// IP Marketing video - START// IP Marketing video - END
Հետհեղափոխական տնտեսության «սևն» ու «սպիտակը»

Հետհեղափոխական տնտեսության «սևն» ու «սպիտակը»

Ինչ փոխվեց ապրիլից ապրիլ

2018-ի ապրիլ-մայիսին տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունն օբյեկտիվ պատճառներով, կարող էր բացասական ազդեցություն ունենալ հայրենական տնտեսության վրա: Ապրիլյան իրադարձություններին հաջորդած մեկ տարում երկիրն ապրեց ինչպես աճի դանդաղեցման, այնպես էլ տնտեսական գործընթացների աշխուժացման շրջափուլեր, սակայն տնտեսական անդառնալի վնասներ չկրեց: PanARMENIAN.Net-ը հակիրճ ներկայացնում է անցած տարում ոլորտի կարևորագույն արդյունքներն ու իրադարձությունները։

PanARMENIAN.Net - Մոտ 21 մլրդ դրամի ներված տույժ-տուգանքներ

Հայաստանի բանկերը ավելի քան 7 մլրդ դրամի տույժ-տուգանք ներեցին 124,000 վարկառուի: Կառավարության որոշմամբ, ներվեցին նաև 2012 թվականից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը վարորդների նկատմամբ սահմանված ճանապարհային երթևեկության՝ մոտ 14 մլրդ դրամի տուգանքները։

Հիփոթեքի պայմանները փոխվեցին, ծավալները՝ աճեցին

Երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման պետական աջակցության ծրագրով հիփոթեքային վարկի տոկոսադրույքը նախկինում եղած 9.5%-ից իջեցվեց 7.5%-ի, մարզերում՝ 7.5%-ից 5.5%-ի: Կանխավճարը գործող 30%-ից իջեցվեց 20%-ի, իսկ զինծառայողների դեպքում սահմանվեց 10%: Եթե նախկինում երիտասարդ ընտանիք էր համարվում այն ընտանիքը, որի ամուսինների գումարային առավելագույն տարիքը 65-ն էր, ապա այժմ սահմանվել է 70 տարեկանի շեմը: Արդյունքում 2019-ի փետրվարին 2018-ի փետրվարի համեմատ ՀՀ-ում մոտ 130%-ով աճեց հիփոթեքային վարկավորման ծավալը՝ 30 մլրդ դրամից դառնալով 70 մլրդ դրամ:

Կուտակայինը՝ ուժի մեջ. 7.5%-ը՝ պետությունը, 2.5%-ը՝ քաղաքացին

2018-ի հուլիսի 1-ից ուժի մեջ մտավ պարտադիր կուտակային բաղադրիչը: Փաշինյանի կառավարությունը խմբագրեց օրենքը․ համակարգին մասնակից քաղաքացիների եկամտի 10%-ի կուտակումն այժմ ձևավորվում է 2.5% և 7.5% համամասնությամբ՝ նախկին 5% և 5% համամասնության փոխարեն: Սակայն ծրագրվում է, որ հարկային բարեփոխումների ու եկամտային հարկի նվազմանը զուգահեռ կվերադառնանք հին՝ 5%՝ աշխատողից, 5%՝ պետությունից համակարգին:

Պարենային գծից վեր

2019 թվականին Հայաստանում 10,000-ական դրամով բարձրացավ մոտ 85,000 մարդու թոշակ ու նպաստ: Նվազագույն կենսաթոշակի և նպաստի շեմ սահմանվեց 25,500 դրամը, ինչը նշանակում է, որ այլևս չեն լինի պարենային գծից ներքև եկամուտ ստացող թոշակառուներ ու նպաստառուներ:

2018-ին անապահով ընտանիքների համար գազն էժանացավ 20 դրամով, իսկ էլեկտարական էներգիան՝ 10 դրամով:

Գազի նոր գին սահմանին. Սպառողի համար նույնը կմնա

2019 թվականից թանկացավ «Գազպրոմից» «Գազպրոմ Արմենիային» տրվող գազի գինը՝ նախկին $150-ից $165 սահմանվեց: Սակագինը չթանկացավ սպառողների համար:

Սակայն սրան զուգահեռ, «Գազպրոմ Արմենիան» հայտարարեց ծախսերի ու աշխատողների կրճատման մասին՝ պայմանավորված սահմանին տրվող գազի նոր սակագնով:

Որոշում՝ ի շահ Ծառուկյանի բիզնեսի

ՀՀ կառավարությունը որոշեց սահմանափակումներ կիրառել ցեմենտի ներկրման ոլորտում՝ պետական տուրք սահմանելով այդ ապրանքատեսակի համար։ Որոշումը հատուկ ընդունվեց գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «ԱրարատՑեմենտ» գործարանի բնականոն գործունեությունը շարունակելու համար: Ցածր գնով ներմուծվող իրանական ցեմենտը` տեղական արտադրողների համար շուկայում մրցակցային լուրջ խնդիրներ էր առաջ բերում:

Սակայն իրավիճակը չփրկվեց՝ 1200 հոգի կլինկերի ու պետտուրքի «արանքում» է: Այժմ էլ Ծառուկյանը դժգոհ է, որ ներկրվող կլինկերը (նյութ, որից ցեմենտ են ստանում) տուրքի տակ չի ընկնելու․ գործարանի աշխատակիցներն ազատման դիմում են ստացել, ինչից հետո փակել են ճանապարհը։

«Սպայկա». Թաքցրած հարկեր, մթերման դադարեցում

Կալանավորվեց գյուղատնտեսական խոշոր մթերող «Սպայկա» ՍՊԸ-ի տնօրենը: Ընկերությունը մեղադրվում է 7 մլրդ դրամի հարկեր և տուրքեր թաքցնելու մեջ: Ընկերությունն ավելի վաղ նույն քրեական գործով պետությանն էր վերադարձրել մոտ 2.5 մլրդ դրամ:

«Սպայկան» հայտարարեց, որ դադարեցնում է մթերումները: Այս պահին անորոշ է, թե ում մոտ են մթերելու իրենց բերքը ընկերության հետ գործակցող գյուղացիները:

Ամուլսար. «Արգելակված» խոշոր ներդրումը

«Լիդիան Արմենիա» ընկերության Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման շուրջ կրքերը թեժացան բնապահպանների, տարածաշրջանի մի շարք համայնքների բնակիչների և ընկերության միջև: Հանք տանող ճանապարհներն առ այսօր արգելափակված են: Դրա շահագործման «դեմերն» ու «կողմերը» իրենց պահանջներով դիմել են կառավարությանը:

Ըստ գործադիրից հնչող խոստումների շրջակա միջավայրի վրա հանքի ազդեցության վերաբերյալ անկախ փորձագիտական եզրակացությունը պատրաստ կլինի 2019-ի մայիս-հունիսին: Կառավարությունը, ի դեպ, մոտ $370,000 հատկացրեց փորձագիտական խմբին:

«Լիդիանը» մինչև այդ սպառնաց միջազգային արբիտրաժով, ու տարբեր կառույցներ և անձինք՝ ԱՄՆ նախկին դեսպանից մինչև Fitch ռեյթինգային կազմակերպություն, մի քանի անգամ ընդգծեցին, որ նախագծի ճակատագիրն ազդելու է երկրի ներդրումային վարկանիշի վրա:

Գործադիրը ԲԷՑ-ը չտվեց «Տաշիրին»

ՀՀ կառավարությունը դադարեցրեց «Բարձրավոլտ էլեկտրացանցերը» ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր Կապիտալին» 25 տարով հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագիրը:

Գերակատարված բյուջեն ու բարձրացող աշխատավարձը

2019-ին բյուջեն կգերակատարվի 40 մլրդ դրամով, ինչի արդյունքում ընթացիկ տարվա հունիսի 1-ից զինծառայողների, իսկ սեպտեմբերի 1-ից՝ ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 10%-ով։ Ոստիկանության աշխատողների աշխատավարձը բարձրացվեց միջինը 20 տոկոսով:

Կառավարության հայտարարությամբ, 2019-ի հունվարի դրությամբ ՀՀ-ում գրանցված աշխատողների թիվն աճել է 10%-ով կամ ավելի քան 50,000-ով։

Բարձրացավ պետհիմնարկների բուժաշխատողների աշխատավարձը

2018 թվականի օգոստոսին պոլիկլինիկաների ու ամբուլատորիաների ավելի քան 10,000 բուժաշխատողի աշխատավարձ բարձրացավ 15%-ով: Երկրորդ անգամ ոլորտի ներկայացուցիչների աշխատավարձը բարձրացավ 2019 թվականի հունվարից. բժիշկների աշխատավարձը 178,000-ից դարձավ 240,000 դրամ, բուժքույրերինը՝ 80,000 դրամից 100,000 դրամ:

Ինսուլտի բուժումը, քաղցկեղի վիրահատությունը՝ անճար

Հայաստանում ընթացիկ տարվա փետրվարի 1-ից անվճար բուժվում են գլխուղեղի իշեմիկ կաթված (ինսուլտ) ստացած բոլոր հիվանդները: Պետությունը հոգում է նաև քաղցկեղով հիվանդների վիրահատության ծախսերը: Իսկ երեխաների քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ դեղերը նույնպես անվճար են տրամադրվում:

ՀՀ-ում նաև սանավիացիա գործարկվեց:

Հյուսիս-հարավի շինաշխատանքների ծավալը եռապատկվեց

ՀՀ նոր կառավարությունը, «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցման նախագծում 23.5 մլրդ դրամի չարաշահում բացահայտելուց հետո, նոր թափ հաղորդեց դրա շինարարական աշխատանքներին՝ եռապատկելով դրանց ծավալը: Մեկ տարում վերանորոգվեց 164 կմ ճանապարհ պլանավորված 84-ի փոխարեն, իսկ 2019-ին կնորոգվի 303-ը։ 19 գյուղ, 16 դպրոց միացվեցին միջպետական ճանապարհներով:

Օպտիմալացում՝ օրենսդիրում և գործադիրում

Վարչապետի աշխատակազմին սպասարկող մեքենաների թիվը 50-ից կրճատվեց 7-ի: 2018-ին աշխատակազմի ծախսերի համար նախատեսված 7․81 դրամից տնտեսվեց և պետական բյուջե վերադարձվեց 1․021 մլրդ դրամը, որը կազմում է ամբողջ տարեկան բյուջեի 13%-ը: Օրինակ, ՊԵԿ-ում 128 աշխատող կրճատվեց:

2 ամսում 7-րդ գումարման ԱԺ-ն 75%-ով կրճատեց ներակայացուցչական ծախսերը, իսկ ծառայողական ավտոմեքենաների թիվը՝ 44%-ով:

Արտոնյալ պայմաններ՝ ֆերմերներին

ՀՀ-ում ներդրվեց գյուղապահովագրությունը, որի 50%-ը կվճարի պետությունը: Ծրագիրը կիրականացվի 6 մարզում՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն, Տավուշ, Կոտայք, Վայոց ձոր։

Գյուղմթերք վերամշակողների վարկերը նույնպես կսուբսիդավորվեն. 3%՝ նախկին 9%-ի փոխարեն: Պետությունը կծածկի «խելացի» անասնագոմ կառուցողների ծախսի 50%-ը:

Հաստատվեց Հայաստանում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը, որով պետությունը կաջակցի 0.5-10 հեկտար խաղողի և ինտենսիվ պտղատու այգիների և 0.5-3 հեկտար հատապտղանոց հիմնող տնտեսավարողներին: Նախատեսվում է այգում հիմնման ծախսերի 40 տոկոսի, իսկ սահմանամերձ համայնքներում ու կոոպերատիվներում՝ 50 տոկոսի փոխհատուցում:

Փաշինյանը գերակատարեց Կարապետյանի հարկային եկամուտների պլանը

Դեռ ՀՀ պաշտոնաթող վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք ընդունված 2018 թվականի պետբյուջեով 1,248․5 մլրդ դրամի հարկային եկամուտներ էին պլանավորված։ Մայիսին երկրի ղեկը ստանձնած Փաշինյանը «փակեց» տարին մոտ 1,257․9 մլրդ-ով, գերազանցելով ցուցանիշը մոտ 9.4 մլրդ դրամով։

Գերակատարվեց՝ խոշորների հաշվին

Հեղափոխությունից հետո խոշոր հարկատուների մուծած հարկերի ծավալն աճեց, իսկ փոքր ու միջին տնտեսվարողների վճարած հարկերը, ընդակառակը, նվազեցին։ Օրինակ, 2018-ի հետհեղափոխական 2-3-րդ եռամսյակներում՝ ապրիլ-սեպտեմբերին, 1000 խոշոր հարկատուների վճարումներն աճել են թե բացարձակ մեծությամբ (+90 մլրդ դրամ), թե տոկոսային հարաբերակցությամբ (ընդհանուրի 76.3%-ը՝ նախորդ տարվա 69.7%-ի դիմաց)։ Այլոց հարկերն, ընդհակառակն, ընկել են 175․8 մլրդ-ից մինչև 153․7 մլրդ կամ մոտ 22 մլրդ դրամով (առավել մանրամասն ընթերցեք այստեղ

84.8 մլրդ դրամի վնաս հայտնաբերվեց

2018-ին բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմեց 84.8 մլրդ դրամ, որից տարեվերջի դրությամբ վերականգնվեց 27.7 մլրդ դրամը: Թիվը վերջնական չէ, քանի որ 2019-ին եղել են լրացուցիչ բացահայտումներ և վերականգնված վնաս:

ՀՀ-ն շարունակելու է վարկեր վերցնել

Մոտակա տարիներին բյուջեն մնալու է վարկային միջոցների հույսին։ 2018-ին Համաշխարհային բանկը հավանություն տրեց Հայաստանի հետ 2019-2023 թվականներին մինչև $500 մլն միջոցների տրամադրմանը, ԱՄՀ-ն իր հերթին մինչև $250 մլն «վարկային գիծ» է բացելու ՀՀ համար՝ stand-by arrangement եղանակով: ՀՀ-ն ՌԴ-ից վերցրեց հերթական ռազմական վարկը՝ $100 մլն-ի չափով։

ՀԱԷԿ-ի համար վերցված $270 մլն վարկի մարումների սկիզբը հետաձգվեց մինչև 2020 թվականը

ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հայկական կողմին հաջողվեց հետաձգել Ատոմակայանի վարկի մարումը մինչև 2020 թվականը:

Կրքեր՝ նոր հարկային օրենսգրքի շուրջ

Փաշինյանի կառավարությունը ցանկանում է ազատել բոլոր տեսակի հարկերից մինչև 24 մլն դրամի շրջանառություն ունեցող՝ գործունեության մի շարք ոլորտների բիզնեսները, համահարթեցնել եկամտահարկը՝ նվազեցնելով այն նախ մինչև 23%, հետո՝ մինչև 20%: Շահութահարկը կնվազի մինչև 18%, իսկ ծխախոտի, բենզինի, դիզելի, ալկոհոլի ակցիզային հարկը ու մի շարք այլ տուրքեր (օրինակ՝գրավատների ու փոխանակման կետերի վճարումները) կավելանան։

Այդ փոփոխությունները սվիններով ընդունվեցին ինչպես որոշ տնտեսվարողների, այնպես էլ ձախ ուղղվածության քաղաքական ուժերի ու ակտիվիստների կողմից։

Տնտեսական աճի վայրիվերումները

Փաշինյանի կառավարության մեկ տարում մակրոտնտեսական աճի ցուցանիշները մեկ երկնիշ էին, մեկ մոտենում էին զրոյին: Ֆուտբոլային առաջնության ու ընթացքում՝ հուլիսին, երկնիշ աճ տեղի ունեցավ բուքմեյքերների շրջանառության աճի հաշվին, իսկ արդեն սեպտեմբերին ցուցանիշը բացաական էր՝ 0,2%-ով կրճատվելով։ Կառավարությունը դանդաղումը բացատրում է հիմնականում հանքարդյունաբերության ոլորտում խնդիրներով։ Տարին փակեցինք ՀՆԱ 5,2% աճով։ Նոր կառավարությունը հավակնոտ տնտեսական տեմպերի ծրագիր չներկայացրեց՝ 5% միջին աճի տեմպ կանխատեսելով։ ԱՄՀ կանխատեսմամբ, 2019-2020 թվականներին 4․5-4․6% տնտեսական աճ է լինելու։

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Աշխարհի առաջնությունն ու ՀՀ տնտեսությունը
Ինչ հասցրեց ուղղել ու որտեղ «սայթաքեց» Փաշինյանի գործադիրը
Գործարարն ու պետությունը՝ հեղափոխությունից հետո
Ով է ճիշտ՝ Գևորգյա՞նը, թե՝ Ծառուկյանը
 Ուշադրության կենտրոնում
ՀՀ-ում գյուղապահովագրության համակարգ են ներդնում

ՀՀ-ում գյուղապահովագրության համակարգ են ներդնում Մասնավորապես հակակարկտային ցանցերի մասով կառավարությունը փորձում է խրախուսել դրանց կիրառումը

 Բաժնի այլ նյութերը
Բյուջեն լցվում է խոշորների հաշվին Մյուսներից գանձվող հարկերը կտրուկ նվազել են
Տնտեսությունը դուրս է գալիս հեղափոխական շոկից ՀՀ-ի սոցիալ-տնտեսական կյանքն ապրիլին ու մայիսին
Ինչպես են «խոշորները» գրավում Երևանի առևտուրը Պաշտոնական թվերի և իրականության հակասությունը