Քեթի Փերիից մինչև Քելվին Հարիս

Քեթի Փերիից մինչև Քելվին Հարիս

Ինչ է սպասվում երաժշտասերներին հունիսին

Այս ամառը թեժ է լինելու, և այդ մասին է վկայում ոչ միայն եղանակի տեսությունը, այլև հունիսին սպասվող հայտնի երաժիշտների նոր ալբոմների ցանկը: Ամռան առաջին ամսին բազմաթիվ միջազգային ճանաչում ունեցող երգիչներ, երգչուհիներ և խմբեր կուրախացնեն իրենց երկրպագուներին նոր ձայնասկավառակներով:

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net - ն առանձնացրել է առավել նշանակալի ալբոմների ռելիզները՝ ներկայացնելով դրանց ստեղծման մասին հետաքրքիր մանրամասներ:

Քեթի Փերի – Witness

Ռելիզը՝ հունիսի 9, 2017թ.

Ամերիկյան հայտնի երգչուհի Քեթի Փերին (Katy Perry) հունիսի 9-ին ներկայացրել է իր՝ թվով 5-րդ ստուդիական ալբոմը: Մինչ այս երգչուհին ձայնասկավառակ էր թողարկել 2013թ.-ին՝ Prism-ը: Witness-ի ձայնագրման աշխատանքների մասին Փերին հայտնել էր դեռևս 2016թ. փետրվարին՝ մեծ համերգային շրջագայությունից հետո: Փոքր դադարից հետո երգչուհին զգաց, որ կարող է վերադառնալ աշխատանքին և մինչև տարեվերջ շուրջ 40 նոր կատարման վրա սկսեց աշխատել: Օգոստոսին երգչուհին հայտարարեց, որ չի ուզում շտապել և պարզապես զվարճանում է՝ նոր ալբոմ ձայնագրելով ու նոր ոճեր փորձելով: 2017-ի սկզբին Փերին հարցազրույթներից մեկում ասել է, որ գրված 40 երգից միայն 15 տեղ կգտնեն նոր ձայնասկավառակում: Փետրվարին թողարկվեց ալբոմի գլխավոր սինգլը՝ Chained to the Rhythm, երկրորդ սինգլը՝ Bon Appétit-ը, լույս տեսավ ապրիլի վերջին, երրորդ սինգլը, որը Փերին կատարում է Նիքի Մինաժի հետ համատեղ՝ Swish Swish-ը, թողարկվեց մայիսի կեսերին: Ինչպես և խոստացել է երգչուհին, 57 րոպե տևողությամբ ալբոմում տեղ է գտել 15 կատարում:

Lorde – Melodrama

Ռելիզը՝ հունիսի 16, 2017թ.

Երիտասարդ նորզելանդացի երգչուհի Լորդն (Lorde) այս ամիս իր երկրորդ ստուդիական ալբոմը կթողարկի: Melodrama ձայնասկավառակի ձայնագրման աշխատանքներն իրականացրել է Republic Records ընկերությունը: Երգերը ստեղծվել են Նոր Զելանդիայում: Երգչուհին համահեղինակ և պրոդյուսեր Ջեք Անտոնովի հետ միասին աշխատել է նոր ալբոմի վրա մոտ մեկուկես տարի՝ 2015-ի կեսերից մինչև 2017-ի սկիզբը: Իսկ ալբոմի անվանումը հայտնի է դարձել միայն մարտի 2-ին, երբ դուրս է եկել առաջին սինգլը՝ Green Light-ը: Լորդի խոսքով, նոր ձայնասկավառակում նա երգում է միայնության և տառապանքների լավ և վատ կողմերի մասին: Ալբոմի առաջխաղացմանն ուղղված սինգլներից երկրորդը թողարկվել է հունիսի 1-ին: Ընդհանուր 41 րոպե տևողությամբ ալբոմում տեղ է գտել 11 երգ:

Imagine Dragons – Evolve

Ռելիզը՝ հունիսի 23, 2017թ.

Ամերիկյան հանրահայտ Imagine Dragons ռոք խումբը հունիսի 23-ին կթողարկի իր երրորդ ստուդիական ալբոմը, որի աշխատանքներով զբաղվել են KIDinaKORNER և Interscope Records ստուդիաները: Խումբն աշխատել է նոր ալբոմի վրա 2016-ի սեպտեմբերից: 2015-ին Smoke + Mirrors ալբոմի թողարկումից և դրան հաջորդող համաշխարհային շրջագայությունից հետո խումբը որոշ դադար էր վերցրել ուժերը հավաքելու և նոր ալբոմ ձայնագրելու համար, սակայն ողջ այդ ընթացքում լռություն էր պահպանում՝ ստիպելով երկրպագուներին գուշակություններ անել: Նոր ձայնասկավառակի մասին հայտնի դարձավ միայն մայիսի 9-ին, այդ ժամանակ էլ բացվեց դրա նախնական պատվերը: Խմբի ֆրոնտմեն Դեն Ռեյնոլդսը՝ խոսելով նոր ձայնասկավառակի մասին, այն «էվոլյուցիա» է անվանել Imagine Dragons-ի համար: Evolve-ի առաջխաղացման նպատակով խումբը 2 սինգլ է թողարկել՝ Believer-ն ու Thunder-ը: Առաջինը՝ դեռ փետրվարի սկզբին, իսկ երկրորդը՝ ապրիլին: 39 րոպե տևողությամբ ալբոմում ընդհանուր առմամբ տեղ է գտել 11 կատարում:

Իգի Ազալիա – Digital Distortion

Ռելիզը՝ հունիսի 30, 2017թ.

Ավստրալիացի ռեփ երգչուհի Իգի Ազալիան (Iggy Azalea) հունիսի 30-ին երկրպագուների դատին կհանձնի իր երկրորդ ստուդիական ալբոմը՝ Digital Distortion-ը, որը պետք է լույս տեսներ դեռևս 2016-ի հուլիսին, սակայն թողարկումը հետաձգվեց երգչուհու նշանադրության և հետագայում նշանածից բաժանվելու պատճառով: Այդ ժամանակ Ազալիան հայտարարեց, որ ուզում է մի քիչ հանգստանալ և նոր երգերով լրացնել ալբոմը: Ձայնագրման աշխատանքները մոտ երկու տարի տևեցին՝ 2015թ-ից սկսած: 2016թ. մարտի 18-ին երգչուհին թողարկեց նոր ալբոմից առաջին սինգլը՝ Team, իսկ մի քանի օր անց՝ երկրորդը՝ Mo Bounce-ը: Դրանից հետո Ազալիան վերցրեց թայմ-աուտ, անձնական կյանքով զբաղվելու և նոր, ինչպես երգչուհին ինքն էր ասում, «ավելի սեքսուալ» երգեր ստեղծելու համար: 2017-ի սկզբին նա հաստատեց, որ արդեն 13 պատրաստ երգ ունի նոր ձայնասկավառակից: Իսկ մայիսի 19-ին թողարկեց Switch սինգլը: Այժմ հայտնի է միայն 6 ձայնագրված երգի մասին, մնացած երգերի անունները գաղտնի են պահվում:

Calvin Harris – Funk Wav Bounces Vol. 1

Ռելիզը՝ հունիսի 30, 2017թ.

Շոտլանդացի դիջեյ, երգիչ և երգահան Քելվին Հարիսը (Calvin Harris) նույնպես նոր ալբոմ կթողարկի հունիսի 30-ին: Funk Wav Bounces Vol. 1-ը կդառնա նրա 5-րդ ձայնասկավառակը: Ալբոմում տեղ գտած կատարումներում հայտնի շոտլանդացին համագործակցել է այնպիսի հրավիրված աստղերի հետ, ինչպիսիք են Ֆրենկ Օուշենը, Քեթի Փերին, Ֆարել Ուիլիամսը, Ջոն Լեջենդը, Big Sean-ը, Արիանա Գրանդեն, Նիքի Մինաժը, Snoop Dogg-ն ու այլոք: Նոր ալբոմում կհնչեն նրանց հայտնի ձայները: Հարիսը տարվա սկզբում հայտարարել էր, որ ալբոմում տեղ կգտնի 10 երգ, նշելով, որ «աշխատել է մեր սերնդի գերագույն արտիստների հետ»: Փետրվարի 23-ին 33-ամյա դիջեյը թողարկել է նոր ալբոմի առաջին սինգլը՝ Slide –ը, մարտի վերջում՝ Heatstroke-ը, իսկ բոլորովին վերջերս՝ Rollin-ը: Մայիսի 9-ին, նա հաստատել է, որ ալբոմը լույս կտեսնի հունիսի վերջին:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---