Հրաշքներով լի աշխարհ

Հրաշքներով լի աշխարհ

Կաննի հոբելյանական փառատոնի գլխավոր ֆիլմերը

Մայիսի 17-ից 28-ը Ֆրանսիայում անցկացվելու է ամենահեղինակավոր՝ Կաննի 70-րդ հոբելյանական միջազգային կինոփառատոնը։ Հիմնական մրցութային ծրագիրն այս անգամ ղեկավարում է լեգենդար իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմադովարը, իսկ նախատեսվող ցուցադրությունները լի են ինչպես խիստ աղմկոտ, այնպես էլ դեռևս անհայտ անուններով։

PanARMENIAN.Net - Կաննը գրեթե միշտ անկանխատեսելի է՝ չնայած կինոքննադատների կարծիքներին, և հենց դա է խոշորագույն այս կինոփառատոնի գլխավոր առանձնահատկությունը։ Միաժամանակ, Կաննը նոր ֆիլմերի հետ ծանոթանալու հրաշալի հնարավորություն է, այդ իսկ պատճառով PanARMENIAN.Net ը ներկայացնում է այն կարևորագույն ֆիլմերը, որոնք ներառված են հոբելյանական միջոցառման թե մրցութային, և թե մյուս ծրագրերում։

Մրցութային ծրագիր

«Ճակատագրական ցանկություն», (օրիգ․ անվանումը՝ The Beguiled)

Աշխարհահռչակ ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի դուստրը՝ Սոֆիա Կոպպոլան հայտնի հորից ժառանգել է ռեժիսուրան համարյա ենթագիտակցական մակարդակով զգալու տաղանդը, սակայն գրեթե միշտ սայթաքում է դրամատուրգիայի առումով։ Նոր ֆիլմում Կոպպոլան հավաքել է աստղային դերասանական կազմ ի դեմս Քոլին Ֆարելի, Էլ Ֆենինգի, Քիրսթեն Դանսթի և Նիկոլ Քիդմանի։ Կտավի իրադարձությունները (որը Քլինթ Իսթվուդի մասնակցությամբ համանուն կուլտային ֆիլմի ռեմեյքն է) ծավալվում են ԱՄՆ քաղաքացիական պատերազմի տարիներին, երբ հարավային դպրոց-մանկատանն ապրող երիտասարդ կոնֆեդերատուհին մահից փրկում է վիրավորված հյուսիսացուն, ինչից հետո դպրոցում գտնվող գեղեցիկ սեռի ներկայացուցիչները սկսում են հերթով սիրահարվել հյուրին։ Կոնֆլիկտն ու կրքերի թեժացումն այս դեպքում անխուսափելի են։

«Օկչա», (օրիգ․ անվանումը՝ Okja)

Հարավկորեական կինոն վաղուց արդեն դուրս է եկել լոկալ կինեմատոգրաֆիկ սահմաններից՝ ավելի ու ավելի հաճախ ներգրավելով հայտնի հոլիվուդյան դերասանների ու հայտնվելով հեղինակավոր կինոփառատոնների ցանկերում։ «Հիշողություններ սպանության մասին» և «Մայրը» կուլտային ֆիլմերի ռեժիսոր Պոն Ջուն-հոն այս անգամ անդրադառնում է գիտական ֆանտաստիկայի ժանրին՝ պատմելով Օկչա անունով տարօրինակ արարածի ու մանկահասակ աղջկա յուրահատուկ ընկերության մասին։ Հիշելով գրեթե նույն թեմայով 2006թ-ին նույն Կորեայում նկարահանված «Դինոզավրի ներխուժումը» (օրիգ․ անվանումը՝ Gwoemul) և լարվածություն ստեղծելու՝ կորեացի ռեժիսորների կարողությունը, վստահաբար կարելի է պնդել, որ «Օկչա»-ն վերածվելու է խոշոր իրադարձության կինոյի աշխարհում։

«Հրաշքներով լի աշխարհ», (օրիգ․ անվանումը՝ Wonderstruck)

Ամերիկացի ռեժիսոր Թոդ Հեյնսը ամերիկյան անկախ կինոյի ամենահայտնի ու տաղանդավոր ներկայացուցիչներից մեկն է, ով աչքի է ընկնում իր խորը դրամատիկ կինոկտավներով։ «Հրաշքներով լի աշխարհ»-ը Բրայան Սելզնիկի համանուն վեպի էկրանավորումն է, որը երկու երիտասարդների պատմություն է․ նրանք ապրում են տարբեր ժամանակաշրջաններում, սակայն երկուսն էլ չեն կարողանում հաշտվել իրենց շրջապատող աշխարհի հետ՝ նպատակ ունենալով ի կատար ածել սեփական երազանքները։ Կինոքննադատները բավականին բարձր են գնահատել Հեյնսի նոր աշխատանքը, և եթե կինոփառատոնի ժյուրին բավականաչափ առատաձեռն գտնվի, այս տարի ոսկե արմավենու ճյուղը կուղևորվի Միացյալ Նահանգներ։

«Սրբազան եղջերուի սպանությունը», (օրիգ․ անվանումը՝ The Killing of a Sacred Deer)

Հույն ռեժիսոր Յորգոս Լանտիմոսի ֆիլմերը տարօրինակ անվանելը բավականին մեղմ է հնչում․ 2015թ-ին էկրաններ բարձրացած «Լոբսթերը» (օրիգ․ անվանումը՝ The Lobster) աբսուրդիստական ռեալիզմի վառ օրինակ էր։ «Սրբազան եղջերուի սպանությունը» պատմում է վիրաբույժի մասին, ով ստիպված է լինում զոհաբերության դիմել, երբ վատթարանում է այն տղայի առողջական վիճակն, ում բժիշկը ցանկանում է որդեգրել։ Էկրանին տեղի ունեցողն ավելի ճշմարտացի դարձնելու համար Լանտիմոսը դերեր է տվել բազմաթիվ պրոֆեսիոնալ բժիշկների։

Արտամրցութային ցուցադրություններ

«Հիմնված է իրական իրադարձությունների վրա», (օրիգ․ անվանումը՝ D'après une histoire vraie)

Լեգենդար Ռոման Պոլանսկուն ներկայացնելու կարիք, թերևս, չկա․ կինոհսկայի 21-րդ լիամետրաժ ֆիլմը, սակայն, չի հայտնվել փառատոնի հիմնական մրցութային ծրագրում անհայտ պատճառներով։ Եվա Գրինի և Էմանուել Սենյեի մասնակցությամբ ֆիլմը ֆրանսուհի Դելֆինա դե Վիգանի համանուն վեպի էկրանավորումն է, որն իր հերթին հեղինակավոր «Ռենոդոյի մրցանակի» դափնեկիր է։ Ֆիլմը պատմում է հաջողության հասած գրողի մասին, ով հասել է իր փառքի գագաթնակետին ու այժմ տառապում է դեպրեսիայից։ Այս ընթացքում նրա կյանքում է հայտնվում խորհրդավոր մի կին՝ տարօրինակ Լ անունով։

Ցուցադրություններ, նվիրված փառատոնի 70-ամյակին

«Թվին Փիքս», (օրիգ․ անվանումը՝ Twin Peaks)

Կաննի կինոփառատոնը չէր կարող անտարբեր անցնել նաև տարվա գլխավոր հեռուստատեսային իրադարձություններից մեկի կողքով։ Մեծն Դեյվիդ Լինչը որոշել է շարունակել իր կյանքի գլխավոր ստեղծագործությունը մինի սերիալի տեսքով, որը 18 սերիա կունենա: Հաշվի առնելով, որ օրիգինալը ճանաչվել է բոլոր ժամանակների լավագույն շոուներից մեկը, շատերի համար այս շարունակությունը հեռուստատարվա ամենասպասված իրադարձությունն է: Կլինեն հին ու սիրված հերոսները, ՀԴԲ հատուկ գործակալ Դեյլ Քուփերի հերթական առեղծվածային գործն ու սերիալի անմոռանալի մթնոլորտը:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
ԽՍՀՄ ինտերակտիվ թանգարանը հրդեհից հետո տանիք է փնտրում
Տիկնիկայինի տնօրենը՝ թատրոնում ռոք-համերգի չեղարկման մասին
Sigma Sol խումբը՝ նոր խոսք հայկական երաժշտության մեջ
Երևանում կկայանա Իվան Դորնի համերգը՝ նոր ձևաչափով
 Ուշադրության կենտրոնում
«Գահերի խաղի» սփին-օֆֆը՝ «Վիշապի տունը» կթողարկվի 2022-ին

«Գահերի խաղի» սփին-օֆֆը՝ «Վիշապի տունը» կթողարկվի 2022-ին 10 էպիզոդից կազմված ֆիլմը պատմելու է Թարգարյենների մասին

 Բաժնի այլ նյութերը
Շպռոտից՝ Ռեինկարնացիա 2019-ի հայկական երգերը, որոնց համար չենք ամաչում
«Զգա՛ ձենը» 10 պատճառ՝ DZEN-ին ներկա գտնվելու
Տաթևից՝ Դրեզդեն 4 կոթող, որ վերականգնվեցին մոխրից