Բիգ Շոնից մինչև Մերիլին Մենսոն

Բիգ Շոնից մինչև Մերիլին Մենսոն

Ինչ է սպասվում երաժշտասերներին փետրվարին

Փետրվարը համեմատաբար պասիվ ամիս է երաժիշտների և երաժշտասերների կյանքում: Ձմռան վերջում համաշխարհային ճանաչում ունեցող երգիչ-երգչուհիներն ու խմբերը, կարծես, չեն շտապում թողարկել նոր ձայնասկավառակներ:

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ն առանձնացրել է ձմռան վերջին ամսվա առավել նշանակալի ալբոմների ռելիզները՝ ներկայացնելով դրանց ստեղծման մասին հետաքրքիր մանրամասներ:

Big Sean - I Decided

Փետրվարի 3, 2017թ.

Ամերիկացի ռեփեր Բիգ Շոնը (Big Sean) փետրվարի 3-ին հանրության դատին կհանձնի իր՝ թվով 4-րդ ստուդիական ալբոմը՝ I Decided-ը, որի ձայնագրման աշխատանքները ստանձնել են GOOD Music և Def Jam Recordings ընկերությունները: Ալբոմում տեղ գտած հիփ-հոփ ժանրի 14 կատարումները կենտրոնացված են վերածննդի գաղափարի վրա: Դա արտահայտված է նաև ձայնասկավառակի շապիկի վրա, որտեղ ռեփերը պատկերված է 2 նկարով՝ աջից հին Բիգ Շոնն է, ձախից՝ վերածնվածը: Ալբոմի ձայնագրման աշխատանքները տևել էն 2 տարի՝ 2015-ից մինչև բոլորովին վերջերս: Հոկտեմբերի 31-ին ռեփերը ներկայացրել է ալբոմի գլխավոր սինգլը՝ Bounce Back-ը, իսկ դեկտեմբերի 16-ին՝ Moves երգը: Հունվարի 20-ին նոր ձայնասկավառակի առաջխաղացման նպատակով ներկայացվել է նաև Halfway Off the Balcony սինգլը: Ալբոմի տևողությունը 50 րոպե է:

Wyclef Jean - J'ouvert

Փետրվարի 3, 2017թ.

Նույն օրը՝ փետրվարի 3-ին, լույս կտեսնի նաև ամերիկացի մեկ այլ ռեփերի՝ Վայքլեֆ Ժանի (Wyclef Jean), նոր ձայնասկավառակը, որը, սակայն, մինի ալբոմի (extended play) ֆորմատով է լինելու: J'ouvert ալբոմը ծառայելու է հանրությանը ռեփերի նոր ալբոմի թողարկմանը նախապատրաստելու համար: Վայքլեֆը պլանավորում էր թողարկել մինի ալբոմն ավելի շուտ՝ 2017-ի սկզբին, իսկ ամռանը երկրպագուների դատին հանձնել The Carnival Vol. III-ը: Նոր ձայնասկավառակում տեղ գտած երգերից առաջինը ձայնագրվել է դեռևս 2014թ.-ին, մնացածը՝ 2016 և 2017թթ.-ին: Ալբոմի գլխավոր սինգլը Hendrix-ն է, որը թողարկվել է հունիսի կեսերին, այնուհետև լույս են տեսել If I Was President 2016 և I Swear սիգլները, որոնց հետ ռեփերը հանդես է գալիս Young Thug-ի հետ: Ալբոմի ստանդարտ տարբերակը ներառում է 10 կատարում, իսկ դելյուքը՝ 20:

Մայքլ Բոլթոն - Songs of Cinema

Փետրվարի 10, 2017թ.

«Գրեմմիի» մրցանակակիր, ամերիկացի երգիչ և երգահան Մայքլ Բոլթոնը (Michael Bolton) փետրվարի 10-ին կուրախացնի «սպիտակ սոուլի» բոլոր սիրահարներին՝ նրանց դատին հանձնելով իր 27-րդ ձայնասկավառակը, որում տեղ են գտել տարբեր հայտնի ֆիլմերից դասական դարձած երգեր: Songs of Cinema-ում ներառվել են I’ve Got a Woman-ը «Ռեյ» ֆիլմից, As Time Goes By-ը «Կասաբլանկայից» և այլ հայտնի ու սիրված կատարումներ: 63-ամյա երգչի խոսքերով՝ նա միշտ եղել է ֆիլմերի մեծ սիրահար: Նոր ալբոմում տեղ է գտել 10 կատարում:

Մերիլին Մենսոն - Say10

Փետրվարի 14, 2017թ.

Փետրվարի 14-ին, երբ աշխարհի բոլոր կաթոլիկները (և ոչ միայն) նշելու են Սուրբ Վալենտինի կամ Բոլոր սիրահարների օրը, ամերիկյան սկանդալային երգիչ Մերիլին Մենսոնի (Marilyn Manson) կողմից հիմնադրված նույնանուն ռոք խումբը կներկայացնի իր 10-րդ ստուդիական ալբոմը: Իր սադրիչ իմիջով հայտնի Մենսոնն 2015թ.-ի նոյեմբերին հայտարարել է, որ սկսում է նոր ալբոմի ձայնագրման աշխատանքները: Իսկ 2016-ի հուլիսին արդեն հայտնի է դարձել ալբոմի անվանումն ու թողարկման ամսաթիվը: Say10-ը, երգչի խոսքերով, հիշեցնում է Antichrist Superstar and Mechanical Animals ալբոմները, բայց նոր մոտեցմամբ: Նոյեմբերի 8-ին՝ ԱՄՆ նախագահի ընտրությունների օրը, Մենսոնը թողարկում է նոր տեսահոլովակի թիզերը, որտեղ կա մի տեսարան, երբ երգիչը ներկայացնում է Աստվածաշնչից մի հատված, որին հետևում են կրակոցներ, և երևում է, թե ինչպես է Մենսոնը՝ արյունոտ դանակը ձեռքին, կանգնած գլխատված մարդու կողքին. վերջինս իր հագուկապով հիշեցնում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին: Թիզերի հեղինակն է ռեժիսոր Թայլեր Շիլդսը:

Ռայան Ադամս - Prisoner

Փետրվարի 17, 2017թ.

Ամերիկացի ալտ-կանտրի և ռոք երգիչ ու երգահան Ռայան Ադամսը (Ryan Adams) փետրվարի 17-ին կթողարկի իր 16-րդ ստուդիական ալբոմը՝ Prisoner-ը: Այս ձայնասկավառակում, ի տարբերություն երգչի նախորդ ալբոմի՝ 2015թ.-ին լույս տեսած 1989, տեղ են գտել օրիգինալ կատարումներ, որ թե այլոց երգերի քավեր տարբերակներ: Սկանդալային երգիչն իր նոր ձայնասկավառակի գովազդային արշավը սկսել է 2016-ի դեկտեմբերի 7-ին՝ թողարկելով Do You Still Love Me? սինգլը, այնուհետև՝ դեկտեմբերի վերջում լույս է տեսել To Be Without You-ն, իսկ բոլորովին վերջերս՝ հունվարի 19-ին, Doomsday-ը: Ալբոմը ձայնագրվել է 2016թ.-ին: Դրանում տեղ է գտել 12 կատարում ալտերնատիվ կանտրի և ռոք ժանրերում:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---