Ուշադրության կենտրոնում

Ուշադրության կենտրոնում

2016-ի PAN-ի լավագույն հոդվածները հասարակության մասին

Պատվաստումներից մինչև հակաբիոտիկներ ու հոմեոպատիկ «դեղամիջոցներ», մեդիածուղակներից մինչև դրոնների պատերազմ ու ծանր հրետանի, «Սասնա ծռերից» մինչև հեզաճկուն հայ կանայք: Ներկայացնում ենք 2016 թվականի ընթացքում PAN-ի հրապարակած ամենակարևոր հոդվածները հասարակության, մարդկանց ու բոլորիս հուզող հարցերի մասին:

PanARMENIAN.Net - Պատվաստումների հակառակորդները հաճախ են սարսափելի դեպքեր պատմում այն երեխաների մասին, որոնց մոտ պատվաստումից հետո աուտիզմ է զարգացել: Իսկ ի՞նչ է այդ մասին ասում պաշտոնական գիտությունը: Ադյո՞ք ծնողներն իրոք մտահոգվելու տեղիք ունեն:

PanARMENIAN.Net ը մանրամասնում է՝ որն է այս վարկածի սկզբնաղբյուրը, ինչ է իրականում աուտիզմը, ինչու և երբ է այն զարգանում, և քանի երեխա Հայաստանում ամեն տարի չի պատվաստվում:

ԱՄՆ իշխանություններն 2016-ին պարտավորեցրել են հոմեոպատիկ «դեղամիջոցներ» արտադրողներին իրենց արտադրանքի վրա մակնշում կատարել՝ ընդգծելով, որ այդ «դեղամիջոցները» գիտական չեն, կլինիկական փորձարկումներ չեն անցնում, դրանց արդյունավետությունը հաստատված չէ, իսկ դրանք արտադրողներն առաջնորդվում են 18-րդ դարի տեսություններով։

Նախաձեռնությունն, իհարկե, կարող է դրական ազդեցություն ունենալ մարդկային առողջության հաշվին «արագ փողեր» աշխատողների դեմ պայքարում, սակայն իրականությունը մի փոքր ավելի տրիվիալ է․ իրենք, հոմեոպատների հիվանդները, ավելի շատ հակված են հավատալ սեփական «հեքիմների» ստեղծած «հրաշք թուրմերի» բուժիչ ազդեցությանը, քան ավանդական բժշկության հորդորներին։ Ի՞նչ է հոմեոպատիան և ինչո՞ւ է այն հակագիտական․ PanARMENIAN.Net պատասխանել է մի շարք կարևոր հարցերի։

2016-ին Հայաստանի կառավարությունը հանդես եկավ նախաձեռնությամբ, որով արգելվեց հակաբակտերիալ դեղամիջոցների ազատ վաճառքը: Հակաբիոտիկները կվաճառվեն միայն բժշկի դեղատոմսով: Սակայն, հանրության համար, որը սովոր է հակաբիոտիկներ ընդունել նույնիսկ մրսածության աննշան ախտանիշների դեպքում, այդպիսի որոշումը կարող է տարօրինակ թվալ:

Իրականում, հաշվի առնելով ինչպես հակաբակտերիալ դեղամիջոցների առանձնահատկությունները, այնպես էլ այն հիվանդությունների, որոնց դեմ դրանք պայքարում են, նման սահմանափակումը կարելի է միակ ճիշտ որոշումը համարել: Ինչո՞ւ է հակաբիոտիկների ազատ վաճառքն արգելելու անհրաժեշտություն առաջացել: PanARMENIAN.Net ը ներկայացրել է հակաբիոտիկների օգտագործման պարզ կանոնները:

ԽՍՀՄ փլուզումից և ՀՀ անկախացումից հետո հայկական ավիացիան զգալի հետընթաց ապրեց: Ոլորտի անկումը բերեց նրան, որ ավիացիայում ծառայող արհեստավարժ օդաչուներն ու տեխնիկական կազմը հիմնականում ցիրուցան եղավ, շատերը, աշխատանքից զրկվելով, մեկնեցին այլ երկրներում աշխատանք փնտրելու: «Զվարթնոց» օդանավակայանին կից արդեն 43 տարի գործում է «Ավիաուսումնական կենտրոնը», որտեղ օդաչուներ, օդային երթևեկության կարգավարներ՝ դիսպեչերներ, ու տեխնիկներ են պատրաստում:

PanARMENIAN.Net ը զրուցել է կենտրոնի տնօրեն Ֆրիդա Մուրադյանի հետ՝ փորձելով հասկանալ՝ քանի ուսանող ունի այժմ կենտրոնը, ովքեր են այնտեղ սովորում և աշխատանքային ինչ հնարավորություններ ունեն շրջանավարտները:

Ժամանակակից աշխարհում բնակչության աճի հետ մեկտեղ ուրբանիզացիան անխուսափելի և բնական երևույթ է: Կյանքի ռիթմն արագանում է, քաղաքները՝ մեծանում, իսկ հին շինությունները երբեմն կորցնում են իրենց արդիականությունն ու դառնում անպիտան: Սակայն մասնագետները պնդում են՝ հին շենքերը մեծ հնարավորություններ են ընձեռում քաղաքի կրեատիվի զարգացման համար:

PanARMENIAN.Net ը հավաքել է մի քանի օրինակ՝ ինչպես են աշխարհի տարբեր խոշոր քաղաքներում նոր շունչ հաղորդում հնին:

Հունիսի 9-ին Երևանի Շիրակի փողոցում վրաերթի է ենթարկվել 47-ամյա կին` Նաիրա Դ.-ն, դավանանքը` Եհովայի վկա: Ավելի ուշ նա մահացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Սկզբնական շրջանարվող վարկածի համաձայն` մահվան պատճառը արյան փոխներարկումն է եղել, ավելի կոնկրետ` արյան փոխներարկումից հրաժարվելը. դա դեմ է աղանդի հետևորդների կրոնական համոզմունքներին:

PanARMENIAN.Net ը պարզել է դեպքի պատճառները, նախադեպերը, օրինական կարգավորումները, վկաների սկզբունքների հիմնավորվածությունն ու ներկայացնել սղանդի հետնորդների հոգեբանական բնութագիրը:

Սահմանային լարվածությանը զուգահեռ, որպես կանոն ինտենսիվանում է նաև ադրբեջանական հատուկ ծառայությունների ու կամավորական հաքերային խմբերի մեդիապատերազմը հայկական լսարանի դեմ: Նպատակը լսարանի ապակողմորոշումն ու պանիկայի սերմանումն է:

Ապրիլյան պատերազմի առաջին օրերին PanARMENIAN.Net - ը ներկայացրեց հակիրճ ուղեցույց՝ բացատրելու, թե ինչպես խուսափել մեդիածուղակներից սահմանային լարվածության աճի օրերին:

2016-ի ապրիլի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում թեժ մարտեր բռնկվեցին, որոնք աննախադեպ էին 1994 թ. հրադադարից ի վեր: Ադրբեջանական բանակը լայնածավալ հարձակման փորձ ձեռնարկեց` գրեթե ամբողջությամբ կիրառելով իր ռազմական արսենալը: Բախումների ժամանակ ադրբեջանական կողմը կիրառեց նաև մարտական անօդաչու սարքեր, որոնց մի մասը ոչնչացվել է ԼՂՀ զինված ուժերի կողմից: Եղան նաև զոհեր` իսրայելյան արտադրության կամիկաձե անօդաչու IAI Harop սարքը հարված հասցրեց կամավորներին տեղափոխող ավտոբուսին, որի արդյունքում 7 մարդ զոհվեց:

PanARMENIAN.Net ը մարտական գործողությունների վերաբերյալ հաղորդագրությունների, ինչպես նաև բաց աղբյուրներից տեղեկությունների հիման վրա ներկայացրել է անօդաչու սարքերը, որոնք առկա են Հայաստանի, ԼՂՀ և Ադրբեջանի զինանոցում:

Ապրիլի 1-5-ը Արցախում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում գերազանց գործեցին բոլոր զորամիավորումները, այդ թվում՝ հայ հրետանավորները, տանկիստները և հակատանկային զորքերը։ Ընդհանրապես, քառօրյա մարտերը ռազմական գործիչների ու մասնագետների գնահատմամբ աչքի ընկան զինտեխնիկայի կիրառման մեծ ինտենսիվությամբ ու նոր զինատեսակների կիրառմամբ։ Այդ պայմաններում ադրբեջանական կողմի խիտ և հագեցված կրակին պատասխանելու համար ինքնաբերաբար առաջին պլան մղվեց հենց ծանր զինատեսակների կիրառումը։

PAN-ն ամփոփել և համառոտ ներկայացրել է քառօրյա մարտերի ընթացքում հայկական հրետանային զորքերի գրագետ գործողություններն ու մարտավարությունը, որոնք էական նշանակություն ունեցան հայկական կողմի հաջողությունների համար։

Բոլորին մեկ է` ով է աղոթելու Շուշիում. Ինչու չի ավարտվում հայ-ադրբեջանական հակամարտությունը

Քառօրյա պատերազմից մի քանի օր անց, երբ Արցախյան բախումների թնդանոթներն արդեն սառել էին, իսկ ռազմական հանրությունը վերլուծում էր աննախադեպ առճակատումը, հասարակությունն աստիճանաբար կենտրոնացավ այդ օրերին ամենազայրացնողի՝ դաշնակիցների ու միջազգային հանրության պահվածքի վրա:

PAN-ն առաջարկեց կողմ դնել էյֆորիան, զայրույթն ու այլ զգացմունքները և օգնեց մաքսիմալ սթափ հասկանալ՝ ինչ կատարվեց արցախյան բախումների օրերին և ինչու:

Նա չունի Արայիկ Խանդոյանի կամ Պավլիկ Մանուկյանի՝ պատերազմի հերոսի կերպարը, Վարուժան Ավետիսյանի պես լավ քաղաքական հռետոր չէ, ոչ էլ՝ «Ծռերի» որոշ անդամների պես երիտասարդ գեղեցիկ տղա: Նա սովորական մարդ է, ով ստվերում մնաց ՊՊԾ գնդի շուրջ ճգնաժամի գրեթե ամբողջ ժամանակահատվածում: Բայց «Սասնա ծռերի» հենց այս անդամի պատմությունը, թերևս, ամենակարևորն է Հայաստանը նման հզոր ճգնաժամի հասցնելու պատճառները նկարագրելու գործում:

PAN-ը պատմեց Վարդան Գերավետյանի՝ Տերյան 23 փողոցում՝ Հյուսիսային պողոտայի հարևանությամբ «SOS» գրությամբ պաստառներով պատված հայտնի շենքի բնակչի մասին:

Կանանց մեծարելուց և միամսյակի կապակցությամբ գեղեցիկ ծաղկեփունջ նվիրելուց բացի պետք չէ մոռանալ, որ Մարտի 8-ը կոչված է պաշտպանելու բոլոր կանանց իրավունքներն ամբողջ աշխարհում: Կանայք ևս հասարակության լիիրավ անդամ են և ունեն հավասար իրավունքներ, ինչպես և ցանկացած տղամարդ:

Կանանց տոնին ընդառաջ PAN-ը պատմել է հայաստանցի կանանց մասին՝ զավեշտալի, մտահոգիչ, ուրախացնող ու պարզապես հետաքրքիր թվերով:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---