Ստո՜պ, նկարահանվա՜ծ է

Ստո՜պ, նկարահանվա՜ծ է

2016-ի լավագույն ֆիլմերի տասնյակը

Անցնող տարվա ընթացքում, ինչպես և սպասվում էր, համաշխարհային կինովարձույթը գրավեցին ու միջոցների զգալի մասը վաստակեցին կոմիքսների էկրանավորումները։ Marvel-ը շարունակեց իր «տիեզերքի» կառուցումը նոր փուլի շրջանակներում, DC Comics-ը փորձեց մրցակցին անցնել՝ շտապ էկրաններ բարձրացնելով ահռելի բյուջեով ֆիլմեր, որոնք օրինաչափ կերպով տապալվեցին։

PanARMENIAN.Net - Սակայն, 2016-ի լավագույն ֆիլմերի թվում կային ինչպես կինոկոմիքս ժանրի ֆիլմեր, այնպես էլ բարդ ու էմոցիանոլ հեղինակային դրամաներ։ Ընտրելով տարվա բազում արժանի կտավներից ընդամենը 10-ը, մենք բաց ենք թողել այն ֆիլմերը, որոնք ֆորմալ առումով էկրաններին են հայտնվել 2016-ի սկզբին, սակայն իրականում համարվում են 2015-ի արտադրության, հակառակ դեպքում մեր թոփ տասնյակում կհայտնվեին Ինյարիտուի «Վերապրածն» ու Տարանտինոյի «Զազրելի ութնյակը»։ Բարդ է տարվա ընթացքում էկրաններ բարձրացած լավ ֆիլմերի մեծ քանակից ընտրել լավագույն տասնյակը, սակայն PanARMENIAN.Net ը փորձեց։

10-րդ հորիզոնական

«Դեդփուլ», (Deadpool), համաշխարհային պրեմիերան՝ փետրվարի 11-ին

Marvel ընկերության հանրահայտ կոմիքսային հերոսին մեկ անգամ արդեն փորձել էին էկրաններ տեղափոխել 2009-ին նկարահանված X-Men Origins: Wolverine ֆիլմում, սակայն անհաջող։ Ցինիկ ու հումորի սուր զգացում ունեցող Դեդփուլին այնտեղ վերածել էին համր չարագործի, ինչն առաջացրեց կոմիքսների սիրահարների արդարացի զայրույթը։ Դերասան Ռայան Ռեյնոլդսի անմարդկային ջանքերի շնորհիվ 7 տարի հետո միայն էկրաններին հայտնվեց «ճիշտ» Դեդփուլը․ Թիմ Միլլերի ֆիլմում առկա են կոմիքսային այս հերոսին բնութագրող բոլոր ատրիբուտները՝ սև հումոր, դաժանություն, անսահման ցինիզմ ու արդարության հասնելու անվերջ ձգտում։

9-րդ հորիզոնական

«Փառահեղ տղաները», (The Nice Guys), համաշխարհային պրեմիերան՝ հունիսի 16-ին

Հին ու բարի Շեյն Բլեքը, ով մասնակցություն է ունեցել 80-ականների սիրված մարտաֆիլմերի զգալի մասի ստեղծմանը, 21-րդ դարի երկրորդ տասնամյակում ապացուցեց, որ նման ֆիլմերի նկատմամբ նոստալգիկ զգացումները դեռ չեն մարել։ Ռայան Գոսլինգի ու Ռասել Քրոուի մասնակցությամբ կատակերգական դետեկտիվը՝ մարտաֆիլմի էլեմենտներով, հրաշալի պահպանում է անցյալի լավագույն ավանդույթները՝ միաժամանակ հետաքրքիր լինելով նոր սերնդի կինոդիտողի համար։

8-րդ հորիզոնական

«Կեցցե՜ Կեսարը», (Hail, Caesar!), համաշխարհային պրեմիերան՝ մարտի 3-ին

Հանրահայտ Քոեն եղբայրներն, իրենց հատուկ հումորի յուրահատուկ զգացումով ու ֆատալիզմով, որոշեցին նկարահանել ֆիլմ Հոլիվուդի «ներքին խոհանոցի» մասին՝ համեմելով այն հետաքրքիր դետեկտիվային պատմության հետ։ Այդուհանդերձ, հետաքրքիրն այստեղ հենց կինեմատոգրաֆն է ու արվեստներից կարևորագույնի նկատմամբ եղբայրների վերաբերմունքը․ էկրանին միաժամանակ կարելի է տեսնել կինոյի նկատմամբ սիրո խոստովանություն ու ատելություն այն կոնվեյերի հանդեպ, որը միայն գումարներ աշխատելու համար տարեցտարի թողարկում է միմյանց խիստ նման, անհոգի ու հեղինակազուրկ ֆիլմեր։

7-րդ հորիզոնական

«Աստղային պատերազմներ․Ռոգ մեկ», (Rogue One), համաշխարհային պրեմիերան՝ դեկտեմբերի 15-ին

Բնականաբար, կինոմանների ահռելի բանակի համար տարվա ամենասպասված ֆիլմը չէր կարող չհայտնվել լավագույնների տասնյակում, մանավանդ, որ այն իրոք դրան արժանի է։ «Աստղային պատերազմներ» կինոպատումի հերթական մասը ներկայացնում է սիրված աշխահը բոլորովին այլ, սովորական մարդկանց տեսանկյունից՝ վարպետորեն կառուցելով այդ աշխարհի մութ, բոլորի համար անհայտ անկյունները։ Սա պատմություն է այն կանանց ու տղամարդկանց մասին, ում կյանքերի ու արյան գնով հնարավոր կդառնան հետագա հաղթանակները։

6-րդ հորիզոնական

«Նա», (Elle), համաշխարհային պրեմիերան՝ սեպտեմբերի 22-ին

Լեգենդար Փոլ Վերհուվենի վերադարձը, թեև սպասված էր, սակայն ոչ միանշանակ։ Կյանքի մայրամուտն ապրող կնոջ դաժան ու ցինիզմով լի պատմությունը որոշ կինոքննադատների կողմից միանգամից դասվեց ժամանակակից դասական կինոյի շարքը, երբ մյուսները սկսեցին մեղադրել ռեժիսորին կեղծավորության մեջ։ Այդուհանդերձ, ծերուկ Վերհուվենը հավատարիմ է մնում ինքն իրեն․ ոչ մի լուրջ բան, ֆիլմին պետք է վերաբերվել, որպես սուր երգիծական պատումի, որը խիստ ակնհայտ կերպով վեր է հանում հասարակության բոլոր ախտերն՝ չառաջարկելով դրանց բուժման և ոչ մի տարբերակ։

5-րդ հորիզոնական

«Z նոր դարաշրջանը», (The Girl with all the Gifts), համաշխարհային պրեմիերան՝ հոկտեմբերի 13-ին

Ռուս լոկալիզատորների շնորհիվ, ովքեր «Պանդորայի ընծաները» վեպի այս հրաշալի էկրանավորմանն անհասկանալի անվանում են տվել, շատերի համար ֆիլմն աննկատ անցավ։ Այդուհանդերձ, Քոլմ Մկքարթին նկարահանել է 2016-ի լավագույն կինոկտավներից մեկը, որն արդեն հոգնեցրած ժանրին է նայում բոլորովին այլ աչքերով։ Հրաշալի ռեժիսուրայով կառուցված այս բարդ ու մռայլ կոնստրուկցիան դերասանների փայլուն խաղի ու խելացի դրամատուրգիական հնարքների շնորհիվ կարող է շատ երկար մնալ կինոդիտողի հիշողության մեջ։

4-րդ հորիզոնական

«Գիշերվա խավարի ներքո», (Nocturnal Animals), համաշխարհային պրեմիերան՝ դեկտեմբերի 8-ին

Թոմ Ֆորդի համար հետաքրքիր պատմություններ պատմելը վերածվել է դիզայներական հնարքի․ կարևորն այստեղ պատկերն է, լուսավորումը, շարժումները, պետք է հասնել կինոդիտողի հետ կատարյալ տակտիլ կապի։ Սյուզենի ու իր նախկին ամուսնու փոխհարաբերությունների մասին այս սուր դրաման Ֆորդը ներկայացնում է՝ անձամբ չմասնակցելով պրոցեսին, կառուցելով միայն իրավիճակն ու հնարավորինս զերծ մնալով միջամտություններից։ Կարևորը տեսքն է, իսկ այն, ինչ կա ներսում, կարող են ստեղծել դերասաններն իրենց խաղով։

3-րդ հորիզոնական

«Խղճի թելադրանքով», (Hacksaw Ridge), համաշխարհային պրեմիերան՝ նոյեմբերի 17-ին

Երկար բացակայությունից հետո լավ դերասան ու ավելի լավ ռեժիսոր Մել Գիբսոնը, հրաժարվելով մի շարք երկրորդ կարգի նախագծերից (որոնցում նա պետք է հանդես գար գլխավոր դերում), կրկին նստեց ռեժիսորական աթոռին։ Արդյունքը՝ Երկրորդ աշխարհամարտի մասին ամենատպավորիչ ու դաժան ֆիլմերից մեկը։ Գիբսոնը հետապնդում էր ընդամենը մեկ նպատակ՝ ցույց տալ պատերազմի արհարվիրքը որքան հնարավոր է բացահայտ կերպով՝ առանց որևիցե բան թաքցնելու։ Կարելի է պնդել, որ դա նրան հաջողվեց։

2-րդ հորիզոնական

«Կուբո․լեգենդ սամուրայի մասին», (Kubo and the Two Strings), համաշխարհային պրեմիերան՝ հոկտեմբերի 20-ին

Ո՞վ է ասել, որ տիկնիկային մուլտֆիլմերի ժանրը վաղուց զիջել է իր դիրքերը եռաչափ անիմացիոն ֆիլմերին։ Հռչակավոր Laika ստուդիան այդպես չի կարծում՝ ժամանակ առ ժամանակ ստեղծելով հասուն ու հրաշալի մուլտֆիլմեր։ «Կուբոն» տեղափոխում է կինոդիտողին միջնադարյան Ճապոնիա՝ ճշգրիտ կերպով բացահայտելով այդ հասարակության մշակութային առանձնահատկություններն ու առասպելները, ներկայացնելով ծագող արևի երկիրը գեղեցիկ ընտանեկան պատմության տեսքով։

1-ին հորիզոնական

«Ժամանում», (Arrival), համաշխարհային պրեմիերան՝ նոյեմբերի 11-ին

Դենի Վիլնյովի նոր ֆիլմի մասին կարելի է անվերջ խոսել՝ բացահայտելով այս խելացի գիտաֆանտաստիկ ֆիլմի բոլոր անկյունները՝ սկսած ոչ տրիվիալ սյուժեից մինչև շքեղագույն կադրեր ու փայլուն դերասանական խաղ։ Սակայն մենք ընտրել ենք «Ժամանումը», որպես տարվա լավագույն ֆիլմ միայն ու միայն մեկ պատճառով, որպեսզի մեր ընթերցողը հնարավորինս արագ ծանոթանա այս բացառիկ ֆիլմի հետ, որը, համոզված ենք, որոշ ժամանակ հետո կհայտնվի դասականների շարքում։

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---