Բասի արքան Երևանում

Բասի արքան Երևանում

Ով է Ավիշայ Քոենը և ինչու չի կարելի բաց թողնել նրա համերգը

Մայիսի 31-ին ամերիկյան ջազ կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ և գործիքավորող, ազգությամբ հրեա Ավիշայ Քոենը ելույթով հանդես կգա Երևանում իր եռյակի և նվագախմբային նախագծով՝ An Evening with Avishai Cohen ծրագրի շրջանակում: Սա համաշխարհային ճանաչում ունեցող երաժշտի երկրորդ այցն է Հայաստան, առաջինը 17 տարի առաջ էր: PAN-ը հետաքրքիր փաստեր է ներկայացնում նրա կյանքից և հուշում, թե ինչու է ցանկալի ներկա լինել նրա երևանյան համերգին:

PanARMENIAN.Net - Քոենը համարվում է կոնտրաբաս նվագող իր սերդնի լավագույն երաժիշտը: Նա նվագում է ոչ միայն մատներով և ձեռքի ափով, այլև արմունկներով, ծնկներով՝ մի ամբողջ նվագախմբի տպավորություն ստեղծելով: Նրա ստեղծագործություններն արտացոլում են մեծ երաժշտական աշխարհը և ավանդույթների, լեզուների և ոճերի մի մեծ խառնուրդ են: Երաժշտի ստեղծագործություններում գերիշխում է արևելյան և լատինական հնչեղության համադրումը: Հարցազրույցներից մեկում Քոենն ասել է. «Ինձ միշտ գրավել է ռիթմը: Ինձ շատ է դուր գալիս իսպաներենը: Այդ լեզուն գեղեցիկ է հնչում երգերում, և իմ նախընտրած երաժշտության մի մասն այնտեղից է սերում՝ ֆլամենկո, Էդդի Պալմիերի, նյույորքյան սալսա, աֆրիկյան և Կուբայում տարածված երաժշտություն, լադինոյով (Իսպանիայից սերող հրեաների լեզուն) գրված երգեր»:

Դաշնամուրն ու սերը ջազի հանդեպ

«Դաշնամուրն իմ երաժշտության մեջ շատ մեծ տեղ է զբաղեցում: Ես ինքս նվագում են դաշնամուր և երաժշտության մեծ մասը դաշնամուրով եմ հորինում... »:

1970-ին Երուսաղեմում ծնված Քոենը վաղ տարիքից դաշնամուր է նվագել, իսկ 14 տարեկանում սիրահարվել է ջազին: Բանակում ծառայելուց հետո նա որոշել է մասնագիտանալ կոնտրաբաս նվագելու ասպարեզում: 1992-ին Ավիշայը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ սկզբնական շրջանում որպես շինարար է աշխատել, քանի որ պետք էր ապրուստը հոգալ: Սակայն նա անմիջապես էլ սկսում է հայտնի դառնալ երաժշտական շրջանակներում և ի վերջո մշտական աշխատանք է ստանում պանամացի դաշնակահար Դանիլո Պերեսի ջազային կոմբոյում:

Կարիերայի սկիզբը

«Ունկընդրի համար երաժշտությունը պատմության նման է: Ես կրքոտ եմ նվագում և երաժշտասերը դա զգում է, հարգում է և ուզում է լսել իմ պատմությունը: Ես զգում եմ նրանց էներգիան, տեսնում եմ նրանց աչքերը... »:

Շուտով երիտասարդ երաժշտին ուշադրություն է դարձնում ամերիկացի հայտնի ջազ երաժիշտ, «Գրեմմի» մրցանակի բազմակի դափնեկիր Չիկ Կորիան, որը լսելով Քոենի դեմո ձայնագրությունը, հրավիրում է նրան ձայնագրության իր ստուդիա և առաջարկում մասնակցել Origin նախագծի ստեղծմանը: 2000-ին երաժիշտը սկսում է վոկալով զբաղվել՝ բեք-վոկալիստի դերը ստանձնելով ռոք խմբերից մեկում: 2003-ին Ավիշայը հեռանում է Կորիայի նախագծից և մենակատարի կարիերա սկսում:

Ստեղծագործությունը և վոկալը

«Գործիքիս հետ շատ սերտ մարմնական գործակցություն ունեմ: Ես աշխատում եմ շարժվել, ապրել, որպեսզի մարմինս ազատ լինի: Ջանում եմ նույն դիրքում կանգնած չմնալ... »:

1998-ից նա թողարկել է 15 ալբոմ. Adama (1998), Devotion (1999), Colors (2000), Unity (2001), Lyla (2003), At Home (2004), Continuo (2006), As is...Live at the Blue Note (2007), Gently Disturbed (2008), Sha'ot Regishot (2008) (in Hebrew: Sensitive hours), Aurora (2009), Seven Seas (2011), Duende (2012), Almah (2013), From Darkness(2015): Lyla ալբոմի ստեղծման ժամանակ Քոենը 2 կոմպոզիցիա է կատարել, սակայն, ըստ երաժշտի, նա դժգոհ է մնացել արդյունքից, որից հետո սկսել է պարապել մոր հետ, որը «մի քիչ երգում էր»: Նրա հետ էր նա սովորում լադինո երգերը, մի քանիսը նույնիսկ ձայնագրեց: Հենց այդպես, ըստ Քոենի, նրա ձայնը սկսեց հղկվել և նա սկսեց երգել ու երգեր ձայնագրել:

Մի քանի տարի առաջ վերադառնալով Իսրայել՝ Քոենը սկսել է նաև եբրայերեն երգեր գրել: Նա մշտապես մասնակցում է լավագույն ջազ կատարողների ձայնագրություններին:

«Երաժշտությունն այնքանով է լավ, որքան լավն են այն կատարող մարդիկ: Երաժիշտները հսկայական ազդեցություն են ունենում երաժշտության վրա, երաժշտությունը հորինելը, որքան էլ դա կարևոր լինի, դեռ վերջը չէ, դա միայն սկիզբն է, կառուցվածքն ու անհատականությունը»,- ասել է Քոենը հարցազրույցներից մեկում:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---