// IP Marketing video - START// IP Marketing video - END
Առաջ դեպի անցյալը

Առաջ դեպի անցյալը

«Խորհրդային շունչը» պահպանած երևանյան սրճարանները

Երևանի դիմագիծը շատ արագ է փոփոխվում. հայտնվում են նոր շենքեր, երբեմն հնի հաշվին, ամբողջ թաղամասեր են փոխվում, նոր հաստատություններ են բացվում՝ սրճարաններ, փաբեր, ռեստորաններ: Սակայն կան Երևանում այնպիսիք, որ քաջածանոթ էին դեռ մեր ծնողներին և ժամանցի անցկացման սիրված վայրեր էին դեռ Խորհրդային Միության շրջանում: Այդ հաստատություններից մի քանիսը պահպանել են նույնիսկ իրենց նախկին անվանումներն ու արտաքին տեսքը:

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ը ձեզ կտանի առաջ դեպի անցյալը՝ պատմելով երևանյան այն սրճարանների մասին, որտեղ զգացվում է «խորհրդային շունչը»:

Եվ այսպես, երևանցիների մի քանի սերնդի է ծանոթ «Պոնչիկանոցը»՝ սրճարան, որտեղ կարելի է մի կուշտ պոնչիկ ուտել տարբեր լցոնումներով: Կորյունի փողոցի և Մաշտոցի պողոտայի անկյունում, կինեմատոգրաֆիստների տան առաջին հարկում գտնվող հաստատությունը բացվել է դեռևս 1963-ին:

«Պոնչիկանոցը» բացվել է ՀՀ ԿԿ գլխավոր քարտուղար Յակով Զարոբյանի նախաձեռնությամբ: Իր տեսակի մեջ եզակի այս հաստատությունում կարելի էր պոնչիկի 2 տեսակ ճաշակել՝ ջեմով, որոնց արժեքը 3 կոպեկ էր, և վանիլային կրեմով, որոնք 5 կոպեկ արժեին: Մշտական հաճախորդները ոչ միայն ծնողների ուղեկցությամբ եկող երեխաներն էին, այլ նաև մոտակա մի քանի բուհերի ուսանողները: 1990-ին «Պոնչիկանոցը» փակվեց և չէր աշխատում ընդհուպ մինչև 2000թ., երբ այն գնեց գործարար, «Գրանդ Քենդի» ընկերության սեփականատեր Հրանտ Վարդանյանը:

Նոր «Պոնչիկանոցի» բացումը տեղի ունեցավ 2000-ի սեպտեմբերի 1-ին: Փոխվել էր ներքին հարդարումը, սակայն նոր սեփականատերերին հաջողվել էր գտնել նախկին աշխատակիցներին, որոնք պատրաստում էին այն հայտնի պոնչիկները, ու վերածնել հին ավանդույթները: Հետագայում սրճարանն ավելի ընդարձակ դարձավ, պոնիչկներն էլ մի փոքր թանկացան, իսկ մենյուն ընդլայնվեց, բայց այն այսօր էլ երևանցիների սիրված վայրերից է, որտեղ կարելի է մատչելի գնով համտեսել համեղ տեսականին ու հիշել վաղեմի ժամանակները:

1960-ականներին Երևանում 4 սիրված սրճարան կար, որտեղ հավաքվում էր հայ հասարակության «սերուցքը»՝ «Պոպլավոկը», «Կազիրյոկը», «Սկվոզնյաչոկն» ու «Կոպեյկա»-ն: Վերջին 2 հաստատությունն արդեն գոյություն չունի, սակայն լեգենդար «Պոպլավոկն» ու «Կոզիրյոկը» դեռ պահպանել են հին Երևանի շունչն ու սիրված են ինչպես տարեց, այնպես էլ երիտասարդ երևանցիների շրջանում:

Հայտնի «Պոպլավոկը» («Առագաստ») 1964-ին նախագծել է ճարտարապետ Ֆելիքս Հակոբյանը, որը նաև Օղակաձև զբոսայգու այն հատվածի ճարտարապետն է, որտեղ գտնվում է սրճարանը: Ճարտարապետը փորձել է այնպես նախագծել սրճարանը, որպեսզի այն ներդաշնակ լինի բնական ռելիեֆի հետ: Անվանումը նույնպես Հակոբյանն է ընտրել: Տարիներ շարունակ այստեղ էին հավաքվում դիմացի մայթին գտնվող Դրամատիկական թատրոնի դերասանները, գրողներ, ռեժիսորներ, երաժիշտներ, նկարիչներ, արվեստագետներ ու ուսանողներ՝ աղմկոտ հավաքույթների մասնակիցները քննարկում էին կարևորն քաղաքական իրադարձությունները, սիրահարվում էին...Հայտնի երեևանցիներից շատերին կարելի էր այնտեղ հանդիպել:

1997-ին «Պոպլավոկը» վերակառուցվեց և հին սրճարանի տեղում ավելի մեծ կառույց հայտնվեց, փոխվեց նաև ներքին հարդարանքը, ինչպես նաև ոճը՝ ավելի ժամանակակից սեղանիկներ դրվեցին, նոր սպասք հայտնվեց, փոխվեց ճաշացանկը: Հիմա նույնպես այնտեղ կարելի է հայտնի մարդկանց տեսնել, բայց ավելի հազվադեպ, քան նախկինում (ընտրությունը հիմա մեծ է): Փոխարենը ամառային երեկոներին նորացված «Պոպլավոկում» կարելի է ջազ լսել և ընկղմվել երևանյան մթնոլորտի մեջ:

60-ականների երևանյան սրճարաններից շարունակում է գործել նաև «Կազիրյոկը»: Սրճարանը Օպերային թատրոնի դիմաց է գտնվում: Սկզբից այն կոչվում էր «Պավիլիոն 268», սակայն շատ շուտով այն ստացավ «Կազիրյոկ» անվանումը համապատասխան գլխարկը հիշեցնող ծածկի համար: Առաջին տարիներին սրճարանում ինքնասպասարկում էր և այն «ոչ ալկոհոլային» էր: Ոչ մի բանով աչքի չընկնող, բայց բոլորի կողմից սիրված «Կոզիրյոկում» կարելի էր սուրճ խմել, պաղպաղակ ու թխվածք ուտել: Սրճարանը հայտնի էր իր անփոխարինելի Հռիփսիկով, որը 90-ականներին դարձավ սրճարանի սեփականատերն ու «Հռիփսիկ» վերանվանեց: Երկար ժամանակ սրճարանի ցուցանակում երկու անվանումն էլ նշված էր., սակայն բոլորի համար այն միևնույն է «Կազիրյոկ» էր:

Հիմա սրճարանը որոշ չափով փոխվել է. մի քանի տարի առաջ նոր սեղաններ ու աթոռներ տեղադրվեցին, նորացվեց մենյուն, իսկ սրճարանի ցուցանակն արդեն միայն հիմնական անվանումով է: Սրճարանի այցելուների թվում պակասել են հայտնի երևանցիները, բայց այստեղ դեռ զգացվում է հին Երևանի շունչը:

70-ականներին հայտնի դարձած «Թեմուրնոցը» ևս մեկ վայր է, որտեղ կարելի է զգալ անցյալի Երևանը: 1962-ին բացված սրճարանի մշտական այցելուներն էին ինչպես հայտնի գրողները, նկարիչները, դերասանները, այնպես էլ շարքային ուսանողները: Եվ նրանց, և մյուսներին գրավում էր այստեղ տիրող ուրախ և անկաշկանդ մթնոլորտը, մատչելի գներն ու մի բաժակ գարեջրի շուրջ խոսակցությունները: Կասկադում գործող այս սիրված հաստատությունը ղեկավարում էր ուստա Թեմուրը, որի անունով էլ հայտնի էր սրճարանը:

Սրճարանն աշխատեց մինչև 80-ականների սկիզբը և կրկին բացվեց միայն 2016-ի նոյեմբերին՝ պահապնելով ինչպես հին երևանյան ոճը, այնպես էլ խորհրդային տարիների շունչը՝ անկյունում կայանած հին «Վոլգայով» և հեռախոսախցիկով: Սրճարանի ներսում գրեթե ոչինչ չի փոխվել, իսկ սպասարկող անձնակազմը պիոներական վզկապներ ու գլխարկներ է կրում: Այստեղ կարելի է հայտնվել ոչ վաղ անցյալում, զգալ «ԽՍՀՄ շունչը»՝ պատուհանից հետևելով աչք շոյող երևանյան անցուդարձին՝ իրական, կենդանի, առաջ ընթացող:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ կապ կա Վերնիսաժում կրակոցների ու Ալավերդու քաղաքապետի ընտրությունների միջև
Որտեղ «տժժալ» Երևանում գիշերվա 2-ից հետո
Հայաստանի թունավոր օձերը
 Ուշադրության կենտրոնում
ԱՆ-ն հերքում է. Ջրծաղիկի դեմ ռուս-հնդկական պատվաստանյութ ՀՀ չի բերվի

ԱՆ-ն հերքում է. Ջրծաղիկի դեմ ռուս-հնդկական պատվաստանյութ ՀՀ չի բերվի Cadila Healthcare հնդկական դեղագործական ընկերությունը հայտարարել է, թե ռուսաստանյան Pharm-Aid- ի հետ ջրծաղիկի դեմ պատվաստանյութի արտադրության վերաբերյալ բացառիկ պայմանագիր է կնքել

 Բաժնի այլ նյութերը
Գինի լից Հայաստանում վերականգնվում է կարասներում հնեցման 6000-ամյա ավանդույթը
«Երբ ուսանողը դիմում է աշխատանքային փորձ պահանջող գործատուին, փակ շղթա է ստացվում» Ուսանողները պրակտիկ գիտելիքներ են ստացել մասնավորի ուժերով
«Ցանկացած օգտատեր պետք է իմանա տեղեկատվական անվտանգության նվազագույն սկզբունքները» Ուսանողները պրակտիկ գիտելիքներ են ստացել մասնավորի ուժերով