// IP Marketing video - START// IP Marketing video - END
2017-ի հայկական երգերը, որոնց համար չենք ամաչում

2017-ի հայկական երգերը, որոնց համար չենք ամաչում

Սիրուշոյից մինչև Միշո

Ասում են՝ հայկական շոու բիզնեսն ավելի շատ բիզնես է, քան շոու: Հայկական էստրադայի երգիչներին հաճախ չէ, որ հաջողվում է ներկայացնել այնպիսի կատարումներ, որոնք կհամապատասխանեն էստրադային պահանջներին, այլ ոչ թե կլինեն ռեստորանայինի մակարդակի:

PanARMENIAN.Net - Այնուամենայնիվ կան հայ երգիչներ և երգչուհիներ, որոնց կատարումներն առանձնանում են որակով: PanARMENIAN.Net –ը հավաքել է 2017-ի այն երգերը, որոնց համար չի ամաչում:

Սիրուշո և Սեբու՝ «Վույ աման»

Սիրուշոյի և Սեպուհ Սիմոնյանի «Վույ աման» երգը, թերևս, տարվա լավագույններից է: Սեպուհը՝ նույն ինքը Սեբուն, առավել հայտնի է Capital Cities խմբից, որին հաջողություն է բերել 2013-ին լույս տեսած Safe and Sound հայտնի կատարումը: Հայկական շոու բիզնեսի մասնիկ չհանդիսացող հայազգի երգչի և Սիրուշոյի կատարումը գրավում է իր թեթև ժամանակակից ռիթմով, որին միաձուլվում են որոշ հայկական տարրեր: Իսկ երգի տեսահոլովակն առանձնանում է գեղեցիկ, աչք շոյող պատկերներով:

Իվետա Մուկուչյան` «Դեպի նոր իրականություն»

Իվետա Մուկուչյանի գրեթե ամեն երգ կարող է ներառվել այս և նմանատիպ այլ ցուցակներում, քանի որ երգչուհու թե՛ կատարումները, թե՛ տեսահոլովակները, թե՛ կերպարը էապես տարբերվում է հայկական շոու բիզնեսում առավել տարածվածից: «Դեպի նոր իրականություն» կոչվող երգը լիովին Իվետայի ոճի մեջ է՝ ռիթմիկ երաժշտություն, արևմտյան բիթեր, որակյալ տեսահոլովակ, համարձակ կերպար: Երաժշտության հեղինակը հենց երգչուհին է, խոսքերի համահեղինակները՝ Իվետան և Ավետ Բարսեղյանը: Տեսահոլովակի նկարահանումը վստահվել է ռեժիսոր Արթուր Մանուկյանին:

Իվետա Մուկուչյան՝ «Հայաստան ջան»

Մեր ցանկում ներառել ենք Իվետա Մուկուչյանի մեկ այլ երգ ես՝ «Հայաստան ջան»-ը: Այս երգը տարբերվում է երգչուհու մնացած ավելի մոդեռն կատարումներից իր հայկականությամբ: Սակայն այդ հայկականության և հայրենասիրության դրսևորումները չեն հասնում պաթոսի, ամեն ինչ արված է գեղեցիկ և ճաշակով՝ հաճելի մեղեդի հայկական տարրերով և «համով» ու ուրախ տեսահոլովակ: Երաժշտության հեղինակը, ինչպես Իվետայի մի շարք այլ երգերում, կրկին ինքը՝ երգչուհին է, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը, տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է:

Վիգեն Հովսեփյան՝ «Գուլո»

Երիտասարդ հեղինակ-կատարող Վիգեն Հովսեփյանը, ով ներկայացնում է հայկական ժողովրդական երգերը գեղեցիկ մատուցմամբ՝ գործիքավորման միջոցով հաղորդելով նրանց նոր շունչ, 2017-ի սկզբին հանրության դատին է հանձնել «Գուլո» երգը: Կատարումը ներառվել է Վիգենի «Արձագանքներ» անվանումը կրող անդրանիկ ձայնասկավառակում, որում տեղ է գտել 12 ժողովրդական երգ: «Գուլոն» միանգամից արժանացել է դրական արձագանքի և հաջողություն է բերել երգչին: Տեսահոլովակում նկարահանվել է դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը: Բարսելոնայից ՀՀ ժամանած երգիչն ունի նաև իսպանալեզու երգեր:

Արամ Mp3 և 3.33՝ «Սկսում ենք»

Տարվա լավագույն երգերի մեջ տեղին կլինի առանձնացնել Արամ Mp3-ի և 3.33 նախագծի համատեղ աշխատանքը՝ շատ ժամանակակից և նորագույն թրենդերին համապատասխանող «Սկսում ենք» կատարումը: Ռիթմիկ, ուրախ տեսահոլովակով, պարային, որակյալ կատարմամբ այս երգի խոսքերի հեղինակը 3.33-ի Ֆելիքս Խաչատրյանն է, երաժշտության հեղինակն Արամն է: Առանձին respect տեսահոլովակի տրամադրությունը ստեղծող թմբլիկ «Էլվիս Փրեսլիի» համար:

Միշո՝ «Մի տէ»

Հայկական ռեփն առանձին բարդ թեմա է: Քիչ հայալեզու ռեփ կատարումների է հաջողվում ապահովել բարձր որակ և չանցնել գռեհկության շեմը: Մի քանի հաջողված ռեփ նախագծերի շարքում այս տարի ևս առանձնացել է Միշոն. 2017-ի նրա նոր ալբոմից՝ «Մառախուղից», հատկապես աչքի է ընկնում «Մի տէ» երգը: Բիթն ինչպես գրեթե միշտ ապահովում է Սերժոն, մինիմալիստական ոճով, որի ջատագովն է վերջին տարիներին դարձել ռեփերը, նկարահանված տեսահոլովակի ռեժիսորը Արման Սարգսյանն է:

Շպռօտ և Էրիկ Շեյն՝ «Գարուն եկավ»

Շարունակելով «Կտրիճ Դավոյի» էպոտաժային շարքը, Շպռօտը 2017-ին երկրպագուների դատին է հանձնել «Գարուն եկավ» երգն ու տեսահոլովակը ռեփեր Էրիկ Շեյնի մասնակցությամբ: «Սևանի հայտնի պապիկի» երգացանկից այս կատարումը Շպռօտի մատուցմամբ՝ ժամանակակից ռիթմերի և հայկական ժողովրդականի միաձուլմամբ, առնվազն տարօրինակ է թվում, բայց «իսպանական ամոթ» (երբ ամաչում ես ուրիշի փոխարեն) չի առաջացնում: Էլ ավելի մեծ ուշադրության է արժանի տեսահոլովակը՝ երկար ծամեր, գորգեր և այլ հայկական տարրեր, որոնց ֆոնին կիսամերկ Շպռօտն է բավականին «ոչ հայեցի» կերպարանքով. այս ամենը համարձակ է, հետաքրքիր, գունավոր, զվարթ ու տարբերվող:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Միջնադարյան ամրոցի մուտքը վճարովի կդառնա
Սերգեյ Մանուկյանը երևանյան նոր միտումների մասին
Միքայել Օհանջանյանի նախագիծը՝ Ֆլորենցիայում Միքելանջելոյի քանդակի հարևանությամբ
EPIC EYE-ը կտեղափոխի մասնակիցներին այլ իրականություն
 Ուշադրության կենտրոնում
«Գահերի խաղը» սերիալը «Էմմի» է ստացել գլխավոր անվանակարգում

«Գահերի խաղը» սերիալը «Էմմի» է ստացել գլխավոր անվանակարգում Կարճ սերիալի համար մրցանակին է արժանացել «Ջանի Վերսաչեի սպանությունը»

 Բաժնի այլ նյութերը
Կրկեսի հին շենքում Ենգիբարյանը զուգարանի հերթ էր կանգնում Դերասանները վերջապես «մարդավարի» կաշխատեն
Տարվա «ամենալուսնային» միջոցառումը 9 պատճառ Absolut Moon Stage-ը բաց չթողնելու համար
Ուշացած փառքը Ով է Մոնատիկը և ինչու նրա համերգը Երևանում չի կայանա