Ինչ են կարդում և խորհուրդ տալիս PANեցիները

Ինչ են կարդում և խորհուրդ տալիս PANեցիները

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ PanARMENIAN.Net-ն առանձնացրել է այն ստեղծագործությունները, որոնք որոշակի ազդեցություն են գործել հենց մեր աշխարհընկալման վրա, թողել են անմոռանալի տպավորություններ կամ ուղղակի պարգևել են հաճելի պահեր: Հույս ունենք, որ կհարստացնենք ձեր ընթերցացանկը և, ինչու ոչ, կօգնենք մի փոքր ավելի մոտ ճանաչել մեզ:

PanARMENIAN.Net - Նիկոլայ Թորոսյան, գլխավոր խմբագիր

Կուրտ Վոնեգուտ, «Չեմպիոնների նախաճաշը, կամ Ցտեսություն, սև երկուշաբթի»

«Վերադարձրու՛ ջահելությունս, վերադարձրու՛ ջահելությունս», բղավում է գլխավոր հերոսն՝ իր ստեղծողին հանդիպելով: Իր ալթեր-էգոյի՝ հորինված գրող Քիլգոր Թրաութի անունից գրված գիրքն, ըստ Վոնեգուտի, նվեր էր ինքն իրեն՝ սեփական 50-ամյակին: Գիրքը նկարագրում է ողջ կյանքն անճանաչության մեջ անցկացրած գրողի ճանապարհորդությունը վերջապես իրեն գտած գրական մրցանակը ստանալու նպատակով, մեջբերում է գրողի ֆանտաստիկ ու փոքր-ինչ հակաուտոպիկ պատմվածքներից հատվածներ ու պատկերազարդած է Վոնեգուտի պարզ, սակայն դիպուկ նկարներով, ստիպում է մտորել կարևորի ու երկրորդականի մասին: Ո՞րն էր գրքի գլխավոր ուղերձն ինձ համար. «Ժամանակից շուտ մի ծերացեք, փոշմանելու եք»:

Արման Գասպարյան, լրագրող

Այզեկ Ազիմով, «Հիմնավորման եռագրությունը»

Արդեն անվանումից կարելի է կարծել, թե գործ ունենք մեծ ֆանտաստի ոչ թե մեկ, այլ միանգամից երեք վեպերի հետ, սակայն իրականում այդպես չէ. ուղղակի նյութի ահռելի ծավալների պատճառով Ազիմովը որոշել է կիսել իր պատմությունը երեք մասի՝ ստեղծելով բոլոր ժամանակների ամենահնարամիտ ու հարուստ գիտաֆանտաստիկ ստեղծագործություններից մեկը, որը բազում ճյուղերով ոչ միայն կապվում է հեղինակի այլ գործերի (օրինակ, «Ես, ռոբոտս» շարքի) հետ, այլև հետագայում ստացավ երկու շարունակություն ու երկու պրիքվել՝ ընդհանուր առմամբ վերածվելով 7 հատորից բաղկացած էպիկական ստեղծագործության: Գալակտիկական կայսրության անկումից հետո մարդկությունն ունի երկու ճանապարհ. կամ տասնյակ հազարավոր տարիներ կրկին հայտնվել միջնադարյան խավարում, կամ էլ հանճարեղ գիտնական Հարի Սելդոնի մշակած հատուկ ֆորմուլայի միջոցով արագ վերականգնել երկրորդ կայսրությունը՝ բնականաբար, ոչ առանց ահռելի կորուստների:

Սամսոն Հովհաննիսյան, լրագրող

Ժան-Կլոդ Կարիեր և Ումբերտո Էկո, «Հույս չունենաք, թե կազատվեք գրքերից»

Եվրոպական մշակույթի ժամանակակից երկու խոշոր ինտելեկտուալներ՝ Ժան-Կլոդ Կարիերը և Ումբերտո Էկոն, զրուցում են մարդկային քաղաքակրթության ֆենոմեններից մեկի՝ գրքի պատմության, ներկայի ու ապագայի մասին։ Հանրագիտարանային արժեք ունեցող այս անչափ բովանդակալից գրքում խորագիտակ հեղինակներն անդրադառնում են գրքի ու գրավոր մշակույթի պատմության ուշագրավ էջերին՝ հնագույն սեպագրերից մինչև ժամանակակից էլեկտրոնային գրքեր, և նորովի մեկնաբանում գիրք կոչվող երևույթը։ Գիրքը մարդու մտքի շարունակությունն է․ գրքերի աշխարհը մարդկանց աշխարհն է, և հակառակը, գրքի պատմությունն ի վերջո մարդկության պատմությունն է, ներկան ու ապագան էլ սերտորեն փոխկապակցված են մարդկության ներկային ու ապագային՝ սա է հեղինակների զրույցների առանցքը։ Համոզիչ փաստարկներով Կարիերն ու Էկոն ցույց են տալիս, որ ժամանակակից տեխնոլոգիաների դարաշրջանում ավանդական գիրքը շարունակում է կենսունակ մնալ տեղեկատվության այլ կրիչների ու ընթերցման թվային միջոցների կողքին, և ավելին, որպես կրիչ՝ ավանդական գիրքն անփոխարինելի է բոլոր առումներով։

Յուլիաննա Լալաբեկովա, լրագրող

Մարգարեթ Էթվուդ, «Աղախնի պատմությունը»

Բուկերովյան մրցանակի դափնեկիր կանադացի գրող Մարգարեթ Էթվուդը, ով նաև շատ հայտնի ֆեմինիստ է, գրել է մի հրաշալի վեպ՝ «Աղախնի պատմությունը» (The Handmaid's Tale): Հակաուտոպիական ժանրում գրված այս ստեղծագործությունը առաջին հայացքից գուցե և բարդ է ընկալման համար, սակայն բարձրացնում է շատ կարևոր խնդիր, որն արդիական է նաև Հայաստանում՝ կանանց իրավունքների հարցը. թեև օրենքի առջև մեր երկրում կինն ու տղամարդը հավասար են, սակայն շատ հաճախ կանայք հասարակության խտրականության զոհ են դառնում: Պատկերացրե՛ք, եթե մի օր կանանց արգելեն գրեթե ամեն ինչ՝ ունենալ սեփականություն, աշխատել, սիրել, կարդալ, գրել, սովորել, մասնակցել խնջույքների, երկրորդ անգամ ամուսնանալ, նույնիսկ խոսել, և թողնեն միայն մեկ իրավունք ու պարտականություն, իսկ չկատարելու դեպքում դեն նետեն, ասես անպետք մի իր… Մի խոսքով՝ արժե կարդալ: Ինչպես ասվում է վեպում. «Կարդացե՛ք, քանի դեռ ընթերցելը թույլատրված է»:

Հասմիկ Վանցյան, լրագրող

Վիլյամ Սարոյան, «Մարդկային կատակերգություն»

«Սերն անմահ է և անմահացնում է այն ամենն, ինչ մեզ շրջապատում է: Իսկ ատելությունը մեռնոմ է ամեն վայրկյան»: Բազում հիասքանչ գրքերից, որոնք արժանի են ուշադրության, կա մեկը, որին ցանկանում ես վերադառնալ կրկին ու կրկին` Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգությունը»:

Այդ պատմությունն ընթերցելով ես միայն հասկանում, թե ինչու է Սարոյանն այն նվիրել մորը և այդքան նեղսրտում էր, որ չգտնվեց մի լավ թարգմանիչ, որը կթարգմաներ այն հայերեն: Որպեսզի Թագուհի Սարոյանը կարողանար ընթերցել գիրքն իր մայրենի լեզվով, այն տառերով, որոնք հասկանալի են ու վերադարձնում են հայրենիք: Այդ գիրքը տալիս է կյանքի ամբողջական պատկերը, չէ որ գրքի հերոսները մեզ պես մարդիկ են` նրանք կասկածում են, վախենում, սիրում, կարոտում, սխալներ գործում, բայց հետո նորից ոտքի են կանգնում ու շարունակում ճանապարհը: Սարոյանն իրեն հատուկ համոզվածությամբ հանգեցնում է այն եզրակացության, որ ոչինչ չունի ավարտ` ոչ սերը, ոչ բարությունը, ոչ «մարդկային կատակերգությունը», որի դերակատարներն ենք մենք բոլորս:

Քրիստինե Քյուրքլյան, լրագրող

Միլան Կունդերա, «Ծիծաղելի սերեր»

Միլան Կունդերայի այս ժողովածուն ներառում է 7 պատմվածք, որոնք նա գրել է դեռևս մինչև Ֆրանսիա տեղափոխվելը՝ 1960-ականներին Չեխիայում: Սրանք համարվում են Կունդերայի առավել հասուն արձակի մեկնարկային կետը: Կունդերայի պատկերացմամբ ներկայացված ծիծաղելի կամ զվարճալի սերն իրականում տարօրինակ է ու տխուր: Պատմվածքները կարելի է կարդալ պարզապես թեթև ժամանաց անցկացնելու համար, կամ՝ խորանալով դրանց աշխարհը՝ փորձելով մեկնաբանել հերոսների իռացիոնալ պահվածքն ու բացահայտելով վարքի ոչ այնքան ակնհայտ, ենթագիտակցական պատճառները:

Լուսինե Դալլաքյան, լրագրող

Մարիամ Պետրոսյան, «Տունը, որտեղ ...»

«... Դուք ինձ մեկ բան ասեք: Այն, ինչ ես տեսել եմ... դա եղե՞լ է իրականում»: Իր առաջին գրքում մուլտիպլիկատոր Մարիամ Պետրոսյանը կարողացել է ստեղծել անհայտ տեղում գտնվող, մեկուսացված մի Տան ֆանտաստիկ, բազմաշերտ աշխարհ՝ դեռահասների վառ ու լիարժեք կերպարներով: Նկարիչը կարողացել է իրատեսորեն նկարագրել մի աշխարհ, որում չկա ժամանակ կամ ժամանակը մեկ անձի ձեռքերում է, որտեղ պատերը «չեն տխրում» առանց առեղծվածային գրառումների ու նկարների, որտեղ մի խմբում հավաքվում են բոլոր հնազանդ ձանձրալիները, իսկ մեկ այլ խմբում` բոլոր անկառավարելի խելագառները: Որտեղ կա միայն «Տուն», «Արտաքին աշխարհ» և «Անտառ», որի ուղղությամբ կարելի է ժանապարհ ընկնել՝ ընդհամենը սենյակից դուրս գալով:

Գիրքը ոչ միայն ներգրավում է ընթերցողին սյուժեի մեջ հյուսված մի շարք հանելուկներից փազլներ հավաքելու գործի մեջ, այլև պալինդրոմի սկզբունքով պատմվածքի վերջում տանում է դեպի դրա սկիզբը՝ թույլ տալով ամեն ինչ ընկալել ու գիտակցել այլ՝ նոր տեսանկյունից: «Ժպիտը, տղա, ժպիտը՝ լավագույնը, ինչ կա մարդու մեջ: Դու այդքան էլ մարդ չես, մինչև ժպտալ չիմանաս...»

Դիանա Ջանինյան, անգլերեն բաժնի խմբագիր

Ջորջ Օրուել, «1984»

«Մեծ Եղբայրը հետևում է քեզ»:

Վեպ-հակաուտոպիա գիտակցության ու կամքի վրա համընդհանուր հսկողության ռեժիմին դիմադրելու մասին: Պատերազմը խաղաղություն է, ազատությունը՝ ստրկություն, տգիտությունը՝ ուժ. ահա սրանք են այն կարգախոսները, որոնցով պարտավոր են առաջնորդվել Օկեանիայի բնակիչները, մի երևակայական պետության, որտեք տիրում է անձի պաշտամունքը, իսկ մտահանցագործության համար մահապատիժ է սահմանված: Այստեղ չկա ճշմարտություն՝ այն կարելի է փոխել գրչի մեկ հպումով, չկա պատմություն՝ այն թելադրվում է Ներքին կուսակցության կողմից, չկան մտքեր և զգացմունքներ՝ դրանց փոխարինում է կույր հավատարմությունը Կուսակցության կանոնադրությանը: Գլխավոր հերոսը՝ Ուինսթոն Սմիթը, որոշում է մարտահրավեր նետել համակարգին: Ո՞վ կհաղթի այս պայքարում. ապստամբ ոգի՞ն, թե՞ կույր հնազանդությունը, ազատ կա՞մքը, թե՞ երկմտությունը, մա՞րդը, թե՞ համակարգը:

Սրբուհի Մարտիրոսյան, թարգմանիչ

Գաբրիել Գարսիա Մարկես, «Մի հայտարարված սպանության խրոնիկա»

Մարկեսի այս վիպակը սկսվում է ամենավերջից՝ հենց առաջին իսկ գլխում պատմելով մի հայտարարված սպանության մասին: Վիկարիո եղբայրները որոշում են սպանել Սանտիագո Նասարին, երբ պարզում են, որ իրենց քույրը հենց նրա պատճառով կույս չէ (առանց ճշտելու տեղի ունեցածի իսկությունը, որովհետև, ինչպես ասում են՝ փոքրիկ սպիտակ սուտը ոչ ոքին չի վնասի): Վիպակը ներկայացվում է որպես իրական փաստերի վերարտադրություն, որտեղ տեսնում ենք մաչիզմ, գենդերային հարցեր, հասարակության ապատիա, և, իհարկե, Մարկեսի հանճարեղ սև հումորը:

Կարո Սահակյան, լուսանկարիչ

Հոմերոս, «Իլիական» և « Ոդիսական»

Հոմերոսին վերագրվող «Իլիական» և «Ոդիսական» վիպերգերը, որոնք գրվել են մ.թ.ա. VIII դարում, ուժեղ ազդեցություն են գործում ընթերցողի վրա: Մարդու անսպառ ուժի, մեծ համբերության և կյանքի դժվարություններին դիմակայելու պատրաստակամության մասին պատմող վիպերգերը շարադրված են հարուստ լեզվով: Ընթերցելով հին հունական գրականության հնագույն հուշարձաններից մեկը հենց բնօրինակով դեռ դպրոցական տարիներին՝ ես տպավորվել եմ գրքի հարուստ և վառ կերպարներից, հունական դիցաբանության մասին պատմող հետաքրքիր դրվագներից, «Իլիականի»՝ հերոսական, իսկ «Ոդիսականի»՝ հեքիաթային, արկածային և կենցաղային տարրերից, որոնք, միախառնվելով՝ դարձնում են վիպերգերը հագեցած ու ներգրավում ընթերցողին՝ ստիպելով նրան ընկղմվել առասպելական աշխարհի մեջ, զգալ իրեն գրքի հերոսներից մեկը:

Քրիստինե Այվազյան, թարգմանիչ

Արթուրո Պերես Ռեվերտե, «Կաշի թմբուկի համար կամ Սևիլյան հաղորդություն»

Ժամանակակից իսպանացի գրող Արթուրո Պերես Ռեվերտեի վեպը բազմաշերտ է՝ այստեղ և դետեկտիվ կա, և սիրային պատմություն, և եկեղեցական գաղտնիքներ ու մեծ բիզնես: Հաքերը ներթափանցել է Վատիկանի համացանց; Հայր Քուարթի առջև պարզ և կոնկրետ խնդիր է դրված, սակայն նա ստիպված է ոչ միայն հետաքննություն վարել, այլ նաև բարդ բարոյական խնդիրների մեջ խորանալ, կանգնել բարոյական ընտրության առջև և ընդդիմանալ գայթակղությանը: Բայց այս գրքի գլխավոր հերոսը թերևս Սևիլյան է, իր նեղլիկ փողոցներով, դարերի պատմություն ունեցող շինություններով ու նարնջի բույրով: Քաղաքի մթնոլորտը հեղինակին հաջողվել է շատ նրբորեն փոխանցել՝ վարպետորեն ընկղմելով ընթերցողին նրա գաղտնիքների, առասպելների ու ժամանակակից առօրյա կյանքի մեջ:

Գայանե Իգիթյան, Մարքեթինգի և հաղորդակցության ղեկավար

Հարփեր Լի, «Ծաղրասարյակ սպանելը»

«Ծաղրասարյակ սպանելը» (To kill a Mockingbird)՝ Հարփեր Լիի գրած առաջին գիրքը, որի համար 1961 թվականին նա արժանացավ Պուլիցերյան մրցանակի, մինչև վերջերս համարվում էր գրողի միակ ստեղծագործությունը: Գիրքը համալրել է ամերիկյան կլասիկ գրականության շարքը: Այն կարելի է կարդալ ցանկացած տարիքում: Մարդկային արժեքներ, հավասարություն և անհավասարություն, սկզբունքայնություն, սեփական որոշումների համար պատասխանատվություն, երեխաների դաստիարակություն, սեր, հարգանք, ընկերություն. այս ամենին Հարփեր Լին անդրադարձել է այս պարզ, սակայն, շատ բովանդակալից` իրական կերպարներով և դեպքերով ոգեշնչված պատմությունում:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---