Tetris, նավթ և Ամուլսար

Tetris, նավթ և Ամուլսար

Ինչով է հայտնի ՀՀ ամենահավանական 4-րդ նախագահը

Հունվարի 19-ին ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է ՀՀ 4-րդ նախագահի՝ իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուի անունը։ Ինչպես շատերն էին կանխատեսում, դա Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանն է։ PanARMENIAN.Net-ը հետաքրքիր փաստեր է հավաքել նոր նախագահի թեկնածուի կենսագրությունից:

PanARMENIAN.Net - ԵՊՀ-ից՝ Քեմբրիջ և Հարվարդ

Արմեն Սարգսյանը ծնվել է 1953 թվականի հունիսի 23-ին՝ Երևանում: Ավարտել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետը: Արդեն 23 տարեկանում դարձել է ԵՊՀ-ում ֆիզիկայի դասախոս, հիմնադրել տեսական ֆիզիկայի կոմպլեքս համակարգերի համակարգչային մոդելավորման բաժինը: Դեռևս «երկաթե վարագույրի» անկումից առաջ Սարգսյանը մեկնել է Մեծ Բրիտանիա։ 1984-85 և 1989-91 թվականներին նա օտարերկրյա հետազոտող և դասախոս է եղել աշխարհահռչակ Քեմբրիջի համալսարանում, Լոնդոնի համալսարանի Մաթեմատիկայի ինստիտուտում, խորհրդի անդամ Հարվարդի համալսարանում և Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտում: Հեղինակել է բազմաթիվ գիտական հոդվածներ, աշխատություններ:

Tetris-ն ու դիվանագիտությունը

Արմեն Սարգսյանը Tetris-Wordtris ընկերության համահիմնադիրներից է, որը զբաղվել է աշխարհահռչակ Tetris-ի տարբեր խաղային մոդիֆիկացիաների արտադրությամբ ու վաճառքով։ Դրանցից մեկի՝ Wordtris-ի կամ «տառերով» Tetris-ի ենթագրերում անգամ հիշատակվում է Սարգսյանի անունը՝ որպես խաղի ստեղծող։

ԽՍՀՄ անկումից հետո Սարգսյանը հիմնադրել է Լոնդոնում ՀՀ դեսպանատունն ու դարձել առաջին դեսպանը Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում:

Դիվանագիտությունից վարչապետի աթոռ՝ և հեռացում

Սարգսյանը ղեկավարում է ՀՀ դիվանագիտական առաքելությունը մինչև 1995 թվականը։ Հետագայում ևս երկու անգամ՝ 1998-2000 և 2013-ից առ այսօր, վերանշանակվում է այդ պաշտոնում: 1995-1996–ին Եվրոպական միությունում ղեկավարել է Հայաստանի առաքելությունը: 1996 թվականի նոյեմբերի 1-ին Արմեն Սարգսյանը դարձել է Հայաստանի 5-րդ վարչապետը, սակայն, պաշտոնավարելով ընդամենը 4 ամիս, 1997 թվականի փետրվարի 28-ին հեռացել է: Պաշտոնական պատճառաբանությունն առողջական խնդիրներն էին, սակայն այդ օրերին շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ իրական պատճառը պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ ունեցած սուր տարաձայնություններն էին:

Սարգսյանը՝ Արևմուտքի և Եվրասիայի միջև էներգետիկ համաձայնագրերի միջնորդ

Սարգսյանը 2000-ից Eurasia House International կազմակերպության հիմնադիր նախագահն է, եղել է բրիտանական նավթային հսկա British Petroleum-ի, Alcatel-ի, Telefonica-ի և այլ ընկերությունների խորհրդատու: Նրա անվան հետ են կապում Արևմուտքի և եվրասիական տարածաշրջանի էներգակիր երկրների միջև կնքված մի շարք խոշոր համաձայնագրեր:

Սարգյանը՝ Ամուլսարը շահագործող Lydian-ի տնօրեն

2013-ին Արմեն Սարգսյանը նշանակվել է Lydian International հանքարդյունաբերական ընկերության տնօրեն: Ընկերությունը շահագործում է Ջերմուկի մերձակայքում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրը:

Հռոմի պապի և Կաթողիկոսի պարգևները

1997 թվականին Արմեն Սարգսյանը Վատիկանում Հռոմի պապ Պողոս երկրորդի կողմից պարգևատրվել է Սուրբ Գրիգոր Մեծ մեդալով: Իսկ 2008-ին նրան Սբ Գրիգոր Լուսավորչի մեդալ է շնորհել Ն. Ս. Օ Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:

Բրիտանիայի թագավորական ընտանիքի հետ սերտ հարաբերությունները

2013 թվականի մայիսին Արքայազն Չարլզը մասնավոր այցով ժամանել էր Հայաստան. ենթադրաբար այցը չէր կայանա, եթե չլիներ Արմեն Սարգսյանը: 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Լոնդոնի Վեսթմինսթրյան աբբայությունում կայացել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի ոգեկոչման արարողությունը:

Արարողությունը Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ հանդիսապետել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Արարողությանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ուելսի արքայազն Չարլզը: Միջոցառման կազմակերպիչը Արմեն Սարգսյանն էր:

Ունեցվածքի մասին

ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում Արմեն Սարգսյանի հայտարարագրերում նշվում է, որ 2013-ին դեսպանի պաշտոնում նշանակվելիս նա հայտարարագրել է 3 առանձնատուն ու 2 բնակարան: 2016 թվականին նա հայտարարագրել է €5,7 միլիոն:

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել

Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---