Խնայողություն, թե գործազրկության աճ

Խնայողություն, թե գործազրկության աճ

Որն է Հայաստանի «անօգուտ» աշխատուժը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ 2016-ի հոկտեմբերին հանձնարարել էր բոլոր գերատեսչությունների ղեկավարներին ներկայացնել առաջարկություններ իրենց կառավարման կառուցվածքը վերանայելու վերաբերյալ: «Օպտիմալացում բառը փոխարինում ենք կտրուկ կրճատում բառով, որպեսզի օպտիմալացումը տարբեր կերպ չմեկնաբանվի», - ասել էր վարչապետը: PanARMENIAN.Net-ը հավաքել է վերջին տարում ՀՀ-ում տեղի ունեցած կրճատումները:

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում

ՀՀ ԱԺ նախագահը կունենա 2 խորհրդական, 3 օգնական, 1 ռեֆերենտ. նախկին 22 հաստիքից կմնա ընդամենը 6 հաստիք։ Այս մասին որոշումն ընդունվել է հունիսի 12-ին:

ԱԺ աշխատակազմի խիստ ուռճացված լինելու մասին բազմիցս բարձրաձայնվել է: ԱԺ նախագահի օգնականներն ու խորհրդականները, պատգամավորի օգնականներն ու փորձագետները մոտ 800 հոգի են կազմում: Տեղեկություններ կան, որ ԱԺ աշխատակազմը զգալիորեն կրճատվելու է:

Սեյսմիկ պաշտպանության համակարգում

Սեյսմիկ պաշտպանության բնագավառում տարեկան կտնտեվի 76.5 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, 10 հաստիք կկրճատվի: ԱԻՆ-ից պարզաբանեցին, որ հիմնականում կրճատվում են թափուր հաստիքները, այլ ոչ թե՝ աշխատակիցները:

Նախատեսվում է օպտիմալացնել սեյսմիկ պաշտպանության բնագավառի մարմինները, կառուցվածքային և հաստիքային փոփոխությունների, խնդիրների վերաբաշխման միջոցով կբարձրանա գործունեության արդյունավետությունը, ինչի արդյունքնում էլ գումարներ կտնտեսվեն:

ՀՀ նախագահի աշխատակազմում

ՀՀ կառավարության հունիսի 14-ի որոշմամբ ՀՀ նախագահի աշխատակազմին 2017 թ. պետական բյուջեով հատկացված միջոցներից 50 մլն 178.200 ՀՀ դրամը կուղղվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից իրականացվող օպտիմալացման արդյունքում աշխատակիցների ընդհանուր թվի` 27 հաստիքային միավորի կրճատմամբ:

Կրթական համակարգում

Մայիսի սկզբին հայտնի դարձավ, որ հանրակրթական դպրոցներում փոփոխություններ են սպասվում: Առաջիկայում կփակվեն կամ կմիավորվեն գործող մինչև 300 աշակերտ ունեցող, հետագայում՝ նաև մինչև 450 աշակերտ ունեցող քաղաքային դպրոցները։

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարել է, որ դպրոցների օպտիմալացման ժամանակ կրճատումների թիվը չի կարող ավելի լինել, քան մի քանի հարյուր մարդ` ամբողջ հանրապետությունում: Նախարարը հավելել է, որ «եթե չկարողանան ուսուցիչներին աշխատանքով ապահովել, պետք է տրամադրեն փոխհատուցում: Եթե փակվող դպրոցներ լինեն, սա կարևոր պայմաններից մեկը կլինի»: Իսկ Վանաձորում գործող 8 գրադարանի մի խումբ աշխատակիցներ ազատման ծանուցագրեր են ստորագրել: Վանաձորում գործող 8 գրադարանից մնալու է մոտ 5-6-ը:

Պետական եկամուտների կոմիտեում

Մայիսին հայտարարվել է, որ Պետեկամուտների կոմիտեն նախատեսում է կատարել կառուցվածքային փոփոխություններ, որոնց հետևանքով կկրճատվի 483 հաստիք: Նախատեսվում է լուծարել հարկային (տարածքային) տեսչությունները` վերջիններիս փոխարեն ստեղծելով թվով 3 վարչություն, և դրանք ներառել կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կազմում: Նախատեսվում է նաև կրճատել մաքսատների քվաքանակը:

Փոփոխությունները միտված են հարկային վարչարարության կատարելագործմանը, ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: PAN-ը նախկինում պատմել էր ՊԵԿ ուռճացված աշխատակազմի մասին ու գրել, ինչպես խնայել միլիարդներ՝ հարկայինի օպտիմիզացիայով:

Պետկառավարման համակարգում

ՀՀ ԱԺ ապրիլի 2-ի ընտրությունից հետո կրճատումներ սկսվեցին պետական կառավարման համակարգում: ԱԺ նախագահը կրճատեց 16 օգնական-խորհրդական, արտակարգ իրավիճակների նախարարության համակարգից կրճատվեց 50, նախագահի աշխատակազմից՝ 15 հոգի: Կրճատումներ եղան նաև ՀՀ Վերահսկիչ պալատում, իսկ կրճատված քաղծառայողները դիմել են Հելսնիկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ և պնդել, որ կրճատումներն իրականացվել են օրենքի խախտմամբ:

ՊՈԱԿ-ներ ու ԾԻԳ-եր

Կառավարության ապրիլի 13-ի նիստում որոշում է կայացվել լուծարել ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Կրճատվել է 20 հաստիք: 120 միլիոն դրամի խնայողություն է նախատեսվում ունենալ: Բացի այդ, 2016-ի նոյեմբերի 3-ի նիստում հայտարարվել է, որ կդադարեցվի հետևյալ պետական հիմնարկների գործունեությունը:

Նախատեսվում է տնտեսել ավելի քան 270 մլն դրամ: Վարչապետի խոսքով՝ գործող 11 ԾԻԳ-ից պետք է մնա 5-ը:

2016-ի սեպտեմբերին դեռ վարչապետի հանձնարարականներից մեկը վերաբերել է բոլոր գերատեսչություններին. «Գործադիրի բոլոր մարմիններին հանձնարարում եմ վերանայել կառավարության իրենց ոլորտներում գտնվող ՊՈԱԿ-ների գործունեության նպատակահարմարությունը և ներկայացնել առաջարկություն ՊՈԱԿ-ների թվաքանակի կրճատման և օպտիմալացման վերաբերյալ: Բազմաթիվ ՊՈԱԿ-ներ կան, որոնք ունեն հաստատուն ծախսեր, բայց հասկանալի չէ, թե իրենց օգուտը որն է: Ելնելով դրանից, շատ խիստ, կոշտ պետք է վերանայել այդ ամենը»:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---