// IP Marketing video - START// IP Marketing video - END
5 քայլ դեպի էժան թռիչք

5 քայլ դեպի էժան թռիչք

Ինչպես ապահով ճանապարհով մատչելի ավիատոմս գնել

Մոտենում է տարվա զբոսաշրջային ակտիվ շրջաններից մեկը: Այս օրերին հավանաբար շատերն են ծրագրավորում իրենց տոնական ուղևորությունը տարբեր ուղղություններով: PanARMЕNIAN.Net ը որոշել է «Ավիադրոմ» ավիագործակալության հայաստանյան ներկայացուցչության գործադիր տնօրեն Հերմինե Մկրտչյանի հետ բացահայտել, թե ինչպես կարելի է ապահով ճանապարհով մատչելի ավիատոմսեր գնել:

PanARMENIAN.Net - Քայլ 1-ին. ուղղությունը հստակեցնելուց հետո ուսումնասիրել շուկան

Հերմինե Մկրտչյանի խոսքով՝ որևէ ուղղությամբ ավիատոմսերի գներն ուսումնասիրելու և ամենամատչելի տարբերակները գտնելու համար հարկավոր է համադրել ավիատոմսերի՝ առցանց վաճառքի հարթակներում առաջարկվող գները ավիագործակալությունների գների հետ: Կան կոնկրետ ուղղություններով մասնագիտացած ընկերություններ, սովորաբար դրանք կարող են առաջարկել ավելի մատչելի տարբերակներ:

Քայլ 2-րդ. չպետք է կենտրոնանալ կոնկրետ ժամկետների վրա

«Եթե ունեք հնարավորություն մեկ-երկու օրով տեղաշարժելու ուղևորությունը, ապա պետք չէ կենտրոնանալ կոնկրետ ամսաթվերի վրա: Հաճախ մեկ օրվա տարբերությամբ տոմսը կարող է շատ ավելի մատչելի լինել: Օրինակ՝ կարող է դեկտեմբերի 29-30-ն այն բարձր գին ունենալ, իսկ դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ավելի էժան լինել: Ուստի, հարկավոր է նայել մոտակա բոլոր ժամկետները»,- ասում է Մկրտչյանը:

Քայլ 3-րդ. առցանց կայքերից ավիատոմս գնելիս՝ ուշադիր ուսումնասիրել դրա նկարագիրը

Ընկերության գործադիր տնօրենի խոսքով՝ առցանց կայքերը հաճախ օգտվում են իրենց հաճախորդների չիմացությունից, որոնման արդյունքում նրանց ցույց են տալիս ամենամատչելի տարբերակները, սակայն արդեն վճարման ժամանակ ավելի շատ գումար են տանում բանկային քարտից: Պատճառն այն է, որ կայքի հաճախորդները ուշադրություն են դարձնում միայն ավիատոմսի ցածր գնին, առանց ուսումնասիրելու, թե ինչ այլ ծառայություններ է այն իր մեջ ներառում՝ ուղեբեռով է, թե՝ առանց, ապահովագրական ծառայություն առաջարկում է, թե՝ ոչ: Հաճախ մարդիկ այս ծառայությունների կարիքը չեն զգում, սակայն ակամա վճարում են դրանց դիմաց, քանի որ կարգավորումների դաշտում չեն հեռացրել այս ծառայությունները:

Քայլ 4-րդ. տոմսը գնել թռիչքից առնվազն 3-6 ամիս առաջ

«Եթե ծրագրավորում եք ուղևորությունը տարվա զբոսաշրջային ակտիվ շրջանում՝ ամռանը կամ էլ ամանորյա և սուրբծննդյան տոներին, ուրեմն ավիատոմսը խելամիտ գնով կարող եք գնել առնվազն 3-6 ամիս առաջ: Իսկ պասիվ շրջանում կարող եք ավիատոմս ձեռք բերել նույնիսկ մինչև մեկ ամիս առաջ»,-ասում է Հերմինե Մկրտչյանը:

Քայլ 5-րդ. մատչելի տարբերակ գտնելիս՝ անմիջապես ամրագրեք տոմսը

«Հաճախ մարդիկ գտնում են մատչելի ավիատոմսեր, և կարծում են՝ եթե մի քիչ էլ սպասեն ավելի մատչելին կկարողանան գնել: Սակայն, որքան մոտենում է թռիչքի օրը, այնքան ավիտոմսը, թանկանում է, արդյունքում մարդիկ բաց են թողնում ձեռքից հարմար տարբերակը: Last minute ասվածը՝ կամ վերջին պահին շատ էժան ավիատոմս ձեռքբերելու ակնկալիքը ռեգուլյար թռիչքների դեպքում գրեթե անիրականանալի է: Սա կարող է երբեմն, բայց ոչ միշտ, աշխատել չարտերային թռիչքների պարագայում», - ասում է նա:

Նկատառումներ

Կա մտայնություն, որ առցանց հարթակները ավելի մատչելի տարբերակներ են առաջարկում, սակայն գները հիմնականում աննշան են ցածր ավիագործակալությունների առաջարկած գներից: Երկուսն էլ միջնորդավճար են ներառում ավիատոմսի արժեքի մեջ, սակայն ի տարբերություն առացանց հարթակների ավիաընկերությունների ծառայություններն անվտանգ են: «Հաճախ են լինում դեպքեր, հատկապես ամռան ամիսներին, երբ ծանրաբեռնվածության հետևանքով չվերթների օրերը, ժամերը հետաձգվում են կամ դրանք չեղյալ են հայտարարվում. առցանց հարթակները չեն ծանուցում այս մասին ուղևորին, և նա վերջին պահին օդանավակայանում է տեղեկանում, որ տոմս չունի: Կարծում եմ՝ արժե մի քանի եվրո ավել վճարել, այսպիսի տհաճ անակնկալներից խուսափելու համար», - ասում է Մկրտչյանը:

Տոմսի գինը կարող է պայմանավորված լինել նաև տրանզիտային գոտում սպասման ժամանակահատվածով. սովորաբար որքան երկար, այնքան մատչելի: «Եթե շտապում եք ավելի թանկ ընտրության վրա կկանգնեք, իսկ եթե կարող եք սպասել 12-24 ժամ, ավելի էժան տարբերակներ կկարողանաք գտնել» - եզրափակում է նա:

Նանե Մանասյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Երևանը միանում է «կանաչ» ճարտարապետությամբ քաղաքներին
Աղջիկը պնդում է՝ ոստիկանները ծեծել են իրեն արտաքինի պատճառով
Ինչպես որոշ ժամանցի վայրեր հրաժարվեցին ծխախոտից
 Ուշադրության կենտրոնում
ՀՀ և Արցախի ՄԻՊ-երը հանդիպել են կաթողիկոսին

ՀՀ և Արցախի ՄԻՊ-երը հանդիպել են կաթողիկոսին «Խստորեն դատապարտում եմ ոտնձգության փաստը և ողջունում եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի արագ ու համարժեք արձագանքը»,-ասվում է Մելիքյանի գրառման մեջ

 Բաժնի այլ նյութերը
Ամուլսարի «կողմն» ու «դեմը» Բնապահպանների, «Լիդիանի» ու իշխանության փաստարկները
«Պատի հենքը» և Ten Walls-ը 10 պատճառ տարվա լավագույն միջոցառումներից մեկը բաց չթողնելու համար
Մի կաթիլ մեղր Ինչպես է բնությունն օգնում Տավուշի երեխաների քաղցր կյանքին