// IP Marketing video - START// IP Marketing video - END
Դարերի խորքից` նորագույն օրեր

Դարերի խորքից` նորագույն օրեր

Պատմության մասին PAN-ի 2016-ի լավագույն հոդվածները

2016-ին PanARMENIAN.Net-ը հատկապես մեծ ուշադրություն է դարձրել պատմության հին և արդի էջերի լուսաբանմանը:

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԱԾ լոնդոնյան գործողություններից մինչև հայկական մասոնություն, հայ գնչուներից մինչև Եգիպտոսի հայ վեզիրներ. ներկայացնում ենք տարվա ընթացքում տպագրված առավել հետաքրքիր պատմությունները:

1993 թ․ փետրվարի վերջին Լոնդոնում սպանվեցին չեչեն բարձրաստիճան պաշտոնյա, Չեչնիայի ինքնահռչակ հանրապետության նախագահի օգնական Ռուսլան Ուցիևը և նրա 20-ամյա եղբայրը։ Սպանությանն ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեին Հայաստանի Ազգային անվտանգության վարչության աշխատակիցները։ PAN-ը պատմում է մեծ հնչեղություն ստացած գործի բոլոր հայտնի հանգամանքները։

Դարեր շարունակ տարբեր օտար երկրներում հայտնված բազմաթիվ հայեր կարողացել են բարձր ռազմական ու վարչական պաշտոնների հասնել։ PAN-ը ներկայացնում է համեմատաբար քիչ հայտնի՝ միջնադարյան Եգիպտոսում հայկական մեկդարյա ներկայության պատմությունը։

1990 թվականին Երևան-Ստեփանակերտ թռիչք կատարող Յակ-40 ինքնաթիռը կործանվեց, ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվեցին։ Արեգ Բալայանը PAN Photo-ից և նրա երկու ուղեկիցները՝ Արայիկ Լազարյանն ու Վահան Սարումյանը, կործանված ինքնաթիռի հետքերը գտնելու մտադրությամբ բարձրանում են Արցախի լեռնաշղթայի 2832 մ բարձրությամբ Կուսանաց լեռ, իսկ PAN-ը՝ զրուցել դեպքերի վերաբերյալ անմիջական տեղեկություններ ունեցող անձանց հետ, ներկայացնելով իրադարձությունների զարգացումը:

Խորհրդային ժամանակաշրջանում Հայկական ԽՍՀ վարչական տարածքում առկա էին ադրբեջանական 3 էքսկլավներ, իսկ Ադրբեջանական ԽՍՀ տարածքում գոյություն ուներ հայկական Արծվաշեն էքսկլավը: Գաղտնիք չէ նաև, որ 90-ական թթ. սկզբին հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում բոլոր չորս անկլավները որպես այդպիսին փաստացի վերացել են: PAN-ը պատմում է, ինչպես էր ԽՍՀՄ-ն վերաձևակերպում հայ-ադրբեջանական սահմանը:

Պատմականորեն հայ մասոնությունը ծագել և զարգացել է Օսմանյան կայսրության տարածքում՝ հայկական հզոր համայնքներում, որտեղ ձևավորվել են 4 հայկական մասոնական օթյակներ։ Զգալի թվով հայեր անդամակցել են նաև այլ մասոնական կազմակերպությունների, իսկ 20-րդ դարում արդեն սփյուռքահայության շրջանում ձևավորվել են նոր օթյակներ։ PAN-ը ներկայացնում է, թե ինչպես և ինչ պայմաններում ձևավորվեց հայկական մասոնությունը։

Մոռացված ու այսօրվա հայացքով արտասովոր դեպքերից է 1918 թ․ հունվարին Շամքորում ռուս զինվորների ջարդը Կովկասի թյուրքերի (այլ կերպ՝ անդրկովկասյան թաթարներ․ դեռևս մեկ դար առաջ այդպես էին կոչվում այժմյան ադրբեջանցիները) ձեռքով և ոչ առանց վրացական ներգրավվածության։ PAN-ը հիշել և ներկայացրել է Շամքորի ջարդի մանրամասները։

1966 թ․ փետրվարի 3-ին «Լունա-9» խորհրդային տիեզերական սարքը պատմության մեջ առաջին անգամ փափուկ վայրէջք կատարեց Լուսնի մակերեսին։ Երկնային մարմինների կիրառական հետազոտությունների այդ դարաշրջանում մեծ է հայազգի ինժեներ-կոնստրուկտոր, գյուտարար Ալեքսանդր Քեմուրջյանի դերը։ PAN-ը պատմում է դարակազմիկ հետազոտություններում իր ավանդն ունեցած հայազգի գիտնականի գործունեության ուշագրավ դրվագները։

Միջնադարում հայկական թիվ մեկ «նոու հաուն» էր համարվում «որդան կարմիրը»՝ բացառապես Հայաստանում արտադրվող ալ կարմիր, կայուն ներկը, որը չէր մաշվում ու չէր խամրում դարեր շարունակ: PAN-ը պատմում է ներկի առեղծվածի մասին:

Պատմականորեն հայերը հարաբերվել են տարածաշրջանում ապրող բազմաթիվ փոքր ազգերի հետ ու մեծապես ազդել նրանց մշակույթի, պատմության ու կենցաղի վրա, երբեմն անգամ ասիմիլացրել նրանց առանց որևէ բռնության: PAN-ը պատմում է երեք այդպիսի ազգերի՝ ուտիների, զազաների ու հայ-բոշաների և հայերի հետ նրանց կապերի մասին:

2016 թվականին Հայաստանը երկար դադարից հետո կարողացավ ոսկի գրավել Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիադայում: Արթուր Ալեքսանյանը դարձավ նորանկախ Հայաստանի երկրորդ ոսկե մեդալակիրը 1996 թվականի Ատլանտայի օլիմպիադայում ոսկի նվաճած Արմեն Նազարյանից հետո: PAN-ը վերհիշել է, ինչպես էին հայ մարզիկները մեդալներ բերում այլ երկրներին, ու ինչպես էին այլոք մեդալ նվաճում Հայաստանի համար:

1945 թ․ օգոստոսի 21-ին միջուկային գիտափորձի անհաջող ընթացքի հետևանքով անդառնալի մահացու վնասվածք ստացավ ամերիկահայ խոստումնալից գիտնական 24-ամյա Հարրի Դաղլյանը: PAN-ը ներկայացնում է, թե ով էր Հարրի Դաղլյանը, և ինչպես տեղի ունեցավ մահվան պատճառ դարձած այդ գիտափորձը։

 Ամենաընթերցվողը բաժնում
Ուր մեկնել, եթե Green Card-ը մերժում են
Ադրբեջանի սպառազինության համալրումները վերջին ամիսներին
Լատինատառ գրառումը՝ ՌԴ-ում հայ վարորդներին գործից զրկելու պատճառ
Ով է «Պուտինի խոհարարն» ու ինչ է անում ռուսական ռազմակայանում
 Ուշադրության կենտրոնում
Ալեքսիս Օհանյանը նոր հայկական կոնյակ է ներկայացրել՝ Shakmat

Ալեքսիս Օհանյանը նոր հայկական կոնյակ է ներկայացրել՝ Shakmat Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլորին, ով աջակցել է նրան այս նախագիծը կյանքի կոչելիս

 Բաժնի այլ նյութերը
«Այսքան թեժ դեռ չէր եղել» ՀՀ-ի ու ՀԱՊԿ-ի առճակատումը նոր քարտուղարի հարցի շուրջ
Հույսը ծովից Ինչպես դասավորվեց մուսալեռցիներին փրկած ռազմանավի ճակատագիրը
Նրանք ասացին «ոչ» Թուրքերն ու քրդերը, որոնք մերժեցին ցեղասպանությունը