// IP Marketing video - START// IP Marketing video - END
Մայր աթոռն արևի լույսի է անցնում

Մայր աթոռն արևի լույսի է անցնում

Եկեղեցին ներդնում է այլընտրանքային էներգետիկայի տեխնոլոգիաներ

Մայր աթոռ սբ Էջմիածնի հոգևոր և վարչական կենտրոնի կառույցները կապահովվեն տաք ջրով արևային էներգայի շնորհիվ: Մայր աթոռի տարածքում նաև ֆոտոէլեկտրական կայան է կառուցվում: «Արևային» նախագծերն իրականացվում են Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսի օրհնությամբ:

PanARMENIAN.Net - Սբ Էջմիածնում արևային էներգետիկայի բոլոր ծրագրերն իրականացնող Optimum Energy ընկերության ներկայացուցիչ, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի խորհրդատու Արմեն Ղարիբյանը PanARMENIAN.Net ին պատմեց, որ Մայր աթոռը միշտ ողջունել է կանաչ տեխնոլոգիաների կիրառումը: Նա տեղեկացրեց, որ այս ծրագրի նախաձեռնող ու հովանավոր Աշոտ Թունյանի Recom ընկերությունը արտադրում է ֆոտովոլտային պանելներ, որոնք տրամադրվում են այստեղ ծրագիրն իրականացնելու համար:

Այսպիսով, «Եղիցի լույս» ծրագիրը ներառում է Մայր աթոռի հոգևոր և վարչական կենտրոնի կառույցների էներգետիկ աուդիտը, ինչպես նաև աուդիտի արդյունքում առաջարկվող էներգախնայողության միջոցառումները, արևային ջրատաքացուցիչների տեղադրումը, ֆոտոէլեկտրական կայանի կառուցումը:

Արևային ջրատաքացման համակարգը կառուցման ընթացքում է

Ղարիբյանի խոսքով՝ ներդրումների ծավալն ավելի քան $2 մլն է կազմում:

Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի խորհրդատու, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հովհաննես Թևոսյանը PanARMENIAN.Net ին ներկայացրեց Մայր աթոռում իրականացվող և նախատեսվող բոլոր ծրագրերը:

Արևային ջրատաքացուցիչ

Մայր Աթոռ Սբ Էջմիածնի հոգևոր և վարչական կենտրոնի կառույցների տաք ջրամատակարարումն իրականացվելու է արևային էներգիայով:

«Բոլոր այս շենքերի տաք ջրամատակարարումն ամբողջությամբ արևի էներգիայով է ապահովվելու: Տարվա ընթացքում խնայվելու է 65.000 խմ գազ, ինչը բավականին մեծ թիվ է», - նշեց Թևոսյանը:

Մայր աթոռի տարածքում (լողավազանի հարևանությամբ) տեղադրվող արևային ջրատաքացման համակարգ, որը Հայաստանում ամենամեծն է լինելու: Հզորությունը՝ մոտ 350 կՎտ, աշխատելու է ջերմային վակուումային խողովակների օգնությամբ, ինչը բավական է ամռանը ջրամատակարարումն ապահովելու համար: Ամբողջ համակարգը 1600 քմ տարածք է զբաղեցնում:

Այն կազմված է 142 մարտկոցից (կոլեկտորից), որոնցից յուրաքանչյուրն իր մեջ պարունակում է 30 ջերմային խողովակ: «Վերջիններս արևի էներգիան կլանելով՝ փոխանցում են այն յուրաքանչյուր մարտկոցում շրջանառվող ջերմատար հեղուկին, իսկ վերջինը ջերմային փոխանակիչների օգնությամբ արդեն այդ էներգիան ջրին է փոխանցում, և տաքացված ջուրը ուղղվում է դեպի շենքեր», - բացատրեց Թևոսյանը:

Նա նշեց, որ արևային ջրատաքացուցիչներն աշխատելու են նաև ձմռանը: Այդ ժամանակ ՕԳԳ-ն, իհարկե, կընկնի, բայց համակարգը, միևնույն է, կաշխատի: Անհրաժեշտության դեպքում կշահագործվեն կաթսաները՝ ջուրը համապատասխան ջերմաստիճանը բարձրացնելու նպատակով:

Օգոստոսին ջրատաքացման արևային համակարգն ամբողջությամբ կառուցված կլինի և շահագործման կհանձնվի:

Արևային ֆոտոէլեկտրական կայան

Մայր աթոռի տարածքում՝ Սբ Գայանե եկեղեցու մոտ, ֆոտոէլեկտրական կայան է կառուցվում (1 ՄՎտ դրվածքային հզորությամբ), որն իրենից ներկայացնում է 2880 ֆոտոէլեկտրական մոդուլի միացություն: Վերջիններս հորիզոնի նկատմամբ տեղադրված են 30 աստիճան թեքությամբ: Կայանը տարեկան արտադրելու է 1.600.000 կՎտժ էլեկտրաէներգիա, ինչն ըստ ներկայիս սակագների, համարժեք է $140.000-ի:

Թևոսյանը պարզաբանեց, որ ՖՎ մարտկոցներն արևային ճառագայթումը վերածում են հոսանքի, որը վաճառվելու է ՀԷՑ-ին, իսկ թե ինչպես է բաշխվելու այդ էներգիան սպառման կետերով, արդեն կորոշի ՀԷՑ-ը: Կայանը պատրաստ կլինի մոտ 2-3 ամսից:

Արևային ֆոտոէլեկտրակայանի ու Solar Park-ի համար նախատեսված դաշտն է

Solar Park

Optimum Energy ընկերության ներկայացուցիչ Արմեն Ղարիբյանի խոսքով, ֆոտովոլտային կայանի կողքը պետք է կառուցվի Solar Park՝ արևային այգի, որի նախնական դիզայնն արդեն պատրաստ է: Քաղաքացիների համար այն զբոսավայր կդառնա: Այգում նաև ուսումնական կենտրոն կլինի, որտեղ կցուցադրվեն արևային տեխնոլոգիաների նոր ձեռքբերումները:

Արևային ջեռուցում

Թևոսյանը պարզաբանեց՝ համալիրի շենքերը չեն ջեռուցվելու արևային էներգիայի միջոցով, քանի որ դա մեծ ներդրումներ է պահանջում, բացի այդ՝ արդյունավետ չէ.

«Ձմռանը միացնում ես կառույցների ջեռուցումը: Ամռանն այդքան մեծ էներգիան ի՞նչ ես անելու: Արևը հնարավոր չէ անջատել, արևային համակարգը միշտ աշխատում է, այդ պատճառով արևային էներգիայով ջեռուցում այստեղ չենք նախատեսել»:

Էներգախնայող ծրագրեր

Մայր աթոռ սբ Էջմիածնում էներգետիկ աուդիտ է կատարվել, որի արդյունքներով բոլոր շենքերի համար համապատասխան էներգախնայող միջոցառումներ են առաջարկվել:

«Օրինակ, նոր Մատենադարանի վիտրաժները ջերմային կորուստների պատճառ են դառնում. դա պարզվել է գիշերը թերմալ նկարահանման արդյունքում: Այդ խնդիրը լուծելու համար առաջարկվել է հատուկ էներգախնայող թաղանթներ փակցնել ապակիներին: Դրանք կնվազեցնեն հովացման բեռն ամռան ամիսներին և կկանխեն ջերմության արտահոսքն ապակեպատ մակերևույթներից», - ասաց Թևոսյանը:

Մայր աթոռի 22 շենքի համար էլ էներգախնայող ծրագրեր են իրականացվում:

«Համալիրը նաև գլոբալ էներգախնայող ծրագրեր ունի՝ արևային ֆոտովոլտային կայանի կառուցում ու արևային ջրատաքացուցիչների տեղադրում», - հավելեց էներգախնոյողության խորհրդատուն:

Լուսադիոնային լուսավորություն

Էներգախնայող միջոցառումներից մեկը նաև լուսավորության բարելավումն է: Թևոսյանը պատմեց, որ այժմ օգտագործվող հասարակ շիկացման լամպերը բավականին շատ հոսանք են օգտագործում: «Դրանք փոխարինում ենք լուսադիոդային համարժեքներով, համալիրով մեկ մոտ 5000 տարբեր տեսակի լուսատու է փոխարինման ենթակա, ինչն ամբողջ կենտրոնի լամպերի ու լուսատուների մոտ 60%-ն է»:

Էներգախնայողության ևս մեկ միջոցառում կա՝ էներգիայի կենտրոնական մոնիթորինգի համակարգ: Համալիրի բոլոր շենքերում իրականացվելու է էներգետիկ մենեջմենթ: Այն հնարավորություն կընձեռի հետևել տվյալ շենքի ջերմային և էլեկտրաէներգիայի սպառմանն օնլայն ռեժիմով, ինչպես նաև ստանալ և համեմատել ավելի վաղ ժամանակաշրջանում սպառման ցուցանիշները:

Լուսինե Դալլաքյան/ PanARMENIAN.Net, Արամ Կիրակոսյան/ PAN Photo
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես որոշ ժամանցի վայրեր հրաժարվեցին ծխախոտից
Բնապահպանների, «Լիդիանի» ու իշխանության փաստարկները
Ինչքան է պետությունն ուղղելու բազմազավակության խրախուսմանը
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
ՀՀ-ում 1 կալանավոր պահելը ծրագրավորող կրթելուց թանկ է Որքան է ծախսվում կալանավորների վրա
Կապույտ մազեր, Արցախ ու շարիաթ Աղջիկը պնդում է՝ ոստիկանները ծեծել են իրեն արտաքինի պատճառով
Էկոշենքերը գրավում են աշխարհը Երևանը միանում է «կանաչ» ճարտարապետությամբ քաղաքներին