Ովքեր են Փաշինյանի կառավարության նորանշանակ անդամները

Ովքեր են Փաշինյանի կառավարության նորանշանակ անդամները

Մաս 2

Նախագահ Արմեն Սարգսյանի համապատասխան հրամանագրերով մայիսի 12-ին նոր նախարարներ են նշանակվել՝ համալրելով Կառավարության կազմը, որոնցից ոմանց անունները կարող են շատերին անծանոթ լինել։

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ն արդեն պատմել է մինչև այս նշանակված պաշտոնյաների մասին ու այժմ ներկայացնում է նորանշանակ նախարարներից մի քանիսի կարճ կենսագրությունը։

Մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը 34 տարեկան է, ծնվել է Երևանում: 2003-ին ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը՝ բակալավրի աստիճանով, այնուհետև՝ 2005-ին նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

2014-ին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում: 2015-ի ամռանն անցել է դիպլոմավորված դասընթաց Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանակում:

2005-ից մինչ օրս դասավանդում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում: 2016-ից պայմանագրային հիմունքով աշխատում է Ամերիկյան խաղաղության կորպուսում: 2018-ի փետրվարին զաղեցրել է Սլավոնականի միջազգային կապերի և գործակցության բաժնի ղեկավարի պաշտոնը:

Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը 36 տարեկան է, ծնվել է Երևանում:

1998-2004թթ. ավարտել է Հերացու անվան պետ․բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը բուժական գործ մասնագիտությամբ: 2004-2006թթ. ավարտել է ՀՀ ԱՆ Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը սոցիալական հիգիենա և առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ, որտեղ էլ 2006-2009թթ. ուսումը շարունակել է ասպիրանտուրայում հանրային առողջություն ու առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ:

2004-2005թթ. եղել է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ, սոցիալական աշխատողների խմբի ղեկավար։

2005-2010թթ. աշխատել է որպես ընտանեկան բժշկության և բուժօգնության որակի համակարգող «Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագրում»։ 2010-2011թթ. ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում զբաղեցրել է մոնիտորինգի և գնահատման բաժնի վարիչի պաշտոնը։ 2011-2015թթ., 2016-2018թթ. ՄԻԲՍ բժշկա-ախտորոշիչ կենտրոնի տնօրենն էր։

2015-2016թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, ունի լեյտենանտի կոչում:

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակված ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը մինչև այս Շիրակի մարզպետն էր, նա 46 տարեկան է, ծնվել է Երևանում:

1994-ին ավարտել է ԵՊՀ-ն ֆիզիկոսի որակավորմամբ: 1996թ. ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ գործարար կառավարման մագիստրոսի կոչմամբ։ Նույն որակավորումը ստացել է 2001-ին՝ Լոնդոնի Իմփերիալ Քոլեջում: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է:

2016-2017թթ. աշխատել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում՝ որպես նախարարի տեղակալ:

ՀՅԴ անդամ է 1991 թվականից:

Սոցապ նախարար Մանե Թանդիլյանը 40 տարեկան է, ծնվել է Ալավերդիում։ 1999թ. ավարտել է ԵՊՄՀ պատմական ֆակուլտետը՝ մանկավարժի բակալավրիատը: 2002-ին Ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի կառավարման բաժինը՝ բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճանով: 2016-ից ACCA անդամ է։

2003-2004 թթ․ աշխատել է որպես ֆինանսական վերլուծաբան «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ»-ում, 2004-ին՝ հաշվապահ «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի»-ում։ 2004-2006 թթ․ աշխատել է գլխավոր հաշվապահ «Հովնանյան Ինտերնեյշնլ»-ում։ 2006-2008 թթ․ աշխատել է գլխավոր հաշվապահ «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս»-ում։

2009-ից առ այսօր՝ ֆինանսական տնօրենի տեղակալ գլխավոր հաշվապահ «Սինոփսիս Արմենիա»-ում։

2017-ի ԱԺ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ընտրվել էր պատգամավոր, նաև ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն էր։ Թանդիլյանը նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահն է։

Արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանը մինչև այս ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր էր։ Նա 49 տարեկան է, ծնվել է Երևանում։

1990-1997թթ կամավոր մասնակցել է Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությանը՝ Նիկոլ-Դուման երկրապահ կամավորական ջոկատի կազմում, 1992-ին վիրավորվել է՝ կորցնելով ոտքը:

1998-2001թթ աշխատել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, 2000-2001թթ ղեկավարել է «Ժողովրդագրական-Առողջապահական Հետազոտություն» ծրագիրը։ 2001-ից «Տանիք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ու «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհրդի» անդամ է, 2003-ից «Իրավաբաններն ընդդեմ խոշտանգման» իրավապաշտման ՀԿ անդամ:

2001-ից «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր անդամ է, քաղխորհրդի անդամ, կենտրոնական գրասենյակի աշխատակազմի ղեկավար:

2004-ին ԱՄՆ Պետդեպի «Միջազգային այցելուների» ծրագրի շրջանակում մասնակցել է ԱՄՆ Նախագահական ընտրարշավին։

2010-ին նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի Գիտավերլուծական կենտրոնի Սահմանադրական արդարադատության հարցերի հանձնաժողովի նախագահ: 2010-ից դասավանդում է Փաստաբանների դպրոցում և Փաստաբանների պալատում: 2011-ից «Իրավունքի գերակայություն» իրավապաշտման ՀԿ հիմնադիր/նախագահն է:

2016-ից «Ադրբեջանի Հանրապետության կողմից ռազմական միջամտության հետևանքով Արցախի և Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանություն» ծրագրի համակարգող է:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը39 տարեկան է, ծնվել է Կապանում:

1995-2000թթ. սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ընդհանուր տնտեսագիտական ֆակուլտետում,2004-2005թթ.՝ Հունաստանի Էգեյան համալսարանի բնապահպանական գիտությունների ֆակուլտետում, 2007-ին՝ Դրեզդենի տեխնիկական համալսարանում։ 2008-2009թթ. Հունաստանի ԱՏԵԻ և Արիստոտելի համալսարանում դոկտորական ուսում է ստացել շրջակա միջավայրի տնտեսագիտություն մասնագիտությամբ։

2002-2009թթ. եղել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և բնօգտագործման էկոնոմիկայի բաժնի առաջատար մասնագետ, 2009-ին՝ կառույցի էկոնոմիկայի վարչության շրջակա միջավայրի կառավարման տնտեսական մեխանիզմների և գործիքների բաժնի գլխավոր մասնագետ, 2009-2011թթ.՝ դրա էկոնոմիկայի վարչության միջազգային ծրագրերի կառավարման բաժնի պետ։

2011-ին եղել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի վերաբնակեցման մասնագետ։

2011-2014թթ.-ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի տնտեսագետ էր, 2011-2014թթ․՝ Գերմանիայի զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող «Անդրսահմանային միացյալ քարտուղարություն» պահպանվող տարածքների աջակցման ծրագրի հայաստանյան համակարգողը։

2014-ին ԵՄ կողմից ֆինանսավորվող և Կենտրոնական Ասիայի բնապահպանական տարածաշրջանային կենտրոնի կողմից իրականացվող էկոհամակարգային ծառայությունների ծրագրի միջազգային փորձագետ էր, 2014-2015թթ.՝ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի ազգային խորհրդատու։ 2014-ին աշխատել է որպես Հայաստանի ամերիկյան համալսարանի շրջակա միջավայրի տնտեսագիտության գծով փորձագետ 2014-2015թթ-ին եղել է ՄԱԶԾ ազգային փորձագետ բնապահպանական տնտեսագիտության գծով,2015-2016թթ. Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող, ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացվող Հանքարդյունաբերության թափանցիկության բարձրացման ծրագրի ազգային փորձագետ։

2015-ին ՄԱԶԾ բնապահպանական սատելիտային հաշիվների ներդրման տնտեսական բաղարիչի գծով փորձագետ էր, ինչպես նաև Կովկասի բնության հիմնադրամի բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգի կատարելագործման գծով ազգային փորձագետ։

2017-ի փետրվարի 22-ից՝ ՀՀ վարչապետի օգնական էր։

Ֆինանսների նախարար նշանակվածԱտոմ Ջանջուղազյանը 47 տարեկան է, ծնվել է Երևանում։

1992-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1995-ին՝ ՀՊՃՀ ասպիրանտական դպրոցի մագիստրատուրան։ Տեխնիկական գիտությունների թեկնածու։

1991-1992 թթ. աշխատել է էկոնոմիկայի նախարարության Պլանավորման և կառավարման ավտոմատացված համակարգերի հայկական գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես տեխնիկ, 1992-1993 թթ.՝ որպես ինժեներ-ծրագրավորող։

1993-1995 թթ. եղել է նախարարության ինֆորմացիոն համակարգերի բաժնի առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, ապա՝ գլխավոր մասնագետ։ Նախագծել ու մշակել է կապիտալ շինարարության և սեփականաշնորհման օբյեկտների, ձեռնարկատիրական գործունեության, արտահանման համար տրամադրվող լիցենզիաների, ինչպես նաեւ մի շարք այլ խնդիրների հետ կապված գործառույթների կանոնակարգման նպատակով տվյալների բազաների կառավարման ավտոմատացված համակարգերի առանձին ենթահամակարգեր։

1995-1996 թթ. ՀՀ ֆինանսների նախարարության համակարգչային վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ էր, 1996-ին՝ դրամարկղային կառավարման վարչության հանրապետական բյուջեի դրամարկղային կառավարման բաժնի պետ։

1996-1999 թթ. ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահության վարչության պետն էր, 1999-ին՝ կառույցի տնտեսական ծրագրերի գլխավոր վարչության պետը։ 1999-ին նշանակվել է ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ, 2000-ին ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ՝ ազատվելով ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետի պաշտոնից։

2008 թ. մայիսի 19-ին նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ՝ ազատվելով նախորդ պաշտոնից:

ՀՅԴ անդամ, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը 46 տարեկան է։

1995-ին ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, 1998-ին՝ ԵՊՀ ասպիրանտուրան։ 1997-1998թթ․ կարճաժամկետ ծրագրերով ուսումը շարունակել է Մոսկվայում, Վաշինգտոնում և Նյու Յորքում՝ մասնակցելով անցումային շրջանի տնտեսական վերափոխումների հիմնախնդիրներին նվիրված դասընթացներին:

2007-ին ԱԺ 4-րդ գումարման պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով, եղել էԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

2007-ի մայիսի 6-ին ընտրվել է ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։

2012-ին վերընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի և Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է եղել։

2005-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ:

Որպես ՀՀԿ-ՀՅԴ կուսակցությունների կոալիցիոն համագործակցության արդյունք՝ Արծվիկ Մինասյանը 2016-ին նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար: Ապա, 2016-ի սեպտեմբերի 27-ին նշանակվել է բնապահպանության նախարար։

Սպորտի և երիտասարդության հարցերով նորանշանակ նախարար Լևոն Վահրադյանը պաշտոնում փոխարինում է Հրաչյա Ռոստոմյանին, որը կառույցը ղեկավարում էր 2016-ի սեպտեմբերից ու այժմ էլ նախագահի նոր հրամանագրով ղեկավարելու է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Վահրադյանը մինչև այս սպորտի նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետն էր:

Հրաչյա Ռոստոմյանը, ի դեպ, մանկավարժական գիտությունների թեկնածու է, 37 տարեկան:

2006-2008թթ․ դասախոսել է ԵՊԲՀ-ում, 2006–2009 թթ.՝ ԵՊԲՀ ֆիզդաստիարակության ամբիոնի լաբորանտ է եղել։

2008–2009 թթ.՝ Կենտրոն համայնքի ավագանու անդամ էր,2006-ի մարտի 12-ից՝ ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, 2010-ից՝ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար։ 2012-ի հունիսի 16-ին նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ Նախարա Աշոտ Հակոբյանի կենսագրական տվյալներ հոդվածի հրապարակման պահին համացանցում չկային։

Կառավարության նոր կազմի մյուս անդամների մասին կարդացեք այստեղ

 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---