// IP Marketing video - START// IP Marketing video - END
«Խոստումը»

«Խոստումը»

Տպավորություններ Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմից

Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» (The Promise) ֆիլմը դեռ մինչև մեծ էկրաններ բարձրանալը դարձավ քաղաքական շահարկումների ու սկանդալի առարկա։ Հարևան Թուրքիայից և Ադրբեջանից, առանց ֆիլմը դիտելու, օգտատերերը մասսայաբար մտնում էին կինեմատոգրաֆիական խոշորագույն ռեսուրսի՝ IMDb-ի կայքն ու նվազագույն գնահատականներ դնում։ Ֆիլմի գնահատականի զրոյացումից ու «վատագույն ֆիլմերի» շարքում հայտնվելուց խուսափելու համար հայերը, ևս մասսայաբար ու կրկին առանց ֆիլմին ծանոթ լինելու, նույն կայքում առավելագույն գնահատական էին դնում։ Արդյունքում, ֆիլմի մասին սկսեցին խոսել դեռ մինչև կինոթատրոն մտնելը, իսկ գեղարվեստական ստեղծագործությունը վերածվեց զուտ քաղաքական «հրաձգության» կենտրոնի։

PanARMENIAN.Net - Հայաստանյան էկրաններին հայերեն թարգմանված «Խոստումը» կհայտնվի ապրիլի 27-ին։ Ապրիլի 24-ին լրատվամիջոցների համար կազմակերպվեց ֆիլմի փակ դիտումը։ PanARMENIAN.Net ը ևս ներկա էր ու կիսվում է տպավորություններով։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության հայ բնակչության տեղահանումն ու ցեղասպանությունը ֆիլմում ներկայացված է երիտասարդ բժիշկ Միքայել Պողոսյանի աչքերով։ Ցեղասպանության ֆոնին է ծավալվում նաև Միքայելի և նկարչուհի Աննայի սիրո պատմությունը։

Թերի Ջորջը հոլիվուդում հայտնի է, որպես բավականին «մաքրասեր» կինոարհեստավոր, ում ֆիլմերում արվեստն ու ինքնուրույնությունը գրեթե բացակայում են, սակայն լավ դրամատուրգիայի առկայության դեպքում նա, օգտվելով ողջ դասական գործիքակազմից, կարող է բավականին համոզիչ կինոկտավ ստեղծել։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է 2004-ին նկարահանված «Հոթել «Ռուանդա» դրամային, որը պատմում է 90-ականներին Ռուանդայում թութսիէթնիկ խմբի ցեղասպանության մասին։ Անգամ բավականին «մեղմ» ռեյթինգի առկայության պարագայում Ջորջին այն ժամանակ հաջողվել էր ստեղծել սասփենսով ու ցեղասպանության ողջ սարսափով լի ազդեցիկ մի կտավ՝ արժանանալով երեք անվանակարգի «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ։ «Խոստումը», սակայն, ռեժիսորին չէր տվել փայլուն դրամատուրգիական հիմք՝ աշխատելու համար․ այստեղ գրեթե չկա վերահաս վտանգի, օդում առկա լարվածության զգացումը, որ մշտապես կար «Ռուանդայում»։

Կինոդիտողը ծանոթանում է իրադարձություններին երիտասարդ դեղագործ Միքայել Պողոսյանի (Օսկար Այզեք) աչքերով․ բավականին անհարթ ու, երբեմն, անտրամաբանական մոտիվացիայով օժտված կենտրոնական կերպար, ում տաղանդավոր դերասան Այզեքը մարմնավորում է նույնքան երկչոտ խաղով՝ հազվադեպ փայլատակումներով այն պահին, երբ նա, կարծես, վերջապես հիշում է, որ ֆիլմում է նկարահանվում։ Առավել «հում» է նրա էկրանային զույգի՝ Շարլոթ Լե Բոնի պարտիան (նա մարմնավորում է նկարչուհի Աննա Քեսարյանին), ով, բացի մի քանի կիսատ ու պաթետիկ ռեպլիկներից, կարծես ոչինչ այլևս չունի ցուցադրելու։ Դերասանական այս ողջ կենտրոնական տանդեմի անգույն ու սրանկյուն խաղը փոքր-ինչ «հարթեցվում», «կլորանում» ու տեսք է ստանում միայն Քրիսթիան Բեյլի շնորհիվ (ամերիկացի լրագրող Քրիս Մայերսի դերում), ում մասնակցությամբ դրվագներն են, որ փրկում են ֆիլմը։

Բնականաբար, ֆիլմի բոլոր թերությունները կարելի է միանգամից վերագրել թույլ դրամատուրգիային, սակայն ռեժիսոր Թերի Ջորջի պարբերական «բացակայությունը» նկարահանման հրապարակից ևս անզեն աչքով զգացվում է։ Բավականին երկար քրոնոմետրաժով (2 ժամ 12 րոպե) պատմական դրաման ընթացքում անընդհատ սայթաքում է տեմպի առումով՝ կորցնելով իրադարձությունների դինամիկան, կամ կիսատ թողնելով մեկ դրվագն ու անցնելով հաջորդին՝ առանց այն զարգացնելու։ Արդյունքում ստեղծվում է տպավորություն, որ գործ ունենք միմյանց հետ օրգանապես թույլ կապված դրվագների ամբողջության հետ, որում կենտրոնականը բավականին միամիտ ու պարզունակ սիրո քառանկյունն է, այլ ոչ թե 20-րդ դարասկզբի մեծագույն ողբերգությունը։

Սխալ կլինի ասել, որ Ցեղասպանությունը ֆիլմում չկա, սակայն այն ներկայացված է խիստ կլիշեավորված ու «փափուկ» ձևով։ Թերի Ջորջը չի փորձում կտրուկ քայլեր անել, շարժվում է նվազագույն դիմադրության ճանապարհով․ կոտորածի ու գաղթի մասին բազմաթիվ վկայություններից, գեղարվեստական ստեղծագործություններից ու պատմություններից ընտրվում են միայն ամենաակնհայտ հատվածները, որոնք ծանոթ են ցանկացած հայի, սակայն դժվար թե կարողանան ազդեցիկ լինել օտարերկրացու համար։ Ռեժիսորը կենտրոնացած է սիրո պատմության վրա, սակայն մելոդրամը ևս այստեղ չունի զարգացում, տրամաբանական, կամ զգացմունքային սկիզբ, այլ ձևավորվում է մեկ-երկու հայացքի, ռեպլիկի միջոցով։

Իհարկե, ֆիլմն ունի նաև դրական կողմեր։ Բավականին ազդեցիկ տեսարան գետափին, հրաշալի օպերատորական լուծումներ գնացքի վրա, շքեղ դրվագ՝ կապված Կոմիտաս վարդապետի հետ։ Սակայն վախվորած ռեժիսուրան ու մեծամասամբ հարթ, առանց խորքի կերպարների առկայությունը զգալի փչացնում են տպավորությունը դիտումից․ խիստ քաղաքականացված, բացահայտ հայտարարություններով ու պահանջով, սակայն «անատամ» ֆիլմ։

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
EPIC EYE-ը կտեղափոխի մասնակիցներին այլ իրականություն
Ի՞նչ դիտել ընտրություններին ընդառաջ
Նկարչուհին կտավների հերոսներին տեղափոխում է գրասենյակ, բար ու լողափ
Ինչ է ասում Rammstein-ն իր նոր հոլովակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Տաթևից՝ Դրեզդեն 4 կոթող, որ վերականգնվեցին մոխրից
«Շեմը ակունք է» Միքայել Օհանջանյանի նախագիծը՝ Ֆլորենցիայում Միքելանջելոյի քանդակի հարևանությամբ
Փաբերը բարձրացել են ջազի մակարդակին Սերգեյ Մանուկյանը երևանյան նոր միտումների մասին