Քանի տարով է երիտասարդացել ՀՀ կառավարությունը

Քանի տարով է երիտասարդացել ՀՀ կառավարությունը

Նախարարների միջին տարիքը 43,8 է

Մայիսի 8-ին ԱԺ կողմից ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հիմնովին փոխեց կառավարության կազմը. նախարարական պորտֆելներ հասան ինչպես շատերին անծանոթ, այնպես էլ նախկինում պետական պաշտոններ զբաղեցրած գործիչների: Նոր կառավարությունն աչքի է ընկնում հատկապես իր երիտասարդ նախարարներով, որոնց ղեկավարած գերատեսչություններն անկախ Հայաաստանի պատմության ընացքում երբեէ այդքան երիտասարդ գործիչներ չեն գլխավորել:

PanARMENIAN.Net - Հայաստանի վերջին մի քանի գումարման կառավարությունները գնալով երիտասարդացել են, սակայն 14-րդ գումարման գործադիրն աննախադեպ «երիտասարդ է»:

Եթե ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության նախարարների գումարային տարիքը կազմում էր 869, ապա նոր կառավարության դեպքում այդ թիվը 834 է: Ընդ որում, կառավարության կազմը համալրվել է երեք նոր՝ առաջին փոխվարչապետի և երկու փոխվարչապետի պաշտոններով: Միջին թվաբանական տարիքը նվազել է 4,4-ով՝ 48,2-ից դառնալով 43,8:

Գործող կառավարության, ինչպես նաև անկախ Հայաստանի եբրևէ ամենաերիտասարդ նախարարը Մխիթար Հայրապետյանն է՝ 27 տարեկան: Նա առաջիկայում կղեկավարի սփյուռքի նախարարությունը: Սփյուռքի նախորդ նախարարը՝ Հրանուշ Հակոբյանը, նշանակվելու պահին 62 տարեկան էր:

Նախորդ կառավարության ամենաերիտասարդ նախարարը սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, այժմ արդեն արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն էր. Կարեն Կարապետյանի կառավարությունում նախարարի պաշտոնում նշանակվելիս նա 35 տարեկան էր:

Հայրապետյանին հաջորդում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ 29 տարեկան և վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ նույնպես 29 տարեկան: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը 39 տարեկան է: Տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը 32 տարեկան է, նրա նախորդը՝ ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանը նշանակվելու պահին 58 տարեկան էր: Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը 34 տարեկան է, նախորդ նախարար Արմեն Ամիրյանը նշանակվելու պահին 49 տարեկան էր: Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը (36 տարեկան), իր նախորդից՝ Լևոն Ալթունյանից երիտասարդ է 23 տարով: Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը 39 տարեկան է՝ 7 տարով փոքր է ՀՅԴ անդամ, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանից (46 տարեկան), որը նախորդ կառավարությունում զբաղեցնում էր բնապահպանության նախարարի պաշտոնը:

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը 38 տարեկան է, սոցապ նախարար Մանե Թանդիլյանը՝ 40, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակված ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը՝ 46: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը 47 տարեկան է, իսկ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ 48 տարեկան: Արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանը և էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը 49 տարեկան են, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը՝ 50 տարեկան:

Կառավարության ամենաավագն արտաքին գործերի նախարար 52-ամյա Զոհրաբ Մնացականյանն է: Նա նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանից (նշանակվելու պահին 60 տարեկան) փոքր է 9 տարով:

Ընթերցեք նաև՝ «Ովքեր են Փաշինյանի կառավարության նորանշանակ անդամները. Մաս 1», և «Մաս 2»:

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---