Հարևանի նոր «մերսեդեսը»

Հարևանի նոր «մերսեդեսը»

Ադրբեջանի սպառազինության համալրումները վերջին ամիսներին

Հունիսի 24-ին Բաքուն ռազմատեխնիկայի նոր խմբաքանակ է ստացել Ռուսաստանից: Խոսքը «Քրիզանտեմա- Ս» հակատանկային հրթիռային համակարգերի և դրա հրթիռների, ինչպես նաև՝ 9P157-4 տիպի հրամանատարաշտաբային մեքենայի մասին է:

PanARMENIAN.Net - Մատակարարումը պլանային է և իրականացվել է ըստ երկրների միջև ռազմատեխնիկական գործակցության մասին գործող միջկառավարական համաձայնագրի: Այս առթիվ PanARMENIAN.Net ը վերհիշում է, թե վերջին ամիսներին հարևան, բայց ոչ բարեկամ երկրի ռազմական տեխնիկայի էլ ինչ խոշոր ձեռքբերումների մասին է հայտնի դարձել:

Սրանից 2 ամիս առաջ՝ ապրիլի 26-ին, հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը ՌԴ-ից ռազմական տեխնիկայի ևս մեկ խմբաքանակ էր ստացել՝ ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ: Զինտեխնիկայի հետ Ռուսաստանը տրամադրել է նաև տեխնիկան շահագործող զինծառայողների ուսուցման ծառայություններ:

Ադրբեջանը զենք է գնում ՌԴ-ից 2000-ից ի վեր, սակայն պայմանագրերի ամենամեծ փաթեթը կնքվել է 2010-ին և գնահատվում է 4 մլրդ դոլար:Ռուսաստանը 2014թ. պաշտոնապես Ադրբեջան է արտահանել հետևյալ զինատեսակները.65 միավոր տանկ, 78 միավոր ռազմական զրահամեքենա, 118 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր:

ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակած տվյալների համաձայն, 2016-ին Ռուսաստանն Ադրբեջանին է մատակարարել 6 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգ:

Իր վերջին ձեռքբերումներից մեկը՝ իսրայելական նորագույն «Սպայկ» տիպի կառավարվող հրթիռը, Ադրբեջանն արդեն իսկ հասցրել է կիրառել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում. մայիսի 15-ին շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը «Սպայկով» մասնակի վնասվել է հայկական կողմի մեկ ռազմական տեխնիկա՝ «Օսա» զենիթահրթիռային համալիր:

Դրանից օրեր առաջ՝ մայիսի 10-ին, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի բազաներից մեկի տարածքում կայացել է իտալական Leonardo Aircraft ընկերության նոր սերնդի М-346 ուսումնամարզական ինքնաթիռի շնորհանդեսը:

Մարտի սկզբին էլ հայտնի էր դարձել, որ թուրքական Harp Arge ընկերությունն անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարող Drone Killer համակարգ է վաճառել Ադրբեջանին, որն օգտագործում է էլեկտրամագնիսային խափանումների սկզբունքը: Գործարքը Harp Arge ընկերության համար առաջին փորձն է Ադրբեջան արտահանելու առումով: Սպառազինության այդ համակարգը հաջողությամբ փորձարկվել է ադրբեջանական ուժային կառույցներում:

Անօդաչու թռչող սարքերի չեզոքացման համար նախատեսված Drone Killer համակարգը բարձր արագության 2,4 ԳՀց և 5,8 ԳՀց հաճախականությամբ էլեկտրամագնիսային խափանումներ է ստեղծում՝ խախտելով կապն անօդաչու թռչող սարքի և կառավարման կենտրոնի միջև: Համակարգը նաև ապակողմնորոշում է GPS-ը:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ

Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---