օրաՑՈՒՅՑ` պլաստիկի դեմ

օրաՑՈՒՅՑ` պլաստիկի դեմ

Փրկել մոլորակը՝ փոխարինելով «անփոխարինելին»

Նախատոնական օրերին սուպերմարկետներում բազմամարդ հերթեր են, ամանորյա գնումների մեկնարկը տրված է: Մարդիկ խնամքով ընտրում են խոզի բուդը, որը մի քանի օրից կզարդարի իրենց տոնական սեղանը, ոմանք գնում են կոնֆետներ, որոնք փորձելու են թաքցնել տան երեխաներից մինչև Ամանոր, առավել անհամբերները նաև այլ անհրաժեշտ գնումներ են կատարում՝ թողնելով միայն արագ փչացող սննդի գնումը վերջին օրերին: Սուպերմարկետներից դուրս են գալիս բազմաթիվ պոլիէթիլենային տոպրակներով՝ յուրաքանչյուրի համար վճարել են 10 դրամ:

PanARMENIAN.Net - Նախատոնական գնումների ժամանակ պոլիէթիլենային տոպրակները փրկություն են, պակաս օգտակար չեն նաև կյանքի այլ իրավիճակներում, չէ՞ որ ամուր են, չեն թրջվում, թեթև են, քիչ տեղ են զբաղեցնում, բայց... իսկական աղետ են Երկիր մոլորակի համար:

Մեզ հայտնի պոլիէթիլենային տոպրակն առաջին անգամ թողարկվել է ԱՄՆ-ում 1957 թվականին: Այն նախատեսված էր հացի, սենդվիչների, մրգերի և բանջարեղենի փաթեթավորման համար:

Պոլիէթիլենային տոպրակների օգտագործման միջին ժամանակահատվածը 10-15 րոպե է, իսկ բնության մեջ դրանց քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 100-400 տարի: Հենց այս մասին է Zuck&Berg գովազդային ընկերության և ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի համատեղ արշավը՝ «Ցույց պլաստիկի դեմ» կամ, ինչպես ընկերության ներսում են կատակում՝ «Zuck պլաստիկի դեմ»: Պլաստիկ տոպրակների օգտակարության և պատճառված վնասի մասին պատմող տեսահոլովակն ամբողջությամբ նկարահանվել է Հայաստանում: Մարդկանց և պոլիէթիլենային տոպրակների կարճատև ընկերության և վերջիններիս՝ 52 հա տարածք զբաղեցնող Նուբարաշենի աղբավայրում հայտնվելու մասին պատմող տեսահոլովակն արդեն իսկ ունի շուրջ 300,000 դիտում Facebook սոցիալական ցանցում:

«Արշավն իրազեկման բնույթ է կրում: Այս պահին ունենք մեր առջև ծառացած լուրջ էկոլոգիական խնդիր, հատկապես՝ Հայաստանում, որը զարգացող երկիր է, իսկ զարգացող երկրներում այս խնդիրն ավելի սուր է, քանի որ բնակչության մոտ խնդրի կարևորությունը հասկանալու մակարդակն այդքան էլ բարձր չէ», - նշում է Zuck&Berg ընկերության համահիմնադիր Աշոտ Հովակիմյանը:

Տարեկան աշխարհում արտադրվում է մոտ 300 մլն տոննա պլաստիկ:

Նրա խոսքով՝ նման արշավ իրականացնելու միտքը ծնվեց իրենց ընկերության և ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի համագործակցությունից: Ընկերությունը պետք է բանկի համար պատրաստեր ամենամյա ավանդական օրացույցը, որը կբաժանվեր բանկի հաճախորդներին: Գովազդային ընկերության ստեղծագործ թիմը որոշեց համատեղել հաճելին և օգտակարը՝ օրացույցին հաղորդելով պրակտիկ նշանակություն:

Այդպես էլ ծնվեց պլաստիկի դեմ ուղղված օրաՑույցը: Այն նախատեսված է պատից կախելու համար, գեղեցիկ պատկերներով պոկվող էջերի փոխարեն օրացույցից կարելի է պոկել վերամշակված թղթից պատրաստված միջին չափի տոպրակներ, որոնք հարմար կլինի օգտագործել գնումների և թեթև կենցաղային իրերի տեղափոխման համար:

Աշխարհում տարեկան արտադրվում է ավելի քան 600 մլրդ պոլիէթիլենային տոպրակ, որի ստեղծման համար օգտագործվում է մինչև 2 մլրդ լիտր հում նավթ:

«Նախագծի վրա աշխատել ենք 4 ամսից ավելի: Սկզբում ծնվել է առանձնացվող թղթե տոպրակներով օրացույց ստեղծելու գաղափարը, այնուհետև՝ «օրացույց-ցույց պլաստիկի դեմ» գաղափարը: Մենք գիտակցում ենք, որ խնդրի լուծումը միայն թղթե տոպրակների մեջ չէ, պետք են նաև այլընտրանքային լուծումներ՝ կտորից տոպրակներ և այլն: Այլընտրանքային լուծումը պետք է նախ մեր ուղեղում լինի. եթե մենք գիտակցում ենք, որ ինչ-որ փոքր բան ենք գնում խանութից, և կարող ենք այն տեղավորել գրպանում կամ պայուսակում, կարող ենք հրաժարվել պլաստիկ տոպրակներից», - ասում է Աշոտը:

Ի դեպ, արշավին են միացել շրջակա միջավայրի նախարարն ու փոխնախարարը, ինչպես նաև Երևանի քաղաքապետի խոսնակը և մի շարք հայտնիներ՝ տարածելով տեսահոլովակը և կոչ անելով մարդկանց հրաժարվել պլաստիկ տոպրակների օգտագործումից:

Օրացույցը պարունակում է 4 թղթե տոպրակ. դա մարտահրավեր է՝ փորձելու օգտագործել մեկ տոպրակը 3 ամիս: Ինչպես ասում են նախագծի հեղինակները՝ դա միանգամայն հնարավոր է տոպրակը խնամքով օգտագործելու դեպքում:

Համաշխարհային օվկիանոսում պլաստիկի ծավալը 6 անգամ գերազանցում է պլանկտոնի ծավալը:

«Իրականում պլաստիկի խնդրի կարևորության ընկալումը ավելի թույլ է ավագ սերնդի մոտ: Դա այն սերունդն է, որը ծնվել է 60-ականներին, երբ ստեղծվել են պլաստիկ տոպրակները: Նրանց համար դա մեծ և կարևոր հայտնագործություն էր, որը շատ բան է փոխել: Այդ պատճառով էլ նրանց շրջանում պոլիէթիլենային տոպրակները բացառապես որպես լավ բան են դիտարկվում: Կարծում եմ, երիտասարդները՝ 18-20 տարեկանները, հարցին այլ կերպ են նայում, քանի որ, երբ հասել են գիտակցական մակարդակին, աշխարհում քննարկվում էին էկոլոգիական խնդիրները», - նշում է Zuck&Berg-ի համահիմնադիրը:

Նրա խոսքով՝ տոպրակների պահանջարկն այժմ շատ բարձր է, արդեն իսկ սպառվել է առաջին տպաքանակը՝ 12,000 օրացույց: Օրացույցները նախատեսված են բանկի հաճախորդների համար, սակայն յուրաքանչյուրը կարող է մոտենալ բանկ և խնդրել մեկ օրինակ. եթե ունենան, չեն մերժի: Ընկերությունը նախատեսում է մինչև տարեվերջ կամ գալիք տարվա սկզբում ևս նույնքան տպել: Աշոտն ասում է՝ թեև նախագիծը կոմերցիոն է (տոպրակների վրա առկա է բանկի տարբերանշանը), սակայն ուզում են սոցիալական դարձնել: Այդ նպատակով բանկի կայքին կցված է լենդինգ էջ, որտեղ կա օրացույցի տպագրական ֆայլը:

1950-ից սկսած համաշխարհային օվկիանոս է նետվել շուրջ 86 մլն տոննա պլաստիկ:

«Դա բոլորովին անվճար է: Յուրաքանչյուր կազմակերպություն կամ անհատ կարող է ներբեռնել օրացույցի ֆայլը, ԱԿԲԱ-ի տարբերանշանի փոխարեն իրենը դնել կամ ոչինչ չդնել և տպել վերամշակված թղթից՝ ծախսելով միայն տպագրության փողը: Ուրախ կլինենք, որ այս հաջողված գաղափարն էլ ավելի տարածվի: Ինքներս այս գաղափարի կրող ենք, մինիմալի ենք հասցրել պլաստիկի օգտագործումը, փորձում ենք այլընտրանքային միջոցներով փոխարինել», - ասում է Աշոտը:

Պլաստիկի դեմ ուղղված արշավն ընկերությունը կշարունակի մինչև 2020-ի վերջ: Նախատեսվում է թողարկել նաև կտորից տոպրակներ, որոնք նույնպես կբաժանվեն բանկի հաճախորդներին: Բացի այդ, ընկերությունը պլանավորում է ներկայանալ նախագծով մի շարք միջազգային գովազդային փառատոններին։ Այժմ հավաքագրվում է տեսահոլովակի դիտումների և արդյունքների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, որից հետո ընկերությունը կսկսի զբաղվել սցենարի մշակման աշխատանքներով, այնուհետև՝ նկարահանել պրեզենտացիոն հոլովակը փառատոններին մասնակցելու համար։

Հողի մեջ՝ կախված տարածաշրջանից, պլաստիկի ծավալը 4-20 անգամ գերազանցում է ջրում եղածը: Պլաստիկի միկրոտարրեր են հայտնաբերվել անգամ Արկտիկայում:

Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հրաժարվել պլաստիկ տոպրակներից՝ սեփական օրինակով ցույց տալով, որ կան նաև այլընտրանքային միջոցներ: Վարչապետն իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց լուսանկար, որտեղ երևում է, որ նա տիկնոջ հետ երևանյան սուպերմարկետներից մեկում գնումներ է կատարել և տեղավորել դրանք կտորից կարված տոպրակներում:

2019-ի սկզբին հայտնի դարձավ, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը 2019 թվականի հուլիսի 1-ից շրջանառության մեջ կդնի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումն արգելող օրենքի նախագիծը: Սակայն հուլիսին ոչինչ չփոխվեց. Փոքր խանութներում մինչ օրս կարելի է գնումների հետ անվճար ստանալ պոլիէթիլենային տոպրակներ, մեծ սուպերմարկետներում տոպրակների տրամադրումը վճարովի է դարձել դեռ 2 տարի առաջ: Պոլիէթիլենային տոպրակների օգտագործմանը վերաբերող օրինագիծը լրամշակման փուլում է, սակայն հայտնի է, որ 2022-ից նախատեսվում է արգելել դրանց վաճառքը Հայաստանում:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի

Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---