անձանց հնարավորություն է տրվում մինչև 150 կՎտ հզորության արևային կայաններ տեղադրել: 150 կՎտ-ից պակաս հզորությամբ արևային կայաններ ունեցող ֆիզիկական անձինք կկարողանան էլեկտրաէներգիա մատակարարել ընդհանուր ցանցին: Այսինքն, սեփական արտադրությունից ավելցուկը հնարավոր կլինի վաճառել՝ գործող սակագնի կեսով:

Նոյեմբերի 23-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը հայտնել է, որ Մինչև 2020 թ.-ը ՀՀ կառավարությունը նախատեսում է էներգետիկ ծախսերը կրճատել 38 տոկոսով: Արևային էներգետիկայի զարգացման նպատակով, 2017-ից նախարարությունը նախատեսում է անցկացնել նաև միջազգային մրցույթ՝ 50 մգվտ հզորությամբ արևային կայան կառուցելու համար: Մրցույթում հաղթելու առաջին և ամենակարևոր նախապայմանը ցածր սակագինն է:

Նոյեմբերի 16-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած սակագինը 1 մեգավատանոց արևային կայանների համար կազմում է 42,6 դրամ, առանց ԱԱՀ։ Նույնը գործում է հողմային կայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի դեպքում։ ՀԽԿՀ-ի կողմից արևային կայանների համար սահմանված սակագինը վերաբերում է բացառապես մինչև 1 մեգավատ հզորություն ունեցող կայաններին։ Այն որևէ կերպ չի առնչվում սեփական կարիքների բավարարման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից տեղադրվող մինչև 150 կՎտ հզորությամբ ինքնավար կայաններին։ Վերջիներիս սակագինը կարգավորված է Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին օրենքով։

Ըստ այդմ, էլէներգիայի սեփական կարիքները բավարարելուց հետո, ավելցուկային էլեկտրաէներգիան բաշխիչ ցանցերին վաճառելիս ինքնավոր արտադրողները ստանում են փոխհատուցում` գործող սակագնի 50 տոկոսի չափով:

«Երևան ՋԷԿ»-ի նոր ենթակայան կկառուցվի

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում իրականացվող «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» վարկային ծրագրի շրջանակում հայտարարված միջազգային մրցույթի արդյունքներով հուլիսին կնքվել է պայմանագիր «Երևանի ՋԷԿ»-ի 220 կՎ ենթակայանի կառուցման գլխավոր կապալառու ընտրված AB Substations and Sobra Instalaciones և Servicios S.A. (Շվեդիա/Իսպանիա) կոնսորցիումի հետ։ Պայմանագրի գինը կազմում է 11,3 մլն դոլար, 4,7 մլն եվրո և 6,9 մլն շվեդական կրոն։

Պայմանագրի շրջանակում նախատեսվում է կառուցել «Երևանի ՋԷԿ»-ի 220 կՎ նոր ենթակայան, ինչը պայմաններ կստեղծի կրճատելու գործող 220/110/35 կՎ ենթակայանի սարքավորումների խափանումների հաճախականությունը: Նշենք, որ գործող ենթակայանը շահագործման է հանձնվել 1963թ.։ Դրա խափանման դեպքում կայանն անջատվում է ցանցից և անհրաժեշտություն է առաջանում գործարկել «Հրազդանի ՋԷԿ»-ի հին և ոչ արդյունավետ բլոկերը։

«Երևանի ՋԷԿ»-ին է բաժին ընկնում երկրում տարեկան արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի շուրջ 20 տոկոսը:

Նոր ենթակայանի կառուցումը նախատեսվում է ավարտել 17 ամսվա ընթացքում։ Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ նոյեմբերի 29-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ տեղեկացվել է, որ Երևանի ՋԷԿ-ի վերակառուցման ծրագրում կտնտեսվի 10 մլն դոլար:

Լուսինե Դալլաքյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ հասցրեց ուղղել ու որտեղ «սայթաքեց» Փաշինյանի գործադիրը
Պաշտոնական թվերի և իրականության հակասությունը
ՀՀ-ի սոցիալ-տնտեսական կյանքն ապրիլին ու մայիսին
Աշխարհի առաջնությունն ու ՀՀ տնտեսությունը
 Ուշադրության կենտրոնում
«Արմենալի» արտադրանքի արտահանումն ԱՄՆ խոչընդոտող օրենքն առայժմ չի երկարացվել

«Արմենալի» արտադրանքի արտահանումն ԱՄՆ խոչընդոտող օրենքն առայժմ չի երկարացվել «Ռուսալի» արժեթղթերը Հոնկոնգի բորսայում աճում են 5,71%-ով՝ ներդրողները կարծում են, որ ԱՄՆ-ն այնուամենայնիվ դուրս կբերի ընկերությունները պատժամիջոցների տակից

 Բաժնի այլ նյութերը
Բյուջեն լցվում է խոշորների հաշվին Մյուսներից գանձվող հարկերը կտրուկ նվազել են
«Երազ իմ երկիր Հոնդուրաս» Որ երկրներին են հավասար ՀՀ մարզերի ՀՆԱ ցուցանիշները
Գները հիմա և 10 տարի առաջ Որքան է թանկացել կյանքը ՀՀ-ում