Կարմիր բլրի վերականգնումից մինչև Սքեյթ այգի

Կարմիր բլրի վերականգնումից մինչև Սքեյթ այգի

Ինչ են ուզում երևանցիները «Ակտիվ քաղաքացի» հարթակից

2019-ին Երևանի քաղաքապետարանը գործարկեց «Ակտիվ քաղաքացի» առցանց հարթակը, որը հնարավորություն է տալիս երևանցիներին և մայրաքաղաքի կյանքով մտահոգված բոլոր քաղաքացիներին առաջ քաշել և ներկայացնել նոր ու հետաքրքիր գաղափարներ՝ ուղղված քաղաքի կյանքը բարելավվելուն:

PanARMENIAN.Net - «Ակտիվ քաղաքացի» նախագծի շրջանակներում Երևանի քաղաքապետարանը հատկացրել է 500 մլն դրամ, որոնք կուղղվեն քաղաքացիների կողմից առաջարկված լավագույն և ամենաշատը հավանության արժանացած գաղափարներին՝ յուրաքանչյուրին առավելագույնը 30 մլն դրամ պայմանով:

Նոյեմբերի 10-ին ավարտվեց «Ակտիվ քաղաքացի» հարթակում տեղ գտած նախագծերի օգտին քվեարկությունը: Մոտ օրերս քաղաքապետարանը կամփոփի արդյունքները և կհայտնի հետագա քայլերի մասին, իսկ մինչ այդ PanARMENIAN.Net –ը ներկայացնում է ամենաշատ քվեներ ստացած նախագծերի տասնյակը:

Հ․ Օշականի անվ․ N 172 դպրոցի բակային տարածքի բարեկարգում

Այս նախագծի օգտին է քվեարկել «Ակտիվ քաղաքացի» հարթակում գրանցված 931 օգտատեր: Ըստ նախագծի առաջարկվում է ուսումնասիրել Հ․ Օշականի անվ․ N172 դպրոցի տարածքը, քանի որ, ինչպես նշվում է, այն որևէ կերպ առանձնացված չէ փողոցի երթևեկելի հատվածից, մայթերը շատ նեղ են, իսկ տարածքում երթևեկությունն ակտիվ է, ուստի դպրոցականների համար կա որոշակի վտանգ: Այդ տարածքում է գտնվում նաև N78 դպրոցը։

Նախագծի հեղինակն առաջարկում է ոստիկանի ծառայություն իրականացնել երկու դպրոցներ միջև, ճաղավանդակով առանձնացնել դպրոցի տարածքը երթևեկելի գոտուց, ինչպես նաև ՃՈ նշանների օգնությամբ տարածքը դարձնել հնարավորինս անվտանգ։ Բացի այդ, առաջարկվում է փոխել N172 դպրոցի հին պատուհանները, որոնք ցրտադիմացկուն և ապահով չեն:

Վերականգնենք Կարմիր բլուրը

Երկրորդ տեղում է Կարմիր բլրի վերականգնման նախագիծը, որը հավաքել է 734 քվե: Նախագծի հեղինակն առաջարկում է 36 հա տարածք զբաղեցնող հուշարձանին վերադարձնել երբեմնի զբոսաշրջային կենտրոնի համբավը՝ մաքրելով տարածքը, իրականացնելով պեղումներ, տնկելով ծառեր, լույսեր, աղբամաններ և նստարաններ տեղադրելով:

Առաջարկվում է նաև տեղադրել ինֆո կենտրոն, տեղեկացնել Երևան եկող զբոսաշրջիկներին Կարմիր բլրի մասին, դարձնել այն պարտադիր այցելության համար նախատեսված տարածք:

Մարզական կենտրոն Հաղթանակ թաղամասում

723 քվե ստացած նախագծի համաձայն՝ առաջարկվում է Երևանի ծայրամասում գտնվող Հաղթանակ թաղամասում ստեղծել սպորտային ու ժամանցի կենտրոն, որպեսզի թաղամասի երեխաները կարողանան զբաղվել ֆուտբոլով, բասկեբոլով, վոլեյբոլով, ինպես նաև կարողանան տեղադրված մարզասարքերի շնորհիվ մարզվել: 9000-ից ավել բնակչություն ունեցող թաղամասն այժմ չունի նման կենտրոն:

Նախագծի հեղինակն առաջարկում է մարզական կենտրոնի ստեղծման համար օգտագործել թաղամասի միակ դպրոցին կից տարածքը, որը ներկայումս գտնվում է ոչ բարվոք վիճակում:

Լեդ լուսավորություն Հաղթանակ թաղամասում

Հաջորդ նախագիծը ևս վերաբերում է Հաղթանակ թաղամասին: Այս անգամ առաջարկվում է թաղամասի բոլոր փողոցներում տեղադրել լեդ լուսատուներ, որպեսզի չլուսավորվող հատվածները ևս ունենան լուսավորություն: Բացի այդ, լեդ լուսատուների հաշվին կարելի է տնտեսել լուսավորության ծախսերի վրա: Սա կլինի նաև «Քաղաքային կանաչ լուսավորություն ծրագրի» շարունակությունը: Այս առաջարկի համար քվերակել է 695 օգտատեր:

Մանկական խաղահրապարակ՝ Նոր Խարբերդում

Ըստ այս նախագծի առաջարկվում է Նոր Խարբերդում կառուցել մանկական խաղահրապարակ՝ մարզման համար նախատեսված սարքավորումներով և ֆուտբոլի մինի-մարզադաշտով: Եթե նշվածի համար 30 մլն դրամը բավականացնի, առաջարկվում է մնացած գումարը հատկացնել տարածքում փոքր այգի հիմնելուն: Նախագծի օգտին է քվեարկել 692 քաղաքացի:

Արտաշիսյան 54 շենքի բակի բարեկարգում

Ըստ այս նախագծի, որի օգտին քվեարկել է 663 օգտատեր, առաջարկվում է բարեկարգել Արտաշիսյան 54 հասցեում գտնվող շենքի բակի տարածքը, տեղադրել նոր նստարաններ և աղբամաններ, ինչպես նաև մի քանի մարզասարք: Նշվում է, որ բակի որոշ հատվածներում շենքի բնակիչների ուժերով արդեն իսկ կատարվել են բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ:

Մարզասարքեր՝ Կոմիտասի այգում

Մյուս նախագիծը վերաբերում է Կոմիտասի այգում խաղահրապարակ ստեղծելուն: Առաջարկվում է այգում, որտեղ արդեն իսկ կա նորակառույց խաղահրապարակ երեխաների համար, տեղադրել մարզասարքեր, որպեսզի կարողանան օգտվել նաև մեծահասակները։ Նպատակը՝ հարակից տարածքում ապրող բնակիչները հնարավորություն կունենան օգտվել մարզասարքերից և պահպանել առողջ ապրելակերպ։ Առաջարկը ստացել է 662 քվե:

Սքեյթ այգի՝ Երևանում

Այս առաջարկի օգտին է քվեարկել 604 օգտատեր: Ըստ նախագծի՝ առաջարկվում է Երևանում ստեղծել այգի, որը հարմարեցված կլինի սքեյթբորդինգով զբաղվողների համար:

Այդ նպատակով նախագծի հեղինակն առաջարկում է Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող 4000 քմ ընդհանուր մակերես ունեցող ամայի տարածքը բարեկարգել՝ 1500 քմ հատկացնելով սքեյթինգի համար նախատեսված այգուն, իսկ մնացածը կանաչապատել, մի մասն էլ դարձնել ավտոկայանատեղի:

Բարեկարգ Քանաքեռ-Զեյթուն

Այս նախագծով առաջարկվում է բարեկարգել Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող 127 դպրոցի հարակից տարածքը՝ այգին և ճանապարհը։ Նախագծի հեղինակն առաջարկում է վերանորոգել ավտոճանապարհը, կատարել բոլոր անհրաժեշտ գծանշումները, բարեկարգել դպրոցի խաղադաշտը, իսկ հարակից տարածքում լուսավորությամբ, նստարաններով և մարզասարքերով այգի հիմնել: Այս նախագիծը հավանել է 506 օգտատեր:

Սարյան պուրակի բարեկարգում

«Ակտիվ քաղաքացի» հարթակում օգտատերերի կողմից ամենաշատը հավանած նախագծերի թոփ-10 եզրափակում է Սարյան պուրակի բարեկարգման գաղափարը, որի օգտին քվերակել է 497 քաղաքացի:

Նախագծի համաձայն առաջարկվում է պուրակում տեղադրել նոր և արդի ոռոգման համակարգ, փոխել գազոնը, նոր և հետաքրքիր լուծումներով լուսավորության համակարգ ներդնել, սարյանական գույների մեջ նոր դեկորատիվ ծառեր, թփեր և ծաղիկներ տնկել, փոխել սալիկներն ու նստարանները:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի

Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---