// IP Marketing video - START// IP Marketing video - END
Էկոշենքերը գրավում են աշխարհը

Էկոշենքերը գրավում են աշխարհը

Երևանը միանում է «կանաչ» ճարտարապետությամբ քաղաքներին

Ժամանակակից աշխարհում գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում մարդկանց ինչ-որ բանով զարմացնելը: Այնուամենայնիվ, դա անհնարին չէ: Որքան շատ են զարգանում տեխնոլոգիաները, այնքան շատանում են հետաքրքիր բացահայտումները, որոնց վրա կենտրոնանում է հասարակության ուշադրությունը:

PanARMENIAN.Net - Հաստատ նկատած կլինեք, օրինակ, որ գնալով աճում է այսպես կոչված «էկո»-ի հանդեպ հանրության ուշադրությունը, և շատ քաղաքակիրթ երկրներ դեռ մի քանի տասնամյակ առաջ սկսել են «կանաչ» տնտեսություն կառուցելու ճանապարհով քայլել:

«Կանաչ» ճարտարապետությունը տնտեսական այդ «ճանապարհին» հանդիպող բաղադրիչներից է: Ու մեր երկիրն էլ, մասնավորապես՝ Երևանը, այդ ամենից հետ չի մնում: Խոսքը նոր էկոշենքի` «Կամար» բիզնես կենտրոնի մասին է, որը շուտով շահագործման կհանձնվի հենց մեր մայրաքաղաքի սրտում:

Մի փոքր նախապատմություն. էներգախնայող տեխնոլոգիաների և էկոլոգիապես մաքուր ու կենսաանվատնգ շինանյութի կիրառմամբ աշխարհում առաջին «կանաչ» շենքերը կամ էկոշենքերը կառուցվել են դեռ 20-րդ դարի 70-ականներին: Այսօր արդեն էներգախնայողության միջազգային չափորոշիչներով կառուցվող շենք-շինությունները դարձել են ժամանակակից ճարտարապետության անբաժան մասը:

Տարբեր հաշվարկներով, «կանաչ» շենքերի կառուցմամբ աշխարհում արդեն իսկ հաջողվել է 18%-ով կամ 9 մլրդ տոննայով նվազեցնել ածխաթթու գազի արտանետումը: ՄԱԿ-ի տվյալներով՝ եթե մոտ ապագայում «կանաչ» ճարտարապետական տեխնոլոգիաների կիրառումը կտրուկ չաճի, ապա 2050-ին աշխարհում ածխաթթու գազի արտանետումը կկրնապատկվի:

«Կանաչ» շենքերի կառուցման ընթացքում օգտագործվում են բացառապես շրջակա միջավայրի համար անվտանգ նյութեր: Օգտագործվող շինանյութի որակն ու դիմացկունությունը դանդաղեցնում են շենքի մաշվելու գործընթացը, իսկ էներգախնայող համակարգերը թույլ են տալիս նվազեցնել կոմունալ ծախսերը մինչև 35%:

Էկոշենքերի կառուցումը նպաստում է նաև թափոնների նվազեցմանը, շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակի իջեցմանը: Սա այն խնդիրներն են, որոնք հասարակության տարբեր շերտերի են հուզում:

Ամբողջ աշխարհում շենքերի էներգաարդյունավետության գնահատման և հավաստագրման մի քանի միջազգային չափանիշ է գործում: Դրանցից ամենահեղինակավորը 1990-ին բրիտանական BRE Global ընկերության կողմից ստեղծված BREEAM (Building Research Establishment Environmental Assessment Method, թարգ.՝ «շենքի էներգաարդյունավետության գնահատման մեթոդ») մեթոդաբանությունն է: Ավելի ուշ ստեղծվել են նաև ԱՄՆ «Կանաչ շենքերի խորհրդի» (USGBC) LEED-ը և Energy Star-ը:

Այս պահի դրությամբ BREEAM հավաստագիր ունի աշխարհի 50 երկրում կառուցված ավելի քան 200.000 էկոշենք: Դրանցից ամենատպավորիչներից են Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում կառուցված հեղինակավոր Empire State Building-ը, Մանչեսթերի One Angel Square բիզնես կենտրոնը:

«Ա» դասի «Կամար» բիզնես կենտրոնը Երևանում BREEAM հավաստագրին արժանացած առաջին նախագիծն է: Այն իր էկոարդյունավետությամբ գերազանցում է Հայաստանի գրեթե բոլոր շենք-շինություններին: BREEAM հավաստագրի ստացումը ենթադրում է մի շարք բարձրակարգ չափանիշների պարտադիր ապահովում կառույցի երեք հիմնական փուլերում` նախագծման, շինարարական և հետշինարարական:

Այս շենքը միաձուլել է պատմական ու ժամանակակից ճարտարապետությունը, էներգախնայող տեխնոլոգիաներն ու հարմարավետ տարածքները: Բացի այդ, «Կամարը» կառուցվել է օդորակման և ջերմաստիճանի կառավարման բարձրակարգ տեխնոլոգիաներով:

Ի դեպ, «կանաչ» ճարտարապետություն ունեցող երկրներին Հայաստանը միացել է 2015-ին, երբ կառուցվեց Դիլիջանի միջազգային դպրոցի հայտնի շենքը (UWC Dilijan): Այն ԱՊՀ տարածաշրջանում միակ կրթական հաստատությունն է, որն էկոլոգիական շինարարության համար BREEAM-ի հավաստագիր է ստացել:

Վերադառնալով Երևանի կենտրոն` «Կամարի» շինարարությունն արդեն մոտենում է ավարտին ու հաշված օրեր են մնացել շենքին վերջնականապես «շունչ տալուն»՝ այն օրվան, երբ շենքը կգործարկվի: Մայրաքաղաքում հենց այս շենքով է սկիզբ դրվում ժամանակակից ճարտարապետությանը, և կարծում ենք՝ սա Երևանի առաջին, բայց վերջին էկոշենքը չի լինի:

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net, Հրանտ Խաչատրյան / PAN Photo
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես որոշ ժամանցի վայրեր հրաժարվեցին ծխախոտից
Բնապահպանների, «Լիդիանի» ու իշխանության փաստարկները
Ինչքան է պետությունն ուղղելու բազմազավակության խրախուսմանը
 Բաժնի այլ նյութերը
ՀՀ-ում 1 կալանավոր պահելը ծրագրավորող կրթելուց թանկ է Որքան է ծախսվում կալանավորների վրա
Կապույտ մազեր, Արցախ ու շարիաթ Աղջիկը պնդում է՝ ոստիկանները ծեծել են իրեն արտաքինի պատճառով
«Պատի հենքը» և Ten Walls-ը 10 պատճառ տարվա լավագույն միջոցառումներից մեկը բաց չթողնելու համար