Պուլիցերյան լուսանկարներ

Պուլիցերյան լուսանկարներ

«Փոքր մարդու» տառապանքները

Ինչպես հայտնել է Պուլիցերյան մրցանակների հանձնման կազմկոմիտեն, Պոնոմարյովը The New York Times-ից Մաուրիսիո Լիմայի, Թայլեր Հիքսի և Դենիել Էթերի հետ միասին արժանացել է մրցանակին «փախստականների վճռականությունը ցուցադրող ֆոտոնյութերի շարքի համար»:

PanARMENIAN.Net - 2016-ին «Լրատվական լուսանկար» անվանակարգում Պուլիցերյան մրցանակի է արժանացել ռուս լուսանկարիչ Սերգեյ Պոնոմարյովը:

Պոնոմարյովը երրորդ ռուսաստանցին է, որը պարգևատրվում է Պուլիցերյան մրցանակով: 1992-ին «Լավագույն ռեպորտաժային լուսանկար» անվանակարգում պարգևատրվել են Ալեքսանդր Զեմլյանիչենկոն և Բորիս Յուրչենկոն (Associated Press-ի կոլեկտիվի կազմում): 1997-ին Զեմլյանիչենկոն ստացել է երկրորդ մրցանակը «Լավագույն լուսանկար» անվանակարգում ՌԴ նախագահ Բորիս Ելցինի լուսանկարի համար:

http://media.pn.am/media/issue/241/076/textphoto/photo_241076_d8cb41c75.jpg

© Sergey Ponomarev / The New York Times

Պուլիցերյան մրցանակի հանձնման արարողության ժամանակ Պոնոմարյովը խոստովանել է, որ լուսաբանելով թեման, «մշտապես մտածել է Գոգոլի «Շինելի», ռուս գրականության «փոքր մարդու» մասին: «Սովորական և հալածված «փոքր մարդը» անարդար համակարգի միաժամանակ և հակադրությունն է, և զոհը: Այդ «անարդար համակարգը» ոչ միայն անարդար է, այլ նաև ...ճակատագրական:

Գոգոլի վեպում գլխավոր հերոսի մահն այն բանի արդյունքն է, որ պետծառայողները չցանկացան պայքարել հանուն արդարության: Դա է իմ աշխատանքների գլխավոր կերպարն ու խորհրդանիշը, ինձ միշտ հետաքրքրում է այդ «փոքր մարդը», «փոքր», բայց մեծ մարդը՝ ես հավատում եմ դրան, քանի որ «փոքր մարդու» տառապանքները ցույց են տալիս համակարգի մեծ անարդարությունները:

© Sergey Ponomarev / The New York Times

Այդ մարդիկ պատմում են իրենց փոքր պատմությունները, որոնք կուտակվում են՝ դառնալով մի մեծ պատմություն»,-ասել է ռուս լուսանկարիչը:

Նախագիծն անդրադառնում է սիրիացի փախստականների խնդրին, որոնք 2015-ին փորձել են հատել Միջերկրական ծովը Եվրոպա հասնելու համար: Լուսանկարներն արվել են տարբեր վայրերում, այդ թվում հունական Լեսբոս կղզում, Մակեդոնիայում, Սլովենիայում, Սերբիայում և Հունգարիայում: Ռեպորտաժներն արվել են The New York Times-ում տարբեր հրապարակումների համար:

© Sergey Ponomarev / The New York Times

«Մենք բոլորս տարբեր վայրերում ենք եղել և տարբեր տպավորություններ ստացել, բայց ամենուր տեսել ենք նշանակետին հասնելու փախստականների անհաղթահարելի ցանկությունը: «Պետք է գնալ»,-հարյուրավոր անգամ եմ լսել այս արտահայտությունը՝ հունական կղզիների լողափերում, Հունգարիայի փակ սահմանին, Աթենքի և Իդոմենիի ճամբարներում»,-ասել է Պոնոմարյովը:

© Sergey Ponomarev / The New York Times

Խոսելով այն մասին, թե երբ է որոշել լուսանկարիչ դառնալ՝ նա ասել է, որ մեծացել է լուսանկարիչների շրջապատում: «Պապս ու հայրս լուսանկարում էին, նրանք լուսանկարչական խցիկներ ունեին, ես այդ միջավայրում եմ մեծացել: Բայց լուսանկարից ամենավառ տպավորությունը ստացել եմ, երբ սովորում էի դպրոցի ավարտական դասարանում և որոշեցի համադասարանցի աղջիկներին նվեր մատուցել մարտի 8-ի կապակցությամբ: Ես լուսանկարում էի նրանց մի քանի շաբաթ կամ ամիս՝ արդեն չեմ հիշում: Իսկ հետո տպեցի լուսանկարները լոգարանում և հետո մեծ դասամիջոցին դասավորեցի դրանք դասարանում: Դրանք ռեպորտաժային լուսանկարներ էին, բեմադրված չէին, աղջիկներն իրենք էլ չգիտեին: Ոմանք հավանեցին, ոմանք՝ ոչ այնքան, հետո ինձ հետ չէին խոսում: Բայց դա առաջին շփումն էր լուսանկարի հետ հենց լուսանկարչի դերում»,-ասել է Պոնոմարյովը:

© Sergey Ponomarev / The New York Times

Պոնոմարյովը բազմիցս է հայտարարել, որ դեմ է բեմադրված լուսանկարներին լրագրության մեջ: «Ես երբեք բեմադրությամբ չեմ զբաղվել և կարծում եմ, որ լրագրության մեջ դա անթույլատրելի է: Մենք հասարակության աչքերն ենք: Մենք վավերագրում ենք իրականությունը, մենք չպետք է իրավիճակները բեմադրենք լուսանկարչական խցիկի առջև: Եթե դու անում ես դա, ապա վստահությունը քո հանդեպ շեշտակիորեն նվազում է: Եվ հետո, ճակատագիրն այնքան զարմանալի նվերներ է մատուցում և այնպես է ծավալում իրադարձություններն օբյեկտիվի առջև, որ հորինելն անհնար է: Ես ուղղակի գնում եմ և փնտրում, թե ինչ տեղի կունենա իմ աչքի առաջ»,- է լուսանկարիչը:

Սերգեյ Պոնոմարյովը 2015-ին արժանացել է World Press Photo մրցանակին Գազայից ռեպորտաժների համար:

Հասմիկ Վանցյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
10 պատճառ՝ DZEN-ին ներկա գտնվելու
ԽՍՀՄ ինտերակտիվ թանգարանը հրդեհից հետո տանիք է փնտրում
Sigma Sol խումբը՝ նոր խոսք հայկական երաժշտության մեջ
Տիկնիկայինի տնօրենը՝ թատրոնում ռոք-համերգի չեղարկման մասին
 Ուշադրության կենտրոնում
SOAD-ը հոնորար չի ստանա 2020-ի համերգի համար

SOAD-ը հոնորար չի ստանա 2020-ի համերգի համար Խումբն իր «նողկանքն» է հայտնել արվեստը քաղաքականացանելու փորձերի հանդեպ

 Բաժնի այլ նյութերը
Ընդլայնելով սահմանները Երևանում կկայանա Իվան Դորնի համերգը՝ նոր ձևաչափով
Տաթևից՝ Դրեզդեն 4 կոթող, որ վերականգնվեցին մոխրից
Deutschland, Deutschland über allen Ինչ է ասում Rammstein-ն իր նոր հոլովակում