Հացադուլի 112-րդ օրը

Հացադուլի 112-րդ օրը

Կինն ահազանգում է՝ «Արմավիր» ՔԿՀ կալանավորի առողջական վիճակը ծանրանում է

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր Վահե Մելոյանը 112 օր է` հացադուլ է անում. մեկ տարվա ընթացքում նա ինքնասպանության մի քանի փորձ է արել և 2 հացադուլ:

PanARMENIAN.Net - Այդկերպ Մելոյանը փորձում է ապացուցել իր անմեղությունը, PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց նրա կինը՝ Նվարդ Թադևոսյանը՝ նշելով, որ 1 ամիս առաջ ամուսինը ՔԿՀ-ից տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»: Ասում է՝ նրա քաշը նվազել է 49 կգ-ով՝ 106-ից 57 կգ է դարձել, առողջական վիճակն էլ ծանրացել է:

Վահե Մելոյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 175 հոդվածով՝ ավազակային հարձակում կատարելու մեջ: Այս գործով հերթական դատական նիստը նախատեսված է 2020-ի հունվարի 14-ին (մինչ այդ նշանակված ոչ մի դատական նիստ չի կայացել. մի քանի դեպքում Մելոյանի ինքնազգացողությունն է վատ եղել, մեկ անգամ փաստաբանը չի ներկայացել): Ավազակային հարձակման դեպքը տեղի է ունեցել 2018 թվականին դեկտեմբերի 26-ին:

Կնոջ խոսքով՝ Մելոյանն արդեն երկրորդ անգամ է հացադուլ անում, առաջին անգամ 50 օր հացադուլի մեջ մնալուց հետո, առողջական վիճակի վատթարացումը ստիպել է դադարեցնել այն: Երկու ամիս բուժում ստանալուց հետո նա սեպտեմբերի 2-ին կրկին հացադուլ է հայտարարել, որը շարունակվում է մինչև դեկտեմբերի 23-ը: Մելոյանն այս ընթացքում մի քանի անգամ ինքնասպանության փորձ է արել և ինքնավնասվել:

Նվարդ Թադևոսյանը նշում է, որ ամուսինը չի ընդունում մեղադրանքը, նրա դեմ ցուցմունք տվել է գործով մեղադրյալ ընկերը, քանի որ ցանկացել է ներքաշել այս գործում, ապա հետ է վերցրել ցուցմունքը:

«Իր պատասխանները մաքուր են եկել, ընկերներից մեկն է իր դեմ ցուցմունք տվել, հետո փոխել է ցուցմունքը»,-ասում է Մելոյանի կինը՝ նկատի ունենալով, թե ավազակային հարձակման ենթարկվածի տանը Մելոյանի՝ գործին մասնակցությունը հավաստող ապացույց չի գտնվել:

Կնոջ խոսքով՝ նույն այդ ընկերոջն ամուսինն օրեր առաջ ծեծել է, Մելոյանի դեմ «թշնամություն» է ունեցել ու ցուցմունք է տվել, հետո հետ է վերցրել ցուցմունքը:

Նվարդ Թադևոսյանն ուշագրավ է համարում նաև այն, որ ավազակային հարձակման ենթարկվածն իր ամուսնու դեմ ցուցմունք է տվել մեկ ամիս անց՝ ասելով, թե Մելոյանը, ենթադրյալ հարձակում գործելիս, ասել է իրեն՝ «Ինձ չհիշեցի՞ր»: Մելոյանի կինն անտրամաբանական է համարում այս ցուցմունքը:

Նվարդ Թադևոսյանն ասում է, որ այս գործի վրա էականորեն ազդում է նաև այն, որ Մելոյանը նախկինում դատվածություն է ունեցել դանակահարության գործով:

Կինը նշում է, որ ամուսնու՝ գնալով ծանրացող առողջական վիճակը նախկինում ևս լավ չի եղել. նա ունեցել է սրտի և նյարդային խնդիրներ: Նվարդ Թադևոսյանի խոսքով՝ պատկան մարմիններին ուղարկված իր նամակներն անարձագանք են մնացել:

«Ինքն իր ծայրահեղ քայլով ուզում է ապացուցել, որ անմեղ է ու ինքը չկա այդ գործի մեջ: Իր անմեղությունն ապացուցելու ուրիշ ձև չկա: Պաշտպանից է անգամ հրաժարվել, մենք էինք վարձել, բայց պաշտպանն ավելի շատ քննիչի կողմից էր»,-ասում է կինը՝ նշելով, թե հույս ունեն հանրային պաշտպանի ծառայություններից օգտվել:

Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը նշում է, որ իրենք տեղյակ են Մելոյանի գործին և գիտեն, որ կալանավորը գտնվում է հացադուլի մեջ:

«Կոնկրետ Վահե Մելոյանի դեպքով, և այն մարդկանց, ովքեր հացադուլի մեջ են, աշխատում են սոցիալ-հոգեբանները: Բայց իրենք են որոշում, շարունակել հացադուլը, թե դադարեցնել»,- ասում է Նավիկյանը:

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի

Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---