Գինի լից

Գինի լից

Հայաստանում վերականգնվում է կարասներում հնեցման 6000-ամյա ավանդույթը

Հայաստանում բացվելու է կարասների պատրաստման դպրոց-լաբորատորիա, ինչը հնարավորություն կտա վերականգնել և ամրապնդել կարասներում գինիների հնեցման բազմադարյա ավանդույթը։ Հենց այսպես են այս տարածաշրջանում գինի պատրաստել 6000 տարի առաջ։ Դպրոց - լաբորատորիան հիմնվելու է դեռևս 2000 թվականից գործունեություն ծավալող «Զորահ» գինեգործական ընկերությանը կից։

PanARMENIAN.Net - Այս առթիվ PanARMENIAN.Net զրուցել է «Զորահ» գինեգործական ընկերության հիմնադիր Զորիկ Ղարիբյանի և համաշխարհային գինեգործության ոլորտում հանրահայտ էնոլոգ Ալբերտո Անտոնինիի հետ:

«Զորահ» նախագիծը

«Զորահ» գինեգործական նախագիծը մեկնարկել է 2000-ի սկզբներին: Հեղինակն առաջին անգամ 90-ականների վերջին է եկել ՀՀ: Եկել է ու որոշել՝ գինեգործությամբ զբաղվելու է հենց Հայաստանում (ոչ թե իտալական Տոսկանաայում, ինչպես մինչև այդ էր ցանկանում)։

Հիմնական շեշտադրումը, Ղարիբյանի խոսքով, հենց սկզբից էլ եղել է տեղական սորտերից գինի ստանալու մտադրությունը, թեև շատերն են փորձել նրան հետ պահել այս «արկածախնդրությունից»։

«Ասում էին՝ Արենի սորտը լավ չի հնեցվում, նախագիծը հաջողություն չի ունենա: 8 տարի տևած հետազոտական աշխատանքներից հետո 2010-ի բերքով 2012-ին «Զորահ կարասիով» դուրս եկանք շուկա, և անմիջապես հաջողություն գրանցեցինք։ Շարունակեցինք հետևողականորեն աշխատել, ու արդեն 6 տարի է շուկայում ենք, իսկ մեր գինին ներկայացված է աշխարհի 24 երկրում: Մատակարարում ենք բարձր խավին՝ Փարիզի, Լոնդոնի, Միլանի՝ Միշլենի աստղերով ռեստորանները»,- պատմում է Զորիկ Ղարիբյանը:

Ներկայացնելով արձանագրած հաջողությունները՝ նա համեստորեն նշում է, որ իրականում դեռ ոչ մի տեղ էլ չեն հասել, քանի որ սա իրենց առջև դրված նպատակների իրագործման միայն սկիզբն է․«Առաջին քայլերն են սրանք։ Հուսով ենք՝ ՀՀ-ում բարձրացած նոր գինեգործական ալիքն ավելի կուժեղանա, և աշխարհին կներկայացնենք մեր բնիկ տեսակները: Ունենք մեր բնիկ սրորտերը, ունենք բարձրադիր շրջաններ և ունենք մեր կարասները, որոնք 6000 տարվա պատմություն ունեն»:

Զորիկ Ղարիբյանը ծնվել է Թեհրանում, 1980 թ-ին տեղափոխվել է Վենետիկ, սովորել Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում, 1984-ից բնակվում է Միլանում, տարիներ շարունակ զբաղվել է հագուստի մոդելավորմամբ: Առաջին ծանոթությունը Հայաստանի հետ կայացել է 1998 թ-ին, ինչն էլ առիթ է հանդիսացել վերանայելու Իտալիայում գինեգործությամբ զբաղվելու նրա սկզբնական մտադրությունը:

Կարասագործության վերականգնումը

Արենի քարանձավի տարածքում արված պեղումների արդյունքում բացահայտվել է, որ տեղի բնիկները դեռևս 6000 տարի առաջ գինի են հնեցրել կարասների մեջ: Բայց այսօր Հայաստանում գրեթե չկան մասնագետներ, որ կարող են լուրջ չափսերի կարասներ արտադրել: Խոսքը 1000-1500 լ տարողությամբ կարասների մասին է:

Զորիկ Ղարիբյանի առաջիկա նպատակներից մեկը Հայաստանում կարասագործության դպրոց-լաբորատորիայի հիմնումն է հենց իրենց գինեգործարանի տարածքում՝ Վայոց ձորի Ռինդ գյուղում։

«Ամենա կարևորն այս պահին վարպետներ գտնելն ու հին կավեհանքերի վերականգնումն է, այնուհետև՝ գինու հնեցման համար ամենաօպտիմալ կավե խառնուրդի ստացումը։ Աշխատանք դեռ շատ կա, սակայն համոզված եմ, որ այս դպրոց-լաբորատորիայի հիմնումն ու գինեգործության հնագույն ավանդույթների և նորարար տեխնոլոգիաների համադրումը հնարավորություն կտան Հայաստանին համաշխարհային գինեգործության ասպարեզում ազդեցիկ և առաջնային դեր ունենալ, ինչպես նաև ավելացնել տուրիստների հոսքը»,- ասում է Զորիկ Ղարիբյանը։

Այնուամենայնիվ, նրանց հաջողվել է կարասագործ 2 վարպետ հայտնաբերել՝ մեկը Երևանից է, մյուսը՝ Սիսիանից: Այժմ աշխատանքներ են տարվում համապատասխան որակի կավի հանք հայտնավբերելու ուղղությամբ։ Ղարիբյանը հուսով է, որ առաջին կարասները պատրաստ կլինեն մինչև տարեվերջ։

«Մեր նպատակն այն է, որ մեր դպրոց-լաբորատորիայի աշակերտները հետագայում հիմնեն կարասագործության իրենց արվեստանոցները: Դպրոցն ու լաբորատորիան բաց են լինելու այցելուների համար: Իսկ ուսուցումը լինելու է անվճար»,- վստահեցնում է Ղարիբյանը։

Համաշխարհային մեծության գինեգործը

Համաշխարհային գինեգործության ոլորտում ամենահեղինակավոր 4 էնոլոգներից մեկը՝ Ալբերտո Անտոնինին, իր անմիջական և ակտիվ մասնակցությունն է ունեցել «Զորահ» գինիների ստեղծման գործընթացում: Նա պնդում է՝ խաղողի բնիկ հայկական սորտերն ու կարասներում հնեցումը հնարավորություն են տալիս ստանալ դարերի շնչով հագեցած ժամանակակից գինի։

24 երկրում, ներառյալ Ֆրանսիայում, Իտալիայում, Անգլիայում, Դանիայում, Շվեյցարիայում, Ճապոնիայում և այլն վաճառվող «Զորահ» գինիների օրինակը վկայում է ՝ հնագույն ավանդույթով պատրաստված հայկական գինիները միջազգային ասպարեզում մրցունակ լինելու մեծ ներուժ ունեն և հեշտությամբ համադրվում են ամենատարբեր խոհանոցների հետ։

Իտալիայում, Արգենտինայում, Չիլիում, Միացյալ Նահանգներում, Ուրուգվայում և Ավստրալիայում մի շարք խոշոր գինեգործական ընկերությունների հետ համագործակցող Անտոնինին հայկական «Զորահ» ընկերության հետ աշխատանքը սկսել է հենց տեղական Արենի սորտերիներ ուժը զգալով։

«Մեծ պատիվ է գինեգործի համարլինել մի վայրում, որտեղ ամեն ինչ սկսվել է: Շատ մարդիկ կարծում են, թե գինեգործությունը սկսվել է Իտալիայից կամ Ֆրանսիայից, բայց դա այդպես չէ: Երբ սկսում ես ուսումնասիրել գինեգործության պատմությունը, հայտնաբերում ես, որ գինեգործությունը սկիզբ է առել հենց այստեղից: Երբ ինձ հարցնում են՝ ինչ կարծիք ունես Հայաստանի մասին, ասում եմ՝ ինչպես կարող ես զբաղվել գինեգործությամբ ու չլինել Հայաստանում»,- ասում է Անտոնիոնին:

Նա կիսվում է Հայաստանի գործած առաջին տպավորությունով՝ այն միանշանակ չի եղել․ «Մի կողմից ես հիացած էի Հայաստանով, միջավայրով, բնությամբ։ Ամեն ինչ շատ տպավորիչ էր, բայց մյուս կողմից, երբ ես խնդրեցի ամենաներկայացուցչական հայկական գինիներն ու փորձեցի դրանք, հիասթափությունս մեծ էր: Դրանք բացառապես չէին իրացնում այն պոտենիցալը, որ կար: Կար բնություն, բայց չկար համապատասխան որակի գինի»:

Անտոնիոնին նշում է, որ սխալ էր գինիների հանդեպ վերաբերմունքը, ինչն էլ որոշել է փոխել․

«Զորիկի հետ քննարկելով իրավիճակը՝ որոշեցինք առաջ շարժվել ու «Զորահ» նախագիծը սկսեցինք: Մենք որոշեցինք աշխատել խաղողի՝ զուտ բնիկ սորտերով: Ի վերջո այստեղ 200-ից ավելի բնիկ տեսակ կա: Մյուս կողմից էլ այս երկրում պետք էր վերականգնել գինեգործության պատմությունը: Մենք հավատում ենք, որ գաղափարը ոչ թե շուկայի համար գինի արտադրելն էր, այլ՝ շուկային իրապես հայկական գինի մատակարարելը: Երբ շուկայի համար ես ինչ-որ բան անում, չես կարող հասնել հաջողության: Մեր նպատան էր ունենալ զուտ հայկական բնությունը ներկայացնող գինի»:

Համաշխարհային մեծության գինեգործը վստահ է՝ պետք չէ մտածել շուկայի մասին գինի արտադրելիս, պետք է մտածել միայն լավ գինի ստանալու մասին:

«Լավագույն գինին ամենապարզն է, որը ստանալը, սակայն, բնավ դյուրին չէ: Մենք օգտագործում ենք գինեգործության ավանդական եղանակները, դուք մեզ մոտ ոչ մի նորարարական տեխնոլոգիա չեք տեսնի: Ամեն ինչ հնարավորինս պարզեցված է: Մենք հնեցման համար միայն շնչող կարասներ ու շատ մեծ ծավալով տակառներ ենք օգտագործում և ոչ մի պողպատ։ Գինին կենդանի է, այն պետք է շնչի»:

Մնում է միայն ավելացնել, որ շուկայում հայտնվելուց ընդամենը 2 տարի անց՝ 2012 թվականին, «Զորահ կարասի արենի նոյր» գինին ներառվել է ամերիկյան հեղինակավոր Bloomberg Business weekly պարբերականի ներկայացրած՝ աշխարհի լավագույն գինիների տասնյակում։

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---