«Շեմը ակունք է»

«Շեմը ակունք է»

Միքայել Օհանջանյանի նախագիծը՝ Ֆլորենցիայում Միքելանջելոյի քանդակի հարևանությամբ

Իտալիայում բնակվող հայ քանդակագործ Միքայել Օհանջանյանի աշխատանքը կտեղադրվի Ֆլորենցիայի հեղինակավոր Օպերա Դել Դուոմո թանգարանում: Օհանջանյանի «Շեմը ակունք է» նախագիծը հաղթող է ճանաչվել միջազգային հեղինակավոր մրցույթում՝ արժանանալով «Էնրիկո Մարինելլի անվան ժամանակակից արվեստի մրցանակին»։

PanARMENIAN.Net - Մրցույթին մասնակցել են տարբեր երկրներ ներկայացնող 45 արվեստագետներ։ Եզրափակիչ փուլ են անցել միայն 5-ը՝ հայ քանդակագործը, Ֆրանչեսկո Արենան և Մարկո Բանյոլին Իտալիայից, Սակշի Գուպտան Հնդկաստանից և Կամերունը ներկայացնող Բարտելեմի Թոգուոն:

Փետրվարին կազմակերպված մրցույթի թեման հույսն էր. ըստ հիմնական պահանջի՝ աշխատանքը պետք է ներկայացներ հույսի էությունը՝ ֆլորենցիայում առկա, համաշխարհային ճանաչում ունեցող ստեղծագործությունների և ժամանակակից արվեստի խնդիրների տեսանկյունից: Մասնակիցները պետք է ներկայացնեին աշխատանքը ժամանակակից արվեստի ոճով՝ արտահայտելով համընդհանուր արժեքներ:

Այսպիսով, հաղթող է ճանաչվել հայ քանդակագործը, ում նախագիծը կցուցադրվի Ֆլորենցիայի Օպերա դել Դուոմո թանգարանում Միքելանջելոյի, Դոնատելոյի, Լորենցո Գիբերտիի և այլ մեծերի աշխատանքների հարևանությամբ: Այն կտեղադրվի նախասրահում հոկտեմբերից՝ 6 ամսով:

PanARMENIAN.Net –ը զրուցել է արվեստագետի հետ «Շեմը ակունք է» նախագծի նշանակության և կրող խորհրդի մասին:

Հույսի մասին

«Մտորելով հույսի իմ փորձի մասին, ես կանվանեի այն «շարժում», շարժում՝ ուղղված դեպի շեմ կամ դուռ, որին հետևում են դեպի անվերջություն տանող շարժումները: Հույսն ինձ համար դինամիկ շարժում է, գործողություն, կյանքի կայծ: Ես նույնիսկ կասեի, որ հույսը հենց ինքը՝ կյանքն է, երեխան, նոր աճող ծառը»:

Հույսը՝ «Շեմը ակունք է» նախագծում

Իմ աշխատանքն իրականում ներկայացնում է հույսն անվերջանալի շարժման տեսանկյունից՝ 9 շեմերի կամ դռների հաջորդականության տեսքով: Ինը թիվը պատահական չէ ընտրված, քանի որ այն մարմնավորում է պարույրի շարժումն ու ստեղծումը: Աշխատանքում աղյուսի բաժանումն առանձին տարրերի ըստ էության մասնատում չէ: Ընդհակառակը, դա ներքին ռեֆլեքսիայի ձգտումն է, որն անդրադարձել է արտաքինի վրա, դա միասնականի «էջերի անվերջ թերթումն» է, դա հույսն է, որը մի շեմից անցնում է մյուսի մոտով, հանգիստ և գիտակցված հույսը:

Հանճարեղ աշխատանքների հետ հարևանության և փոխգործակցության մասին

Ես միշտ համարել եմ, որ մարդկության պատմության ընթացքում ստեղծված բոլոր արվեստի գործերը, որոնք արժանացել են գնահատականի՝ անկախ իրենց լեզվից, էսթետիկ լուծումներից, ստեղծման ժամանակից և վայրից, բոլոր այդ հրաշքները պատկանում են միևնույն տարածական թրթռանքին և հանդիսանում են շեմերի կամ դռների խորհրդանիշներ, որոնք թույլ են տալիս մեզ ներթափանցել այլ հարթություններ:

Կարծում եմ, որ իմ նախագիծը՝ շեմերի գաղափարը, նուրբ առաջարկ է թանգարանի այցելուներին՝ ուշադրություն դարձնելու այդտեղ գտնվող հանճարեղ ստեղծագործություններին ոչ որպես արվեստի գործերի կամ գեղեցիկ «օբյեկտների», այլ որպես «դռների», շեմերի և անցուղիների, որոնք մի քիչ նման են ինչպես ամբողջ Տիեզերքին և յուրաքանչյուր աստղին առանձին, այնպես էլ ողջ մարդկությանը և յուրաքանչյուր անհատին:

Օհանջանյանը նշեց նաև, որ շատ ուրախ է մրցույթում հաղթելու կապակցությամբ: «Մի կողմից դա մեծ ուրախություն է, մյուս կողմից՝ մեծ պատասխանատվություն: Ահա, թե ինչ եմ զգում այս պահին»:

Նա հավելեց, որ այժմ դեռ աշխատում է այս նախագծի վրա, դեռ այլ ծրագրեր չունի:

Քանդակագործ Միքայել Օհանջանյանը Վենետիկի ժամանակակից արվեստի 56-րդ բիենալեում հայկական տաղավարը ներկայացնող 18 արվեստագետներից մեկն էր: Armenity («Հայություն»)տաղավարում, որն արժանացել էր «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին, ներկայացված էր քանդակագործի «Տասներկու» ստեղծագործությունը:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---