Հոգևոր սնունդ

Հոգևոր սնունդ

PAN-ի 2016-ի ամենակարևոր մշակույթային հոդվածները

Սարոյանի ու Հեմինգուեյի հակամարտությունից մինչև հայկական վերածնունդ, Թեղենյաց վանքից մինչև Քարաշամբի դամբարանադաշտ ու անգամ՝ Իրանի հայկական հուշարձաններ: Ներկայացնում ենք 2016 թվականի ընթացքում PAN-ի հրապարակած ամենակարևոր մշակույթային հոդվածները:

PanARMENIAN.Net - 1934-ին լույս տեսավ Վիլյամ Սարոյանի առաջին գիրքը, որը հարուցեց Էռնեստ Հեմինգուեյի վրդովմունքը` նրան վիրավորել էին Սարոյանի արտահայտություններն իր հասցեին «70 հազար ասորիներ» պատմվածքում: 1935թ. Esquire-ի հունվարյան համարում Հեմինգուեյը կոպիտ հոդված հրապարակեց Սարոյանի մասին: Սակայն Հեմինգուեյի քննադատությունը, որն այն ժամանակ արդեն հայտնի գրող էր, պահաջված ու հեղինակավոր, չխոչընդոտեց Սարոյանի մուտքը գրական ասպարեզ: PAN-ը պատմել է՝ երբ և ինչպես են ծանոթացել 20-րդ դարի արձակի այս երկու հսկան, նրանց հակասությունների, անվերջ վեճերի, ինչպես նաև՝ նմանությունների մասին:

Հայկական գորգագործական մշակույթը հազարամյակների պատմություն ունի։ Հնագիտական տվյալների ու գրավոր աղբյուրների, ինչպես նաև մշակութաբանական հետազոտությունների հիման վրա հայտնի է, որ այն դարեր շարունակ լայնորեն հայտնի է եղել նաև հարևան ու հեռավոր երկրներում։ Գորգը դարեր շարունակ բարձր է գնահատվել տաբեր երկրներում, այդ թվում՝ միջնադարյան Եվրոպայում, որտեղ այն նաև պատկերվել է բազմաթիվ նկարիչների հարյուրավոր գործերում։ PAN-ը 2 հոդվածով անրադարձել է առավել ուշագրավ ստեղծագործություններին։

Սյուրռեալիզմի մեծագույն վարպետները երբեք առիթը բաց չէին թողնում սեփական անգիտակցականը` որպես իրենց ստեղծագործությունների աղբյուր մատնանշելու համար: Իրական, գիտակցված փորձը` ոգեշնչված որևիցե աղբյուրից, միշտ պարունակում է ուրիշի ստեղծագործությունները պատճենելու վտանգ, ու միայն ենթագիտակցական ընկալումն է ի զորու աշխատանքը բացառիկ դարձնել: Գույներ, երանգներ, գծեր, որոնց ձգողական ուժը զգացվում է անգամ բնազդների մակարդակով. նկարիչ Արաքս Սարգսյանը հրաշալի տիրապետում է մարդկային ենթագիտակցական ապրումների ամբողջ սպեկտրը վեր հանելու արվեստին: Մանուկ տարիքում ընթերցված հեքիաթների, դրանք ենթագիտակցության խիտ ֆիլտրով անցկացնելու ու սեփականը ստանալու մասին Արաքս Սարգսյանը պատմել է PAN-ի հետ հարցազրույցում:

Գաղտնիք չէ, որ հայուհիները մշտապես հայ նկարիչների ներշնչանքի աղբյուր են հանդիսացել, սակայն քչերին է հայտնի, որ հայ կնոջ գեղեցկությունը պատկերել են նաև եվրոպացի ու ամերիկացի մի շարք արվեստագետներ։ Ուշագրավ է, որ հայկական թեման պատկերող գործերի գերակշիռ մասը ստեղծվել է օրիենտալիզմի ժանրում։ PAN-ն ամբողջացրել ու ներկայացրել է այդ ստեղծագործությունները մեկ հոդվածում։

Հայուհիները ներշնչանքի աղբյուր են ոչ միայն նկարիչների, այլև՝ գրողների համար: PAN-ը դիտարկել է հայուհիների մասին հիշատակումները ռուս գրականության մեջ, որտեղ հայուհիների կերպարները երբեմն աննկատ են հայտնվում: Լև Տոլստոյի հանրահայտ «Պատերազմ և խաղաղություն» վեպի հերոս Պիեռ Բեզուխովը, օրինակ, դրվագներից մեկում փրկում է կողոպուտից «երիտասարդ գեղեցկուհի հայուհուն», որը նրան արևելյան գեղեցկության մարմնացում է թվում: Իսկ թե ինչպես են հայուհիներին գովերգել Չեխովը, Եսենինն ու Անդրեյ Բիտովը, կարող եք կարդալ հոդվածում:

Վերածննդի դարաշրջանը Հայաստանում եվրոպական Ռենեսանսից շատ ավելի վաղ է սկսվել: Վերածննդին հատուկ մարդասիրական գաղափարները Հայաստանում նորովի չեն «բացահայտվել», ինչպես Եվրոպայում, այլ բյուրեղացվել են քրիստոնեական սկզբունքներին համահունչ: Հայկական իրականության մեջ դա նախաքրիստոնեական գաղափարների սահուն շարունակությունն էր, որոնք, էվոլյուցիայի ենթարկվելով ըստ նոր ուսմունքի, սկիզբ են տալիս նոր արվեստին ու աշխարհընկալմանը: Հայկական վերածնունդի յուրահատկության մասին PAN-ը զրուցել է արվեստաբան Անուշ Հակոբյանի հետ:

Թեղենյաց վանքը գտնվում է Թեղենիս լեռան լանջին` թեղիներով շրջապատված բացատում։ Այն միջնադարյան հայկական ճարտարապետության խոշոր համալիրներից մեկն է, և գտնվում է Երևանից ընդամենը 40 կմ հեռավորության վրա՝ Կոտայքի մարզի Բուժական գյուղից 3 կմ հյուսիս-արևելք (պատմական Նիգ գավառ): PAN-ը վանական համալիրի և դրա անկրկնելի զարդաքանդակների մասին զրուցել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն Գագիկ Սարգսյանի հետ:

Քարաշամբի դամբարանադաշտում պեղումները սկսվել են 1987 թվականին, և դրանց արդյունքում բացվել է արդեն իսկ 700-800 դամբարան, որոնցում հայտնաբերվել են թանկարժեք մետաղից ու բրոնզից զարդեր, զենքեր, իշխանության խորհրդանիշեր, սպասք, խեցեղեն առարկաներ։ Այստեղ կատարված պեղումները հնարավորություն են տալիս ոչ միայն պատկերացում կազմել այդ ժամանակաշրջանում թաղման ծեսի, այլև ընդհանրապես՝ մի ամբողջ քաղաքակրթության ապրելակերպի մասին: Հնավայրի ու գտածոների մասին PAN-ը զրուցել է ինստիտուտի վաղ հնագիտության բաժնի գիտաշխատող, պեղումների պատասխանատու Վարդուհի Մելիքյանի հետ:

Հայաստանն ու Իրանը փոխադարձաբար հրաժարվել են մուտքի արտոնագրային ռեժիմից: Հայաստանը վաղուց արդեն սիրված ուղղություն է դարձել իրանցի զբոսաշրջիկների համար, սակայն, հայերը շատ ավելի հազվադեպ են Իրան այցելում: Վիզաների չեղարկմանն առթիվ PAN-ը 2 հոդվածով անդրադարձել է Իրանի տարածքում եղած հայկական հուշարձաններին, որոնք մեծ պատմական ու մշակութային արժեք ունեն:

Երևանից դեպի հարավ-արևելք 122 կմ հեռավորության վրա Արփայի վտակի նեղ ոլորապտույտ կիրճի վերևում կանգնած է հայտնի Նորավանք վանական համալիրը (XIII—XIV դդ.): Նորավանքի ճարտարապետն էր վարպետ Մոմիկը, որը նաև Գլաձորի մանրանկարչության դպրոցի նշանավոր ներկայացուցիչ էր, քանդակագործ, գեղանկարիչ, ծաղկող, գրիչ:Նորավանքից բացի, Մոմիկը հայտնի է նաև որպես Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցու ճարտարապետ: Նրան են վերագրում նաև աշխատանքը Տաթևի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա: PAN-ը պատմել է միջնադարի հայտնի հայ վարպետի մասին, սակայն որպես մանրանկարչի, ոչ թե՝ ճարտարապետի:

Առօրյա խոսքում, Ֆեյսբուքում կամ հանրային դեմքերի ելույթներում երբեմն լսում ու կարդում ենք նորահնար բառեր, որոնք իհարկե հայերեն են, սակայն բառարաններում (դեռևս) չկան, սովորական նորաբանություններ էլ չեն, հասկանալի են ոչ բոլորին և մեկնաբանվում են շատ կոնկրետ համատեքստում միայն․ դրանք այսպես կոչված այլերեն բառերն են։ Բանաստեղծ, գրական գործիչ Կարեն Անտաշյանը տարբեր աղբյուրներից հավաքում է նման բառերը և ակադեմիական մեկնաբանություններով հանդերձ ներկայացնում իր «այլերեն» նախագծում։ Նախագծի և այլերեն բառերի ստեղծման ու դրանց հասարակական ազդեցության մասին PAN-ը զրուցել է նախագծի հեղինակ Կարեն Անտաշյանի հետ։

 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---