Jamiroquai-ից մինչև Նելլի Ֆուրտադո

Jamiroquai-ից մինչև Նելլի Ֆուրտադո

Ինչ է սպասվում երաժշտասերներին մարտ ամսին

Գարունն իր հետ բերում է ոչ միայն արևի լույս տեսնելու ակնկալիքներ, այլև հետաքրքիր նորություններ երաժշտասերների համար: Մարտին բազմաթիվ միջազգային ճանաչում ունեցող երգիչներ, երգչուհիներ և խմբեր կուրախացնեն իրենց երկրպագուներին նոր ձայնասկավառակներով:

PanARMENIAN.Net - ն առանձնացրել է գարնան առաջին ամսվա առավել նշանակալի ալբոմների ռելիզները՝ ներկայացնելով դրանց ստեղծման մասին հետաքրքիր մանրամասներ:

Ed Sheeran, ÷

Ռելիզը՝ մարտի 3, 2017թ.

Մարտի 3-ին բրիտանացի հայտնի երգիչ և երգահան Էդ Շիրանը կթողարկի իր երրորդ ստուդիական ալբոմը՝ ÷ (divide - բաժանել), որի անվանումը, ինչպես և երգչի նախորդ երկու ալբոմների դեպքում, պարունակում է միայն մաթեմատիկական նշան. գումարման և բազմապատկման նշաններից հետո այս անգամ երգիչն ընտրել է բաժանումը: 2015թ.-ի դեկտեմբերի 13-ին Շիրանը սոցիալական կայքերում հայտարարեց, որ նախատեսում է որոշ ժամանակով դադարել օգտվել դրանցից, քանի որ «նայում է աշխարհին համակարգչի մոնիտորի միջոցով, ոչ թե սեփական աչքերով», ինչպես նաև նշեց, որ ժամանակի մի մասը կհատկացնի նոր ալբոմ ստեղծելուն, որն, ըստ երգչի, կլինի նրա աշխատանքներից լավագույնը: Ուղիղ մեկ տարի անց Շիրանը սոց.կայքերում հրապարակեց դատարկ կապույտ քառակուսու պատկեր, որը խորհրդանշում էր երգչի մոտալուտ վերադարձը երաժշտությանը: Այս տարվա սկզբում հայտնի դարձավ թե՛ ալբոմի երգացանկը, թե՛ թողարկման ամսաթիվը, թե՛ երկու գլխավոր սինգլները՝ Castle on the Hill-ն ու Shape of You-ն: 46 րոպե տևողությամբ ձայնասկավառակում տեղ է գտել 12 երգ, իսկ դելյուքս տարբերակում՝ 16:

Depeche Mode, Spirit

Ռելիզը՝ մարտի 17, 2017թ.

Բրիտանակա հայտնի Depeche Mode խումբը, որը հայտնի է իր էլեկտրոնային երաժշտությամբ, մարտի 17-ին երկրպագուների դատին կհանձնի 14-րդ ստուդիական ալբոմը, որը դուրս կգա Columbia Records լեյբլի տակ: Spirit-ը կդառնա խմբի երկրորդ ձայնասկավառակը նշված լեյբլի տակ: Ալբոմը ձայնագրվել է Sound Design ստուդիայում ընդամենը մի քանի ամսում՝ 2016թ.-ի ապրիլից մինչև օգոստոս, պրոդյուսինգով զբաղվել է Ջեյմս Ֆորդը: 2016թ.-ի հոկտեմբերի 11-ին խումբն իր կայքում հայտարարեց, որ պլանավորում է իր նոր՝ Global Spirit Tour շրջագայության շրջանակներում զբաղվել նոր ձայնասկավառակի առաջխաղացմամբ: 49 րոպե տևողությամբ ալբոմում տեղ է գտել 12 երգ, իսկ դելյուքս տարբերակում՝ ևս հինգը:

Pitbull, Climate Change

Ռելիզը՝ մարտի 17, 2017թ.

Ամերիկացի ռեփեր Pitbull մարտի 17-ին կներկայացնի իր 10-րդ ստուդիական ալբոմը, որում տեղ գտած կատարումները գրվել են հենց նրա կողմից: Climate Change ձայնասկավառակը, որի վրա հեղինակը աշխատել է շուրջ 2 տարի՝ սկսած 2015թ.-ից, լույս կտեսնի RCA Records, Polo Grounds Music և Mr. 305 Inc. լեյբլների տակ: 2016թ.-ի ապրիլի 8-ին լույս տեսավ ալբոմի սինգլենրից մեկը՝ Messin' Around, իսկ հուլիսի վերջերին՝ Greenlight-ը, նոյեմբերին ռեփերը ներկայացրեց Can't Have կատարումը, և բոլորովին վերջերս՝ փետրվարի 17-ին երկրպագուները լսեցին Options երգը: Նոր ձայնասկավառակում Pitbull-ը համագործակցում է այնպիսի հայտնի աստղերի հետ, ինչպիսիք են Էնրիկե Իգլեսիասը, Ջենիֆեր Լոպեսը, Flo Rida-ն, Լեոնա Լյուիսը, Ջեյսոն Դերուլոն, R. Kelly-ն և այլոք: Ալբոմում տեղ է գտել 12 կատարում:

Բոբ Դիլան, Triplicate

Ռելիզը՝ մարտի 31, 2017թ.

Ամերիկացի երգիչ, երգահան և պոետ Բոբ Դիլանը, ով 2016թ.-ին արժանացավ նաև Նոբելյան մրցանակին գրականության ասպարեզում, մարտի 31-ին կթողարկի իր արդեն 38-րդ ստուդիական ալբոմը: Triplicate բացառիկ կլինի Դիլանի ստեղծագործական կյանքի ընթացքում, քանի որ կազմված կլինի 3 ձայնասկավառակից: Ինչպես և երգչի նախորդ երկու ալբոմներում, այս ալբոմում ևս տեղ են գտել հիմնականում ամերիկյան դասական դարձած երգերի քավեր տարբերակները: Ալբոմը ձայնագրվել է լոսանջելեսյան Capitol ստուդիայում Columbia Records լեյբլի տակ, պրոդյուսերը Ջոն Ֆրոստն է: Այս հունվարին լույս է տեսել ալբոմից առաջին սինգլը՝ I Could Have Told You, իսկ փետրվարի 17-ին՝My One and Only Love-ը: 95 րոպե տևողությամբ ալբոմի յուրաքանչյուր ձայնասկավառակն ունի իր անվանումը. առաջինը Til the Sun Goes Down-ն է, երկրորդը՝ Devil Dolls-ը, երրորդն անվանվել է Comin' Home Late: Ամեն ձայնասկավառակում 10 երգ է:

Jamiroquai, Automaton

Ռելիզը՝ մարտի 31, 2017թ.

Բրիտանական պանկ և էյսիդ-ջազ ոճերի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ Jamiroquai խումբը, իր երկրպագուներին կուրախացնի նոր՝ թվով ութերորդ ստուդիական ալբոմի թողարկմամբ: Automaton-ը խմբի առաջին ալբոմն է վերջին 7 տարում՝ 2010-ին լույս տեսած Rock Dust Light Star-ից հետո: Խմբի հիմնադիր և մենակատար Ջեյ Քեյի խոսքերով՝ նոր ալբոմում շոշափվելու է այնպիսի արդի թեմա, ինչպիսին է արհեստական բանականությունը և դրա մուտքը մեր կյանք, ինչպես նաև երաժիշտները կարևորել են այդ հողի վրա մարդկանց փոխհարաբերությունները: «Ժամանակակից աշխարհում մարդիկ սկսում են մոռանալ սովորական և հաճելի բաները, այդ թվում և մարդկային հարաբերությունները»,- նշում է ալբոմում տեղ գտած բոլոր երգերի հեղինակ Ջեյ Քեյը: Հունվարի վերջում խումբը թողարկեց ալբոմի գլխավոր նույնանուն սինգլը, իսկ փետրվարի 10-ին՝ Cloud 9 երգը: 57 րոպե տևողությամբ ձայնասկավառակում ընդհանուր առմամբ տեղ է գտել 12 երգ:

Նելլի Ֆուրտադո, The Ride

Ռելիզը՝ մարտի 31, 2017թ.

Արդեն 5 տարի է, ինչ կանադացի երգչուհի և երգահան Նելլի Ֆուրտադոյի երկրպագուները լավ նորություններ չեն ունեցել նրանից: Եվ ահա՛, մարտի վերջին օրը լույս կտեսնի երգչուհուն վեցերորդ ստուդիական ալբոմը՝ The Ride-ը: Այն դուրս կգա Ֆուրտադոյին պատկանող Nelstar Entertainment լեյբլի տակ: Ալբոմը ձայնագրվել է Elmwood Recording ստուդիայում: Ֆուրտադոն ինքը նոր ալբոմն անվանում է «խումհարային»: Երգչուհին ասում է, որ «ձայնասկավառակը թողնում է նույն տպավորությունը, ինչ ուրախ գինարբուկի հաջորդ առավոտը, երբ քեզ այդքան էլ լավ չես զգում, բայց մինչ այդ լավ ժամանակ ես անցկացրել, ու հիմա շատ բաներ քո ներսում ընկել են իրենց տեղը, ու դու այժմ ավելի ողջ ես»:

2016թ.-ի ապրիլի 13-ին Ֆուրտադոն ներկայացրեց Behind Your Back-ը՝ նշելով, որ այն չի մտնի ձայնասկավառակի մեջ, սակայն հետո երգչուհին մտափոխվեց, և այժմ երգը հասանելի է ալբոմի դելյուքս տարբերակում: Սեպտեմբերին դուրս եկավ մեկ այլ երգ՝ Islands of Me, որը նույնպես տեղ է գտել դելյուքս տարբերակում, իսկ նոյեմբերին լույս տեսավ Pipe Dreams կատարումը: Այս տարվա հունվարի վերջում երգչուհին ներկայացրեց նոր ձայնասկավառակի առաջին սինգլը՝ Cold Hard Truth-ը: Ընդհանուր 45 րոպե տևողությամբ ալբոմում տեղ է գտել 12 երգ, և ևս 3-ը՝ դելյուքս տարբերակում:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---