«Պատի հենքը» և Ten Walls-ը

«Պատի հենքը» և Ten Walls-ը

10 պատճառ տարվա լավագույն միջոցառումներից մեկը բաց չթողնելու համար

Մարտի 9-ին տեղի կունենա դիջեյների միջազգային օրվան նվիրված միջոցառում, որը հավակնում է դառնալ 2018-ի՝ էլեկտրոնային երաժշտությանը նվիրված լավագույն նմանատիպ իվենթը: Այն համատեղ կազմակերպում են Kitchen Recordings ընկերությունը և DJ-ների հայկական ասոցիացիան՝ Ballantine’s ընկերության հովանավորությամբ:

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net -ը պատմում է՝ ինչով է այս միջոցառումը բացառիկ, և ինչու այն չի կարելի բաց թողնել:

1. «Պատի հենքը»

Այս միջոցառման մեջ յուրահատուկ է ամեն ինչ՝ սկսած անվանումից: Ինչու՞ հենց «Պատի հենքը»: Այստեղ մի քանի պատճառ կա. նախ՝ հենքը հիմքն է, բացի այդ, հենք են կոչում նաև ստեղծագործության, իսկ այս դեպքում՝ միջոցառման առանցքը կազմող իրադարձությունը, որի շուրջը ծավալվում են ու զարգանում բոլոր մյուս իրողությունները: Իսկ թե որոնք են այս «հենքի» մյուս հենքերը, կարդացե՛ք մնացած կետերում:

2. Մշակութային վայր

Այս միջոցառման վայրը խնամքով է ընտրված: «Պատի հենքը» տեղի կունենա «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում, որի մակերեսը մոտ 1000 քառ. մետր է կազմում: Այդ ողջ տարածքը զրկված է հենքերից՝ սյուներից: Վայրի առավելություններից է նաև քաղաքի կենտրոնից հեռու գտնվելը, ինչը հնարավորություն կտա մասնակիցներին լիցքաթափվելու առանց վախենալու ավելորդ աղմուկ հանելուց: Հատկանշական է նաև, որ այդ տարածքում առաջին անգամ է անցկացվում նմանատիպ միջոցառում:

«Հայֆիլմ» կինոստուդիա

3. Ակուստիկա

«Հայֆիլմի» այն տաղավարը, որտեղ կանցնի միջոցառումը, ձայնամեկուսացված է, հատակը փայտից է, իսկ առաստաղի բարձրությունը՝ 10 մետր: Այդ ամենը յուրահատուկ ակուստիկ էֆեկտ է ստեղծելու և որակյալ բարձրակարգ տեխնիկայի հետ մեկտեղ ապահովելու է որակյալ լսողություն:

4. Ten Walls

Միջոցառման գլխավոր հենքերից է հեդլայները՝ հայտնի լիտվացի երաժիշտ և պրոդյուսեր Ten Walls-ը (անգլերենից բառացի թարգ.՝ «10 պատ»), ում անունն էլ բառախաղի արդյունքում հիմք հանդիսացավ միջոցառման անվանումն ընտրելու հարցում: Արտիստը հայտնի է նաև Մարիո Բասանով ստեղծագործական կեղծանվամբ, իսկ նրա իրական անունն է Մարիուս Ադոմայտիս: Ten Walls-ն աշխարհին հայտնի է դարձել 2014-ին, երբ հանրությանը ներկայացել է իրWalking with Elephants հիթով, որն էլ հեղինակի համար ճանապարհ է բացել դեպի միջազգային հարթակներ:

Ten Walls

5. Որակյալ լայնափ

Հեդլայներից բացի էլեկտրոնային հնչյունների սիրահարներն այդ օրը հնարավորություն կունենան ունկնդրելու որակյալ երաժշտություն տեղական արտիստների մատուցմամբ՝ DJ-ների հայկական ասոցիացիայի համահիմնադիր Dale-ի, Kitchen Recordings նախագծի հիմնադիր Supacooks դուետի և Rache-ի: Միջոցառումը կտևի 6 ժամ՝ 21:00-ից մինչև 03:00:

6. Տոմսեր և տուրիզմ

Այս միջոցառման տոմսերը կարելի է միայն գնել: Սա ևս կարևոր պայման է: Նման ֆորմատի միջոցառումները, որոնք գրեթե ոչնչով չեն տարբերվում համերգներից, թե՛ ծախսատար են, թե՛ եկամտաբեր: Սակայն Հայաստանում դեռևս կայացած չէ այս տեսակ միջոցառումներին մասնակցելու համար տոմս գնելու մշակույթը: «Պատի հենքը» փորձելու է կոտրել կարծրատիպերը. ուզո՞ւմ եք լսել և տեսնել հայտնի արտիստներին, տո՛մս գնեք: Եվ այս գաղափարը, կարծես, հաջողված է: Կազմակերպիչների խոսքով՝ տոմսերը վաճառվում են նույնիսկ հարևան Վրաստանում, ինչը վկայում է այն մասին, որ այս անգամ վրացիներն են գալու մեզ մոտ, ոչ թե մենք՝ նրանց: Դա էլ իր հերթին մեծ խթան է զբոսաշրջության զարգացման համար:

7. Դիջեյները դիջեյների համար

Մարտի 9-ին Դիջեյների միջազգային օրն է: Այս տարի Հայաստանում այն հատուկ շուքով են նշելու՝ «Պատի հենքով»: Կազմակերպիչները նախատեսում են միջոցառմանը հրավիրել քաղաքի բոլոր գործող դիջեյներին: Իրենց կոլեգաներին լսելու կգան 65-ից ավելի հայաստանյան դիջեյներ:

8. Ակումբները կփակվեն

Այդ օրը կփակվեն երևանյան հիմնական ակումբները՝ The Basement-ը, Nine-ը և Before-ը: Նման բան, կարծես, երբևէ չէր եղել, որ ակումբային կյանքում որոշիչ դեր խաղացող վայրերն ինքնակամ փակվեն մեկ այլ խոշոր միջոցառման կապակցությամբ: Սա ևս վկայում է «Պատի հենքի» կարևորության մասին: Ակումբները կփակվեն մինչև 01:30:

9. 3 պաշտոնական afterparty տարբեր վայրերում

Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան գիշերն ըստ նախասիրությունների շարունակելու 3 տարբեր վայրերում՝ «Պատի հենքը» կունենա 3 պաշտոնական afterparty The Basement-ում, Nine-ում և Before-ում: Յուրաքանչյուր վայրը կունենա իր յուրահատուկ լայնափը:

10. Ballantine’s-ն ու հարուստ բարը

Միջոցառման կարևոր հենքերից է նաև գլխավոր գործընկեր Ballantine’s վիսկին, որն աշխարհում Boiler Room երաժշտական նախագծի խոշորագույն հովանավորն է և էլեկտրոնային երաժշտության մեջ ունի իր մեծ ներդրումը True Music Series նախաձեռնությամբ: Կազմակերպիչների խոսքով՝ այս միջոցառման շրջանակներում փորձել են ամեն հարցում ապահովել բարձր որակ՝ միջազգայինին մոտ: Առանձին ուշադրության է արժանի նաև բարը, որն այդ օրը լինելու է Բարմենների հայկական ասոցիացիայի հմուտ ձեռքերում:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի

Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---