// IP Marketing video - START// IP Marketing video - END
Ում կորցրինք 2016-ին

Ում կորցրինք 2016-ին

Անցնող տարում մահացած հայտնիները

Ասում են՝ նահանջ տարիները անհաջող են լինում. 2016 թվականը, թերևս, բացառություն չէր: Տարվա գրեթե սկզբից այն սկսեցին անվանել «մահվան տարի». անհավատալի շատ հայտնիներ են հեռացել կյանքից այս տարվա ընթացքում:

PanARMENIAN.Net - Ամփոփելով 2016-ը՝ PAN-ը պատմում է այն հայտնիների մասին, որոնց աշխարհը կորցրեց այս տարի:

Տարին դեռ նոր էր սկսվել, երբ կյանքից հեռացավ «Գրեմմի», Saturn Awards և այլ հեղինակավոր մրցանակների դափնեկիր, հայտնի երաժիշտ Դևիդ Բոուին: Նա մահացավ կյանքի 70-րդ տարում՝ ընտանիքով շրջապատված, քաղցկեղի դեմ 18 ամիս պայքարելուց հետո: Բոուին ճանաչում է ձեռք բերել 60-ականներին՝ Space Oddity երգից հետո, որը համարվում է համաշխարհային ռոքի դասական կատարումներից մեկը:

Հայտնի ռոքերից չորս օր անց՝ հունվարի 14-ին կյանքից հեռացավ նաև բրիտանացի դերասան, «Ոսկե գլոբուս»,«Էմմի», BAFTA մրցանակների դափնեկիր Ալան Ռիքմանը, որն առավել հայտնի է Հարրի Փոթերի մասին պատմող ֆիլմերում պրոֆեսոր Սևերուս Սնեյփի դերով: Ռիքմանը նույնպես մահացել է քաղցկեղից: Դերասանը խաղացել է ավելի քան 50 ֆիլմերում:

Փետրվարի 16-ին 87 տարեկան հասակում կյանքից հեռացավ հայկական կինոյի կառկառուն դեմքերից մեկը` ռեժիսոր Արման Մանարյանը։ Նա հայտնի է «Տժվժիկ», «Հեղնար աղբյուր», «Պաղտասար աղբար», «Կարինե», «Ընկեր Փանջունի» և այլ ֆիլմերով։ Մանարյանը նաև «Սասնա ծռեր» էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղի անիմացիոն ֆիլմի ռեժիսորն է։

Փետրվարի 19-ին աշխարհը կորցրեց միանգամից երկու գրողի՝ կյանքից հեռացան «Ծաղրասարյակ սպանելը․․․» վեպի հեղինակ, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Հարփեր Լին և իտալացի գրող, գիտնական և փիլիսոփա Ումբերտո Էկոն: 89-ամյա Լիի մահվանից մոտ կես տարի առաջ լույս է տեսել նրա երկրորդ՝ «Գնա պահակ կանգնեցրու» կորած վեպը: Էկոյի ամենահայտնի ստեղծագործություններն են «Վարդի անունը», «Գեղեցիկի պատմությունը» և «Ֆուկոյի ճոճանակը» վեպերը:

Մարտի 23-ին Երևանում 65 տարեկանում կյանքից հեռացել է հայ անվանի օպերային երգիչ (տենոր) և բեմադրիչ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Լիտվական ԽՍՀ վաստակավոր արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը: Նա ճանաչվել է 20-րդ դարի լավագույն տենորներից մեկը:

Ապրիլի 21-ին հանկարծամահ է եղել «Գրեմմի»,«Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր, երգիչ Փրինսը (Փրինս Ռոջերս Նելսոն): Նրա մարմինը հայտնաբերել էին իր տանը գտնվող ձայնագրման ստուդիայի վերելակում: Հունիսին բժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ 57-ամյա երգիչը մահացել է ափիոնի չափից ավելի դեղաքանակ ընդունելու հետևանքով:

Ապրիլի 28-ին կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, հայ անվանի դերասանուհի Մարգո (Մարգարիտ) Մուրադյանը: Դերասանուհին աչքի է ընկել դրամատիկական, կենցաղային, բնութագրական դերերով, մասնակցել է մի շարք ռադիո և հեռուստաբեմադրությունների: Մարգո Մուրադյանը 89 տարեկան էր:

Հունիսի 3-ին 74 տարեկանում կյանքից հեռացել է գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին: Վերջին օրերը բռնցքամարտիկն անցկացրել է Ֆինիքս քաղաքի մոտակայքում գտնվող հիվանդանոցում, ուր հայտնվել էր շնչառական օրգանների խնդիրների բարդացման հետևանքով: Վերջին տարիներին Ալին ավելի քիչ էր երևում հանրության աչքին, 1984թ-ից սկսած սպորտսմենը տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ, որն էլ զրկել էր նրան լիարժեք կյանքով ապրելու հնարավորությունից:

Հունիսի 13-ին 91 տարեկանում մահացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի, հայ ամենանշանավոր երգչուհիներից մեկը՝ Օֆելյա Համբարձումյանը։ Նրա երգացանկում առաջնային տեղ են գրավել Սայաթ-Նովայի ստեղծագործությունները` «Ես կանչում եմ լալային», «Չկա քիզի նման» և այլն։ Երգել է Ֆարհադի, Միսկին Բուրջիի, Ջիվանու, Շերամի երգերը։ 21-րդ դարում Օֆելյա Համբարձումյանը բեմում այլևս հանդես չի եկել։

Հունիսի 19-ին դժբախտ պատահարի արդյունքում զոհվեց ռուս ծագման ամերիկացի դերասան Անտոն Յելչինը, որն առավել հայտնի է «Սթարթրեք» և «Ալֆադոգ» ֆիլմերում իր դերերով: Վթարը տեղի է ունեցել դերասանի տան մոտ՝ Լոս Անջելեսում: Ոստիկանների հաղորդմամբ՝ Յելչինի մարմինը հայտնաբերել են սեփական տան դարպասներին փակցված փոստարկղի և մեքենայի արանքում սեղմված:

Հուլիսի 19-ին Կալիֆորնիայում կյանքի 82-րդ տարում մահացել է հոլիվուդյան հայտնի կինոռեժիսոր և դերասան Հարրի Մարշալը: Ռեժիսորի գործակալի խոսքերով՝ նա մահացել է Բերբանկ քաղաքի հիվանդանոցում թոքաբորբից: Մարշալն առավել հայտնի է Ջուլիա Ռոբերտսի և Ռիչարդ Գիրի մասնակցությամբ «Սիրունիկը» և «Փախչող հարսնացուն» ֆիլմերով:

Օգոստոսի 25-ի վաղ առավոտյան Փարիզում 86 տարեկանում կյանքից հեռացել է ֆրանսիացի հայտնի կուտյուրյե և սեփական նորաձևության տան հիմնադիր Սոնյա Ռիքելը: Նրա մահվան մասին հայտնել է դուստրը՝ Նատալի Ռիքելը: Վերջին տարիներին հայտնի դիզայները տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ: Նորաձևության ոլորտում Ռիքելին անվանում էին «Տրիկոտաժի թագուհի»:

Տարվա, թերևս, ամենահիշվող մահը Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովինն էր: Նրա մահվան մասին պաշտոնապես հայտարարվեց սեպտեմբերի 2-ին, սակայն մինչև այդ՝ դեռ օգոստոսի 29-ին, Ուզբեկստանի անկախ «Ֆերգանա» գործակալությունը հաղորդագրություն էր տարածել նախագահի մահվան մասին: Ըստ պաշտոնական տվյալների՝ Կարիմովը հիվանդանոց էր տեղափոխվել ուղեղի կաթված ախտորոշմամբ: Սեպտեմբերի լույս 2-ի գիշերը երկրի կառավարությունը հայտարարեց, որ նրա առողջական վիճակը «կտրուկ վատթարացել է» և կրիտիկական է, այնուհետև կառավարության պաշտոնական կայքում հայտնվեց Կարիմովի մահվան մասին հայտարարությունը, որը, սակայն, շուտով հեռացվեց, կայքն էլ ժամանակավորապես արգելափակվեց: Սեպտեմբերի 2-ին Ուզբեկստանի կառավարությունը, ի վերջո, հստակ որոշում կայացրեց Կարիմովի մահվան հետ կապված ու պաշտոնական հայտարարություն տարածեց: 79 տարեկան հասակում վախճանված Կարիմովը պաշտոնավարում էր ավելի քան 26 տարի:

Սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը մահացել է Մատենադարանի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանը: Ինչպես PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնեցին Մատենադարանից, Թամրազյանն ուներ ծանր հիվանդություն, երկար ժամանակ բուժվում էր: 1977 թ. Հրաչյա Թամրազյանն աշխատանքի է անցել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում` նախ որպես ավագ լաբորանտ, ապա կրտսեր ու ավագ գիտաշխատող։

Սեպտեմբերի 11-ին 75 տարեկանում կյանքից հեռացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, մուլտիպլիկատոր, «Կար չկար մի շուն» մուլտֆիլմի ռեժիսոր Էդուարդ Նազարովը: «Կրոկ» միջազգային կինոփառատոնից, որի նախագահն էր Նազարովը, հայտնել են, որ նա տևական ժամանակ հիվանդ է եղել, անոթների հետ կապված խնդիրներ է ունեցել: Նազարովը ակտիվ աշխատել է մինչև կյանքի վերջին պահը:

Հոկտեմբերի 7-ին Մոսկվայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում մահացել է հանրահայտ դերասանուհի Լյուդմիլա Իվանովան, որին մեծ ճանաչում է բերել «Ծառայողական սիրավեպ» ֆիլմից հետաքրքրասեր Շուրոչկայի կերպարը։ 83 տարեկան դերասանուհին հիվանդանոց էր տեղափոխվել սեպտեմբերի վերջին՝ ծերունական հիվանդությունների պատճառով: Իր կարիերայի ընթացքում Իվանովան ավելի քան 80 դեր է խաղացել կինոյում:

Հոկտեմբերի 13-ին 88 տարեկանում կյանքից հեռացել է Թաիլանդի թագավոր Փհումիպոն Ադուլյադեթը: Վերջին մի քանի տարին միապետը եղել է վատառողջ ու ժամանակի մեծ մասն անցկացրել է հիվանդանոցում: Ադուլյադեթը թագավորել է Թաիլանդում 1946թ.-ից:

Հոկտեմբերի 23-ին 78 տարեկանում մահացել է հայ անվանի կինոռեժիսոր, սցենարիստ Ներսես Հովհաննիսյանը: Վերջին տարիներին նա բնակվել է Մոսկվայում: Կինոռեժիսորն առավել հայտնի է «Հարսնացուն հյուսիսից», «Երջանկության մեխանիկա», «Օտար խաղեր», «Ձախորդ Փանոսը» ֆոլմերով:

Հոկտեմբերի 31-ին Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտում 101 տարեկանում կյանքից հեռացել է Խորհրդային միության ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Վլադիմիր Զելդինը: Նա եղել է աշխարհի ամենածեր գործող դերասանը, ինչպես նաև թատրոնի առաջին դերասանը, որը շարունակել է բեմի վրա խաղալ 100-ամյակից հետո: Զելդինը խաղացել է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Դիմակահանդեսային գիշեր», «Քեռի Վանյա», «Ճերմակազգեստ կինը» և այլն:

Նոլեմբերի 2-ին Դոնի Ռոստով քաղաքում 86 տարեկանում հանկարծամահ է եղել Խորհրդային միության ժողովրդական արտիստ, համաշխարհային ճանաչում վայելող ծաղրածու Օլեգ Պոպովը: Աղբյուրները պատմում են, որ Պոպովը մահացել է կրկեսային հյուրանոցում՝ երեկոյան հեռուստացույց դիտելիս: Դոնի Ռոստովում նա գտնվում էր 2016թ. ձմռանը Ռուսաստանով սկսած մեծ շրջագայության շրջանակներում: «Արևային ծաղրածուն» մինչև կյանքի վերջ ելույթ է ունեցել կրկեսում:

Նոյեմբերի 13-ի առավոտյան Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել է «Ձայնը» նախագծի մասնակից, ռուսաստանաբնակ երաժիշտ Անդրեյ Դավիդյանը: 60-ամյա արտիստն ինսուլտով տեղափոխվել էր հիվանդանոց և կոմայի մեջ էր: Դավիդյանին ճանաչում էր բերել մասնակցությունը «Ձայնը» երկրորդ նախագծին:

Նոյեմբերի 25-ի երեկոյան 90 տարեկանում մահացել է կուբայական հեղափոխության առաջնորդ, Կուբայի նախկին ղեկավար, պետական, քաղաքական գործիչ Ֆիդել Կաստրոն: Նա 1976 թվականի դեկտեմբերից 30 տարի շարունակ եղել է Կուբայի պետխորհրդի նախագահը, ինչպես նաև՝ Նախարարների խորհրդի ղեկավարը, եղել է նաև Հեղափոխական զինված ուժերի գլխավոր հրամանատարը և Ազգային պաշտպանության խորհրդի նախագահը։ Առողջական խնդիրների պատճառով դեռ 2006 թվականի հուլիսի 31-ին Կաստրոն իր պարտականությունները փոխանցել էր եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին։

Նոյեմբեր 25-ին 90 տարեկան հասակում կյանքից հեռացել է ավիակոնստրուկտոր Վանո Միկոյանը, ով ՄիԳ-29 բազմանպատակային կործանիչի մշակողներից մեկն էր: ՄիԳ-29-ի մշակման համար Միկոյանը երկու անգամ արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի: Կոնստրուկտորը մինչև կյանքի վերջը մնում էր «ՄիԳ» ռուսական ինքնաթիռաշինական կորպորացիայի խորհրդականը:

Դեկտեմբերի 13-ին կյանքից հեռացել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, որին ծանր վիճակում տեղափոխել էին «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Դեկտեմբերի 25-ին Արմեն Երիցյանը կդառնար 56 տարեկան: Երիցյանը 2010-2014 թթ. զբաղեցնում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը, 2014-2016 թթ.՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը, 2016 թ. փետրվարի 24-ից՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը:

Դեկտեմբերի սկզբին Christthebaker անունով թվիթերյան օգտատերը հրապարակել է The Beatles խմբի՝ 1967թ.-ին լույս տեսած Sgt. Peppers’s Lonely Hearts Club Band ալբոմի պաստառի հիման վրա ստեղծված կոլաժը՝ 2016թ.-ին մահացած ավելի քան 40 հայտնիների պատկերներով, որոնց թվում են նաև Փրինսը, Դեյվիդ Բոուին, Մուհամեդ Ալին, Ալան Ռիքմանը և այլոք: Նկարիչը սկսել է պատրաստել կոլաժը նոյեմբերից: The Beatles խմբի ձայնասկավառակի պաստառի օրիգնալ տարբերակում խմբի անդամները շրջապատված էին XX դարի ամենահայտնի մարդկանց ստվարաթղթե պատկերներով:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Սիրո հեղափոխության ամենահեղափոխական սերը
Հանրային կյանքը՝ Փաշինյանի իշխանության 1 տարում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Լանք, թե խնդանք Ինչը ժպիտ պարգևեց վերջին օրերի դրամատիկ իրադարձություններում
Ընթրիքը՝ երկնքում Երևանում կբացվի «օդում ճախրող» ռեստորան