PANտիսթրես

PANտիսթրես

Կյանքն առանց «կո»-ով սկսվող բառի

Ո՛չ մի համաճարակ, ո՛չ մի մահ, ո՛չ մի խուճապ, միայն սովորական լրահոս՝ բարի և հակադեպրեսիվ:

PanARMENIAN.Net - Գիտենք, որ բոլորդ հոգնել եք ամբողջ օրը լարված հետևել այս սթրեսային նորություններին: Գիտենք՝ ինչ է նշանակում ամեն պահի սպասել միայն վատ լուրերի: Ուզում ենք, որ մի քիչ ցրվեք:

PanARMENIAN.Net ը շարունակում է PANտիսթրես լուրերի շարքը՝ ապահովելով լրահոս, որը կապացուցի՝ կյանքը շարունակվում է, և պետք չէ վհատվել: Եկե՛ք տեղափոխվենք մի աշխարհ, որտեղ «թագ» բառը կապված է միայն Եղիսաբեթ II և «Գահերի խաղի» հետ:

Ծանո՞թ եք Village People ամերիկյան դիսկո-խմբին: Այն 1977-ին է ստեղծվել: Խումբը հայտնի հիթ ունի՝ Y.M.C.A.-ն: Այժմ այն հայտնվել է ԱՄՆ Կոնգրեսի լսադարանում՝ որպես պատմական արժեք ներկայացնող երգ: Սինգլը կընդգրկվի նաև Աուդիո ձայնագրությունների ազգային ռեգիստրում որպես «հարատև նշանակություն ունեցող» ամերիկյան մշակույթի համար:

Հիշու՞մ եք Բրիթնի Սփիրսին: Երգչուհու մասին վաղուց որևէ հետաքրքիր բան չի լսվել: Բայց վերջերս Բրիթնին հիշեցրել է իր մասին անսպասելի ձևով: Ասում է՝ հայտնի վազորդ Ուսեյն Բոլտի ռեկորդն է խփել՝ վազելով 100 մետրը 5.97 վայրկյանում: Բոլտի ռեկորդը 9.58 վայրկյան է: Բրիթնիին, իհարկե, քչերն հավատացին ու շատերը սկսեցին ծաղրել. ավելի ուշ երգչուհին ստիպված էր հեռացնել գրառումը:

Աշխարհում ոչինչ չի կարող ստիպել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մոռանալ «ձրիակեր» մարդկանց մասին: Այժմ երկրում բոլոր նրանց համար, ովքեր համարվում են գործունակ, բայց չեն աշխատում, թանկացել են կոմունալ վճարումները: «Անբանները» ջրի համար արդեն իսկ վճարում են 5 անգամ ավելի, իսկ մայիսի 1-ից կթանկանա նաև գազն ու ջեռուցումը: Եվ ուրեմն, ի՛ գործ, բելառուս ընկերներ:

Բրիտանական Չեստերի կենդանաբանական այգում երկվորյակ լեմուրներ են ծնվել: Նրանց մայրիկը՝ Ֆիոնան, 4.5 ամսվա հղիությունից հետո առողջ ձագուկներ է ունեցել, որոնց սեռը, սակայն, դեռ հայտնի չէ: Ձագուկները 15 սմ-անոց են, քաշն էլ չի գերազանցում կես կգ-ը: Պատմական հայրենիքում՝ Մադագասկարում, լեմուրներն անտառհատումների և որսագողության զոհ են դառնում, ինչի արդյունքում հայտնվել են միջազգային Կարմիր գրքում՝ որպես վտանգված տեսակ:

Կանադայում գիտնականները հայտնաբերել են ձկան մնացորդներ, որի լողակների վրա եղել են մատներ: Գիտնականները անընդհատ գտնում են ապացույցներ, ըստ որոնց կյանքը սկիզբ է առել օվկիանոսում, և այս ձուկը կարևոր գիտական արժեք է: Դրա կմախքը մոտ 1.5 մ երկարության է, տոմոգրաֆի միջոցով պարզ երևացել են մատները՝ ֆալանգների ոսկորներով. երեք մատը 1-ական ֆալանգով, և երկուսը` 2-ական: Դրանք շատ փոքր են և չէին կարող պահել ձկանը ցամաքում, բայց հայտնագործությունը նոր հորիզոններ է բացում գիտության համար:

Աշխարհն աշխարհով, իսկ ԱՄՆ-ն չի մոռանում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հանդեպ հակակրանքի մասին: ԱՄՆ արդարադատության նախարարությունը նրան և նրա վստահված անձանցից մի քանիսին մեղադրանք է առաջադրել թմրամիջոցների վաճառքով և փողերի լվացմամբ զբաղվելու համար: Այժմ ԱՄՆ-ն 15 մլն դոլար է խոստանում յուրաքանչյուրին, ով կտրամադրի Մադուրոյի կալանավորմանը նպաստող տեղեկատվություն: Բաց մի՛ թողեք հարստանալու հնարավորությունը:

Իսկ Կալիֆորնիայի Ռիվերսայդի համալսարանի գիտնականները հայտնաբերել են ամենահին երկկողմ սիմետրիկ կենդանուն: Խոսքը որդատիպ ինչ-որ արարածի մասին է, որն ավելի քան 500 մլն տարի առաջ ապրում էր ծովի հատակին: Գիտնականներն ասում են՝ այն կարող է դառնալ բանալի՝ կենդանական աշխարհի մեծ մասի էվոլյուցիան հասկանալու համար: Կենդանուն անվանել են Ikaria wariootia:

Ավստրալիայում գիտնական Ջոզեֆ Շուբերտը «պարող» սարդերի 7 նոր տեսակ է գտել։ Միջատների այս ընտանիքի ավելի տարածված անունը «սիրամարգ սարդ» է, որովհետև արու սարդի մարմինը գունագեղ է որովայնի հատվածում, որով էլ գրավում է էգերին՝ հետաքրքիր պարային շարժումներ անելով։ Ի դեպ, ընդհանուր առմամբ՝ 12 նոր տեսակի սարդ հայտնաբերած գիտնականը ժամանակին արախնոֆոբիա (վախ սարդակերպերից) ուներ։

Qualcomm ընկերությունը ներկայացրել է անլար ականջակալների համար նախատեսված Bluetooth չիպեր՝ ինտեգրված աղմուկի նվազեցմամբ: QCC514x և QCC304x չիպերն ունեն TrueWireless Mirroring տեխնոլոգիա, որը գործում է հետևյալ սկզբունքով. հեռախոսին միացվում է միայն մեկ ականջակալ, իսկ հետո «հայելային» միացում է արվում երկրորդ ականջակալին: Եթե ականջակալներից մեկը հանես, համակարգն անցում կկատարի մյուսին:

Իլոն Մասկի SpaceX-ը դարձել է առաջին ընկերությունը, որին NASA-ն թույլ կտա բեռներ հասցնել Լուսնին մոտ գտնվող Gateway ապագա ուղեծրային կայարան: SpaceX-ը դրա համար կստեղծի նոր բեռնափոխադրող տիեզերանավ՝ Dragon XL-ը, որը կարող է կայան հասցնել մինչև 5 տոննա բեռ: Կայան հասնելուց հետո տիեզերանավը կմնա այնտեղ 6 ամսից մինչև մեկ տարի:

Netflix սթրիմինգային ծառայությունն աշխատում է հայտնի Dragon's Lair վիդեոխաղի ադապտացիայի վրա, և գլխավոր դերի համար ընկերությունը բանակցում է հոլիվուդյան աստղ Ռայան Ռեյնոլդսի հետ։ «Տարօրինակ դեպքեր» սերիալի հաջողությունից հետո Netflix-ը, կարծես, նորից որոշել է հանդիսատեսին տեղափոխել 80-ականներ։

 Ամենաընթերցվողը բաժնում
Աշխարհի խոշոր քաղաքներում շարժ չկա
Անվճար մարզվելու լավագույն app-երը
COVID-19-ը բերել է դավադրապաշտության բումի ամբողջ աշխարհում
Տեսախցիկը դեպի տառապողն ու խոցելին ուղղելիս ուզում ես կարեկցանք դնել գործիդ մեջ
 Ուշադրության կենտրոնում
Մերկելը տնային կարանտինում է. Նրան պատվաստած բժիշկը կորոնավիրուսով էր վարակված

Մերկելը տնային կարանտինում է. Նրան պատվաստած բժիշկը կորոնավիրուսով էր վարակված Գերմանիայի կանցլերն առաջիկա օրերին պարբերաբար կորոնավիրուսի թեստ կհանձնի

 Բաժնի այլ նյութերը
PANտիսթրես Կյանքն առանց կորոնավիրուսի
Աչքերը՝ մամայից, դիմակը՝ Gucci-ից Խոշոր ընկերությունները միանում են վարակի դեմ պայքարին
Անկախություն, $50 մլրդ-ի ներդրում, հողի զիջում ու ոչ մի բանակ Ինչ է առաջարկել Թրամփը պաղեստինցիներին