Պայթյուն վերջին ակորդի ժամանակ

Պայթյուն վերջին ակորդի ժամանակ

Ինչ է հայտնի Մանչեսթերի ահաբեկչության մասին, ինչը՝ դեռ ոչ

Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի «Մանչեսթեր Արենա» (Manchester Arena) մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 22 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 50-ը:

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Արենա» մարզադաշտը, որտեղ անցնում էր համերգը, տեղավորում է 21.000 հանդիսատես: Թե կոնկրետ որքան մարդ է ներկա եղել համերգին, հայտնի չէ, սակայն հայտնի է, որ հիմնականում երիտասարդներ են եղել, դպրոցականներ:

Ինչպես պատահեց

Պայթյունը որոտացել է համերգի վերջում՝ ժամը 22:35-ին (Երևանի ժամանակով մայիսի 23-ի ժամը 01:35-ին) «Մանչեսթեր Արենայի» նախասրահում, երբ առաջին հանդիսատեսները սկսեցին հեռանալ համերգից: Շատերին օգնություն է ցուցաբերվել տեղում, սակայն ավելի լուրջ վնասվածքներ ստացած 59 մարդ տեղափոխվել է Մանչեսթերի տարբերի շրջանների 6 հիվանդանոց: Շտապ օգնության աշխատակիցները պատմել են, որ տուժածները բեկորային վնասվածքներ են ունեցել:

Ոստիկանությունը շրջափակել է հարակից թաղամասը: Տարհանվել է հարևանությամբ գտնվող Վիկտորիա կայարանը:

Իշխանությունների և ոստիկանության արձագանքը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ահաբեկչությունից հետո հայտարարություն է տարածել՝ անվանելով կատարվածը «սարսափելի ահաբեկչական հարձակում»:

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Ամբեր Ռադդը պայթունն անվանել է «բարբարոսական գործողություն»:

Մեծ Մանչեսթերի ներքին գործերի նախարար Յեն Հոփկիսնը հայտարարել է, որ ինքն ու իր գործընկերները կատարվածը ահաբեկչություն են համարում:

Մայիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը պաշտոնապես հաստատեց, որ Մանչեսթերի պայթյունը ահաբեկչական գործողություն էր, որն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: «Ահաբեկիչը տեղում մահացել է: Մենք կարծում ենք, որ նա ինքնաշեն պայթուցիկ սարքը իր վրա է կրել և գործի է դրել այն»,-ասել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը:

Ականատեսների վկայությունները

Ականատեսներից ոմանք 2 բարձր պայթյուն են լսել, մյուսները՝ մեկ: Ականատեսներից մեկն ասել է, որ պայթյունը որոտացել է երգչուհու վերջին երգից անմիջապես հետո, երբ մարդիկ արդեն դեպի ելքն էին շարժվում: Մեկ այլ այցելու ասել է, որ տեսել է, թե ինչպես պայթյունից հետո ընկած մնաց 20-30 մարդ:

Մյուսը պատմել է, որ մարդիկ բղավում էին և վազում մեկ ուղղությամբ, իսկ հետո շատերը կանգ էին առնում և հակառակ ուղղությամբ վազում, և որ հանդիսատեսի հետ դուրս էին վազում նաև պահակախմբի անդամները:

Պայթուցիկի տեսակը դեռ պարզված չէ: Տուժածներն ասել են, որ բեկորներից են վիրավորվել: Սա հաստատում է վարկածը, որ խոսքը կարող է ինքնաշեն ռումբի մասին լինել, որը լցոնված է եղել մետաղյա մասնիկներով՝ ավելի մեծ քանակությամբ մարդկանց վնասելու նպատակով:

Պայթյունից հետո

Պայթյունից հետո ոստիկանությունը մարզադաշտից ոչ հեռու կասկածելի իր էր հայտնաբերել, որը սակրավորները պայթեցրին: Սակայն պարզվեց, որ դա ընդամենը մոռացված հագուստ էր:

Տեղաբնակները պայթյունից անմիջապես հետո սոցցանցերի միջոցով առաջարկել են նրանց, ով չի կարող մեկնել, գիշերել իրենց տներում: Այդպիսի հարյուրավոր առաջարկներ են եղել:

Մայիսի 23-ին Մանչեսթերի ահաբեկչությանը մեղսակցության կասկածանքով 23-ամյա երիտասարդ է ձերբակալվել:«Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Արենայի» միջադեպին, մենք կարող ենք հաստատել, որ մեզ հաջողվել է ձերբակալել 23-ամյա մի երիտասարդի Մանչեսթերի հարավում»,-ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ինչ պատահեց Արիանա Գրանդեին

Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն, որի համերգն էր մարզադաշտում, ցավակցել է բոլոր տուժածներին: «Ես կոտրված եմ: Շատ եմ ցավում, ամբողջ սրտով: Բառեր չունեմ»,- գրել է Գրանդեն Twitter-ի իր միկրոբլոգում մայիսի 23-ին:

23-ամյա երգչուհին չի տուժել, սակայն, ըստ TMZ պորտալի աղբյուրների, դադարեցրել է համերգային շրջագայությունը: Նա նաև համերգներ ուներ Բելգիայում, Լեհաստանում, Գերմանիայում և Շվեյցարիայում: Ըստ աղբյուրների, Գրանդեն «չի կարողանում հաշտվել, հիսթերիայի մեջ է և չի կարող ելույթ ունենալ»: Բացի այդ, նա և իր թիմը խորապես մտահոգված են անվտանգության հարցերով:

Երգչուհին չեղարկել է մայիսի 25-ին Լոնդոնում կայանալիք համերգը:

ԻՊ մեղսակցությունը

Ըստ մի շարք ԶԼՄ-ների, ահաբեկչական «Իսլամական պետությունը» ստանձնել է Մանչեսթերում մայիսի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության պատասխանատվությունը: Մյուս ԶԼՄ-ները գրում են, որ պաշտոնապես ԻՊ-ն չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: Համացանցում, սակայն, տեսագրություն է տարածվում, որտեղ դիմակավոր մարդն իրեն խմբավորման անդամ է անվանում և ասում է, որ Մանչեսթերի ահաբեկչությունը «միայն սկիզբն է»:

Մի քանի տարի շարունակ Բրիտանիան իսլամիստ ահաբեկիչների հիմնական թիրախներից մեկն է: Վերջին ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել 2017-ի մարտի 22-ին, երբ ահաբեկիչը Լոնդոնում մեքենայով մխրճվեց մարդկանց ամբոխի մեջ: Հետո նա հարձակվեց բրիտանական խորհրդարանի վրա և գնդակահարվեց: Այն ժամանակ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց ԻՊ-ն:

Եթե ահաբեկչության վարկածը չհերքվի, պայթյունը «Մանչեսթեր Արենա» մարզադաշտում ամենաարյունալի ահաբեկչությունը կլինի Բրիտանիայում 2005-ի հուլիսին Լոնդոնում պայթյուններից հետո, որի հետևանքով ավելի քան 50 մարդ զոհվեց:

Լոնդոնում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մանչեսթերում պայթյունի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների առկայությունը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---