«Իրական» շփում վիրտուալ միջավայրում

«Իրական» շփում վիրտուալ միջավայրում

Facebook-ի նոր գործիքն ու դրա ազդեցությունը սոցիալական ցանցերի վրա

2014թ-ին Facebook-ը գնեց վիրտուալ իրականության տեխնոլոգիաներ մշակող Oculus ընկերությունը, ինչից հետո արդեն պարզ դարձավ, որ խոշորագույն սոցիալական ցանցը հեռու չէ հենց վիրտուալ իրականությունում մարդկանց միջև շփվելու հնարավորությունը կյանքի կոչելուց։ Նախորդ տարի ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարեց, որ մշակվում է Spaces անունը կրող ծառայությունը, որն իրենից ներկայացնում է միանգամից մի քանի մարդկանց շփման ու զվարճանքի համար վիրտուալ տարածություն։ Մարտի 19-ին գործարկվեց Facebook Spaces ծառայության բետա-տարբերակը։

PanARMENIAN.Net - Իհարկե, գործիքը դեռ բավականին «հում» է եւ համալրման, մշակման կարիք ունի։ Բացի այդ, այն հասանելի է միայն վիրտուալ իրականության Oculus Rift սաղավարտի համար, ինչը լրացուցիչ խնդրներ է առաջացնում՝ հաշվի առնելով այդ տեխնիկական միջոցի բավականին բարձր գինը, ծանրությունն ու համակարգչի հետ մշտական կապի անհրաժեշտությունը։ Այդուհանդերձ, Facebook-ի նոր գործիքը հետագայում կարող է ազդեցություն ունենալ ընդհանրապես սոցիալական ցանցերում շփվելու մշակույթի վրա․ հնարավոր հետևանքների մասին PanARMENIAN.Net ը զրուցեց ոլորտի ներկայացուցիչների հետ։

Վիրտուալ իրականության տեխնոլոգիաների ոլորտում աշխատող հայաստանյան ARLOOPA ընկերության համահիմնադիր և ղեկավար Արման Աթոյանը վստահ է, որ տեխնոլոգիան հեռանկարային է, սակայն ներկայումս երևում է միայն «այսբերգի գագաթը»։

«Տեխնոլոգիան մշակման կարիք ունի։ Վիրտուալ իրականությունում դուք զրուցում եք ծանոթ մարդկանց հետ դեմ դիմաց, սակայն նրանք մուլտիպլիկացիոն կերպարների են նման, 360 աստիճան դիտարկմամբ միջավայրում պատկերները դեռ ամենաբարձր որակի չեն եւ այլն։ Այդ ամենը կփոփոխվի light-field տեսախցիկների կիրառման հետ մեկտեղ, որոնք ֆիքսում են ոչ թե օբյեկտիվի իրական պատկերի հարթության վրա լուսավորման բաշխումն, այլ դրա ստեղծած լուսային դաշտը՝ վերարտադրելով պատկերի մասին առավել լիարժեք ինֆորմացիան։ Եռաչափ սքանավորված միջավայրը կդառնա շատ իրական ու դժվար կլինի տարբերել՝ ընկերոջ հետ զրուցում ես վիրտուալ միջավայրում, թե իրական»,- նշեց մեր զրուցակիցը։

Facebook-ը նոր ծառայության ներկայացման ժամանակ նշել էր․ «Ընտանիքի և ընկերների հետ ժամանցը մեր կյանքի խիստ կարևոր մասն է։ Սակայն շատ հաճախ մենք ուղղակի ֆիզիկապես չենք կարող մեզ հարազատ մարդկանց կողքին լինել։ Այստեղ մեզ օգնության է գալիս վիրտուալ իրականության կախարդական տեխնոլոգիան։ Ներկայացնում ենք ձեր ուշադրությանը Facebook Spaces նոր ծառայությունը՝ վիրտուալ իրականության նոր հավելված, որի միջոցով կարող եք զվարճանալ ու շփվել ձեր ընկերների հետ վիրտուալ տարածության մեջ այնպես, կարծես նրանց հետ նույն սենյակում եք գտնվում։ Արդեն հիմա կարող եք ներբեռնել հավելվածը Oculus Store խանութից»։

Ըստ Արման Աթոյանի՝ տեխնոլոգիայի զարգացման համար անհրաժեշտ է առանձին աշխատող վիրտուալ իրականության հարմարանք, որը կապված չի լինի համակարգչի հետ։ Պետք է ապահովվի պատկերի նվազագույնը 4K որակ, նաև՝ տարբեր տեսակի կոնտենտներ ընկերների հետ միասին ժամանակ անցկացնելու համար, օրինակ, սպորտային միջոցառում, վիրտուալ փաբ և այլն։

«Պետք է հասկանալ, որ սոցիալական ցանցերը դառնում են շատ ավելին, քան ուղղակի շփման հարթակներ։ Facebook-ի միջոցով, օրինակ, հնարավոր կլինի վիրտուալ կերպով այցելել միջոցառումների (իվենթների)՝ ցուցահանդեսներ, համերգներ, անգամ դասի ինչ-որ հեղինակավոր համալսարան՝ տանից դուրս չգալով։ Այդուհանդերձ, այդ ամենը լիարժեք կգործարկվի ոչ այսօր, ոչ էլ վաղը, այլ մոտակա 20 տարիների ընթացքում»։

Facebook Spaces-ն աշխատում է բացառապես Oculus Rift սաղավարտի և Oculus Touch կոնտրոլերի առկայության դեպքում։ Այն թույլ է տալիս յուրաքանչյուր օգտատերին ստեղծել իր բացառիկ եռաչափ ավատարին, ապա հրավիրելով միանալ մի քանի ընկերոջ։ Վիրտուալ միջավայրում օգտատերերը կարող են շփվել միմյանց հետ, զանգել սոցիալական ցանցում ընդհանուր ծանոթներին Facebook Messenger-ի միջոցով, երաժշտություն լսել, նկարել տարբեր օբյեկտներ եռաչափ տարածությունում, նայել պանորամային ֆիլմեր ու նույնիսկ լուսանկարվել վիրտուալ սելֆի-փայտիկի միջոցով։ Ընդ որում, ծառայության ստեղծողները պնդում են, որ այս պահին կյանքի են կոչել Spaces-ի պլանավորված հնարավորությունների միայն 1%-ը։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, խոսելով հեռանկարների մասին, նշում է, որ այս հարցերում կարևոր է այն, թե ինչպես կընդունի նորամուծությունը երիտասարդությունը։ Նրա կարծիքով, նոր հարթակը տարածում կգտնի, սակայն մոտակա տարիներին լինելու է ավելի շատ զվարճանքի, քան շփման միջոց։

«Տեխնիկական միջոցները դեռ շատ թերի են, նախնական փուլում, իսկ վիրտուալ իրականության կիրառումն առայժմ բարդ է ու ոչ այնքան էֆեկտիվ։ Ուղղակի Facebook-ը ցանկանում է առաջ ընկնել ու որսալ ապագայից եկող թրենդները․ նույն ոլորտից են նաև Instagram-ը և WhatsApp-ը։ Երբ սոցիալական ցանցը գնում էր Oculus-ը, շատերը չէին հասկանում նման մեծ ծախսի իմաստը, իսկ հիմա հասկանալի է, որ ապագայում վիրտուալ իրականությունը դառնալու է մեր կյանքի մի մասը։ Facebook-ը արդեն փորձում է ժամանակից շուտ դիրքավորվել այստեղ»,- նկատում է Սամվել Մարտիրոսյանը։

Թե ինչպիսին կլինեն սոցիալական ցանցերը մի քանի տարի անց, դժվար է պատկերացնել։ Փորձագետը նշում է, որ, օրինակ, մարդիկ հիմա շարժվում են տեքստից դեպի պատկեր։ Իսկ թե հետագայում եռաչափ վիրտուալ իրականությունը կդառնա՞ շփման առավել տարածված ձևը, ցույց կտա ժամանակը։

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---