«Վերջում միշտ լույս ենք տեսնում»

«Վերջում միշտ լույս ենք տեսնում» (վիդեո)

Sigma Sol խումբը՝ նոր խոսք հայկական երաժշտության մեջ

Sigma Sol երաժշտական խումբը հիմնադրվել է 2016-ին՝ կիթառահար Տիգրան Ավետիսյանի կողմից: Խմբի կայացման փուլը երկար է տևել, և միայն 2019-ին է, որ խումբը սկսել է ակտիվ գործունեություն ծավալել և արդեն պատրաստվում է առաջին համերգին:

PanARMENIAN.Net - Sigma Sol խմբի առաջին համերգը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին: Ելույթ կունենան խմբի անդամները՝ հիմնադիր Տիգրան Ավետիսյանը, ջութակահար Արուս Սարգսյանը, վոկալիստ և դաշնակահար Անահիտ Ամիրխանյանը, բաս կիթառահար Համլետ Շտիկյանն ու հրավիրված թմբկահար Ռաֆայել Մարտիրոսյանը:

PanARMENIAN.Net –ը համերգից առաջ զրուցել է խմբի անդամների հետ, պարզել՝ ինչ է սպասվում համերգին, ինչ պլաններ ունի և ինչ ճանապարհ է անցնելու Sigma Sol-ը:

Խմբի մասին

«Խմբի կորիզը ես, Անահիտն ու Արուսն էինք, վերջերս միացավ Համլետը: Մեր երգերը գրում ենք ես ու աղջիկները», - պատմեց Տիգրանը:

Նրա խոսքով՝ վերջին ամիսների ակտիվության ընթացքում ծնվել է մեկ տեսահոլովակ, մի շարք երգեր, իսկ խմբի առաջին ալբոմը պատրաստման փուլում է:

«Մեր առաջին ալբոմը մշակման փուլում է: Արդեն 4 ձայնագրված երգ ունենք, ևս 4-5 երգ կլինի, և կթողարկենք ալբոմը: Նախատեսում ենք թողարկել եկող տարմա մեջ՝ գարնանը կամ ամռանը», - հավելեց Տիգրանը:

Համերգի մասին

Խմբի հիմնադիրը նշեց, որ մինչև ձայնասկավառակի թողարկումը նախատեսվում է մի քանի համերգ ունենալ, լսարանին ներկայացնել ստեղծած երաժշտությունը, «որպեսզի մարդիկ իմանան՝ ինչ են տանելու տուն լսելու»:

«Հոկտեմբերի 5-ին կլինի առաջին համերգը, «Ստոպ» ակումբում հանդես կգանք ամբողջ կազմով՝ 5 հոգով: Կհնչի 11-12 երգ, բոլորը՝ նոր և հեղինակային: Կհնչեն նույնիսկ երգեր, որոնք չեն լինի մեր առաջին ալբոմում և տեղ կգտնեն երկրորդում: Ի դեպ, համերգի մուտքն ազատ է լինելու», - ասաց Տիգրանը:

«Մենք ուզում ենք ծափահարությունների մեր բաժինը»

«Մեր համերգին հնչելու են միայն մեր երգերը: Այդպիսին է մեր սկզբունքը: Երբ կատարում ես ուրիշի երգը, հատկապես՝ ինչ-որ հայտնի հիթ, մարդիկ միևնույն է ծափահարելու են: Եվ անկախ նրանից, թե դու ինչպես կներկայացնես այդ երգը քո ձևով՝ լավ թե վատ, մարդիկ ծափ են տալու երգին, ոչ թե քեզ», - նշեց խմբի հիմնադիրը՝ հավելելով, որ ավելի լավ է «նոր բան տալ աշխարհին, ներկայացնել սեփականը» և արժանանալ «ծափահարությունների մեր բաժնին»:

«Այլ բան է, եթե ընկերներով մի տեղ հավաքվենք և ես ուղղակի կիթառով հայտնի երգեր նվագեմ ու երգեմ, բայց համերգին՝ միայն սեփականը, այլապես իմաստ չունի», - կարծում է Տիգրանը: Խմբի մյուս անդամները ևս այդ կարծիքի են:

«Մենք այս հարցում համակարծիք ենք, գաղափարակիցներ ենք: Դժվար կլիներ իրար հետ ստեղծագործել, եթե նույն գաղափարների ու սկզբունքների կրողը չլինեինք», - նշեց Անահիտը:

«Մեր երաժշտության ժանրը դժվար է սահմանել»

«Այս պահին դժվար է ասել, թե ինչ ժանրի է մեր երաժշտությունը. դրա մեջ ամեն ինչ կա, շատ ծանոթ երաժիշտներ չեն կարողանում սահմանումը տալ: Գլոբալ առումով՝ ռոք է, բայց դժվար է այդպես միանշանակ ասել», - ասաց Տիգրանը:

Անահիտի խոսքով՝ խմբի բոլոր երգերը շատ տարբեր են, և որևէ երգի մեջ կարող է մի ժանրը գերակշռել, մյուսի մեջ՝ մեկ ուրիշը:

«Մի երգը կարող է ավելի փսիխոդելիկ լինել, մյուսում գերակշռի դասական մոտեցումը: Երգերը բազմազան են, բայց մեր առաջին ալբոմի հիմնական թեման ուղղված է պատերազմների դեմ: Բայց դա չի նշանակում, որ բոլոր երգերը պատերազմի մասին են կամ նեգատիվ, ընդհակառակը՝ ունենք շատ պոզիտիվ երգեր: Ինչքան տեսնում ենք մութը, այդքան ավելի շատ միշտ լույս ենք տեսնում վերջում», - ասաց Անահիտը:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---