Deutschland, Deutschland über allen

Deutschland, Deutschland über allen

Ինչ է ասում Rammstein-ն իր նոր հոլովակում

7 տարվա դադարից հետո Rammstein-ը պայթեցրեց երաժշտական աշխարհն իր Deutschland հոլովակով: Այն հայտնվում է մայիսին` 10-ամյա դադարից հետո, նոր ալբոմի լույս տեսնելուն ընդառաջ ու պիտի իրադարձություն դառնար հասկանալի պատճառներով։ Սակայն Rammstein-ն ու Սպեկտեր Բեռլինը ծնեցին այնպիսի վիդեոշարք, որ հոլովակը դուրս եկավ երաժշտական իրադարձություն լինելու սահմաններից՝ մշակութային, քաղաքական ու պատմական գերհագեցած սիգնալներով, ինչպես գրում է վատ մամուլը, «ցնցելով համացանցը»։

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ը փորձել է վերլուծել հոլովակն ու պատմում է՝ ինչ է հասկացել տաղանդաշատ գերմանացիների մուսայի օրգիաստիկ թռիչքի արդյունքից։

Առաջին վայրկյաններին մենք կարդում ենք․ Germania Magna, 16 A.D., կամ Մեծ Գերմանիա, մ․թ․ 16 թվական։ Ի՞նչ տարեթիվ է դա։ Մի քանի տարի առաջ՝ 9 թվականին, գերմանացիները Արմինիուսի գլխավորությամբ ջախջախել են հռոմեացի Վարրոսի լեգիոնները Տևտոբուրգյան անտառում։ Այժմ հռոմեացիների վրեժի հերթն է։ Գերմանիկուսի առաջնորդությամբ, նրանք վերադարձել են մութ անտառ։ Մենք տեսնում ենք ծառերից կախված դիեր ու զոհին գլխատող սևամորթ Գերմանիային։ Այդ տարի Հռոմը դեռ կհաղթի Արմինիուսին 2 ճակատամարտում, սակայն ուշ է, Գերմանիայի վերելքի սկիզբը դրված է։ Հռոմի լեգեոններն այլևս երբեք չանցան Հռենոսը, իսկ գերմանական ցեղերը մի քանի դար անց կործանեցին Հին աշխարհի ամենաէպիկ կայսրությունը։

Ի դեպ, գլխի մասին․ Արմինիուսը Վարրոսին ջախջախելով կտրել էր նրա գլուխն ու ուղարկել գերմանացի ցեղերից մեկին՝ համոզելու համախմբվել հռոմեացիների դեմ պայքարում։ Գլուխը կուղեկցի Գերմանիային հոլովակի ողջ ընթացքում։

Հայտնություններից մեկը

Հատվածն, ի դեպ, ուղեկցվում է Վիլնյովի Sicario ֆիլմի սաունդթրեքին անչափ նման հնչյունային շարքով։ Այն գրած իսլանդացի Յոհան Յոհանսոնը մահացել է 2018-ին:

2-րդ րոպե։ Տեղափոխվում ենք տիեզերք ու տեսնում 2-րդ Համաշխարհայինի գերմանական ամենամասսայական՝ Type VII-ին նման մի սուզանավ։ Կրկին հայտնվում է Գերմանիան՝ հարուստ հագնված, սակայն հաշմված (ակնարկ 20-րդ դարի պատերազմներում երկրի ծանր կորուստների՞ն)։ Վայրկյաններ անց Գերմանիան արդեն զինված ասպետի պատկերով է՝ ու մենք հասկանում ենք սևամորթ դերասանուհու ընտրության պատճառներից մեկը․ գունային գամման կրկնում է գերմանական եռագույնը՝ սև, կարմիր ու դեղին կամ ոսկեգույն։

Եռագույնն ու լեգեոններից խլված շտանդարտն՝ արծիվը

Ցուցադրվում է կաստետներով զինված տղամարդկանց մարտ։ Հերոսների հագուկապից և ընդհանուր անտուռաժից հասկանում ենք, որ խոսքը Ռեմարկի վեպերից ծանոթ միջպատերազմական Գերմանիայի մասին է՝ ծանր ճգնաժամի մեջ, ինքն իր հետ անհաշտ երկիր։ Հետևում են հասկանալի մոտիվներ․ դեռ Led Zeppelin-ին ոգեշնչած «Հինդենբուրգ» դիրիժաբլի կործանումը, ԳԴՀ-ն ու սովետական զինանշանով «ուշանկա» հագած Գերմանիան, ինկվիզիցիան ու պրուսակ զինվորները, երկրից սնվող եկեղեցականները ու գրքեր հրդեհող նացիստները։

Կրկին եռագույնն ու հռոմեացու գլուխը

Հաջորդ կադրերում տեսնում ենք 20-րդ դարի բանտ, 20-ականների հագուստով ոստիկաններին ու խմբի շղթայված անդամներին, որոնց վրա գումար է թափվում։ Կոցքից էլ արդեն արդի հանդերձանքով ոստիկանները ծեծում են բանտարկյալնրին։ Ոմանք սա ընկալեցին որպես Գերմանիայի վրա Երկրորդ Համաշխարհայինից հետո թափված ամերիկյան փողերի «անձրևի» մասին ակնարկ։ Սակայն մյուս կողմից սա կարող է լինել հղում՝ միջպատերազմյան ժամանակաշրջանի փորձություններին ու կրկին, առնվազն Ռեմարկի գործերից մեզ ծանոթ հիպերինֆլյացիային ու ժամը ժամի վրա փողի արժեզրկմանը։ Այդ տարբերակի օգտին է խոսում այն, որ թափվող գումարները դոլարներ չեն, և անմիջապես հետո հայտնվում է Mercedes կաբրիոլետը՝ պարզ ակնարկ անտաղանդ մի նկարչի վերելքին։

Վայրկյաններ անց սկսվում է ամենապարզ ու թափանցիկ ակնարկը՝ հրեաների, միասեռականների ու քաղբանտարկյալների տարբերանշաններով անձանց կախաղանը ու ետևի ֆոնին թռչող FAU հրթիռները։ Այս դրվագը խումբն ու տեսաերիզը սկանդալի մեջ գցեց՝ մի շարք հրեական կազմակերպություններ զայրույթ են հայտնել, Rammstein-ին Հոլոքոսթը «զվարճանքի» նպատակով մեջբերելու մեջ մեղադրելով։

Սակայն այստեղ մենք տեսնում ենք ևս մի հետաքրքիր ակնարկ՝ Գերմանիան սառնասրտորեն հետևում է հրեաների ողջակիզմանը, սակայն հերոսուհին միաչքանի է։ Ամենահայտնի միաչքանի գերմանացի զինվորականը Հիտլերի դեմ հուլիսի 20-ին անհաջող մահափորձ կատարած Կլաուս ֆոն Շթաուֆենբերգն է (վերջինս, ի դեպ, ոչ թե ՍՍ, այլ Վերմախտի զինծառայող էր)։ Rammstein-ը, կարծես, ասում է՝ ՍՍ համազգեստը «հագած» Գերմանիայում միշտ մնացել են նացիզմի ժանտախտի դեմ պայքարել պատրաստ մարդիկ։

Այսօրվա Գերմանիայում հուլիսի 20-ին նորակոչիկները զինվորական երդում են տալիս

Ոստիկանների հետ փոխհրաձգության մեջ մտած տարօրինակ հագուկապով մարդիկ RAF ձախ ահաբեկչական խմբավորումն է (ի դեպ, դիտեք իրենց մասին պատմող «Բաադեր-Մայնհոֆ համալիրը» ֆիլմը)։ Քիչ ուշ տեսնում ենք արդի Գերմանիայում ոստոիկանների հետ բախումներ, ձիավոր ասպետ Գերմանիային փոխարինում է ձիավոր ոստիկանը, ողջակիզման ճամբարի բանտարկյալները գնդակահարում են նացիստներին։ Գերմանիան հառնում է վեր՝ միֆիկական Վալկիրիայի պատկերով, բոլորից վեր, կամ über allen:

Վալկիրիայի թռիչքը

Մենք այդպես էլ չհասկացանք ու շրջանցեցինք հերոսուհու կողմից շներ ծնելու կադրերը (ոմանք դրանք կարդում են որպես բողոք միգրանտների դեմ ու ակնարկ, որ երկիրը շուն-շանորդիներ է ծնում, սակայն դա, թերևս, կհակասեր մեր նկատած հականացիստական ակնարկներին) ու հղի Գերմանիային աստվածացնող տիեզերագնացների խորհուրդը։ Ինչո՞վ է հղի Գերմանիան։ Գուցե այդ հարցը Rammestein-ն ու հոլովակի հեղինակը հատուկ են անպատասխան թողնում։

ԹԱՐՄԱՑՈՒՄ․ Reddit հեղինակներից մեկն ուշադրություն դարձրեց, որ շները ոչ թե հովվաշներ են, այլ լեոնբերգերներ։ 1-ին ու 2-րդ համաշխարհային պատերազմներից հետո կենդանի էր մնացել ցեղատեսակի համապատասխանաբար 5 և 8 շուն: Սակայն մասնագետները կարողացան վերականգնել ցեղատեսակը՝ նաև այլ ցեղատեսակների հետ դրանց խաչասերելով։

Նիկոլայ Թորոսյան/PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---