// IP Marketing video - START// IP Marketing video - END
Զանգվածային անկարգություններ Բաթումում

Զանգվածային անկարգություններ Բաթումում

Պատճառները, դեպքերի ընթացքը, հետևանքներն ու արձագանքները

Մարտի 11-ի երեկոյան Բաթումում զանգվածային անկարգություններ են սկսվել, որոնք վերաճել են բախումների իրավապահների հետ: Առիթ է հանդիսացել $80 տուգանքը, որը նշանակվել էր վարորդին սխալ տեղում ավտոմեքենան կայանելու համար: PanARMENIAN.Net-ը ներկայացնում է բախումների պատճառները, դրանց հետևանքները, ինչպես նաև քաղաքական ուժերի և իրավապաշտպանների արձագանքը:

PanARMENIAN.Net - Ինչպես նշում են ծովափնյա քաղաքի բնակիչները, երբ տեղական ոստիկանության վարչության պետ նշանակվեց Կախի Բուխրաձեն, պարեկայինները սկսեցին խիստ տուգանքներ նշանակել խախտումների համար: Ըստ Բաթումի բնակիչների, այդ տուգանքները հաճախ հիմնավորված չեն: Այդպես, մարտի 11-ին Պարեկապահակային ծառայության աշխատակիցները որոշել են 200 լարիով (80 դոլար) տուգանել վարորդին, որը կայանել էր ավտոմեքենան չթույլատրված տեղում: Ինչպես պարզվեց, տղամարդը, որը վերադառնում էր սեփական որդու հուղարկավորությունից, կանգնեցրել էր մեքենան դեղատան մոտ, քանի որ կինը վատ էր զգացել: Պարեկայինները չեն լսել նրա բացատրությունները, իսկ երբ տուգանվածի օգտին է խոսել մեկ այլ քաղաքացի, երկուսին էլ բաժանմունք են տարել: Լուրը շատ արագ տարածվել է քաղաքով մեկ, և ոստիկանության վարչության շենքի մոտ սկսել են մարդիկ հավաքվել: Տեղի ժամանակով 22:00-ին շենքի մոտ արդեն մոտ 1000 ագրեսիվ տրամադրված մարդ կար: Ոստիկանությունը բերման է ենթարկել առավել ակտիվ մասնակիցներից 6-ին, որից հետո անկարգություններ են սկսվել, գրում է MK.ru-ն:

Զանգվածային անկարգություններ քաղաքում

Ցուցարարները սկսել են քարեր և ճայթուկներ նետել ոստիկանության շենքի ուղղությամբ, հրկիզել պարեկային մեքենաները: Թեև բերման ենթարկվածներին մեկ ժամ անց ազատ են արձակել, անկարգությունները չեն մարել: Ցուցարարները փորձել են ոստիկանության գլխավոր վարչության շենք ներխուժել, սակայն հատուկ ծառայությունները, արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ կիրառելով, թույլ չեն տվել դա անել: Ցուցարարները նաև անվադողեր ու աղբամաններ են այրել: Նրանք ութ ժամ շարունակ ավերածություններ են կատարել փողոցում: Այլ շրջաններ ոստիկանությունը նրանց թույլ չի տվել գնալ:

Առավոտյան 06:00-ին ոստիկանությունը հատուկ գործողություն է սկսել՝ ցրելով ցուցարարներին ու ձերբակալելով առանձնապես ագրեսիվներին: Անկարգությունների հետևանքով 33 մարդ է տուժել, որից 15-ը՝ ոստիկան: Բոլորը հոսպիտալացվել են: Սակայն, մարտի 12-ին արդեն մեծ մասը դուրս է գրվել հիվանդանոցից: Ըստ քաղաքի առողջապահության նախարարության ղեկավարի, հիվանդանոցում միայն մեկ տուժած է մնացել ուղեղի ուժեղ ցնցումով: Ձերբակալվել է ակցիայի մոտ 40 մասնակից: Այժմ վարչական կալանքի տակ է 7 մարդ: Մյուսներին ազատ են արձակել քաղաքից չբացակայելու ստորագրությամբ, հետաքննությունը շարունակվում է:

Հետևանքները

Աջարիայի կառավարության ղեկավար Զուրաբ Պատարաձեն ընդհատել է այցը Թուրքիա և շտապ վերադարձել Բաթում: Քաղաք են մեկնել նաև Վրաստանի ՆԳՆ ղեկավար Գեորգի Մգեբրիշվիլին, Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ տեղում պարզելու համար իրավիճակը: Մգեբրիշվիլին հայտարարել է, թե ոստիկանությունը «համարժեք և համաչափ ուժ է կիրառել»:

«Ուզում եմ ասել, որ քաղաքում վանդալիզմի մեծ գործողություններ են կասեցվել: Խոստանում եմ, որ բոլոր անձինք, որոնք կազմակերպել են և մասնակցել այս վայրագությանը, կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Քրեական հետաքննություն է սկսվել: Որոշ մասնակիցների ինքնությունն արդեն պարզվել է»,-ասել է ՆԳՆ ղեկավարը՝ հավելելով, որ ոստիկանությունն ուժ է կիրառելու, եթե անկարգությունները Բաթումում կամ Վրաստանի ցանկացած այլ քաղաքում կրկնվեն:

Աջարիայի իշխանությունները հաշվում են վնասը: Ըստ Պատարաձեի, քաղաքի ենթակառուցվածքներին զգալի վնաս է հասցվել: Բացի այդ, առնվազն 10 մեքենա է հրկիզվել:

Իշխանությունների արձագանքը

Իշխանություններն անկարգությունների կազմակերպման մեջ մեղադրում են ծայրահեղական ընդդիմադիր ուժերին: Ինչպես ասել է Պատարձեն, անկարգությունների տեսակադրերում երևում են մարդիկ, որոնք ընդդիմադիր կուսակցությունների անդամներ են: Այդ կապակցությամբ իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունն արդեն հայտարարել է, որ նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդները փորձում են ապակայունացնել իրավիճակը երկրում:

«Միասնական ազգային շարժումը» նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կուսակցությունն է, որը պարտվել է խորհրդարանական ընտրություններում: Նրանք մտադիր էին հաղթել ընտրություններում և վերադարձնել նախկին նախագահին, սակայն դա նրանց մոտ չստացվեց և այժմ կուսակցությունն իրավիճակն ապակայունացնելու առիթներ է փնտրում:

Վարչապետ Կվիրիկաշվիլին, մեկնաբանելով իրադարձություններն, ասել է, որ երկրում ապակառուցողական ընդդիմության մի մասը ցանկանում էր օգտագործել մարդկանց հույզերը սեփական շահերից ելնելով: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին բոլորին կարգապահության կոչ է արել:

«Միասնական ազգային շարժումն» անաչառ հետաքննություն է պահանջել՝ նշելով, որ կատարվածի քաղաքական պատասխանատվությունը կրում են իշխանությունները:

«Ոչ ոք չի կարող «Միասնական ազգային շարժումը» նույնականացնել անկարգությունների և վանդալիզմի հետ», -ասել է կուսակցության ներկայացուցիչ Զազա Բիբիլաշվիլին:

Կուսակցությունը չեղարկել է մարտի 12-ին Բաթումում կայանալիք ակցիան, հայտնում է BBC-ն:

Իրավապաշտպանների արձագանքը

Աջարիայի ինքնավար հանրապետության ժողովրդական պաշտպանի աշխատակազմի աշխատակիցներն ամբողջ գիշեր եղել են իրադարձությունների վայրում և շարունակում են հետևել զարգացումներին: Այդ մասին մարտի 12-ին հայտարարել է ժողովրդական պաշտպան Ուչա Նանուաշվիլին:

«Ցավոք, խաղաղ սկսված ակցիան վերաճեց բռնության: Վրաստանի ժողովրդական պաշտպանը վանդալիզմի այդ արտահայտություններն անընդունելի է համարում», - ասել է նա:

© ՌԻԱ Նովոստի

Նա նշել է, որ չնայած ռետինե փամփուշտներ ու արցունքաբեր գազ է կիրառվել, իրավապահ մարմիններին չի հաջողվել կասեցնել լայնածավալ բռնությունը: Ժողովրդական պաշտպանը նաև հայտարարել էր, որ մի քանի ժամ շարունակ բնակչության մոտ անպաշտպան լինելու զգացում էր իշխել:

Մարտի լույս 12-ի իրադարձություններն, ըստ ժողովրդական պաշտպանի, ցույց տվեցին, որ հարկավոր է վերլուծել, թե որքան են իրավապահներն ու անվտանգության ուժերը կարողանում արդյունավետ և արագ հակազդել նման ճգնաժամին: Նա հավելել է, որ պետք է քննել ռետինե փամփուշտների և արցունքաբեր գազի կիրառման իրավաչափությունը: Պաշտպանը նշել է, որ ոստիկանության կողմից ուժի չարաշահման վերաբերյալ բողոքներ դեռ չի ստացել:

Այժմ իրավիճակը Բաթումում հանգիստ է: Վերականգնողական աշխատանքներն ավարտված են:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
2017-ի ամենահնչեղ 10 հասարակական իրադարձությունը
Վրաստանի տնտեսական կախվածությունն Ադրբեջանից՝ թվերով
Ինչ պատահեց «Վագներ ՄԶԿ»-ին Դեր Զորի մատույցներում
Ինչպես է իրականանում Հոլիվուդ հասնելու երևանցի աղջկա երազանքը
 Բաժնի այլ նյութերը
Ես չեմ հավատում ոգեշնչմանը, ես հավատում եմ քրտինքին Ազնավուրը՝ կյանքի, կանանց ու արվեստի մասին
«Հեզբոլլահն» ընդդեմ Էր Ռիադի Ինչպես առաջացավ Սաուդյան Արաբիա-Լիբանան-Իրան թնջուկը
Burning Man կամ «Այրվող մարդ» Ինչպես է անցկացվում անապատային «ամենապոստապոկալիպտիկ» փառատոնը