Պուլիցերյան լուսանկարներ

Պուլիցերյան լուսանկարներ

«Կյանքի համբույրը»

Պուլիցերյան մրցանակն ամենահեղինակավորն է համարվում ԱՄՆ լրագրության ոլորտում, այն շնորհվում է պատմությունը եզակի ձևով ներկայացնելու և մարդկային զգացմունքները լրատվության մեջ արտացոլելու համար: PanARMENIAN.Net-ը պատմում է լուսանկարների մասին, որոնք չեն ստում:

PanARMENIAN.Net - Ռոկկո Մորաբիտոյի 1967-ին արված «Կյանքի համբույրը» (The Kiss Of Life) լուսանկարը Պուլիցերյան մրցանակի արժանացած ամենահայտնի լուսանկարներից է: Լուսանկարի վրա պատկերված են էլեկտրատեխնիկներ Ռենդալ Չամպիոնն ու Ջեյ Թոմփսոնը՝ էլեկտրասյունից պարաններով կախ ընկած վիճակում:

Գծային էլեկտրատեխնիկներ Ռենդալն ու Ջեյը պլանային աշխատանքներ էին կատարում՝ փոխելով լարերը, երբ Ռենդալը պատահաբար դիպավ բարձր լարման լարին: Ավելի քան 4000 վոլտ հզորությամբ հոսանքը վայրկյանական արագությամբ անցավ նրա մարմնով՝ սիրտը չդիմացավ այդպիսի հզորության հարվածին և կանգ առավ:

Ռենդալի անշնչացած մարմինը կախ ընկավ անվտանգության պարաններից, մինչդեռ նրա հետ աշխատող Ջեյն իրեն չկորցրեց և սկսեց արհեստական շնչառություն տալ նրան հենց էլկեկտրասյան վրա:

Երկուսի դիրքն էլ շատ անհարմար էր, սակայն, այլ ելք չկար: Ջեյը շարունակում էր արհեստական շնչառություն տալ Ռենդալին, մինչև որ զգաց նրա զարկերակի թույլ բաբախյունը:

Միայն դրանից հետո Ջեյն արձակեց Ռենդալին, և, ուսին գցելով նրան, իջավ սյունից: Երբ պատահարի վայր հասան շտապ օգնության մեքենաները, Ռենդալ Չամպիոնն արդեն ներքևում էր և գիտակցության եկավ: Հետագայում նա լիովին ապաքինվեց:

Լուսանկարիչ Ռոկկո Մորաբիտոն այդ օրը գնում էր երկաթուղային վթարը լուսանկարելու և պատահաբար է ուշադրություն դարձրել գծային բանվորներին, որոնք աշխատում էին էլեկտրասյան վրա: «Հանձնարարված վայրում մի քանի լուսանկար անելով՝ ես որոշեցի վերադառնալ ու էլի լուսանկարել», -հիշում է Մորաբիտոն:

Վերադառնալով սյան մոտ, նա ճիչեր լսեց ու վեր նայեց՝ բանվորներից մեկը՝ Ռենդալը, գլխիվայր կախվել էր անվտանգության գոտուց՝ 4000 վոլտ հզորությամբ հոսանքի հարված ստանալով: Երկրորդը՝ Ջեյ Թոմփսոնը, օգնություն էր ցուցաբերում նրան:

«Ես վազեցի փրկարարներին զանգելու, իսկ երբ վերադարձա սյան մոտ, տեսա, թե ինչպես է Ջեյն արհեստական շնչառություն տալիս գործընկերոջը՝ պահելով նրա գլուխը: Ես հետ-հետ էի գնում, մինչև որ թիկունքով դիպա տան պատին և արեցի այդ լուսանկարը»,-ասել է լուսանկարիչը:

Վերջապես Թոմփսոնը բղավեց. «Նա շնչում է»:

Այդպես լուսանկարիչ Մորաբիտոն հավերժացրեց այն պահը, երբ Չամպիոնը գիտակցության եկավ, իսկ լուսանկարը հայտնի դարձավ աշխարհում:

Հասմիկ Վանցյան/PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---