// IP Marketing video - START// IP Marketing video - END
Ընթրիքը՝ երկնքում

Ընթրիքը՝ երկնքում

Երևանում կբացվի «օդում ճախրող» ռեստորան

Երևանում կբացվի «ճախրող» ռեստորան՝ Dine Sky-ը. արդեն ապրիլին էքստրիմի և յուրօրինակ զգացողությունների սիրահարները հնարավորություն կունենան ընթրելու Երևանի երկնքում:

PanARMENIAN.Net - Նախագծի հեղինակը Արաբական Միացյալ Էմիրություններում հիմնադրված ACE ընկերությունն է:

PanARMENIAN.Net -ը զրուցել է այդ ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Վիկտորյա Մաթևոսյանի հետ՝ պարզելու նախագծի մանրամասները:

«Երևանում նման նախագիծ իրականացնելու միտքը վաղուց էր ծագել, ACE ընկերությունը վաղուց ուներ այս գաղափարը: Ուղղակի հեղափոխությունից հետո՝ ՀՀ-ում ստեղծված նոր իրավիճակից ելնելով, սկսեցինք ավելի վստահել այս նախագծի հաջողությանը», - պատմեց ACE ընկերության հայաստանյան ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ վերջերս նման ռեստորան բացվեց Թբիլիսիում, սակայն Երևանինը մոտ 3 անգամ ավելի հասանելի կլինի գնային առումով:

Dine Sky ռեստորանը մոտ 50 մ բարձրության վրա վերամբարձվող պլատֆորմ է լինելու: 22 հյուրը հնարավորություն կունենա օդում անցկացնելու 1,5 ժամ: Աթոռները հնարավորություն կունենան պտտվելու 360 աստիճան, հյուրը կարող է անգամ պառկած դիրք ընդունել:

«Մեկ անձի համար արժեքը կկազմի 20000 դրամ՝ ներառյալ գլխավոր ուտեստի, աղցանի, աղանդերի և խմիչքների գինը, բացի ալկոհոլայինից: Ներքևում մենք կունենանք հերթագրված հյուրերի համար նախատեսված սպասասրահ, որտեղ նրանց անվճար կմատուցենք սուրճ, թեյ, իսկ մեր աշխատակիցներն այդ ընթացքում կներկայացնեն անվտանգության կանոնները և մանրամասները: Ճաշացանկին կարող են ծանոթանալ մեր կայքում, որը շուտով պատրաստ կլինի», - պատմեց Վիկտորյա Մաթևոսյանը:

Նա հավելեց, որ Երևանի եղանակային պայմանները հարմար են նման նախագծի համար, տարվա մեծ մասը տաք է, սաստիկ քամիներ չեն լինում, սակայն անգամ լինելու դեպքում էլ վտանգ չկա, նախագծի իրագործման փուլում բոլոր հնարավոր ռիսկերը հաշվի են առնվել:

«Նախագիծը սկսելուց առաջ մտավախություններ ունեինք, բայց բարեբախտաբար թե՛ ՀՀ իշխանությունները, թե՛ Երևանի քաղաքապետարանը, թե՛ «Բիզնես Արմենիա» հիմնադրամը օրենքի սահմաններում աջակցեցին մեզ: Մենք հույս ունենք, որ Dine Sky-ն իր հերթին կնպաստի տուրիզմի զարգացմանը ՀՀ-ում, ինչպես նաև հաճելի նորություն կլինի տեղացիների համար», - նշեց Մաթևոսյանը:

Ռեստորանի հասցեն դեռ գաղտնի է պահվում, հեղինակներն ուզում են անակնկալ մատուցել երևանցիներին և քաղաքի հյուրերին:

Յուլիանա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Սիրո հեղափոխության ամենահեղափոխական սերը
Հանրային կյանքը՝ Փաշինյանի իշխանության 1 տարում
 Բաժնի այլ նյութերը
Լանք, թե խնդանք Ինչը ժպիտ պարգևեց վերջին օրերի դրամատիկ իրադարձություններում
Ծերացող ազգի «բեռը» Քանի հոգի է աշխատում 1 թոշակառուի թոշակի համար