Պուլիցերյան լուսանկարներ

Պուլիցերյան լուսանկարներ

«Միայնակ հրեա կինը»

Պուլիցերյան մրցանակն ամենահեղինակավորն է համարվում ԱՄՆ լրագրության ոլորտում, այն շնորհվում է պատմությունը եզակի ձևով ներկայացնելու և մարդկային զգացմունքները լրատվության մեջ արտացոլելու համար: PanARMENIAN.Net-ը պատմում է լուսանկարների մասին, որոնք չեն ստում:

PanARMENIAN.Net - «Միայնակ հրեա կինը» կոչվող լուսանկարն արվել է 2006թ. փետրվարի 1-ին Ամոնում՝ Իսրայելի բաժանարար պատնեշի մոտ: Հեղինակն է Associated Press գործակալության ֆոտոլրագրող Օդեդ Բալիլթին:

2006-ին Իսրայելի կառավարությունը որոշում էր կայացրել, որ Ամոնն ապօրինի վերաբնակների ճամբար է և անկախ նրանից, նրանք Իսրայելի քաղաքացիներ են, թե ոչ, պետք է վտարվեն ճամբարից: 10.000 ոստիկանի կարգադրվել էր մարդկանց բռնի տարհանել այնտեղից:

© Oded Balilty

Հրեա կանանցից մեկը մարտահրավեր է նետել ոստիկանների բանակին, որոնց այդտեղ էին գործուղել բողոքները կասեցնելու համար: Լուսանկարում երևում է, որ ոստիկանները փորձում են մի կողմ հրել կնոջը ճանապարհից, նրա հետևում գտնվող տներում պայթուցիկներ տեղադրելու համար: Ոստիկաններին հաջողվել է հրել նրան, և կինը հազիվ է փրկվել ոտնատակ լինելուց:

Բալիլթին խոստովանել է, որ հրեա կինը շարունակում էր պայքարել նաև դրանից հետո, նա ոստիկանների հասցեին նզովքներ էր տեղում եբրայերենով:

Քչերին է հայտնի, որ ֆոտոլրագրող Բալիլթին շատ տարիներ է անցկացրել Իսրայելում և Պաղեստինի տարածքներում՝ լուսաբանելով գործակալության համար այնտեղ կատարվող իրադարձությունները: Սակայն, բախումներից ու հակամարտությունից բացի, նա փաստագրել է նաև Թել Ավիվի փողոցների ու արվարձանների կյանքի ավելի հանգիստ ու թաքնված կողմերը:

2012-ի հունվարից Բալիլթին սկսում է աշխատել լուսանկարների էսսեի վրա՝ նվիրված ծայրահեղ արմատական համայնքներին, լուսանկարների շարք է անում ավանդական հրեական հարսանիքի, հասիդ րաբբիի հուղարկավորության և Պեսախ տոնին պատրաստվելու մասին:

© Oded Balilty

Օդեդ Բալիլթին ծնվել է 1979-ին Երուսաղեմում: Ֆոտոլրագրության հիմունքները նա յուրացրել է, երբ աշխատում էր Իսրայելի ԶՈւ ամսագրում: Ավարտելով զինվորական ծառայությունը՝ նա սկսում է համագործակցել ZOOM 77 գործակալության և Yedioth Ahronot օրաթերթի հետ:

2002-ին՝ պաղեստինյան ինտիֆադայի ամենաթեժ շրջանում, Associated Press-ը վարձում է Բալիլթիին որպես Իսրայելում իր հաստիքային հեղինակ: Դրանից բացի Օդեդը լուսանկարել է 2004-ի ընտրություններն Ուկրաինայում և դրան հաջորդած ցույցերը, ֆոտոշարք է լուսանկարել նվիրված Չերնոբիլի ԱԷԿ-ի վթարի 20-ամյակին:

Բալիլթին այն 12 լուսանկարիչներից մեկն է, որոնց 2005-ին ընտրել էին Ամստերդամում հեղինակավոր World Press Photo Joop Swart Masterclass-ի վարպետության դասին մասնակցելու համար:

Բալիլթին ոչ միայն 2007թ. Պուլիցերյան մրցանակի դափնեկիր է, նրա մրցանակների թվում են նաև՝ World Press Photo-ն, Pictures of the Year International-ը, Atlanta Photojournalism-ը և Headliner Awards-ը:

Ընթերցեք նաև. Պուլիցերյան լուսանկարներ. Կադրեր, որոնք չեն ստում

Հասմիկ Վանցյան/PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---