![]() «Գիշերը պիցցա բերեցին, պարզվեց՝ «Հաց բերողի» ընկերն էր»Ովքեր են նստացույց անում Արթուր Սարգսյանի համար Ազատության հրապարակում նստացույց է՝ «Հաց բերողին» ազատ արձակելու պահանջով: PAN-ը զրուցել է երևանյան ցուրտ գիշերները Արթուր Սարգսյանի ազատության համար փողոցում լուսացնող ցուցարարների հետ: PanARMENIAN.Net - Մարտի լույս 1-ի գիշերն Ազատության հրապարակում անցկացրեց 16 մարդ, մեծ մասը՝ ուսանողներ և աշակերտներ: 16-ամյա Նարեկ Ստեփանյանը հարցին՝ ինչու է որոշել միանալ ցուցարարներին, ասում է. «Անհնար է չգնահատել Արթուրի քայլը, անարդար է, որ նրան ձերբակալել են»: «Ծնողներս, իհարկե, դեմ են, որ այստեղ եմ, - խոստովանում է նա, - բայց այդպես որոշեցի»: Ցուցարարների թվում են «Սասնա ծռերի» անդամ, հուլիսի լույս 26-ի գիշերը վիրավորված Հովհաննես Հարությունյանի քույրերը՝Հասմիկն ու Թամարհան: «Մեր գլխավոր պահանջն Արթուրին անհապաղ ազատ արձակելն է: Նա վիրավորվել է դեռ Արցախյան ազատամարտի ընթացքում, հիվանդ է: Արթուրին ձերբակալելու իրավունք, առհասարակ, չունեին՝ պայմանները, որոնցում նա գտնվում է, իրեն հակացուցված են», - ասում է Թամարան: «Մենք գնացինք այդ քայլի, քանի որ ուրիշ ելք չունեինք»: Հասմիկ Հարությունյանը 32 տարեկան է, ամուսնացած է, 3 երեխա ունի: Նա հունվարին է վերադարձել Մոսկվայից՝ հեռու մնալ չէր կարող: «Ինձ այն մտքի վրա բռնեցրի, որ ընտանիքիս սկսել եմ քիչ ուշադրություն դարձնել, երեխաներով քիչ եմ զբաղվում, տան գործերը չէի կարողանում անել... բոլոր մտքերս այստեղ էին. շատ անարդար է: Եվ վերադարձա, որ գոնե մի բանով օգնեմ»: «Մենք շարունակելու ենք բողոքը, մինչև մեզ չլսեն, սկզբի համար՝ Արթուրին ազատ չարձակեն: Նրան հասցրել են մի վիճակի, որ ձերբակալված, վատառողջ լինելով, հացադուլ է անում: Չի կարելի հացից զրկել «Հաց բերողին», - ասում է Հասմիկը: «Ի դեպ, գիշերը մեզ մի մարդ պիցցա բերեց: Մենք հարցրիք՝ ով է, պարզվեց՝ Արթուրի ընկերն է», - հավելում է նա: Ցուցարարները պատմում են, որ անցորդները հետաքրքրվում են, ինչ են նրանք այնտեղ անում: Ոմանք անտարբեր անցնում են, ոմանք աջակցություն հայտնում, մի կին վերմակներ է բերել: «Ցուրտ է, բայց ի՞նչ անենք: Գիշերը սրճարաններից մեկի աշխատակցին խնդրեցինք օգտվել էլեկտրականությունից ու տաքացուցիչ միացնել: Ոստիկանները մոտեցան ու ասացին՝ «հենց ձեզ չի կարելի»: Բայց ոչինչ, մենք չենք գնա, մինչև Արթուրին չազատեն», - նշում է Հասմիկը: 26-ամյա Տիգրան Բարսեղյանի խոսքով՝ մարտի լույս 1-ի գիշերը հրապարակում 16 մարդ է անցկացրել. «Ամեն դեպքում, մենք ամեն օրշատանում ենք», - նշում է նա: Հարցը, թե արդյոք նստացույցն անելանելի վիճակից դրդված քայլ է, Տիգրանի մոտ վրդովմունք առաջացրեց: «Եթե անելանելի վիճակ լիներ, այստեղ չէին լինի: Մենք համոզված ենք, որ Արթուրը պիտի ազատ արձակվի: Ու դա միայն սկիզբն է: Գլոբալ առումով, ուզում ենք ռեժիմի փոփոխություն, իշխանություն է պետք, որը կլսի ժողովրդի ձայնը: Իշխանություն, որը կանի ամեն ինչ, որ մարդիկ Հայաստանից չհեռանան, այստեղ մնան... Ուզում ենք, որ Հայաստանում հնարավոր լինի աշխատել ու ստացած աշխատավարձով ընտանիք պահել» - ասում է նա: Տիգրանը շեշտում է, որ չէր կարող չգալ նստացույցի, քանի որ ՊՊԾ գնդի շուրջ ճգնաժամի օրերին «սեփական աչքերով տեսել է՝ ինչ էր կատարվում Խորենացի փողոցում»: Ցուցարարները նստած են օպերային թատրոնի շենքի պատի տակ: Ոստիկանները պահանջել են նրանցից հավաքել պահանջներով պաստառները, իսկ փետրվարի 28-ին, առանց որևէ բացատրության, գրանցել բոլորի անուն-ազգանունները: «Մենք անընդհատ ոստիկանների հսկողության տակ ենք: Նրանք պնդում են, որ դա «մեր անվտանգության համար է», - ասում է ցուցարարներից Էլեն Կարագուլյանը: 16 ցուցարարն ընդամենը 3 քնապարկ ունեն: Ակցիայի նախաձեռնողը, ասում են, Շահեն Հարությունյանն է, 2015 թվականի «Անոնիմուսների երթից» հետո ձերբակալված ու դատապարտված Շանթ Հարությունյանի որդուին: «Ինձ զարմացնում է՝ ինչու՞, օրինակ, դուք չեք միանում: Ինչու՞ բոլորը մեզ չեն միանում», - ասում է ցուցարարներից մեկը: Նրանք բոլորը միակարծիք են՝ իրենց պահանջն արդար է ու ճշմարիտ՝ Արթուր Սարգսյանը պետք է ազատ արձակվի: Հասմիկ Վանցյան / PanARMENIAN.Net Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Յոթ որդու Բավական քույրը |