// IP Marketing video - START// IP Marketing video - END
Զիջումներից մինչև միացում

Զիջումներից մինչև միացում

Արցախը՝ քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ PanARMENIAN.Net-ը ներկայացնում է ընտրություևներին մասնակցող քաղաքական ուժերի տեսլականը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ:

PanARMENIAN.Net - ՀՅ «Դաշնակցությունը» համոզված է, որ չկա առանձին Արցախի հարց՝ Արցախը հայկական հարցի, Հայ Դատի անբաժան մաս է:

«Մեր անկախ պետականության վերակերտումը սկսվեց արցախյան գոյամարտով, նրա գոյությունը պայմանավորված է արցախյան ճակատում մեր հաղթանակով: Այս հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ Արցախը պետք է վերամիավորվի Մայր Հայաստանի հետ: Արցախի անկախությունը մեզ համար մարտավարական նշանակություն ունեցող ժամանակավոր լուծում է»,-ասվում է կուսակցության ծրագրում:

Նշվում է նաև, որ «մենք ինքներս պետք է ապահովենք մեր երկրի անվտանգությունը՝ քաջ գիտակցելով, որ միայն պատերազմին պատրաստ լինելն է կանխում պատերազմի վտանգը»:

ՀՅԴ-ն կարծում է նաև, որ հարկավոր է ամրապնդել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական համագործակցությունը, տնտեսական, ֆինանսական, սոցիալական, մշակութային, կրթականհամարկումը:

Կուսակցությունը կարևորում է նաև Արցախի մասնակցությունն իր ապագային վերաբերվող բանակցություններին որպես լիիրավ կողմ:

Ըստ ԵԼՔ դաշինքի, որպես Արցախի հարցի կարգավորման թիվ 1 անելիք հարկավոր է միջոցներ ձեռնարկել Հայաստան-Ադրբեջան ռազմական հավասարակշռության վերականգնման համար:

«Արցախի հարցում փոխզիջման մասին խոսք լինել չի կարող Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանության, ագրեսիվ քաղաքականության պայմաններում: Որևէ փոխզիջումային տարբերակի արդյունավետ քննարկման պայման է Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելու Ադրբեջանի հստակ պատրաստակամությունը»,-ասվում է կուսակցության ծրագրում: :

Ըստ դաշինքի, ՀՀ անդամակցությունը ԵՏՄ-ին չի նպաստում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Իշխող Հանրապետական կուսակցության նպատակն է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվի Արցախի բնակչության կողմից: «Մեր մոտեցումը հստակ է. մենք սատարելու ենք արդար լուծմանը միտված խաղաղ բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ տանելու բոլոր ջանքերին»,-ասվում է ծրագրում:

Միևնույն ժամանակ, ՀՀԿ-ն, հայտարարում է, որ անընդհատ և մշտապես կատարելագործվելու են պաշտպանական կարողությունները, որպեսզի հակառակ կողմի մտքով երբևէ չանցնի, որ խաղաղ բանակցային գործընթացից անդին խնդրի լուծման որևէ այլ ճանապարհ կա:

Կուսակցությունը նաև շարունակելու է աշխատանքները կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում Արցախի Հանրապետությունը` որպես լիիրավ կողմ ներգրավելու ուղղությամբ:

Ըստ ՀՀԿ-ի, Հայաստանի Հանրապետության, Արցախի և սփյուռքի ջանքերն ուղղվելու են միջազգային կազմակերպություններում խնդրի ուժային լուծումը բացառող և կանխարգելող որոշումների ընդունմանը:

«Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» (ՕՐՕ) դաշինքում կարծում են, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդներն ապրել են և ապրելու են կողք կողքի և, որ խաղաղություն են ուզում թե՛հայերը և թե՛ադրբեջանցիները:

«Պատերազմի են մղում արկածախնդիր գործիչները` ի դժբախտություն առաջին հերթին սեփական ժողովրդի: Կայուն և երկարատև խաղաղության հաստատման, Արցախի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ ենք համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև պահպանել ուժերի հավասարակշռությունը, խրախուսել ժողովրդական դիվանագիտությունը հայերի և ադրբեջանցիների միջև՝ փոխվստահության մթնոլորտ ձևավորելու համար»,-ասվում է ծրագրում:

ՕՐՕ-ն, սակայն, բացառում է միակողմանի զիջումները:

Դաշինիքի ծրագրում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանալին գտնվում է Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում, սակայն վերջնական խոսքը պատկանում է արցախցիներին՝ առանց արցախցիների ցանկության հնարավոր չէ հասնել որևէ համաձայնության:

«Մեր դաշինքը համոզված է, որ այս խնդրի լուծման առանցքում պետք է լինի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, որից հետո՝ Արցախի հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանների ճշգրտումը: Միայն ժամանակակից և զարգացող տնտեսություն, ինչպես նաև ժողովրդավարական և զարգացող երկիր ունենալու դեպքում մենք մյուս կողմին կպարտադրենք արժանապատիվ լուծում և կայուն ու արժանապատիվ խաղաղություն»,-ասվում է ծրագրում:

Դաշինքը վստահ է նաև, որ Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության ու զարգացման հարցն ամբողջ 10–միլիոնանոց հայության հարցն է։

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքն իր նախընտրական ծրագրում նշում է, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած և ՀՀ իշխանությունների կողմից 2007 թվականից ընդունված Ղարաբաղյան կարգավորման ծրագրի շուտափույթ իրագործման ուղղությամբ՝ վերականգնելով ԼՂՀ-ի, որպես հակամարտության լիիրավ կողմի մասնակցությունը կարգավորման գործընթացին։

«Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության, անգամ` գոյության հրամայականն է դուրս գալ հարևան պետությունների հետ հակամարտությունների մեջ գտնվող և շրջափակումներից տնտեսապես խեղդվող երկրի վիճակից և դառնալ բոլոր հարևանների հետ հաշտ ու խաղաղ ապրող, ազատ առևտուր, տնտեսական փոխշահավետ համագործակցություն և հաղորդակցության բաց ուղիներ ունեցող երկիր»,-ասվում է ծրագրում :

Նշվում է նաև, որ հաշտությունը կապահովի Հայաստանի և Արցախի անվտանգությունը, վերջինիս ինքնորոշման իրավունքի իրացումը։ «Այն վերջ կդնի ռազմաճակատի գոտում հարյուրավոր զինվորների և խաղաղ բնակչության կորուստներին, թույլ կտա դադարեցնել սպառազինությունների մրցավազքը և շեշտակիորեն նվազեցնել ՀՆԱ-ի 4-5 տոկոսի հասնող ռազմական ծախսերի ծանր բեռը»,-,-կարծում են ՀԱԿ-ՀԺԿ դաշինքում:

Ծրագրում ասվում է նաև, որ խաղաղության հաստատումը հնարավոր կդարձնի Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային խոշոր տնտեսական նախագծերին, կնպաստի ներդրումների ներգրավմանը, տնտեսական վերելքին, տասնյակ հազարավոր աշխատատեղերի ստեղծմանը, կենսաթոշակների և աշխատավարձերի շեշտակի աճին:

«Ազատ դեմոկրատներ» դաշինքը ՀՀ արտաքին քաղաքակնության առաջնահերթություններից մեկը համարում է Արցախի միջազգային ճանաչումն ու ինտեգրումը և Արցախի անվտանգության ապահովումը:

Ծրագրում ասվում է, որ Հայաստանի ու Արցախի անվտանգության խարիսխը հայկական մարտունակ բանակն է, նրան անվերապահ զորակցող ու վստահող հասարակությունը, փոխլրացնող արտաքին քաղաքականությունը, այդ թվում՝ խորհրդարանական ու ժողովրդական ակտիվ դիվանագիտությունը, նրան մատակարարող հայրենական, առաջանցիկ ռազմարդյունաբերական համալիրը, մրցունակ ու զարգացող տնտեսությունը, քաղաքական ու մյուս համակարգերը:

Ադրբեջանի սպառազինմանն ու սպառազինության մրցավազքին վերջ դնելու ուղղությամբ ծրագրով նախատեսվում է կոնկրետ քայլերի ձեռնարկում՝ պահանջելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ որևէ պետություն իրավունք չունենա նրան սպառազինություն վաճառել: Նույնը վերաբերում է նաև ՀԱՊԿ-ում Հայաստանին դաշնակից համարվող պետություններին:

«Հարկավոր է պահանջել ԵԱՀԿ շրջանակներում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ու ԵԱՀԿ մշտադիտարկման կարողությունների ընդլայնում, ինչի շուրջ որոշումներ են ընդունվել 2016թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բարձր մակարդակի հանդիպումներում, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների ընդունած փաստաթղթերում ամրագրված այլ մեխանիզմների՝ գործնականում կիրառում:

2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի, ինչպես նաև՝ դրան հաջորդած հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների միջազգային հետաքննության պահանջ, պատերազմի ու մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտման համար Ադրբեջանի պատասխանատվության հարցի հարուցում»,-ասվում է ծրագրում:

Ծրագրում ասված է նաև, որ Արցախի ու Հայաստանի ժողովրդի կամքը, որն արտացոլված է նրանց Սահմանադրությամբ ամրագրված դրույթներում և պայմաններում, այդ թվում՝ Ադրբեջանի հետ Արցախի սահմանների ճշգրտման ու տարածքային հարցերի կարգավորման վերաբերյալ, շրջանցող որոշումները իրավական ուժ և լեգիտիմություն չունեն: Նշված է նաև, որ Հայաստանի հետ Արցախի ռազմաքաղաքական, պետաիրավական, սոցիալ-տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում սերտ ինտեգրումը, առաջին հերթին՝ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքումը հրամայական է:

«Արցախի խնդրի միջազգային ասպեկտը քննարկման ենթակա է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ՄԱԿ-ի կանոնադրության և ԵԱՀԿ Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների, ինչպես նաև՝ 1994-95թ հրադադարի ռեժիմի եռակողմ համաձայնագրերի համաժամանակյա հարգման ու պահպանման պայմաններում: Արցախյան հակամարտության հետևանքները հնարավոր է վերացնել բացառապես դրա պատճառների աներկբա ճանաչման, սիմետրիկ ու փաթեթային սկզբունքներով լիակատար վերացնելու ճանապարհով:

Արցախի ու նրա ժողովրդի անվտանգության կատարյալ միջազգային երաշխիքը նրա ճանաչվածությունն ու լիարժեք ինտեգրումն է միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին»,-ասվում է ծրագրում:

«Հայկական վերածնունդ» կուսակցության ծրագրում Արցախը հիշատակվում է միայն Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության համատեքստում:

Կուսակցության ծրագրում ասվում է, որ արցախյան հակամարտության հետևանքները հնարավոր է վերացնել բացառապես դրա պատճառների աներկբա ճանաչման, սիմետրիկ ու փաթեթային սկզբունքներով լիակատար վերացնելու ճանապարհով:

«Ծառուկյան դաշինքը» նշում է, որ ԼեռնայինՂարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջնական նպատակը ԼՂՀ միջազգային ճանաչումն է։ «Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ բանակցային ճանապարհով՝ փոխհամաձայնության և փոխզիջումների հիման վրա։Առանց ԼՂՀ մասնակցության նրա ճակատագիրը չի կարող որոշվել»,-ասվում է ծրագրում:

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը նյութի հրապարակման պահին չէր ներկայացրել ծրագիրը:

Հասմիկ Վանցյան/PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է հասցրել անել նոր կառավարությունը
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Ինչպես Փաշինյանը կարող է հասնել ԱԺ արտահերթ ընտրության Հնարավո՞ր է դա արդյոք առանց կոալիցիոն գործընկերների
Փաշինյան - Սարգսյան - Տեր-Պետրոսյան Հայաստանը՝ ԼՂ հիմնախնդրի կողմ լինելու մասին