Նվազագույնից մինչև նախագահական

Նվազագույնից մինչև նախագահական

Ով ինչքան թոշակ է ստանում Հայաստանում

ՀՀ Ազգային ժողովը մայիսի 31-ին ընդունել է դատաիրավական համակարգում 20-ամյա աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցների մասին նախագիծը՝ թույլատրելով նրանց շարունակել աշխատել համակարգում՝ հետագայում չզրկվելով բարձր՝ 423.000 դրամ թոշակ ստանալու հնարավորությունից: Խոսքը Քննչական կոմիտեի այն ծառայողների, դատախազների ու դատավորների մասին է, որոնց այս պահին հնարավորություն է տրված անցնելու երկարամյա կենսաթոշակի, եթե նրանք ունեն 20 ամյա աշխատանքային ստաժ:

PanARMENIAN.Net - PAN-ը պատմում է, թե ով ինչքան թոշակ է ստանում Հայաստանում ու հարևան երկրներում:

Միջին ու բազային կենսաթոշակը

2016 թվականին Հայաստանում կենսաթոշակի միջին չափը կազմել է 40.397 ՀՀ դրամ ($85): Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին ցուցանիշը կազմել էր 40.441 ՀՀ դրամ:

Կենսաթոշակի հաշվարկումն այժմ կատարվում է այսպես՝ 16.000 դրամ բազային՝ նվազագույն կենսաթոշակ, որին ավելանում է 800-ական դրամ՝ առաջին 10 տարվա ստաժի համար և 500-ական դրամ՝ հետագա տարիների ստաժի:

Նախագահական կենսաթոշակը

2017-ի պետբյուջեի համաձայն, անհատական կենսաթոշակ են ստանում ՀՀ նախկին 2 նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես նաև նախկին 92պատգամավոր:

Նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը ստանում են կենսաթոշակ գործող նախագահի աշխատավարձի 70%-ի չափով՝ 924.000 դրամ:

Այսքան թոշակ են ստանում ՀՀ նախկին նախագահները, դատավոր-դատախազներն ու միջին կենսաթոշակառուները

Դատավոր-դատախազների կենսաթոշակը

Անհատական կենսաթոշակ են ստանում նաև նախկին դատավորները, Սահմանադրական դատարանի անդամները, նախկին դատախազները, այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք:

2017-ի հուլիսի 1-ից հետո 2014-ի օրենսդրական փոփոխություններով դատախազների, քննիչների կենսաթոշակը 423-ից պետք է իջեցվի 227.000 դրամի:

Մինչև մայիսի 30-ն ընդունված վերջին օրենսդրական փոփոխությունները նախատեսվում էր, որ բարձր՝ 423.000 դրամ կենսաթոշակ կհատկացվի միայն նրանց, ովքեր աշխատանքից կհեռանային մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը։ Այժմ առաջարկվում է այդ իրավունքն անժամկետ դարձնել բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են մինչև 1974 թվականը (տարիքով ավելի կրտսերները մասնակցում են կուտակային կենսաթոշակային համակարգին)։

Կուտակայինը կդառնա պարտադիր

Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգը 2018 թվականի հուլիսի 1-ից կսկսի գործել նաև նրանց համար, ովքեր ավելի վաղ՝ 2014 թվականին, դիմում էին գրել, ժամանակավորապես հրաժարվելով դրանից: Այսինքն՝ այդ օրվանից համակարգում կներառվեն 1974 թվականից հետո ծնված ՀՀ բոլոր քաղաքացիները:

Համեմատության համար

Հարևան Վրաստանում միջին կենսաթոշակը մոտ $72 (180 լարի) է, Ադրբեջանում՝ մոտ $120 (203 ադրբեջանական մանաթ), Ռուսաստանում՝ $232.12 (13.200 ռուբլի), Չեխիայում՝ մոտ $470 (€420):

Գլխավոր նկարը՝ Breaking Bad հեռուստասերիալից

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---